ԳլխաւորՀարցազրոյցներ

  Հարցազրոյց «Դրօշակ»-ի Խմբագիր Արտաշէս Շահբազեանի Հետ

«Գաղափարական պայքարի Դրօշը դեռ պէտք է երկար փողփողայ իր բարձունքին վրայ»

 

Հարցազրոյցը վարեց ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ

«Դրօշակ» – թիւ 8, 2026

Վրէժ-Արմէն – Սովորական երեւոյթ չէ Դաշնակցութեան պաշտօնաթերթի խմբագրին հետ հարցազրոյց մը՝ իր խմբագրած նոյն թերթին իսկ մէջ։ Սակայն 2026 թուականը յոբելենական է «Դրօշակ»-ի համար, ինչ որ անկասակած կ՚արդարացնէ նման հարցազրոյցի մը գաղափարը։ Բայց նախքան թերթին մասին խօսիլդ, Արտաշէս, կ՚ուզէի սկսիլ քու հեւքոտ աշխատանքէն, որուն վկան եմ ես հեռուէ հեռու։ Ինչպէ՞ս կը հասնիս դիմել աշխատակիցներուդ, ստանալ անոնց գրութիւնները եւ կազմել հերթական համարը՝ «Համազգային»-ի Կեդրոնական վարչութեան անդամակցութեանդ եւ այլ պատասխանատւութիւններուդ կողքին։

Արտաշէս Շահբազեան Իսկապէս յոբելեանական է տարին Դաշնակցութեան անդրանիկ պարբերականի համար։ Յոբելեանական ոչ պարզապէս չոր թուերի իմաստով։ Երբ մտովի անդրադառնում ես «Դրօշակ»-ի անցած ճանապարհին միանգամից կարծես ուսերիդ ծանրանում է հսկայական նուիրումի, գործի, ազգին անսակարկ ծառայութեան ժառանգուած բեռը։ Այդ բեռն առաուել մեծ կշիռ ու խորհրդանշական իմաստ է ձեռք բերում, երբ մտաբերում ես նաև, թե կուսակցութեան անմահների փաղանգից  ինչ երևելիներ են իրենց դաշնակցական-յեղափոխական գործունէութեան մէկ շօշափելի բաժինը յատկացրել «Դրօշակ»-ի պարբերական  լոյսընծայման ոչ երկրորդական առաքելութեանը։ Երբեմն ինձ թւում է, թէ թիկունքումս կանգնած  Քրիստափոր Միքայելյանը լուռ հետևում է, թէ ինչով եմ զբաղուած «Դրօշակ»-ի աշխարհում։ «Դրօշակ»-ի հրատարակումը հսկայական պատասխանատւութիւն է, որ ստիպում է առնուազն հաւատարմօրէն շարունակել նախորդների գործը, հարազատ մնալով թերթի առինքնող կենսագրութեանը և հետապնդած նպատակին։ Չէի ցանկանայ ծանրանալ աշխատանքի ծաւալի, «Դրօշակ»-ը ստեղծողների ծանրաբեռնուածութեան հարցերի վրա, որովհետև մենք, ընդգրկուն առումով, այն «հարուստ» կուսակցութիւնն ենք, որի տանիքի ներքոյ, ոչ նուիրումով կարող ես մարդ զարմացնել, ոչ  հերոսութեամբ, ոչ կատարածդ աշխատանքով, բայց, այ, անհամեստութեամբ իսկապէս կարող ես  զարմացնել, դրա համար զգուշանամ չհասնելու համար այդտեղ։ Տրուած հարցին այնուամենայնիւ պատասխանած լինելու համար աւելացնեմ պարզապէս, որ ի հարկէ, ինչպէս դաշնակցական գործի իւրաքանչիւր ճակատում,  մեր ընկեր խմբագիրները ամենուր և  մշտապէս պարտաւորուած են եղել  փոքր մարդուժով և տեխնիկական հնարաւորութիւններով իրականացնել անհամեմատ մեծ գործ, անհրաժեշտ կարիքի պակասը լրացնելով ծանրաբեռնուած աշխատանքով։ Ես այդ աշխատանքը նմանեցնում եմ թմբուկի մէջ սկիւռի վազքին, որը վերջ չունի և ինչքան էլ անես թւում է թե դոփում ես նոյն տեղում։ Մեր մամուլի իւրաքանչիւր թիւը յանձնելու օրն իսկ զգում ես, որ կարող ես յաջորդը ուշացնել եթե նոյն այդ օրը ծուլանալու շռալութիւնը թոյլ տաս քեզ։ Բարեբախտաբար այդ զգացողութիւնը ունեն նաև այն մարդիկ, ում գործակցութեամբ ապահովւում է «Դրօշակ»-ի կանոնաւոր և անխափան գործունէութիւնը։ Այնպէս որ մեր դէպքում նպատակը թելադրում է անելիքը։

Վ-Ա. –  Հիմա պիտի խնդրէի, որ մեր ընթերցողին հակիրճ պատկերացում տայիր «Դրօշակ»-ի անցած ճանապարհի, նրա պատմութեան մասին։

Advertisement Donate Today

Ա. Շ. – «Դրօշակ»-ը սկսել է լոյս տեսնել հեռաւոր 1891 թուականից։ Միւս կողմից, յայտնի է, որ պատմական իրադարձութիւնների թելադրանքով, ինչպէս և այլ պատճառներով  մի շարք անգամներ «Դրօշակ»-ի հրատարակութիւնն ընդհատուել է։ Այնպէս որ  անցնող 135 տարիների ընթացքում Հ.Յ.Դ. գլխաւոր պաշտօնաթերթը լոյս է տեսել  80 տարի, ինչը, դարձեալ յոբելեանական լինելով նոյնպէս պատկառելի ժամանակահատուած է մամուլի համար։

Վ-Ա. – Բայց մի՞թէ Հ.Յ.Դ. հիմնադրութեամբ ալ չ՚սկսիր «Դրօշակ»-ի պատմութիւնը։

Ա. Շ. – Կարելի է ասել, որ «Դրօշակ»-ի կենսագրութիւնը սկիզբ է առնում դեռևս իր ֆիզիքական ծննդից առաջ։ 1890 թուականին (ամիսը յայտնի չէ), Դաշնակցութեան հիմնադրումը հռչակելու վերաբերեալ հրապարակուել է «Մանիֆեստ Հ․ Յ․ Դաշնակցութեան» մեկ էջանոց  փաստաթուղթը։ Մեզ է հասել նաև 1891 թուականի մայիսին No.2 թուագրութեամբ լոյս տեսած մէկ այլ հրապարակում, որը կրում է «ԴՐՕՇԱԿ-ի ԹՌՈՒՑԻԿ ԹԵՐԹ» անուանումը։ Այս «Թռուցիկ Թերթի» ճակատային մասում գրուած է, որ Հ․ Յ․ Դաշնակցութիւնը մօտիկ ապագայում կ՚ունենայ «Դրօշակ» անունով իր օրգանը։ Իսկապէս էլ նոյն թուականի մայիսի ամսաթուով լոյս է տեսնում «Դրօշակ»-ի առաջին համարը։ 1891-ի սեպտեմբերին  լոյս է ընծայուել «Դրօշակ»-ի ևս մէկ թիւ,  1892-ին ևս 2 ական համար և այդպէս շարունակ։ Առաջին 2 համարները հրատարակուել են Թիֆլիսում, 3-րդ համարը Ռումանիոյ Քոստանցա քաղաքում, որից յետոյ հրատարակութեան մշտական վայր է դառնում Զուիցերիոյի Ժընև քաղաքը։

Վ-Ա. – Ո՞վ, աւելի ճիշտ, որո՞նք խմբագրած են զայն այդ սկզբնական տարիներուն։

Ա. Շ. – «Դրօշակ-ի» խմբագիր եղել է Քրիստափոր Միքայէլեանը, իր կողքին ունենալով հիմնադիր երրորդութեան միւս անդամները՝ Սիմոն Զաւարեանն ու Ռոստոմը։ Զանազան ժամանակներ իբր խմբագիր կամ խմբագրութեան անդամ նրանք իրենց կողքին ունեցել են նաեւ Սիմոն Շխեանը, Յոնան Դաւթեանը, Գարեգին Խաժակը, Միքայէլ Վարանդեանը, Է. Ակնունին, Սիամանթոն, Աւետիս Ահարոնեանը եւ իբր աշխատակից ուրիշ շատերը։ Եւ ուրեմն ոչ թե պարզապէս իր շուրջ եղած անուններով, այլ արձանագրուած գործից ելնելով կարելի է հաստատել, որ «Դրօշակ»-ը Դաշնակցութեան գաղափարական զինուորն է, կուսակցութեան հերոսական երթի մասնակիցը, Հ.Յ.Դ. և Հայոց պատմութեան տարեգիրը։

Սկիզբի այդ ընթացքը շարունակվում է մինչև 1914 թուականը, երբ դժնդակ իրադարձութիւնների բերումով «Դրօշակ»-ի հրատարակումը ընդհատւում է մինչև 1925 թուականը։ Նշուած թուականից Փարիզում, Սիմոն Վրացեանի և Արշակ Ջամալեանի խմբագրութեամբ «Դրօշակ»-ը լոյս է տեսնում մինչև 1933 թուականը։ Յաջորդ երկար ընդհատումից յետոյ «Դրօշակ»-ը   վերահրատարակւում է Պէյրութում՝ 1969-1985 թուականներին՝ սկզբում Բաբգէն Փափազեանի, ապա Սարգիս Զէյթլեանի խմբագրութեամբ, պետական գրանցման հետ կապուած պահանջներից ելնելով փոխուած անունով՝ որպէս «Ազդակ շաբաթօրեակ-Դրօշակ»։ Սարգիս Զէյթլեանի ողբերգական անհետացումից յետոյ մինչև 2005 թուականը պաշտօնաթերթը խմբագրում  է Նազարէթ Պէրպէրեանը՝ սկզբում Պէյրութում, ապա Աթէնքում, այնուհետև Երևանում։ 2007 թ․ մինչև 2011 թուականը գլխաւոր խմբագիրն է Ռուբէն Յովսէփեանը՝ ընկերակցութեամբ Կարէն Խանլարեանի։ Պետք է ասել, որ այս շրջանին հետևած յաջորդ ընդմիջման ժամանակահատուածում ևս «Դրօշակ»-ի հրատարակման պահանջը չի դադարել կուսակցութեան շարքերում։  Առաջնորդուելով Ընդհանուր ժողովի որոշմամբ Հ.Յ.Դ. Բիւրոն ձեռնարկեց վերահրատարակութեան գործը 2020 թուականի Յունուարից, երբուանից սկսած մինչև այսօր էլ «Դրօշակ»-ի խմբագրման պատիւը վերապահուել է ինձ։ Յուսանք, որ կուսակցական ու ազգային արժէքի վերածուած «Դրօշակ»-ի ընթացքը, դեռ երկար կը շարունակուի և կը փոխանցուի կուսակցութեան գալիք սերունդներին։

Վ-Ա. – Այո, «Դրօշակ»-ի հրատարակման ոդիսականին միայն հպանցիկ արձագանգը արդէն պատկառանք կը ներշնչէ, սակայն աւելի պատկառելի է մեր անդրանիկ օրգանի առաքելութիւնը, վաստակը և ունեցած դերակատարութիւնը։ Խնդրեմ կարելի՞ է անդրադառնալ այս հարցերուն եւս՝ վեր առնելու համար ոչ միայն «Դրօշակ»_Ի հարուստ կենսագրութիւնը, այլև արժէքը։

Ա. Շ. – Համաձայն եմ, որ «Դրօշակ»-ը դաշնակցական մեծ արժէք է, աւելին՝ այն մի իւրատեսակ խորհրդանիշ է ու, թող չափազանցութիւն չթուայ, եթէ ասեմ որ ինձ համար Հ.Յ.Դ. խորհրդանիշների՝ օրհներգի, զինանշանի ու դրօշի նման մի խորհրդանիշ էլ «Դրօշակ»-ն է և պատահական չէ, որ թերթն այդ անունն է կրում։ Իմացողը գիտէ, որ Դաշնակցութիւնը ոչ թե նեղկուսակցական, այլ  ազգային ամբողջական գաղափարախօսութեան դաւանող կուսակցութիւն է։ Նա իր գործունէութեան առաջին շրջանից իսկ վերածուել է ազգային-յեղափոխական և գաղափարական շարժման։ «Դրօշակ»-ին վերապահուել է գաղափարական առաջնորդող մամուլի առաքելութիւնը։ Պատահական չէ, որ մեր զինատարները, ֆետայիներն ու գործիչները զէնք-զինամթերքի հետ Երկիր էին հասցնում նաև պաշտօնաթերթը։ Պատահական չէ, որ «Դրօշակ»-ի խմբագիր եղել են իրե՛նք՝ կուսակցութեան հիմնադիր այրերը, իսկ թերթի շուրջ մշտապէս խմբուած են եղել մեր լաւագոյն մտաւորականները։

«Դրօշակ»-ի համար Արևմտահայաստանի անցուդարձի, այնտեղ ծաւալուած ազատագրական պայքարի փոթորկուն իրադարձութիւնների մասին թղթակցութիւններ էին փոխանցում յհայտնի ֆետայինենրն ու գործիչները ինչպիսիք էին Հրայր Դժոխքը, Պետոն, Յովսէփ Եուսուֆեանը և ուրիշներ։  «Դրօշակ»-ի այդ օրերի համարները  թերթելիս կարծես երեսիդ է խփում իրականութեան տաք շունչը, որն արտացոլուած է Վանից, Կարսից, Մուշից, Սասունից, Էրզրումից ու այլ վայրերից ուղարկուած թղթակցութիւններում։

1892 թուականին տեղի ունեցած կուսակցութեան Առաջին ընդհանուր ժողովը Թիֆլիս ու Թաւրիզ կեդրոնների կողքին ղեկավար Բիւրոյի իրաւասութիւններով է օժտում նաև Ժընևում հաստատուած «Դրօշակականներ»-ին, ի դէմս Քրիստափոր Միքայէլեանի ու միւսների։ 1895 թուականին Թիֆլիսում տեղի ունեցած ռայոնական ժողովը փոխում  է Թաւրիզի մարմնի կարգավիճակը, իսկ 1896-97-ի ռայոնական ժողովը որոշում է «Կազմակերպել մի ուժեղ խմբագրութիւն «Դրօշակ»-ի համար ․․․ որ միեւնոյն ժամանակ լինելու է ամբողջ Դաշնակցութեան արտասահմանեան ներկայացուցիչ-Բիւրոն»։ Փաստացի ստեղծւում է Արևմտեան Բիւրոն, որի կարգավիճակը պաշտօնապէս հաստատում է 1898-ի Երկրորդ ընդհանուր ժողովը։ «Դրօշակ»-ի խմբագրութիւնը ներկայացնող Արևմտեան Բիւրոյի իրաւասութեան ներքոյ էին գործում Պոլսոյ, Իզմիրի Կիլիկիայի, Պալքանների, Եգիպտոսի, Ամերիկայի կեդրոնական կոմիտէութիւնները և Եւրոպայի ուսանողական միութիւնը։ Ես հաւանաբար մի փոքր շեղուեցի, սակայն նպատակս էր փաստել, թե կուսակցութեան մեջ ինչ կարևորութիւն ու արժէք էր իրենից ներկայացնում «Դրօշակ»-ը։

Վ-Ա. – Հաճելի է ի հարկէ երևակայութեամբ վերապրիլը այդ ամէնը, սակայն այդ այլևս պատմութիւն է, ժամանակները փոխուեր են, փոխուեր են խնդիրները և այս իրողութիւնը չի կրնար չազդել նաև մեր մամուլի վրայ։

Ա. Շ. – Անշուշտ  շատ ջրեր են հոսել այն օրերից, ցաւօք հայ ժողովրդի համար շարունակւում է գոյատևման, ինքնիշխանութեան համար պայքարը։ Հայաստանի վեանկախացումից յետոյ, որի մասին ոչ միայն մենք, այլև մեր նախորդ սերունդներն էին երազել, նոր  ու ոչ պակաս բարդ  մարտահրաւէրների առջև կանգնեց հայ ժողովուրդը։  Բանական հայ մարդը չի կարող հանգիստ մտածել այն ողբերգութեան մասին, որը բաժին հասաւ Արցախին ու արցախահայութեանը։ Աներևակայելի էր, որ Հայաստանում իշխանութեան կը գայ թրքամէտ տեսակ, որը հարցականի տակ կը դնի Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը։ Որպէս մէկ հայութիւն, Սփիւռքի հետ միասնականանալու փոխարէն, դրածոյ՝ իշխանութիւնները, մերժեցին ու օտարեցին Սփիւռքը, առնուազն արտերկրի հայութեան այն մեծամասնութեանը, որը չի պարում իրենց դուդուկի տակ և չի ծափահարում իրենց հայրենադաւ, ազգակործան ծրագրերին։ Ցաւով պիտի ասել, որ «Դրօշակ»-ն այս պայմաններում պարտաւորուած է նախկին ժամանակների եռանդով լծուել հայրենիքի ու հայութեան շահերի պաշտպանութեան գործին, կանգնել առաջին գծի վրա այն պայքարի, որը մղում է իրեն կեանք տուած կուսակցութիւնը։ Այո, որպէս Դաշնակցութեան հարազատ զաւակը «Դրօշակ»-ը պայքարի մէջ է մեր արժէքների, մեր ռազմավարական նպատակների, արցախահայութեան իրաւունքների համար։

Վ-Ա. – Ի՞նչ տարածում ունի պաշտօնաթերթը, ի՞նչ է պահանջարկը։ Արդեօք այսօր մամուլի թղթային տարբերակին փոխարինելու չի՞ գար  ելեկտրոնային տարբերակը։

Ա. Շ. – Գաղտնիք չէ որ այսօր էլեկտրոնային մամուլը թղթային տարբերակի իր աւագ եղբօրը բաւականին նեղն է դրել և որոշ պարագաներում ամբողջովին գրաւել է նրա տեղը։ Այնուամենայնիւ  ամենահզօր ու զարգացած երկրներում անգամ շարունակւում է մեծ տպաքանակով մամուլի տպագրութիւնը։ Սա նշանակում է, որ վերջինիս պահանջարկը չի մարում։ «Դրօշակ»-ը այսօր նոյնպէս ոչ մեծ տպաքանակով տպագրւում  և բաժանւում է մեր կուսակցական կառոյցներին ու ընկերներին, տրամադրւում է տարբեր գրադարանների, մտաւորականների, յօդուածագիր հեղինակների, ինչպէս և պարզ ընթերցողների՝ միշտ անվճար։ «Դրօշակ»-ի հասցէատիրոջ մասին խօսելիս աւելացնեմ նաև հետևեալը․ Հ.Յ.Դ. առաջին պարբերականը շարունակում է իրականացնել գաղափարական, քաղաքական, քարոզչական, դաստիարակչական գործառոյթ, որն էլ որոշում է, թէ ի՛նչ թիրախի է այն ուղղուած։

Վ-Ա. – Ակնարկեցի ժամանակներու փոփոխութեան մասին. կ՚ըսուի, թէ հիմա գաղափարախօսութիւններու ժամանակը չէ, մարդիկ լուրջ ու ծաւալուն յօդուածներ կարդալու փոխարէն կը նախընտրեն զիրենք հետաքրքրող լրատւութիւնը փնտռել առցանց։ Շատ կարևոր են,  բովանդակութեան հետ, նաև ձևի, մատուցման մօտեցումները։

Ա. Շ. – Անշուշտ ծանօթ եմ գաղափարախօսութիւնների, քարոզչութեան հնացած լինելու մասին խօսակցութիւններին։ Բայց տեսնում եմ նաև գաղափարախօսութիւնները մերժող քարոզչութեան խորքում ազգերի իրաւունքները մերժող, ինքնութեան պաշտպանութեանն ուղղուած խօսոյթը  նացիոնալիզմ ու ֆաշիզմ պիտակաւորելու գաղափարախօսութիւնը։ Այս ամենը, այլ բան չէ քան լիպերալ գլոբալիզմի գաղափարական արշաւը, որի ներքոյ սեփական ընտրեալութեան և գերակայութեան մարդատեաց դիրքերից փորձ է արւում  աշխարհը վերաենթարկեցնել, ոչնչացնելով միւսների ինքնիշխանութիւնը, պատմական ու հոգևոր ինքնութիւնը։ Հայաստանում նոյնպէս իշխանութեան եկող ուժը յայտարարեց, թե մերժում է գաղափարախօսութիւնները, ինքը, սակայն հետևողականօրէն ներարկեց,  թունաւորեց ու պառակտեց ազգային միասնականութիւնը, հենց լիպերալկլոպալիզմից ծնունդ առած ազգի պատմական, արժէքային ինքնութիւնը մերժելու, դրանք վերազգային գաղափարներով փոխարինելու քաղաքականութիւն իրականացրեց։

Ես կը պնդէի հակառակը՝ այսօր աշխարհում տեղի է ունենում գաղափարական հակադիր բեւեռների սուր բախում, լիպերալկլոպալիզմի համաշխարհային գերիշխանութեան հետ առճակատուել է ժողովուրդների ու պետութիւնների ինքնիշխանութեան, ինքնութեան, պատմական, հոգևոր ու բարոյական աւանդական արժէքների համար պայքարող համաշխարհային մեծամասնութեան հոսանքը։

Վ-Ա. – Իսկ այդ առճակատումը տեղի կ՚ունենայ նաեւ մե՛ր երկրին մէջ։

Ա. Շ. – Դժբախտաբար հայ ապազգայինների պատճառով այս բախման գիծը անցնում է մասնաւորապէս հենց մեր երկրով, սպառնալիք դառնալով պետութեան, ազգի, ընտանիքի, եկեղեցու իրաւունքների համար։ Ուրեմն ապագաղափարական ժամանակների մասին խօսոյթը մաս է կազմում դրա հեղինակների նենգօրէն մտածուած ծրագրերին։ Հետևութիւնն ակնհայտ է, գաղափարներին կարելի է յաղթել միայն աւելի կենսունակ, աւելի հարազատ գաղափարներով։ Դէմ չեմ, որ մեր արագընթաց ժամանակներում մարդիկ ձգտում են արագ մատուցուող կարճ տեղեկատութեան, բայց այդ, այսպէս ասած, կսմիթներով կարելի է պահի մեջ տրամադրութիւններ ընդհանրացնել, հնարաւոր չէ, սակայն, իրականացնել մտքերի խմորում, մտքի յեղաշրջում, զանգուածային մտածողութեան բարեշրջում։ Ժամանակակից մարդը լողում է տեղեկատւութեան ովկիանոսում և երբ դու չես կարողանում քոնը հրամցնել նրան, ապա անպայման ուրիշն է անում  այդ բանը։ Այսօրուայ հայ հասարակութիւնը հենց այդ գործընթացի զոհն է։

Վ-Ա. – Իսկ ի՞նչ պիտի ընենք ընթերցողի հետ այսօրուան լեզուով խօսելու, զայն աւելի ամուր առնչելու համար մեր մամուլին, սկսելով «Դրօշակ»-էն։

Ա. Շ. – Ինչ վերաբերւում է ժամանակակից լինելուն՝ ասելիքով, բովանդակութեամբ և ձևով, ապա նորի ձգտումը պետք է լինի մշտական ընթացք, առանց սակայն շեղուելու «Դրօշակ»-ի և մեր աւանդական մամուլի առաքելութիւնից բխող էութիւնից։ «Դրօշակ»-ը ինձ համար ազատ, սակայն ոչ անկախ մամուլի միաւոր է։ Պաշտօնաթերթի թղթակիցների մեծամասնութիւնը հիմնականում ոչ կուսակցական, միաժամանակ հայրենասէր, ազգային ինքնութիւնը կրող երիտասարդ մտաւորականներ ու գիտնականներ են։ Ես որպէս   «Դրօշակ»-ի  խմբագիր մեր հեղինակների գրածի հետ խնդիր չունեմ մինչև այն պահը, երբ նրանցից որևէ մեկը փորձի ապացուցել օրինակ, թե Արցախը երբեք մերը չի եղել, քննութեան առարկայ կը դարձնի Հայոց սուրբ եկեղեցու դրուածքը և նման այլ յիմարութիւններ։ Բարեբախտաբար այդպիսի արտառոց երևոյթների հետ դեռ չենք բախուել, ինչպէս ասուած է նմանը զնմանն կը գտանէ և մեզ հետ համագործակցելու ձեռք են մեկնում նրանք ովքեր լաւ գիտեն և իրենց և մեզ։

Հասկանում եմ, որ ժամանակակից աշխարհում ուր սահմանները ամենուր խորտակուած են տեղեկատուական հոսանքների առաջ և նորարարութիւնները փոխանցւում են համացանցային արագութեամբ, կարևոր է ոչ միայն ասելիքը, այլև վերջինիս մատուցման ձևը։ Կարծում եմ ընթերցողի համար ակնյայտ է, որ «Դրօշակ»-ի պարագայում մենք այդ պահանջները նկատի ենք առնում։ Եւ աւարտեմ հետևեալ համեմատութեամբ․ խորհրդային կայսրութիւնը իրեն մաս կազմող ժողովուրդների մշակոյթների համար շրջանառութեան մէջ էր դրել մի խորամանկօրէն մտածուած կարգախօս՝ ձևով ազգային՝ բովանդակութեամբ սոցիալիստական։ Այսօրուայ կլոպալիստական աշխարհի համար կենսունակ այս կարգախօսը, ըստ որի ազգայինը պետք է լինի ձև, իսկ համընդհանուրը՝ բովանդակութիւն, մենք պէտք է որդեգրենք ճիշտ հակառակ կերպով՝ բովանդակութեամբ ազգային՝ ձևով համամարդկային։

Վ-Ա. – Եւ այդպէս է, որ պիտի տանինք մեր գաղափարական պայքարը։

Ա. Շ. – Այո, անկասկած գաղափարական պայքարի այդ Դրօշը դեռ երկա՜ր պետք է փողփողայ իր բարձունքի վրայ։

 

 

«Դրօշակ»-ի խմբագրատան մուտքը (Ժընեւ)

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button