«Պատերազմը Մեզ Ցոյց Տուեց Քան Երբեւէ Հայաստանի եւ Սփիւռքի Միջեւ Փոսը Խորացել Է» – Տիգրան Եկաւեան

0 0
Read Time:9 Minute, 25 Second

Ստորեւ,«Հետք»-ին հարցազրոյցը Ֆրանսաբնակ լրագրող եւ արեւելագէտ Տիգրան Եկաւեանին հետ լոյս տեսած է Յուլիս 29, 2022-ի համարին մէջ:
Հարցազրոյցը վարեց՝ Տրդատ Առաքելեան
Մեսրոպեան ուղղագրութեան վերածեց՝ Յարութիւն Մըսրլեան

Հ – Ինչպէ՞ս կը գնահատէք Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները ներկայ պահին, արդեօք դրանք բաւարար չափով ամու՞ր են, փոխ-վստահութիւն կա՞յ միմիանց նկատմամբ:
Պ – Ո՛չ, հակառակը, փոխ-վստահութիւն չկայ: Պատերազմը մեզ ցոյց տուեց քան երբեւէ Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ փոսը խորացել է: Կարող ենք արձանագրել, որ վստահութեան թելերը կտրուած են: Չկայ առողջ հիմք գործնական յարաբերութիւններ մշակելու համար: Մինչեւ հիմա Հայաստանի եւ Սփիւռքի կապը հիմնուած էր երկու բանի վրայ. առաջին՝ զբօսաշրջութեան, երկրորդը՝ մարդասիրական օժանդակութեան: Կարելի է նշել նաեւ սահմանափակ ազդեցութիւն ունեցող ներդրումները: Դժբախտաբար, սա ոչ միայն ներկայ իշխանութիւնների խնդիրն է, այլ աւելի վաղ ծագում ունի՝ նախ քան Հայաստանի անկախացումը, անկախութեան շարժումը: Սփիւռքահայ կազմակերպութիւնները սրտաբաց չէին ընդունել , որ Հայաստանը անկախ պետութիւն դառնայ, քանի որ մտահոգուած էին, թէ կորցնելով ռուսական երաշխաւորութիւնը՝ մենք թիրախ կը դառնանք բան-թուքիզմի համար: Այսինքն՝ գլխաւոր խնդիրը պետականութեան շուրջ էր: Ընդհանրապէս սփիւռքահայերը քաղաքական միտք չունեցող մարդիկ են, որոնք վերացական գաղափար ունեն Հայաստանի, ազգի, Հայ դատի եւ պետութեան մասին, նրանք չեն կարողանում նորմալ (բնականոն – ՅՄ) ձեւով ըմբռնել թէ ինչ է նշանակում պետութիւն ունենալը: Պատերազմը մեզ ապացուցեց, որ մենք պետական մշակոյթ չունեցող ազգ ենք, մենք չենք տարբերում «ազգ» եւ «պետութիւն» հասկացողութիւնները: Գործող կառավարութիւնն էլ, թէկուզ եւ Սփիւռքի գործերով յանձնակատարի գրասենեակ ունի, չկարողացաւ շահերի վրայ հիմնուած յարաբերութիւններ մշակել: Իշխանութիւնների գլխաւոր սխալն այն էր, որ նրանք չկարողացան Սփիւռքահայերի ներուժը ձգել Հայաստան, իսկ Սփիւռքի համար Հայաստանն ու Արցախը վերացական բաներ են, նրանց համար գլխաւոր թեման Ցեղասպանութիւնն է, այսինքն՝ նրանք կենտրոնացան յիշողութեան վրայ՝ չհասկանալով, որ Հայաստանում իրենք իրենց դերն ունեն, քաղաքական դերակատարութիւն պէտք է ունենան՝ Հայաստանի համակարգը վերափոխելու համար:

Հ -Իսկ կոնկրետ (ստոյգ – ՅՄ) Ֆրանսահայ համայնքը, որի ներկայացուցիչը նաեւ դուք էք, որքանո՞վ է հետաքրքրուած Հայաստանի հասարակական-քաղաքական կեանքով:
Պ – Ֆրանսահայ կեանքի մասին խօսելիս անպայման պէտք է շեշտել, որ համայնքը ձեւաւորուել է երեք փուլերով: 1920-ականներին, որոնք Ցեղասպանութեան վերապրողներն են: Երկրորդը՝ 1970 -ականներին, Միջին Արեւելքից՝ Սուրիայից, Լիբանանից, Իրանից գաղթած հայերը, եւ երրորդը ՝ 1991 թուականից յետոյ Հայաստանից Ֆրանսա գաղթած հայերը: Հայաստանից եկած հայերը չկարողացան իրենց տեղը գտնել համայնքի աւանդական կառոյցների մէջ, այդ պատճառով խմբերի մօտեցումները տարբեր են: Ընդհանուր առմամբ, Ֆրանսահայերը այդքան էլ հետաքրքրուած չեն Հայաստանի հասարակական-քաղաքական հարցերով, ո՛չ հետեւում են, ո՛չ էլ ըմբռնում են այստեղի քաղաքական կեանքի բարդութիւնները, իսկ Հայաստանից եկածներն այս առումով աւելի ակտիւ (գործունեայ – ՅՄ) են հետեւում բայց ցաւօք, նրանք չկարողացան իրենց կառոյցը ստեղծել, գուցէ քանակով շատ են, բայց որակով քիչ են: Կարող ենք նաեւ բախում նկատել դասական սփիւռքի եւ Հայաստանից եկող հայերի միջեւ, որոնք ուրիշ մօտեցումներ ունեն ինքնութեան նկատմամբ: Ի տարբերութիւն դասական սփիւռքի, որը կենտրոնացած է Եղեռնի, Հայ դատի վրայ, նոր եկածները աւելի տարուած են Հայաստանի կենցաղով, սոցիալական (ընկերային – ՅՄ) կեանքով: Մենք հիմա նոր խնդրի առաջ ենք կանքնած, թէ ինչպէս նորոգել Սփիւռքի մեր հայկական կառոյցները, որոնք վաղուց հնացած են: Երբ որ խօսում ենք Սփիւռքի մասին, միշտ պէտք է հաշուի առնենք, որ այն ռազմավարական լծակ է Հայաստանի համար:

Հ- Ձեր խօսքում նշեցիք համայնքի խնդիրների, հնացած կառոյցները նորոգելու մասին: Իսկ եթէ աւելի խորքային նայենք այս հարցին, ի՞նչ մարտահրաւէրների առաջ է կանգնած Ֆրանսահայ համայնքը:
Պ- Ինչպէս արդէն ասացի, մենք ունենք շատ հին համակարգ: Մենք շատ ժամանակ կորցրինք միայն Ցեղասպանութեան ճանաչման վրայ կենտրոնանալու վրայ: Մեզ օրակարգն է պակասում, որպէսզի հասկանանք, թէ Ֆրանսահայութիւնը ինչ դերակատարութիւն ունի Ֆրանսայի հասարակական կեանքում, Հայաստանում եւ ընդհանուր Սփիւռքում: Առաջին հերթին Ֆրանսայի ներսում հայերը շատ մեծ յարգանք են վայելում, քանի որ հայերը կարողանում են բոլորի հետ լեզու գտնել, դա մեր պատմութիւնից է գալիս, որ հայերը միջնորդ ժողովուրդ են, կամուրջ են հանդիսանում տարբեր ազգերի միջեւ, բայց այս կարեւոր բանը մենք չենք ըմբռնում: Երկրորդը պէտք է նշեմ, որ մենք ամենաքաղաքականացուած սփիւռքն ենք, որը պայմանաւորուած է Ֆրանսայի քաղաքական մշակոյթով, ինչպէս նաեւ լիբանահայերի գալով: Լիբանահայութիւնը ժամանակին ամենահզօր քաղաքական օջախն էր, Ֆրանսա արտագաղթելուց յետոյ նրանք աշխուժացրին համայնքային համակարգը: Չպէտք է մոռանալ, որ Ֆրանսան միակ երկիրն է, որտեղ պաշտօնապէս նշւում է Հայոց ցեղասպանութեան տարելիցը: Եւ երկրորդը՝ Հայաստան-Ֆրանսա յարաբերութիւնների հիմքը շատ տկար է: Երկկողմանի առեւտուրը ընդամէնը 80 միլիոն տոլար է, եւ ցաւօք սրտի ֆրանսահայ գործարարները շատ ներկայ չեն Հայաստանում: Մէկ այլ տաբու (բացարձակ արգելք -ՅՄ) կայ, որն ինձ հետաքրքրում է: Եթէ հաշուի առնենք, որ հայութեան 70 տոկոսն ապրում է Հայաստանի սահմաններից դուրս, մենք Հայաստանի Ազգային Ժողովում չունենք ֆրանսահայ կամ ամերիկահայ պատգամաւոր, որը կը լինի Սփիւռքի ձայնը, կը հնչեցնի մտահոգութիւնները: Օրինակ՝ հայ-թրքական երկխօսութեան մասին խօսելիս տպաւորութիւն է, որ Հայաստանի իշխանութիւնների նպատակն է չէզոքացնել սփիւռքահայութեան կեցուածքն ու ասելիքը: Կամ որ վարչապետն ասում է՝ Հայ դատը միայն սփիւռքի գործն է: Սա ինձ համար շատ մտահոգիչ է, որովհետեւ պէտք է իրատես ձեւով հաշուի առնել սփիւռքահայութեան շահն ու ասելիքը, եւ ցաւօք, Հայաստանի իշխանութիւնները չեն ցանկանում լսելի դարձնել այդ մտահոգութիւնը:

Հ- Ի՞նչ պէտք է անեն Հայաստանի իշխանութիւնները, որ չեն անում, Սփիւռքի հետ կապերն ամրապնդելու համար, եւ արդեօք դուք դրա մէջ որեւէ միտու՞մ էք տեսնում:
Պ- Տարբեր թեմաներ կան, օրինակ՝ երկքաղաքացիութեան հարցը, որ Լեւոն Տէր Պետրոսեանի ժամանակ ընդհանրապէս փակ էր, եւ չէին ցանկանում, որ սփիւռքահայութիւնը Հայաստանի քաղաքացիութիւն ստանայ: եւ միայն 2005-ի սահմանադրական փոփոխութիւններից յետոյ իրավիճակը փոխուեց: Երկրորդ խնդիրը սփիւռքահայերի քաղաքական մասնակցութիւնն է: Հայաստանն այնպիսի ծանր վիճակում է, որ մենք արդէն չենք տնօրինում մեր ճակատագիրը: Կոպիտ ասած, երկու ընտրութիւն կայ սեղանի վրայ. կամ մեր պետութիւնը պէտք է դառնայ Ռուսաստանի մարզ կամ միասնական պետութիւն, որի հետ համեմատելու այլ օրինակ չկայ, իսկ երկրորդ ընտրութիւնը մի փոքր պատրանքային է, որը Հայաստանի սփիւռքացումն է : Ինչ է դա նշանակում. Սփիւռքի ֆինանսական ռեսուրսների (սկզբնաղբիւրներու – ՅՄ) կամ մարդասիրական օժանդակութիւնների վրայ կենտրոնալու փոխարէն՝ հետաքրքրուել սփիւռքի մարդկային ռեսուրսներով , ինչպէս տարբեր ոլորտների մէջ օգտագործել սփիւռքահայերին, ինչպէս այստեղի կառոյցները թարմացնել նոր արիւնով: Հայաստանի նման յետխորհրդային երկրում պահպանուել են գրեթէ բոլոր կառոյցները, որոնք կային խորհրդային ժամանակներում: Օրինակ՝ մենք չունենք երկու խորհտդարան, ինչու չունենք Սենատ (ծերակոյտ -ՅՄ) որտեղ կարող էին լինել նաեւ սփիւռքահայեր, որոնք կ’ընտրուէին անուղղակի ձեւով, կ’ունենային քիչ լիազօրութիւններ, բայց իրենց դերակատարութիւնը կ’ունենային, իրենց գաղափարները ցոյց տալու հնարաւորութիւն: Սա մի թեմա է, որն այստեղ ոչ ոքի չի հետաքրքրում: Բայց եթէ ուզում ես տեսլական մշակել, պէտք է մտածես այս մասին, թէ ինչպէս Հայաստանի պետական համակարգը կայացնես, որպէսզի ունենանք աւելի առողջ դիրք աշխարհում: Իսկ մենք հիմա ճիշտ հակառակն ենք անում:

Հ – Ինչպէ՞ս կարող է Հայաստանը գրաւել սփիւռքահայ տաղանդներին, ի՞նչ յստակ քայլեր են անհրաժեշտ նրանց այստեղ բերելու եւ պահելու համար:
Պ – Դրական նախաձեռնութիւններ եղել են, օրնակ՝ «Ի Գործ» ծրագիրը, գաղափարը շատ լաւն էր եւ յուսադրող: Եթէ մենք ուզում ենք, որ Սփիւռքը առողջանայ, ապա այդ փոփոխութիւնը պէտք է գայ հենց Հայաստանից: Դրա համար մենք պէտք է գրաւենք սփիւռքահայ տաղանդներին, նորաւարտ համալսարանականներին, տարբեր ոլորտների պրոֆեսիոնալներին (մասնագէտներուն – ՅՄ) , որպէսզի այստեղ նոր կառուցուածքներ ստեղծենք: Որովհետեւ եթէ խօսում ենք ներգաղթի մասին, գլխաւոր խոչընդոտը անշուշտ Հայաստանի սոցիալ – (ընկերային – ՅՄ) տնտեսական վիճակն է, բայց նաեւ ենթակառուցուածքների բացակայութիւնը: Եթէ ենթակառուցուածք չկայ, չես կարող այստեղ մարդիկ բերել, նրանք էլ իրենց ընտանիքները բերեն, որ իրենց շուրջ նոր էկոհամակարգ ստեղծեն: Հիմա այստեղ եկող ռուսները, իրենց ենթակառուցուածքներով եկան, իրենց գործը բերեցին, իրինց փողը բերեցին, իրենց բիզնեսն (գործարարութիւն– ՅՄ) ու դպրոցը բերեցին, հասարակական կազմակերպութիւնները, եւ Հայաստանը նրանց համար հարթակ դարձաւ: Սփիւռքում թէեւ եւս այդպիսի ջանքեր գործադրւում են, բայց դրանք անհատական են, ոչ թէ միասնական, եւ նրանք էլ, ովքեր գալիս են, գաղափարի համար են գալիս: Իսկ եթէ մենք ուզում ենք առողջացնել Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները, պէտք է բոլոր լոզունքները, այդ «մէկ ազգ, մէկ մշակոյթ» եւ այլն ոչնչացնել եւ յարաբերութիւնները բնականացնել, քանի որ Հայաստանը նորմալ (բնականոն– ՅՄ) երկիր է՝ նորմալ ժողովրդով: Հայաստանը գուցէ դրախտ չէ, բայց դժոխք էլ չէ, ուղղակի մի երկիր է, որ պէտք է գնաս մէկ նպատակի համար: Ցաւօք, այս գիտակցութիւնը չկայ սփիւռքի մէջ: Բայց եթէ մենք կարողանանք նոր կրթական դասակարգ պատրաստել, միջազգային ծրագրերով ուսանողներ գրաւել, սա եւս մի միջոց է երիտասարդներին այստեղ բերելու: Միայն Հայաստանը չէ որ Սփիւռքի կարիքն ունի, Ափիւռքը եւս ունի Հայաստանի կարիքը:

Հ- Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ընթացիկ գործընթացը ողջունելի՞ է Սփիւռքի համար: Ի՞նչ հեռանկարներ էք տեսնում Հայաստանի համար այս երկխօսութիւնից:
Պ – Այնտեղ երկու հայեցակարգ կայ որ պէտք է իրարից տարանջատել: Երբ որ խօսում ենք երկու պետութիւնների յարաբերութիւնների կարգաւորման մասին, այստեղ սփիւռքահայութիւնը ասելիք չունի, քանի որ սփիւռքը պետութիւն չէ: Սփիւռքը գաղութներ են, անհատականութիւններ են: Դա վերաբերում է միայն Երեւանին եւ Անգարային, եւ մենք այստեղ իրաւունք չունենք միջամտելու: Բայց երբ խօսում ենք հաշտեցման մասին, Սփիւռքն ունի իր ասելիքը՝ որպէս Ցեղասպանութիւնը վերապրողների ժառանգներ: Այս պարագայում Սփիւռքահայ կառոյցները պէտք է մասնակցեն պրոցեսին (գործարկութեան – ՅՄ), որպէսզի Արեւմտեան Հայաստանի մէջ մեր յուշարձանները պաշտպանուած եւ նորոգուած լինեն: Ցաւօք այս երկխօսութեան մէջ ես որեւէ հեռանկար չեմ տեսնում, տպաւորութիւն է, որ Հայաստանի իշխանութիւնները փորձում են ժամանակ շահել, որպէսզի Թուրքիան չճնի մեզ կամ Ատրպէյճանի վտանգը չէզոքագնենք: Այսեղ ռազմավարական տեսլականն ու օրակարգն է բացակայում, իսկ Հայաստանի իշխանութիւնները փորձում են ժամանակ շահել, որպէսզի Թուրքիան չճնշի մեզ կամ Ատրպէյճանի վտանգը չէզոքացնենք: Այստեղ ռազմավարական տեսլականն ու օրակարգն է բացակայում, իսկ Հայաստանի իշխանութիւններն ուղղակի ճգնաժամին կառավարմամբ են զբաղուած: Մենք պատմութեան դասեր լաւ չենք քաղում, մոռանում ենք, որ Թուրքիան միայն ուժի լեզուն է հասկանում: Եթէ առաւելութեան առիթ ունի, անշուշտ միշտ կ’ոգտագործի: Օրինակ՝ 2009-ին հայ-թուքական բանակցութիւններում Հայաստանի դիրքերը աւելի ամուր էին, քանի որ Արցախը Հայաստանի վերահսկողութեան տակ էր: Իսկ հիմա շատ աւելին պէտք է պահանջեն, հիմա Զանգեզուրի միջանցք պէտք է պահանջեն, Ցեղասպանութեան միջազգային ճանաչման նահանջ պէտք է պահանջեն: Էրտողանի համար դիւանագիտութիւնը առեւտուր է, իսկ Հայաստանը շատ բան չունի նուիրելու այդ համադեքստում (շրջարկման – ՅՄ): Միւս կողմից երկու պետութիւնների դիւանագիտութիւնները շատ տարբեր են: Թրքական դիւանագիտական դպրոցը լաւագոյններից է աշխարհում, իսկ Հայաստանում հազիւ փորձում են հասկանալ թէ ինչ են պետութիւնն ու պետականութիւնը: Այդ պատճառով է պէտք միշտ զգուշութեամբ մօտենալ այս հարցին եւ ոչ էմոցիոնալ (զգացական – ՅՄ) կերպով:

Հ- Կրկին վերադառնալով ֆրանսահայութեան թեմային, այնտեղ հայկական համայնքը միասնակա՞ն է, թէ՞ կան պառակուածութեան դրսեւորումներ:Կա՞ն խմբեր, որոնք միմիանց միջեւ լուրջ տարաձայնութիւններ ունեն:
Պ – Բնականաբար ինչպէս ամեն տեղ, Ֆրանսայում նոյնպէս համայնքը պառակտուած է: 2001-ից ի վեր Ֆրանսահայութիւնը կարողացաւ մի օրիգինալ (ինքնատիպ – ՅՄ) ձեւաչափ ստեղծել, որը չկայ Սփիւռքի այլ գաղութների մէջ: Ստեղծեց միասնական խորհուրդ, որը պէտք է ներկայացներ ամբողջ համայնքը մէկ ձայնով Ֆրանսայի իշխանութիւնների մօտ: Դա Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհուրդն է (CCAF), որը երկու համանախագահ ունի՝ Մուրատ Փափազեանը, որը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ է եւ Արա Թորանեանը, որը Nouvelle d’Armenie ամսագրի խմբագիրն է: Երկու համանախագահները խօսում են մէկ ձայնով եւ պաշտպանում են հայկական շահերը: Բայց եւ այնպէս, հիմա կան երկու-երեք մրցակիցներ որոնք ուզում են չէզոքացնել CCAF -ը եւ իրենց տեղը զբաղեցնել: Պատերազմի ընթացքում այդպիսի երկու խումբ պայթեց, մէկը կոչւում է «Հայկական Շարժում», միւսը՝ «Հայկական-Ֆրանսական խորհուրդ», որոնք ուրիշ օրակարգ են հետապնդում : Ցաւօք, այս երկու շարժումները սկսեցին սիրաշահել Հայաստանի իշխանութիւններին, Զարեհ Սինանեանն էլ, նրանց կարեւորութիւն տալով, վնաս հասցրեց ֆրանսահայութեանը: Մեր լեգիտիմ (օրինական – ՅՄ) հաստատութիւնները տկարացան, եւ սա շատ բացասական ազդակ էր: Այդ պատճառով CCAF-ի ատենապետները շատ դժգոհ են Սինանեանից:

Հ- Քանի որ յիշատակեցիք Մուրատ Փափազեանի անունը, ըստ ձեզ՝ Հայաստան նրա մուտքի արգելքը քաղաքական հետապնդման դրսեւորու՞մ է, թէ՞ գուցէ եւ կան կան այլ պատճառներ:
Պ- Դա լրիւ անձնական խնդիր է: ԱԱԾ-ի (Ազգային Անվտանգութեան Ծառայութեան – ՅՄ) ներկայացրած պատրուակները կեղծ են եւ անհիմն, թէ իբր արգելքը կապուած է Փաշինեանի այցի ժամանակ կազակերպուած ակցիայի (ցոյցի – ՅՄ) հետ: Ոմանց կարծիքով ՝ պատճառը վերջերս վարչապետի տիկին Աննա Յակոբեանի այցն է Մօնաքօ եւ Նիս, որտեղ նա հանդիպեց «այլախոհ» հայկական կազմակերպութիւնների հետ, եւ դա խորը դժգոհութիւն պատճառեց CCAF-ին եւ Մուրատ Փափազեանին: Խօսքը Նիսի համայնքի մասին է, ակնյայտ, որ նշածս մարդիկ կապ ունեն թուրքական գաղտնի ծառայութիւնների հետ: Երբ որ Մուրատ Փափազեանը այս թեմայով յայտարարութիւն արեց, նա կարծես, կարմիր գիծ անցաւ, եւ այդ պատճառով նրա մուտքը արգելուեց: Իրաւունք ունենք սիրել կամ չսիրել Մուրատ Փափազեանին, չհամաձայնել նրա հետ, բայց արգիլել մի մարդու մուտքը որը Հայ դատի պաշտպաններից է, գործարար, որը 30 եւ աւելի տարիներ ապրել ու պայքարել է Հայ Դատի համար, շատ բացասական մեսէյճ (պատգամ – ՅՄ)է , որ Երեւանի իշխանութիւնը ղրկում է Սփիւռքին: Եւ այս առումով, կարծես, թուրքերին ծառայել ուզում են, որ Հայաստանն ու Սփիւռքը զատուեն, միմիանցից, կապը թուլանայեւ Նիկոլ Փաշինեանը զբաղուի միայն Հայաստանի Հանրապետութեան հարցերով․․․ո՛չ թէ Հայ դատով:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles