«Մանկութեան Երանգներ» Խորագրով Ցուցահանդէս Ստեփանակերտի Մէջ

0 0
Read Time:3 Minute, 0 Second


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ («Ապառաժ»).- Յունիս 11-ին, Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի ցուցասրահին մէջ կայացաւ «Մանկութեան երանգներ» ցուցահանդէսը, որ նախաձեռնած է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակը` Արցախի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի հետ համատեղ:
Ցուցահանդէսին ներկայ էին կրթութեան նախարար Լուսինէ Ղարախանեանը, Հ.Յ.Դ. Կ.Կ.-ի անդամ Սերգէյ Շահվերտեանը, եւ «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայեանը եւ ազգագրագէտ Լեռնիկ Յովհաննիսեանը:
«Մանկութեան երանգներ» ցուցահանդէսին ներկայացուած են «Համազգայինը Արցախի մանուկներու կողքին» ծրագրի մասնակից մանուկներու նկարները, որոնք առնուածեն 44-օրեայ պատերազմի եւ յետպատերազմեան օրերուն եւ ուր ընդգծուած են Արցախի մանուկներու կարօտի, երազանքի, յոյսի եւ հաւատի երանգները:
Ցուցահանդէսին ներկայացուած էին նաեւ Մաճկալաշէնի մէջ, վերջերս Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ բացուած ձեռքի աշխատանքի խմբակի երեխաներու ստեղծագործութիւնները, ուսուցչուհի Կարինէ Սարգսեանի առաջնորդութեամբ:
Ցուցահանդէսին բացման խօսքով հանդէս եկաւ Արցախի Մաշակոյթի պալատի տնօրէն Զինայ Գասեանը: Ան ողջունեց ներկաներուն եւ շնորհակալութիւն յայտնեց բոլորին` «Մանկութեան երանգներ» խորագիրը կրող ցուցահանդէսին իրենց ներկայութիւնը ապահովելու համար:
«Ձեր ուշադրութեանն է ներկայացուած արցախցի մի խումբ երեխաների վրձիններին պատկանող նկարներ, որոնք ստեղծուել են 44-օրեայ պատուհասի օրերին եւ յետպատերազմեան շրջանում: Երեխաները, ովքեր ոչ իրենց կամքով եւ պարտադրաբար Սեպտեմբերի 27, 2020թ-ից յետոյ հաստատուել էին Հայաստանի տարբեր մարզերում եւ քաղաքամայր Երեւանում, Համազգայինի Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ մէկ հարկի տակ հաւաքուելու հնարաւորութիւն էին ստացել: Այսօր այստեղ բոլորս ականատեսն ենք այն յոյզերի, մտորումների, ապրումների, նուիրումի արգասիքին, որը կազմում է այդ փոքրիկների ճակատագրի մի մասը», — նշեց Զինայ Գասեանը:

Ծրագրի մասին աւելի մանրամասն ներկայացուց Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանը: Ան ողջունեց ներկաներուն եւ շնորհակալութիւն յայտնեց իրենց ներկայութեան համար, ինչպէս նաեւ ծրագրին մասնակից բոլոր երեխաներուն, որոնք այս ամբողջ ընթացքին իրենց հետ եղած են:
«Պատերազմի օրերին Հայաստանում գտնուող արցախի մանուկների համար Համազգայինի Արցախի գրասենեակի առաջարկով եւ Հիւսիսային Ամերիկայի եւ Քանատայի շրջանային վարչութիւններու հանգանակութեամբ, կեանքի կոչուեց մի ծրագիր, որը կոչուեց «Համազգայինը Արցախի մանուկների կողքին»: Այդ ծրագրին էութիւն այն էր, որ արուեստի խմբակների միջոցով սատար կանգնենք Արցախի տեղահանուած փոքրիկներին: Սկզբում` Երեւանում, յետոյ արդէն Դիլիջանում եւ Աբովեանում սկսեցին գործել մեր խմբակները` նկարչութեան, երգ ու պարի, կաւագործութեան, դասապատրասման, թատերական, իսկ Յունուարից յետոյ սկսեցին գործել մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Արցախի մի շարք գիւղերում: Այսօր էլ այդ խմբակները գործում են, որին մասնակցել են Արցախի շուրջ 200 երեխաներ: Այս ցուցահանդէսը կրում է «Մանկութեան երանգներ» խորագիրը: Ինչո՞ւ ենք այսպէս որոշել անուանել ցուցահանդէսը: Ես ուզում եմ ընդգծել մի շատ կարեւոր նրբութիւն: Այս ցուցահանդէսի միջոցով մենք ոչ թէ ցանկացել ենք ցոյց տալ, թէ ինչպէս են նկարում մեր երեխաները, այլ այն, թէ ինչ էին նրանք նկարում պատերազմի օրերին եւ ինչ են նկարում հիմա: Այս նկարների միջոցով դուք կը տեսնէք նրանց մանկութեան երանգները: Այդ երանգների մէջ կայ պատերազմի գոյնը, երազանքը, հաւատը, կորցրած մանկութեան հետքերը, օճախներն ու տունը, որ թողել են բռնազաւթուած տարածքներում: Կարեւոր մի բան կայ այս նկարների մէջ: Եթէ նայէք այս արեւածաղիկներին, որոնք արդէն նոր օրերում են նրանք նկարել, կը տեսնէք երազանք, այսինքն` նրանք շարունակում են հաւատալ իրենց մանկութեան հեքիաթին եւ շարունակում են հաւատալ, որ երազանքը,սէրը, բարին, իրենց հաւատը ապագայի հանդէպ մի օր յաղթելու է»,- ըսաւ Հերմինէ Աւագեանը:
Ցուցահանդէսի բացման ելոյթ ունեցաւ նաեւ կրթութեան նախարար Լուսինէ Ղարախանեանը, որ յայտնեց, թէ «Նկարներում ներկան եւ անցեալը աւելի շատ են պատկերուած, քան` ապագան: Նկարներում տուն տանող ճանապարհները շատ են: Այս նկարներում երեխաները արտացոլել են կարօտ եւ տուն տանող ճանապարհ: Իւրաքանչիւր նկար յոյզերի, մտքերի, երեւակայութեան, համոզմունքների, ապրածի արտացոլանք է եւ իւրաքնաչիւր նկարում երեխան ներկայացնում է նաեւ իր ընտանիքի միջավայրը, յարաբերութիւններն ու աշխարհընկալումը: Շատ լաւ է , որ սա ոչ թէ երեխաների նկարչական ընդունակութիւնները ցոյց տալու համար է, այլ պարզապէս նկարելու ցուցահանդէս է: Այո՛, նկարելու միջոցով երեխաները կարողանում են իրենց բացասական մտքերն ու յոյզերը յանձնել թղթին, գուցէ նաեւ ընդմիշտ ազատուելով դրանից»:
Ղարախանեան դրուատելի համարեց Հերմինէ Աւագեանի գործունէութիւնը` յատկապէս յետպատերազմեան շրջանին:
Ցուցահանդէսին ներկայացուած էր նաեւ «Երազանքի պաստառ», ուր երեխաները նկարած են իրենց ձեռքերը եւ գրած երազանքներ, որպէսզի տարիներ ետք կրկին հաւաքուին եւ տեսնեն` որո՞ւն երազը իրականացած է:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles