Սեպտեմբեր 2. Արցախի Հանրապետութեան Հռչակման Օր

«Ապառաժ» – Խմբագրական
Սեպտեմբերի 2, 1991-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների պատգամաւորների համատեղ նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան հռչակման մասին» հռչակագիրը, որը լիովին համապատասխանում էր ԽՍՀՄ օրէնսդրութեանն ու միջազգային իրաւունքում ամրագրուած ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին:
Համաձայն «ԽՍՀՄ-ից Միութենական Հանրապետութեան անջատման հետ կապուած հարցերի լուծման կարգի մասին օրէնք»-ի 3-րդ յօդուածի (ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի 1990 թ․ ապրիլի 3-ի N 1409-I-ի որոշում)` «Միութենական Հանրապետութիւնում, որն իր կառուցուածքում ներառում է ինքնավար հանրապետութիւններ, ինքնավար շրջաններ կամ ինքնավար մարզեր, հանրաքուէն իւրաքանչիւր ինքնավար կազմաւորման համար տեղի է ունենում առանձին: Ինքնավար հանրապետութիւններին եւ ինքնավար կազմաւորումներին իրաւունք է վերապահւում ինքնուրոյն որոշելու ԽՍՀՄ կազմի մէջ մնալու կամ Միութեան կազմից անջատուելու վերաբերեալ հարցը, ինչպէս նաեւ բարձրացնելու սեփական պետական-իրաւական կարգավիճակի մասին հարց»:
Այս օրէնքի հիման վրայ եւ աւելի քան 40 միջազգային դիտորդների ներկայութեամբ Դեկտեմբերի 10, 1991-ին անցկացուեց հանրաքուէ, որին մասնակցեցին ընտրողների ընդհանուր թուի 82․2%-ը: «համաձայն էք արդեօ՞ք, որպէսզի հռչակուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը լինի անկախ պետութիւն եւ ինքնուրոյն որոշի այլ պետութիւնների եւ համայնքների հետ իր համագործակցութեան ձեւերըէ հարցին քուէարկութեան մասնակիցների 99․9%-ը պատասխանեց` «այո»:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան հռչակումից մէկուկէս ամիս անց միայն Ադրբեջանի Գերագոյն Խորհուրդը ընդունեց Անկախութեան հռչակագիրը (Հոկտեմբեր 18, 1991-ին), որը հաստատուեց Դեկտեմբեր 25, 1991-ի հանրաքուէով: Իր անկախութեան համար այս օրինական ճանապարհը արցախահայութիւնն անցաւ Ադրբեջանի կողմից բռնաճնշումների, խաղաղ բնակչութեան զանգուածային բռնատեղահանման քաղաքականութեան պայմաններում:
Սեպտեմբեր 2, 1991-ի պատմական փաստաթղթով հիմք դրուեց Արցախի Հանրապետութեան գոյութեանը: Անցած երեսուն տարիները պետականաշինութեան փորձութիւններով եւ դժուարութիւններով լեցուն մի ժամանակահատուած էր` յանուն ազատ ապրելու եւ արարելու կամքի: Մեր երախտագիտութիւնը բոլոր նրանց, ովքեր ձեւաւորեցին, կերտեցին Արցախի պետականութիւնը եւ մեր խոնարհումը նրանց, ովքեր յանուն Արցախի Հանրապետութեան գոյութեան պահպանման` զոհաբերեցին իրենց կեանքը: Մեծարելով եւ յարգանքի տուրք մատուցելով նրանց` մեր պարտքն է շարունակելու նրանց գործն ու պատգամը, պաշտպանել ու հզօրացնել Հայաստանն ու վերադարձնել Արցախը:

