Սեպտեմբերեան Պատերազմները․․․

Արթուր Խաչատրեան
Հ.Յ.Դ. անդամ, «Հայաստան» խմբակցութեան քարտուղար
Երբեք չեմ հասկացել, թէ ինչու՞ է 2020 թուականի Սեպտեմբերի 27-ին Ատրպէյճանի սանձազերծած պատերազմը կոչւում 44-օրեայ: Այդ պատերազմը 44 օր չի տեւել, չի աւարտուել նոյեմբերի 9-ի լոյս 10-ի գիշերն ուժի մէջ մտած Փաշինեան-Ալիեւ-Փութին հրադադարի եռակողմ համաձայնագրով: 44 օրը «Սեպտեմբերեան պատերազմների» նոյնիսկ առաջին փուլը չէր: Նոյեմբերի 10-ից յետոյ Ատրպէյճանի պարտադրանքով Հայաստանը միակողմանի դուրս քաշեց իր զօրքերը Քաշաթաղի շրջանի հարաւից (նախկին Ատրպէյճանական ԽՍՀ Ղուբաթլուի շրջանից)` համարեա մինչեւ «Լաչինի միջանցք»: 2020 թուականի դեկտեմբերի 12-ին Ատրպէյճանցիները գրաւեցին Խծաբերդը եւ Հին Թաղերը: Թերեւս հէնց Դեկտեմբերի 12-ն է կարելի կոչել «1-ին Սեպտեմբերեան պատերազմի» աւարտը:
Իրենց դիրքերն ամրացնելով Արցախում, Ատրպէյճանն անցաւ Հայաստանին: 2021-ի Յունուարի 5-ին` GPS-ով «զինուած» ատրպէյճանցիները յայտնուեցին Շուռնուխում: Հայաստանն, առանց դիմադրելու, Ատրպէյճանին զիջեց գիւղի մի հատուածը: Գորիս-կապան ճանապարհի վերահսկողութիւնը փաստացի անցաւ Ատրպէյճանին, թէեւ այդ ճանապարհով դեռ կարելի էր երթեւեկել մինչեւ օգոստոս: Այնուհետեւ եղաւ սպասելի անսպասելին` Մայիսի 12-14-ն ընկած ժամանակահատուածում Ատրպէյճանը ներխուժեց Հայաստանի Հանրապետութիւն` տարածքներ գրաւելով Վերին Շորժայի ուղղութեամբ (Գեղարքունիքի մարզ) եւ Սեւ լճի մօտակայքում (Մեծ Իշխանասար, Սիւնիքի մարզ): Ատրպէյճանն իր ներխուժումը կոչեց «սահմանների ճշգրտում»:Փաստօրէն, Ատրպէյճանը դեռ 2021-ին միակողմանի սահմանազատում ու սահմանագծում իրականացրեց: Հայաստանը ոչ մի բան չարեց, յամենայն դէպս` ոչ մի արդիւնաւէտ բան….
Լկտիացած Ատրպէյճանը 2022 թուականի սեպտեմբերի 13-ին լայնածաւալ յարձակման անցաւ արդէն Հայաստանի Հանրապետութեան դէմ` Գեղարքունիքի մարզից մինչեւ Սիւնիքի մարզ: Ատրպէյճանն ընդլայնեց իր ներկայութիւնը նախորդ տարուայ մայիսի գրաւած դիրքերում, ինչպէս նաեւ էապէս առաջ եկաւ Ջերմուկի ուղղութեամբ (Վայոց Ձորի մարզ): Պայմանական, այս յարձակումը կոչենք «սեպտեմբերեան 2-րդ պատերազմէ: 2 օրուայ ընթացքում աւելի քան երկու անգամ աւելի շատ զոհ ունեցանք քան 2016-ի ապրիլին: Ապրիլին տարածքային կորուստը 400-800 հեկտար էր` 4-8 քառակուսի քիլոմեթր: 2022-ի սեպտեմբերի տարածքային կորուստեների մասին յստակ տեղեկութիւններ իշխանութիւնները չեն տուել: Մօտաւորապէս խօսքը գնում է 150-200 քառակուսի քիլոմեթրի մասին:
2023 թուականի այս անիծեալ օրը` սեպտեմբերի 19-ին սկսուեց «Սեպտեմբերեան 3-րդ պատերազմը»: Պատերազմ, որի արդիւնքում Արցախը բռնազաւթուեց, արցախահայութիւնը ենթարկուեց էթնիկ զտման: Սեպտեմբերեան 3-րդ պատերազմը չէր կարող չլինել: Դա Փաշինեանի քաղաքականութեան ուղղակի հետեւանքն էր: 2-րդ սեպտեմբերեան պատերազմից մի քանի օր յետոյ հոկտեմբերի 4-ին Պրագայում Շառլ Միշելի ու Էմանուէլ Մակրօնի միջնորդութեամբ, ճամաչեց Ատրպէյճանի գերիշխանութիւնն Արցախի նկատմամբ: Հայաստանը ձեռքերը լուաց Արցախից:
Ալիեւը յարձակուեց, Փաշինեանը մէջքով դարձաւ Արցախին: Արցախից հնչող օգնութեան կոչերը մնացին անպատասխան: 9 ամիս պաշարման մէջ գտնուող Արցախը կռուեց ու ընկաւ․․․ 2023 թուականի սեպտեմբերի 19-ին Ատրպէյճանն աւարտին հասցրեց 2020 թուականի սեպտեմբերի 27-ին սկսած գործը:
Փաշինեանն, ով 2019-ին գոռում էր. «Արցախը Հայաստան է եւ վերջ», Արցախեան շարժումը համարեց թակարդ, որում յայտնուել էր հայ ժողովուրդը, Արցախը համարեց բեռ… Իսկ բեռը պէտք էր թօթափել: Եւ եղաւ այն ինչ որ եղաւ: Փաշինեանը Փաշինեան չէր լինի, եթէ այլոց չմեղադրեր Արցախի կորստի մէջ:
Իհարկէ, կը լինեն մարդիկ, որ կը հաւատան այդ ստին, կը լինեն մարդիկ, ովքեր կը ցանկանան դրան հաւատալ եւ այլոց հաւատացնել, բայց փաստը մնում է փաստ, որ Արցախը բեռ համարում է Փաշինեանը եւ հէնց Փաշինեանի օրօք Արցախն ընկաւ․․․:

