
ՀԵՐՀԵՐ, Մարտունի (Արցախ) – Յունիս 25-ին, «Թիւֆենքեան» բարեգործական հիմնադրամի իրականացրած ծրագրով Արցախի Մարտունի շրջանի Մաճկալաշէն համայնքին մէջ, Հայրապետեաններու և Հերհեր համայնքի Սարգսեաններու ընտանիքները ունեցան նոր բնակարաններ:
Հայրապետեաններու և Սարգսեաններու տուները մեծ վնասներ կրած էին պատերազմի ընթացքին:
Մաճկալաշենի բնակչուհի Զինա Հայրապետեանը չէր պատկերացնէր, որ հնարաւոր է իրենց ընտանիքի այրուած տունը այսպիսի բնակարանի վերածելը: «Յիսուն օրում աւարտեցին աշխատանքները: Շնորհակալ ենք «Թիւֆենքեան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին: Միայն ցանկանում եմ, որ խաղաղութիւն լինի, որպէսզի մենք էլ շարունակենք շենացնել մեր հայրենիքը», – նշեց ան:
«Այս ծանր օրերին մենք պէտք է աշխատենք ժողովրդի համար պայմաններ ստեղծելու ուղղութեամբ, բայց ժամանակի ընթացքում խոստանում ենք աշխատել ժողովրդի հետ, որպէսզի ոչ միայն այսպիսի պայմաններ ստեղծուեն, այլ նաև կամաց-կամաց կարողանանք զարգանալ տնտեսապէս, սոցիալապէս: Եթէ բնակչութիւնը կառչած չմնայ հայրենի հողին, հետևանքներն աղէտալի կը լինեն:… Շուտով նաև պետք է սկսենք քննարկել զարգացման ծրագրեր», ըսաւ հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդի անդամ Անդրանիկ Գասպարեան:
Տանտէր Կառլեստ Սարգսեանի խօսքով, ատրպէյճանական ռմբակոծութիւնէն ետք, ընտանիքը կորսնցուց ամէն ինչ: «Ամէն ինչ աւերուեց, բայց մենք փառք ենք տալիս Աստծուն, որ ողջ մնացինք: Դժուար ժամանակներ են մեր ժողովրդի, արցախցիների համար, բայց ես համոզուած եմ, որ մենք կրկին մոխրից կը բարձրանանք` շնորհիւ «Թիւֆենքեան» հիմնադրամի նման կազմակերպութիւնների աջակցութեան: Մենք պարտական ենք Հիմնադրամի խորհրդի, աշխատակազմի և աջակիցների քրտնաջան աշխատանքին և վճռականութեանը և ես կը ցանկանայի շնորհակալութիւն յայտնել բոլորին՝ տնօրէններից մինչև իւրաքանչիւր բանուոր, Արցախի ժողովրդի հանդէպ իրենց նուիրվածութեան համար», – ըսաւ Կառլեստը:
Տան օրհնութիւնը կատարեց Ճարտարի Սուրբ Վարդանանց Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար Հարոյեանը: Արարողութեան ընթացքին, Սարգսեաններու ընտանիքը սառնարան մը ստացաւ, իբրեւ անակնկալ նուէր՝ «Թիւֆենքեան» Հիմնադրամի նուիրեալ կամաւոր, Սան Ֆրանսիսքոյի 21-ամեայ Ռազմիկ Մաքասճեանէն:
«Սա նուազագոյնն է, ինչ կարող էի անել մի ընտանիքի համար, որն այդքան շատ տառապել է: Ուրախ եմ, որ կարողացա անել իմ փոքր ներդրումը: Ես լիայոյս եմ Արցախի ապագայի համար», – ըսաւ Մաքասճեան:
Բարեգործական սոյն այցի ընթացքին «Թիւֆենքեան» հիմնադրամի կողմէն նաև մարդասիրական օգնութիւն ստացան Մաճկալաշէն համայնքի տաս կարիքաւոր ընտանիքներ: «Այս նախաձեռնութիւնը շատ սահմանափակ մեկնարկ է, և յոյսով ենք, որ կարողացանք հերթական անգամ օգնել մեր կարիքաւոր քոյրերին և եղբայրներին: Մենք հաւատում ենք, որ արցախցին մնալու է իր հայրենի հողում և կը փորձենք հնարաւորին չափ օգնել նրանց», նշեց Հիմնադրամի հանրային կապերու պատասխանատու Ռուբէն Ճանպազեան: