«ԱՍՏԾՈՒՑ ՄԵՆԱԿ ԱՌՈՂՋՈՒԹԻՒՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ, ՄՆԱՑԱԾՆ ԱՆՑՈՂԻԿ ԲԱՆԵՐ ԵՆ», ԱՍՈՒՄ Է ԼԱՆՋԱՂԲԻՒՐՑԻ ՍԻՐՈՒՇԸ

0 0
Read Time:4 Minute, 16 Second
Լուսանկարները` Դաւիթ Բանուչեանի
Լուսանկարները` Դաւիթ Բանուչեանի

Գրիշա Բալասանեան

Գեղարքունիքի մարզի Լանջաղբիւր գիւղում ընդամէնը մէկ բնակելի «վակոն»-տնակ կայ: Քարէ տների արանքում տեղաւորուած է Գեւորգ Ղազարեանի ընտանիքի երկաթեայ պատերով տնակը: Այս պահին այնտեղ ապրում է երեք հոգանոց ընտանիք` ամուսինները եւ նրանց դպրոցահասակ աղջիկը` Գայանէն: Նրանց արու զաւակը մէկ տարի առաջ այդ տնակից զօրակոչուել է բանակ:
Մեր այցելութեան ժամանակ տնակի դուռը փակ էր, ներսում մարդ չկար: Քիչ անց հարեւանի տնից եկան ընտանիքի անդամները:
Մայրը` Սիրուշ Մխեյեանը, տեսնելով անծանօթ մարդկանց եւ լուսա-տեսանկարահանող գործիքները, կանգնեց տեղում: Նա ամաչում էր մօտենալ, խօսել հիւրերի հետ:
Ընտանիքի կենցաղային պայմանները, վիճակը բարւոք չէին, սակայն տիկին Սիրուշը հպարտութիւն ունէր եւ չէր դժգոհում. «Աստծուց մենակ առողջութիւն եմ խնդրում բոլորիս համար, մնացածն անցողիկ բաներ են»:
Ներս մտնելիս աչքի է ընկնում տնակի պատին փակցուած 2011 թուականի օրացոյցը: Գէորգ Ղազարեանը նկատեց, որ «ժամկէտանց» օրացոյցի ուղղութեամբ ենք նայում եւ անմիջապէս պարզաբանեց, թէ ինչու է օրացոյցը մնացել պատին. «2011 թուականին ենք տեղափոխուել: Հէնց այդ տարուայ օրացոյցն է: Կախուած է մնացել, որ ամէն անգամ յիշենք», ասում է Գէորգ Ղազարեանը: Ամուսնութիւնից ի վեր նրանք ապրել են տարբեր տներում: Սկզբում ծնողների տանն են ապրել, յետոյ` բարեկամների ու այն ծանօթների, ովքեր մեկնել են երկրից դուրս ու տները մնացել են դատարկ:5
Գեղարքունիքի մարզում ձմեռը սաստիկ ցուրտ է եւ մեծ դժուարութեամբ են կարողանում երկսենեականոց տնակը տաքացնել: Պատմում էին, որ գրեթէ ամբողջ գիշեր վառարանում փայտ են վառում, որ օդը չսառի: Փորձել են գիշերը չջեռուցել, սակայն չի ստացուել. սենեակներում տարաների մէջ լցուած ջուրը հաստ շերտով սառցել է:
«մտածեցինք` ամօթն էլ է լաւ բան, ինչքա՞ն կարելի է ուրիշի տներում ապրել: Փող հաւաքեցինք, այս դնակը առանք ու դրեցինք մեր հողի գլխին: Հիմա ապրում ու երազում ենք գոնէ փոքր, բայց քարէ տան մասին»,-ասում է Գէորգը եւ ցոյց տալիս տնակի դիմացի բետոնէ հիմքը, որը տուն դարձնելու երազանք ունեն: Բայց այս պահին այդ երազանքը «անհասանելի» է թւում. քարը քարի վրայ դնելու գումար չունեն:
Գէորգն ասում է, որ շինանիւթ լինելու դէպքում ինքը կարող է կառուցել իրենց տունը, վարպետի գումար չի ծախսի:
Թէեւ տունը երկաթեայ էր, պատերը` սառը ու առաստաղից թափուած անձրեւաջրերից խոնաւցած, բայց ներսի բնակիչները շատ ջերմ էին միմեանց նկատմամբ եւ ահաւոր վիճակը նրանց չէր ընկճել: Ներսում ամէն ինչ կոկիկ էր, մաքուր ու հաւաքուած: Միայն 44-ամեայ Գէւորգի դէմքին էր դրոշմուել վերջին տարիների դժուար կեանքը, որ ապրել էր Ռուսաստանում` աշխատանքի մեկնելու ընթացքում: Նա այնտեղ շինարարութեամբ է զբաղուել, դրանով կերակրել ընտանիքին, բայց անցեալ տարի աշնանը վերադարձել է խոպանից ու առողջական խնդիրների պատճառով այլեւս չի կարողանում մեկնել: Այժմ մէջքն ու ոտքերն են ցաւում, իրեն թոյլ է զգում, սակայն լուրջ բժշկական զննում չի անցել` գումար չունեն: Իրենց ունեցած միակ կովին աշնանն են մորթել: Գումարի մի մասով վառելափայտ են գնել, միւս մասը ծախսել են Սիրուշի առողջապահական խնդիրները լուծելու վրայ:43

Գէորգը տխրում է, որ չի կարողանում մեկնել Ռուսաստան աշխատանքի: Ասում է` ջահէլ է, պիտի աշխատի, ընտանիքին օգնի, որդու նպատակներն իրականացնի, բայց հիմա իրեն կէս մարդ է զգում: Սիրուշը նրան յոյս է տալիս, թէ տղեն բանակից կը գայ, մի բանի կը հասնեն: Մի պահ լռութիւն տիրեց, կինը խախտեց անդորրը. «տղես գա ի՞նչ պիտի անի»:
Գէորգը պատմում է, որ Ռուսաստանում ամէն ինչ «հարամուել» է: Յաճախ աշխատացնում են ու գումարները չեն տալիս, իսկ եթէ աշխատողները վճարւում են, ապա փոխարժէքն այնքան ցած է, որ դրամի վերածելիս ստացւում է` «մի փոր» հացի գումար են աշխատել:
Մինչեւ տղուն բանակ գնալը ընտանիքը նպաստ է ստացել, իսկ հիմա զրկուել են եկամտի այդ կայուն միջոցից: Պետական օգնութիւնից զրկելը պատճառաբանուել է տղուն չափահաս դառնալով: Սիրուշը ընկերային ծառայութեան աշխատողներին փորձել է համոզել, որ թէեւ որդին չափահաս է դարձել, բայց ընտանիքին եկամուտ չի բերում, բանակում է, եւ դրանով իրենց նիւթական եւ կենցաղային պայմանները չեն բարելաւում: «օրէնքն է այդպիսին»,- լսել է պատասխանը:2
«Ասում են` հիմա մի անչափահաս երեխայ ունես, գնա ուրիշների դռները կարտոլ հաւաքի, հարուստների ամանները լուայ, պահի երեխուդ: Ասում եմ` որտե՞ղ աշխատեմ, ընենց չի, որ ջան չեմ անում աշխատեմ, բայց աշխատանք չկայ: Խնդրել եմ գոնէ նպաստը տան, դրանով լոյսի գումար վճարենք, մինչեւ երեխես գա բանակից, ասում են` պետութիւնն այդպէս է որոշել, չենք կարող օգնել: Նպաստի համար գնացի մարզպետարան, բոլորին դիմել եմ, ասում են` բալերդ չի հերիքում: Լաւ, էլ ի՞նչ վիճակում պիտի լինենք, որ բալերը հերիքի: Մարդ մի քիչ պիտի ինքնասիրութիւն ունենայ, դրանից յետոյ ի՞նչ անեմ, ամէն օր լացեմ, ընկնեմ իրանց ոտքերը, դռները հերթով ծեծեմ, որ նպաստ տա՞ն: Մեզ պէտք չի»,-ասում է Սիրուշ Մխեյեանը:
Նրա պատմելով` նպաստից զրկելուց յետոյ եռամսեակային հրատապ oգնութիւն են ստացել` ամսական 17 հազար դրամի չափով: Սիրուշ Մխեյեանը չգիտեր` օգնութիւնը շարունակակա՞ն է լինելու, թէ՞ դա էլ է պետութիւնը շատ համարելու ու դադարեցնելու է:
Թէեւ պատմում էր, բայց նշում էր, որ ամաչում է այս մասին բարձրաձայնել: Նոյնիսկ կողք-կողքի ապրող հարեւանները չգիտեն, որ իրենք դժուարութիւններ են յաղթահարում, գումար չունեն: «Ամօթ է, հիմա մարդիկ կարդան ի՞նչ կը մտածեն մեր մասին»,-ասում էր Սիրուշը:
Այս ընտանիքը բաւարարւում է եղածով եւ որեւէ մէկին պահանջներ չի ներկայացնում: Նոյնիսկ օգնութեան համար գիւղապետարան չեն դիմում, թէեւ համայնքապետը ժամանակ առ ժամանակ հնարաւորութեան չափով օգնում է: Սիրուշը ուրախութեամբ էր նշում, որ վարկ չունեն ու Աստուած չանի, որ ունենան:
«Որ ընկնենք մեռնենք, վարկ չենք վերցնի: Աշխատանք չունենք, վարկը ո՞նց պիտի փակենք: Տուն էլ չունենք, որ տունը ծախենք բանկի փողը տանք,,-ժպտալով ասում է Սիրուշը: ԳԷորգը շարունակում է կնոջ խօսքը. «Բայց մի 250 հազար դրամ խանութում պարտք ունենք: Որ ամօթ չլինի ասեմ` պարտքի համար գիւղամէջ դուրս չեմ գալիս»:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles