Հ.Յ.Դ.-ի Վերահաստատումը Հայաստանի Մէջ՝ 36 Տարի Ետք
Օգոստոս 8-ին, Հ.Յ.Դ. Երեւանի քաղաքային կոմիտէի նախաձեռնութեամբ Եռաբլուր զինուորական պանթէոնին մէջտեղի ունեցաւ Հայատանի մէջ Հ.Յ.Դ.-ի վերընձիւղման 36-ամեակին նուիրուած արարողութիւն եւ ծաղկեմատոյց արցախեան պատերազմներու զոհերու շիրիմներուն:
Ձեռնարկը սկսաւ պանթէոնի եկեղեցուոյ մէջ տէրունական աղօթքով, ապա օրուայ խորհուրդի հետ կապուած խօսք առին Հ.Յ.Դ. Երեւանի քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ Գոռ Սարգսեանը, Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը եւ Հայաստանի Գերագոյն Մարմինի անդամ, Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:
Պատմական իրադարձութեան մասին մանրամասնութիւններ ներկայացուց Հ.Յ.Դ. «Դրօշակ» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիր Արտաշէս Շահպազեանը:
Ստորեւ, Հ.Յ.Դ. Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի խօսքը.-
1990 թուականի Օգոստոս 8-ին, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը հանդէս եկաւ յայտարարութեամբ, եւ բացայայտեց իր կազմակերպական ներկայութիւնը Խորհրդային Հայաստանում: Իր 12-րդ Ընդհանուր ժողովում, 1933 թուականին, Դաշնակցութիւնը որոշել էր լուծարել Խորհրդային Միութիւնում իր կազմակերպութիւնը, որը շարունակել էր գործել 1921 թուականից յետոյ եւս:
1988 թուականի Օգոստոս ամսին գումարուած Հ.Յ.Դ. 24-րդ Ընդհանուր ժողովը «Դէպի Երկիր»-ը ճշտել էր գլխաւոր ուղեգիծ, Ղարաբաղեան շարժման եւ ընդհանրապէս Խորհրդային Միութիւնում տեղի ունեցող զարգացումների լոյսի ներքոյ: Վերընձիւղման քայլերը սկսել էին մի քանի ամիս անց եւ աւելի մեծ թափ հաւաքել 1989 թուականին: 1990 թուականի Օգոստոսի 8-ի յայտարարութիւնը Հ.Յ.Դ. Բիւրոն կատարեց խորհրդակցելով Խորհրդային Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում արդէն գործող կազմակեպական մարմինների հետ:
Ինչպէս Միքայէլ Վարանդեանն էր գրել մէկ դար առաջ Դաշնակցութեան հիմնադրութեան մասին, 1990 թուականին եւս, կային դաշնակցականներ երբ տակաւին չկար դաշնակցական կառոյց: Խօսքը այնպիսի գաղափարի զինուորների մասին է, ովքեր ունէին յեղափոխական նկարագիր, գիտակցուած հայրենասիրութիւն եւ պատրաստակամութիւն` իրենց առաւելագոյնը տալու այդ ճանապարհին: Հ.Յ.Դ. կազմակերպական վերընձիւղումը հայ ժողովրդի այդ զաւակներին տուեց հնարաւորութիւն իրագործելու իրենց այդ նպատակները:
1990 թուականի Օգոստոս 8-ի յայտարարութիւնից ընդամէնը ամիսներ անց, Դաշնակցութեան կազմած ջոկատները արդէն Արցախում գործում էին: Յաջորդող 3-4 տարիներին, այդ ջոկատները առանցքային դեր ունեցան Արցախի ազատագրման մարտերում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի ձեւաւորման գործում: Այդ ջոկատներում երդուեալ դաշնակցականները մեծամասնութիւն էին, բայց կային նաեւ ոչ-երդուեալներ: Միասնաբար, այդ բազմահարիւր նուիրեալները իրենց ներշնչումը ստացել էին ոչ միայն Դաշնակցութեան առաջին երեսնամեակի մարտական նուիրեալներից, այլ նաեւ իրենց ժամանակներին մօտ` նորօրեայ ազատամարտիկներից:
Արցախեան ազատամարտի առաջին տարիներին, այդ առաջամարտիկներից հարիւրաւորներ զոհուեցին: Նրանց այդ զոհողութիւնը ներշնչեց իրենց յաջորդող սերունդներին, ովքեր մասնակցեցին, նաեւ զոհուեցին յետագայ, յատկապէս 2016 թուականների եւ 2020-ականների կռիւներում, արդէն այլ կազմակերպական դրուածքով, հաշուի առնելով հայոց բանակի առկայութիւնը:
Այդ հարիւրաւոր նահատակները, սակայն, միայնակ չէին կռւում. նրանց հետ, կողք-կողքի, հայրենի հող ազատագրած, հայրենիքը պաշտպանած շատեր կան, որոնք ճակատագրի բերումով չզոհուեցին. վստահ եմ, նրանցից ոմանք նաեւ այսօր, այստեղ մեր հետ են, իրենց համեստ պահուածքով:
Այսօր, մեր հայրենիքը, հետեւաբար նաեւ մեր ժողովուրդը գտնւում ենք շատ ծանր իրավիճակում: Ժամանակաւորապէս կորցրել ենք մեր հայրենիքի մէկ մեծ բաժինը` Արցախը. մեր հայրենի պետութեան` Հայաստանի Հանրապետութեան հարիւրաւոր քառակուսի քիլոմեթր տարածքներ գրաւուած են թշնամի պետութեան կողմից, իսկ այլ ռազմավարական տարածքներ գտնւում են թշնամու ուղղակի սպառնալիքի տակ: Եւ այս իրավիճակի պատճառներից եւ սպառնալիքներից մէկը կեղծ գաղափարախօսութեամբ քաղաքական այն խմբակն է, որ արդէն ութ տարի է, որ իշխում է մեր երկրում:
Թէեւ ծանր է վիճակը, մեծ են ներքին եւ արտաքին սպառնալիքները, բայց մենք վհատուելու իրաւունք չունենք: Եթէ մենք ցանկանում ենք ունենալ հայկական պետականութիւն, հայկական անկա՛խ պետութիւն, պայքարը շարունակելուց բացի այլընտրանք չունենք: Պայքարի միջոցները կարող են լինել տարբեր, պատշաճեցուած տուեալ պահի պայմաններին եւ հնարաւորութիւններին: Բայց պայքարի նպատակը նոյնն է, չի կարող փոխուել, այն է ստեղծել այնպիսի ազգային պետութիւն, որ կարող է բարօր կեանք ապահովել իր բնակչութեանը, կարող է տիրութիւն անել մեր ժողովրդին` համայն հայ ժողովրդին, կարող է պաշտպանել մեր հաւաքական իրաւունքները:
Պայքարի միջոցները կարող են փոխուել, բայց այդ պայքարին նուիրուածութիւնը պէտք է լինի ճիշտ այնպէս, ինչպէս կռուի դաշտերում եղել է մեր նահատակների եւ առհասարակ մարտիկների նուիրուածութիւնը` ամբողջական: Այդ նուիրեալների օրինակը, զոհուածների եւ ողջ մնացածների օրինակը, պէտք է առաջնորդի մեզ մեր պայքարում:
Ինչպէս Քրիստափոր Միքայէլէանն է ասել. «Յարատեւ կռիւ—յաճախ եւ երկար ժամանակ գուցէ անյաջող` չնայած երբեմն նոյնիսկ իր լայն ծաւալին,— ահա թէ ուր է մեր փրկութէան բանալին: Պահպանե՛նք շարունակե՛նք կռիւը, որպէսզի լայնանայ, ընդարձակուի, եւ ընդարձակուելով` յարատեւի—ահա դէպի մեր նպատակը տանող միակ ճանապարհը»:
Այսօր, այս վեհ բայց ճնշող ուխտավայրում, մեր բոլոր նահատակների առաջ վերանորոգենք մեր պայքարի, յարատեւ եւ անմնացորդ նուիրումով պայքարի ուխտը:

