Տիգրան Չանտոյեան
Երեւան
Ընկերային ցանցերի ոլորտում գործող ընկերութիւնները դժուար թէ լիովին համապատասխանեն Թուրքիոյ նոր օրէնքին, որն ուժի մէջ է մտել այս շաբաթ եւ համաձայն դրա ընկերութիւնները պէտք է օգտատէրերի մասին տեղեկութիւնները փոխանցեն իշխանութիւններին, եթէ նրանք հրապարակեն բովանդակութիւն, որը յանցագործութիւն է, այդ թւում` ապակողմնորոշիչ տեղեկատուութիւն եւ սա մեծացնելու է յաջորդ տարուայ ընտրութիւններից առաջ խափանումների հաւանականութիւնը ընկերային ցանցերում:
Facebook-ը, Twitter-ը, Google-ը եւ միւսները պէտք է լիովին համապատասխանեն օրէնքին մինչեւ յաջորդ տարուայ ապրիլ, հակառակ դէպքում կը բախուեն գովազդի հնարաւոր արգելքների: Այս ընկերութիւններն ունեն գաղտնապահութեան համաշխարհային չափանիշներ, որոնք դժուար թէ խախտեն Թուրքիայում, քանի որ դա կարող է վտանգաւոր նախադէպեր ստեղծել այլ պետութիւնների համար, ովքեր ձգտում են վերահսկողութիւն հաստատել ընկերային հարթակների վրայ։ Բանն այն է, որ ընկերային ցանցերի ընկերութիւններից պահանջւում է թուրք ներկայացուցիչներ նշանակել: Այս օրէնքը խստացնելու է կառավարական վերահսկողութիւնը ընկերային մետիայի նկատմամբ, որ Թուրքիայում ազատ խօսքի եւ այլախոհութեան վերջին յոյսերից մէկն է նախագահ Էրդողանի եւ նրա իշխող «Արդարութիւն Եւ Զարգացում» կուսակցութեան կառավարման քսան տարիների արդիւնքում:
Ընդդիմութիւնն այն անուանել է «Գրաքննութեան օրէնք» եւ նշել, որ դա կարող է ազդել Յունիսին կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւնների վրայ. հարցումների համաձայն Էրտողանը կարող է պարտուել: Օրէնքը հիմնականում քննադատութեան է ենթարկուել` ընկերային ցանցերի օգտատէրերին եւ լրագրողներին բանտարկելու համար, ովքեր «ապատեղեկատուութիւն» են տարածում, սակայն այն նաեւ հիմնուած է 2020 թուականին ընկերային ցանցերի ընկերութիւնների դէմ ներկայացուած օրէնսդրութեան վրայ` շատ աւելի կոշտ միջոցներով: Օրինակ, ընկերութիւնները «անմիջական պատասխանատուութիւն» են կրելու «անօրինական» բովանդակութեան եւ պիտակների համար, եթէ դրանք չհեռացնեն իշխանութիւնների պահանջից յետոյ` չորս ժամուայ ընթացքում: Սոցիալական մեդիան արդէն իսկ խիստ վերահսկողութեան տակ է, եւ մարդկանց յաճախ դատի են տալիս Սիրիայ թուրքական ներխուժումը քննադատող կամ նախագահին վիրաւորող գրառումների համար: Ընկերութիւնները կարող են տուգանուել իրենց համաշխարհային եկամտի մինչեւ 3 տոկոսի չափով, եթէ չհամապատասխանեն օրէնքին եւ յայտնուեն գովազդային արգելքի տակ:
Օրէնսդրական «խրախճանքները» այսքանով չեն սահամանափակւում: Թուրքիոյ նախագահ Էրտողանն առաջարկել է համազգային հանրաքուէի դնել դէմքը ծածկելու կանանց իրաւունքը երկրի սահմանադրութեան մէջ ամրագրելու հարցը: «Եկէք այս հարցը դնենք հանրաքուէի, թող ժողովուրդը որոշի»,- ասել է Էրտղանը` մեկնաբանելով խորհրդարանի քննարկմանը համապատասխան օրինագիծ ներկայացնելու գլխաւոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութեան (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըճտարօղլուի նախաձեռնութիւնը: Այս հարցը արդէն երկար ժամանակ է, ինչ զբաղեցնում է Թուրքիայի հանրային քաղաքականութեան օրակարգը: Վերջինիս դէմ են արտայայտւում քեմալական կուսակցութեան` ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութեան ներկայացուցիչները, պնդելով, որ այն հակասում է Թուրքիոյ հանրապետութեան աշխարհիկ բնոյթին: Սակայն այն, որ Թուրքիան վաղուց այլեւս աշխարհիկ երկիր չէ, վկայում է թուրք փոփ երգչուհի Կիւլսէն Չոլախօղլուի նկատմամբ մեղադրանքը: Վերջինս Թուրքիոյ կրօնական դպրոցների մասին կատակելու պատճառով մեղադրւում է «ատելութիւն եւ թշնամանք հրահրելու» համար: Երգչուհի-երգահան Կիւլսէնին ապրիլին մեղադրել եւ կարճ ժամանակով բանտարկել էին` համերգի ժամանակ կատակելու համար, քանի որ ասել էր, որ իր երաժիշտներից մէկի «այլասերուածութիւնը» կապուած է կրօնական դպրոց յաճախելու հետ․ նա ծաղրել էր «իմամ» մականունով խմբի անդամին, որը, իրականում, կրօնական դպրոց չի յաճախել: Դրա համար Կիւլսէնը հինգ օր բանտարկուել է, իսկ յետոյ 15 օր անցկացրել տնային կալանքի տակ` հակռակ նրան, որ ներողութիւն է խնդրել կրօնական դպրոցի շրջանաւարտներին հասցուած վիրաւորանքի համար: Այժմ, մեղաւոր ճանաչուելու դէպքում, նրան սպառնում է մինչեւ երեք տարուայ ազատազրկում:
Ձերբակալուել է նաեւ բժիշկ, իրաւապաշտպան Սեպնեմ Քորուր Ֆինճանճին, ով կոչ է արել հետաքննել Իրաքի հիւսիսում քիմիական զէնքի կիրառումը: Նա կալանաւորուել է «ահաբեկչական քարոզչութիւն տարածելու» մեղադրանքով: 63-ամեայ կին դատաբժշկուհին իր կեանքին մեծ մասը նուիրել է խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի փաստագրմանը եւ հանդիսանում է առաջատար իրաւապաշտպան Թուրքիայում: Նա նաեւ զբաղեցրել է Թուրքիոյ մարդու իրաւունքների հիմնադրամի նախագահի պաշտօնը:
Անցեալ շաբաթ թուրք պաշտօնեաները կտրականապէս հերքել են այն պնդումները, թէ թրքական զինուժը քիմիական զէնք է կիրառել Իրաքի հիւսիսում քրտական անջատողական PKK-ի դէմ` պնդելով, որ զինուորականները նման զէնք չունեն: Էրտողանը հերքել էր քրտերի դէմ քիմիական զէնքի կիրառումը եւ սպառնացել նրանց, ովքեր կը համարձակուեն խօսել այդ մասին: PKK-ի հետ կապուած լրատուամիջոցներն այս շաբաթ հրապարակել են տեսանիւթեր, որտեղ երեւում է, որ թրքական բանակը քիմիական զէնք է օգտագործում Քրտական Աշխատաւորական կուսակցութեան դէմ Հիւսիսային Իրաքում: «Մեր զինուած ուժերը դեռ չեն դիմել քիմիական զէնքի»,- ասել է Էրտողանը: Պաշտպանութեան նախարարութիւնը եւ բարձրաստիճան պաշտօնեաները նոյնպէս հերքել են, որ զինուած ուժերը քիմիական զէնք են կիրառել քիւրտ ապստամբների դէմ իրենց գործողութիւններում: Մինչդեռ Ֆինճանճին ասել է, որ ինքը տեսել է մի տեսանիւթ, որտեղ ցուցադրւում է քիմիական զէնքի օգտագործումը եւ կոչ է արել «արդիւնաւէտ հետաքննութիւն» իրականացնել: «Աակնյայտ է, որ օգտագործուել է թունաւոր քիմիական գազերից մէկը, որն անմիջականօրէն ազդում է նեարդային համակարգի վրայ»,-ասել է նա եւ յորդորել է անկախ հետաքննութիւն կատարել:
*
Գերմանիոյ վարչապետ Օլաֆ Շոլցը դատապարտել է Թուրքիոյ դիրքորոշումը, որը կասկածի տակ է դնում Յունաստանի ինքնիշխանութիւնը Եգէական ծովում գտնուող իր կղզիների նկատմամբ: «Անընդունելի է, որ ՆԱԹՕ-ի դաշնակիցը կասկածի տակ դնի դաշինքի մէկ այլ անդամի ինքնիշխանութիւնը»,-ասել է Շոլցը, Յունաստանի վարչապետ Քիրիաքոս Միցոտաքիսի հետ Աթէնքում հանդիպումից յետոյ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ` Թուրքիոյ: Ըստ նրա` Յունաստանի եւ Թուրքիոյ միջեւ տարաձայնութիւնները «կարող են լուծուել երկխօսութեան եւ միջազգային իրաւունքի հիման վրայ»: Իսկ Յունաստանի վարչապետ Միցոտաքիսը իր հերթին յայյտարարել է, որ Յունաստանը պատրաստ է «բարեկամութեան ձեռք մեկնել» Թուրքիոյ: «Ես կը ցանկանայի, որ մեր հարեւանները, նոյնիսկ ուշացումով, ընտրէին օրինականութեան, խաղաղ գոյակցութեան ճանապարհը` առանց հռետորական պոռթկումների, բայց կառուցողական գործողութիւններով», – ասել է Միցոտաքիսը Աթէնքում Գերմանիոյ ղեկավարին հետ հանդիպումից յետոյ: «Իմ կողմից ես միշտ պատրաստ եմ բարեկամութեան ձեռք մեկնել: Մենք լարուածութեան յետագայ անտեղի աղբիւրների տեղ չունենք»,- ասել է Միցոտաքիսը` յաւելելով, որ տարաձայնութիւնները պէտք է լուծուեն խաղաղ ճանապարհով: «Դա է ուզում մեր ժողովուրդը, դա է ուզում թուրք ժողովուրդը, դա է ուզում ամբողջ Եւրոպան»: Նա ամօթալի է համարել այն փաստը, որ Թուրքիոյ նախագահ Էրտողանը «Չի տեսնում, որ փակուղի է գնում` թունաւորելով իր ժողովրդին Յունաստանի դէմ ստով: «որովհետեւ մեր հարեւանները եւ մեր բոլոր դաշնակիցները գիտեն, որ յունական կղզիները որեւէ մէկի համար սպառնալիք չեն»: Նախօրէին յունական կողմը յայտարարել էր, որ Յունաստանի զինուած ուժերն ունեն բաւարար զսպող ուժ` Թուրքիոյ ցանկացած սադրանքին արդիւնաւէտ արձագանգելու համար: Այ մասին յայտարարել է Յունաստանի կառավարութեան պաշտօնական ներկայացուցիչ Եոանիս Իքոնոմուն: Հարցին, թէ արդեօք Յունաստանին անհանգստացնում է Թուրքիոյի կողմից արդի հրթիռների մշակումը, ինչպէս նաեւ Թուրքիայում միջուկային յաւակնութիւնների վերաբերեալ հարեւան երկրում տարբեր լրատուամիջոցների հրապարակումները, նա պատասխանել է, որ Յունաստան գոհացել է իր զսպող ուժի մեծացման համար:
*
Իսրայէլը եւ Թուրքիան վերսկսում են պաշտպանութեան ոլորտում համագործակցութիւնը։ Իսրայէլի պաշտպանութեան նախարար Պենի Կանցն ուղեւորուել է Թուրքիա: Նա Անգարայում հանդիպել է Թուրքիոյ պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարի հետ: «Մենք երախտապարտ ենք Թուրքիային կարեւոր կենսական համագործակցութեան համար, որը կեանքեր է փրկում: Ինչպէս աւելի վաղ համաձայնեցուել էր, ես յանձնարարել եմ իմ աշխատակիցներին սկսել աշխատանքային յարաբերութիւնները վերսկսելու ընթացակարգերը»,- թուրք գործընկերոջ հետ հանդիպումից յետոյ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կանցը: Երկու կողմերը շահագրգիռ են վերսկսել յարաբերութիւնները, ընդ որում, Իսրայէլը յոյս ունի տարածաշրջանում աւելի ուժեղ ռազմավարական խաղացող դառնալ, յատկապէս` Իրանի նկատմամբ եւ Կանցի ու Աքարի բանակցութիւնների թեմաներից մէկը կը լինի Իրանի ներկայութիւնը Սուրիայում։