ԳլխաւորՅօդուածներ

Ջահերով Երթը Մեր Ժողովրդի Պատասխանն Է Մեզ Պարտադրուող Ուրացմանը, Նահանջին Ու Լռութեանը

 

Ստորեւ, յապաւումով կը հրատարակենք ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանի խօսքը արտասանուած, Ապրիլ 23-ի ջահերթի մեկնարկէն առաջ։

Այսօր` Հայոց Ցեղասպանութիւնից 111 տարի անց, մենք կանգնած ենք հայկական պետութեան մայրաքաղաքում` հայութեան անժամանցելի իրաւունքները պաշտպանելու, մեր յիշողութեանը տէր կանգնելու, Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգելու, այլեւս երբեք նոր ցեղասպանութիւն եւ հայրենազրկում թոյլ չտալու  համար:

111 տարի առաջ մեզ ցանկանում էին բնաջնջել հենց մեր ինքնութեան համար: Ուզում էին, որ մենք մոռանանք մեր խորհրդանիշները, չխօսենք հայերէն, չերգենք մեր երգերը, չունենայինք մեր եկեղեցիներն ու դպրոցները եւ ուրանանք մեր պատմութիւնը:

Հայոց Ցեղասպանութիւնը մեր հազարամեայ պատմութեան մէջ մեր տեսակի դէմ իրականացուած ամենասարսափելի եւ ամենազազրելի յարձակումն էր, որ վերապրեց մեր ժողովուրդը, բայց իր մէջ ուժ գտաւ վերականգնուելու, պահեց իր ինքնութիւնն ու պետականութիւն կառուցեց:

Հայկ Նահապետից մինչեւ Աւարայր, Սարդարապատից մինչեւ Արցախեան ազատամարտ` մեր պայքարի գլխաւոր նպատակը եղել է պահել մեր ինքնութիւնը` մնալ հայ: Բայց այսօր` աւելի քան մէկ դար անց, մեր վրայ յարձակւում են ոչ թէ եաթաղանով, այլ ուրացման պարտադրանքով: Նպատակը նոյնն է` ջնջել հայկական հետքը, վերացնել մեր տեսակը:

Advertisement Subscribe Today

-Մեզ ստիպում են չոգեշնչուել Արարատով`

-Մեզ ստիպում են մոռանալ Արցախը եւ այնտեղ կատարուած ոճիրը:

-Մեզ ստիպում են հրաժարուել մեր պետութեան ծննդեան վկայականից` Անկախութեան հռչակագրից:

Եւ սա կատարւում է այն ժամանակ, երբ Արցախում  ոչնչացւում են մեր եկեղեցիները, երբ մեր եղբայրները տառապում են Պաքուի բանտերում, երբ փաստացի շարունակւում է ցեղասպանական քաղաքականութիւնը : Եւ այս ամէն ինչը արւում է դիմացի շէնքում նստած  յանցագործի` Փաշինեանի մասնակցութեամբ եւ մեղսակցութեամբ:

Մեզ համատեղ ուժերով սպառնում են, որ հրաժարուենքլ մեր իրաւունքներից: Բայց մենք գիտենք պատմութեան դասը. նա, ով ընտրում է Ատրպէյճանի եւ Թուրքիոյ ենթակայութիւնը` ստանում է ցեղասպանութիւն:

Նա ով հրաժարւում է անցեալից, կորցնում է ապագան:

Նա, ով ընտրում է խոնարհուելը, վերջում ստանում է եւ՛ նուաստացում, եւ՛ նոր պատերազմ:

Նա, ով զիջում է հայրենիքի մի մասը` յոյսով, որ կը փրկի մնացեալը, թշնամուն է տալիս մեզ բնաջնջելու հնարաւորութիւն:

Նա, ով լռում է սեփական սրբավայրերի աւերման մասին, լռութեամբ դառնում է  գործիք ` մեր ինքնութեան դէմ պայքարում:

Նա, ով փորձում է սիրաշահել թշնամուն` ուրանալով նահատակների արիւնը, կորցնում է դաշնակիցների յարգանքը եւ մնում մեն-մենակ ոճրագործի դէմ:

Նա, ով հաւատում է, թէ ինքնութեան հաշուին կարելի է անվտանգութիւն գնել, ստանում է նոր գաղթի ճանապարհ:

Իսկ որն է այս ամէնին մեր պատասխանը: Մեր պատասխանը յստակ է`

Չենք հրաժարուելու մեր պատմութիւնից:

Չենք ուրանալու մեր անցեալը:

Թոյլ չենք տալու շարունակուի այս ուրացման քաղաքականութիւնը:

Արարատը մեզ համար վտանգ չէ, այլ ոգեշնչման աղբիւր:

Ազգային հզօր բանակ ունենալը  պատերազմի հրաւէր չէ, այլ խաղաղութեան միակ իրական երաշխիք:

Եկեղեցու դէմ պայքարել` նշանակում է քանդել մեր ներքին ամրոցը: Պաշտպանել եկեղեցին` նշանակում է պաշտպանել մեր ինքնութիւնը:

Արժանապատիւ կեցուածքը միջազգային յարաբերութիւններում ոչ թէ արկածախնդրութիւն է, այլ յարգանքի միակ լեզուն:

Աշխարհը չի օգնում նրանց, ովքեր պատրաստ են յանձնուել. պետութիւնները դաշնակից են փնտրում նրանց մէջ, ովքեր պատրաստ են կանգնել ու պայքարել սեփական իրաւունքի համար:

Արցախ վերադարձի իրաւունքը պաշտպանելը նշանակում է պահել Հայաստանի դարպասները: Ով ասում է, թէ Արցախը մոռանալով կը փրկենք Հայաստանը, նա բացում է թշնամու ախորժակը` Սիւնիքի, Վայոց Ձորի, Տաւուշի ու Երեւանի համար:

Մենք Ցեղասպանութեան միջազգային  ճանաչումը պահանջում ենք ոչ միայն անցեալի , այլ նաեւ այսօրուայ եւ ապագայի համար: Եթէ աշխարհը չի ճանաչում երէկուայ ոճիրը, դա լեգիտիմութիւն է նոր ոճիրների համար: Ցեղասպանութեան ուրացումը կանաչ լոյս է նոր ցեղասպանութեան համար: Հետեւաբար  սատարել  Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը, նշանակում է սատարել եւ պաշտպանել  մեր անվտանգութիւնը,  ոչ թէ վտանգել այն:

111 տարի առաջ մեզ ցեղասպանած երկիրն այսօր էլ շարունակում է Հայաստանի շրջափակումը: Փակ պահելով մեր սահմանը Թուրքիան պահանջում է ուրանալ Հայոց Ցեղասպանութիւնը, այն դարձնել քննարկման առարկայ, վաճառել մեր նախնիների արիւնը ու այս ամէնը գթասրտութեան անորոշ մի խոստման դիմաց:

Մենք յստակ արձանագրում ենք` Թուրքիան ինքն է փակել հայ-թուրքական սահմանը ու այն պէտք է բացի առանց որեւէ նախապայմանի:

Մեր պատմութիւնը քննարկման ու վաճառքի առարկայ չէ, ու մեր նկատմամբ իրականացուած ցեղասպանութիւնը չի կարող հիմա էլ բանակցային ճնշման գործիք դառնալ մեր դէմ:

Մեր սրբադասուած նահատակները մեզ մէկ պատգամ են թողել` այլեւս երբեք գաղթական չդառնալ սեփական հայրենիքում:

Ուրեմն ջահերով երթը մեր ժողովրդի պատասխանն է մեզ պարտադրուող ուրացմանը, նահանջին ու լռութեանը:

Մենք հաշտ չենք այս իրավիճակի հետ.

Չենք պատրաստւում զիջել մեր բոլոր իրաւունքները :

Չենք պատրաստւում նորից յանձնուել Թուրքիոյ ու Ատրպէյճանի գթասրտութեանը, որովհետեւ տեսել ենք դրա հետեւանքները:

Մենք ցեղասպանութիւնից յետոյ ոտքի կանգնած, պետութիւն կերտած ժողովուրդ ենք, ուրեմն կարող ենք շրջել եւ պարտաւոր ենք շրջել  ամօթի ու խարանի այս էջը:

Մենք Սարդարապատ յաղթած ժողովուրդ ենք, ուրեմն կարող ենք յաղթահարել նաեւ այս դժուարութիւնները:

Մենք այս պայքարը մղում ենք բոլոր հայերի համար, անկախ քաղաքական նախասիրութիւններից, անկախ մեր նկատմամբ իրենց վերաբերմունքից, որովհետեւ գիտենք, որ ցեղասպանները չեն ճանաչում կուսակցական պատկանելիութիւն կամ քաղաքական նախասիրութիւն:

Ուրեմն յանուն մեր նահատակների, յանուն  մեր հերոսների, բայց նաեւ մեր զաւակների եւ ապագայ սերունդների`

մենք պէտք է ոտքի կանգնենք , միասնական ջանքերով մերժենք այս պառակտումը, ուրացումն ու դաւաճանութիւնը եւ կառուցենք անվտանգ ու մրցունակ  Հայաստան, որը տէր կը կանգնի իր ժողովրդի հաւաքական իրաւունքներին, իր ինքնիշխանութեանն ու ինքնութեանը:

Ուրեմն պայքար, աննահանջ պայքար

Մեր պայքարի ջահը չի՜  հանգչելու է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button