Հ.Յ.Դ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ ԵՒ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՉԻՆԱՐԻ

0 0
Read Time:4 Minute, 32 Second


 Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական Միութիւնը, հաղորդագրութեամբ մը կը տեղեկացնէ թէ Յունիս 10-ին, այցելած է վերջին օրերուն ազերի բանակին  թիրախը դարձած` Չինարի գիւղ:

Այցելութեան նպատակը տեղւոյն գիւղի բնակիչներուն զօրակցութիւն յայտնելն էր եւ ցոյց տալ, որ չինարցիները մինակ չեն: Երիտասարդներուն հետ գիւղ այցելած են նաեւ Ազգային ժողովի Հ.Յ.Դ. խմբակցութեան պատգամաւորներն ու Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչները:

Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական Միութեան կանգառն էր գիւղի մշակոյթի տունը, ուր մանկապարտէզի երեխաներուն համար կազմակերպուած էր երգի, պարի եւ նկարչութեան ծրագիր: Նշենք թէ Չինարի մանկապարտէզին մէջ կայ 18 երեխայ, իսկ գիւղի` Վահրամ Սաղոյեանի անուան դպրոցը ունի 140 աշակերտ:

Երեխաները Հ.Ե.Մ.-ականներուն հետ երգեցին ու պարեցին ազգային երգեր:

Միւս կողմէ, Հ.Յ.Դ. ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան գիւղի բնակչութեան հետ եւ քննարկեցին յուզող զանազան խնդիրները: Ազգային ժողովի Հ.Յ.Դ. խմբակցութեան պատգամաւոր` Արծուիկ Մինասեան գիւղապետ` Սամուէլ Սաղոյեանին յայտեց, որ կը հպարտանայ տեղւոյն համայնքով:

“Չինարի գիւղը խորհրդանշում է Հայաստանի բոլոր սահմանամերձ գիւղերը: Այստեղ կայ հոյակապ համայնք, դա երեւում է թէ՛ մանուկի, թէ՛ տարեցի աչքերում: Մեզանից սպասէք աջակցութիւն թէ՛ սահմանին, թէ՛ Ազգային ժողովում“, ընդգծեց Մինասեան:

Այցելութեան աւարտին` երեկոյեան գիւղի բնակիչներուն համար, համերգով հանդէս եկան Դաւիթ Ամալեանն ու Հայաստանի վաստակաւոր արուեստագէտ Մկրտիչ Մկրտչեանը:

Հանդիպման ներկայ էր նաեւ Արարատեան հայրապետական թեմի ներկայացուցիչ Տաճատ Ա. քհնյ. Դաւիթեան:

Հաղորդագրութեան մէջ կը նշուի.- “Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական Միութիւնը, մտահոգուած լինելով վերջին օրերին ազերի յարձակումների հետեւնաքով զոհուած զինծառայողների եւ սահամանամերձ գիւղերի խաղաղ բնակչութեան վրայ անդադար կրակահարթերով, Յունիսի 10ին, այցելեց Չինարի գիւղ: Եռաբլուրում տեղի ունեցած Հայոց Բանակի քաջարի հերոսների անմահ յիշատակին նուիրուած հոգեհանգստի արարողութիւնից յետոյ, դաշնակցական երիտասարդները այցելեցին Չինարի գիւղ:…Հ.Յ.Դ. Հ.Ե.Մ.-ը գիւղի համար նախապէս հաւաքուած նուիրատուութիւնների միջոցով մանկապարտէզին նուիրեց համակարգիչ եւ որոշակի գումար տեղի դպրոցի ծախսերը եւ կարիքները հոգալու համար‘ այսպիսով փոքր աջակցութիւն ցոյց տալով Չինարի գիւղին:

Մեր այցը, եւս մէկ անգամ հաստատեց այն փաստը, որ ՉԻՆԱՐՑԻՆ կանգուն է, հաստատակամ եւ յաղթանակած, իսկ ՉԻՆԱՐՑՈՒ կողքին միշտ կանգնած է երիտասարդ դաշնակցականը“:
ԱՅՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉԻՆԱՐԻ ԳԻՒՂ

ԳՈՀԱՐ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Ծ.Խ.- Արմէնիա Նաուկայքէջին մէջ, Մարտ 13, 2012-ին լոյս տեսած է այս հետաքրքրական յօդուածագրութիւնը: Աւելի քան երկու ամիս ետք, հետաքրքրական պիտի ըլլայ լոյս ընծայել սահմանամերձ Չինարի գիւղին մասին, այս տեղեկութիւնները:

Ատրպէյճանի եւ Հայաստանի սահմանի ամենաթէժ կէտում` մշտական կրակոցների տակ գտնուող Չինարի գիւղի բնակիչները հպարտութեամբ ասում են, որ Հայաստանն սկսւում է հէնց իրենց գիւղից, ու իրենք են հայրենիքի հիւսիսարեւելեան դարպասը:

Չինարի գիւղի բնակիչներ` Սամուէլ Սաղոյեան...

Հրադադարի ռեժիմի մասին պայմանագրի կնքումից 18 տարի անց էլ չեն դադարում կրակոցները Երեւանից շուրջ 250 քլմ. (155 մղոն) հեռաւորութեան վրայ գտնուող Տաւուշի մարզի Չինարի գիւղում, որի` Ադրբեջանի հետ ձգուող սահմանի երկարութիւնը 28 քլմ. (17 մղոն) է:

“Չինարիում պատերազմը չի աւարտուել: Էն, ինչ կատարւում է այստեղ, լկտիութիւն է: Երբ կրակում են յենակէտից յենակէտ, դա ուրիշ խնդիր է, բայց նրանք կրակում են անմիջապէս գիւղի վրայ, խաղաղ բնակիչների, մեքենաների, անասունների վրայ“, ասում է Չինարիի գիւղապետ Սամուէլ Սաղոյեանը:

Լեռներով շրջապատուած Չինարին թերակղզու նման եռանկիւնաձեւ մտած է հայ-ադրբեջանական սահմանի մէջ` յարակից լինելով Ադրբեջանի Թովուզի եւ Գետաբեկի շրջաններին: Ատրպէյճանական կողմի յենակետային դիրքերն անգամ անզէն աչքով էլ երեւում են գիւղից:

“Սարերի վրայ նրանք (ազերիները) են, սարերի տակ` գիւղը: Նրանք իշխում են անմիջապէս գիւղի վրայ ու այնքան մօտ են, որ երբ կամենում` վնասում են, նոյնիսկ առանց դիպուկահարի էլ շատ հեշտ է վնաս հասցնելը“, ասում է գիւղապետը` յաւելելով, որ գիւղի ծայրին գտնուող տունն ատրպէյճական կողմի յենակետային դիրքերից հեռու է ընդամէնը 650 մեթր:

Սամուէլ Միրզոյեան…

Ըստ Չինարիի գիւղապետի` գիւղում իրավիճակն առաւել պայթիւնավտանգ դարձաւ 2008ից, երբ ադրբեջանական կողմն իր յենակէտերից մէկն առաջացրեց` աւելի մօտեցնելով գիւղին, իսկ արդէն 2008ի Մայիսից առ այսօր դիպուկահարն է աշխատում նրանց յենակէտերում:

“2008ի Յունիսի 18ին` մի օրուայ մէջ, երկու հոգու սպանեցին դիպուկահարները: Ես էլ անասնապահ էի, վերեւից տեսայ, որ խփեցին, իջայ օգնութեան: Ինձ էլ կրակեցին, բախտս բերեց` ոտքիս կպաւ, չմեռայ“, ասում է հինգ երեխայի հայր, 56ամեայ չինարեցի Սամուէլ Միրզոյեանը, որը դէպքից յետոյ երրորդ խմբի հաշմանդամ է դարձել:

Գիւղապետն ասում է, որ այս դէպքից յետոյ գիւղացիները դադարել են անասնապահութեամբ զբաղուելուց:

“2008ին 700 գլուխ խոշոր եղջերաւոր անասուն ու 800 գլուխ ոչխար ունէինք, իսկ այսօր գիւղն ունի ընդամէնը 60 կով ու 25 ոչխար, մարդիկ վախից վաճառեցին ամբողջը“, ասում է Սաղոյեանը:

Չինարիում այս տարուայ Յունուարի դրութեամբ ապրում է 1384 բնակիչ (1991ին գիւղն ունէր 1860 բնակիչ), որոնց մի մասի համար աշխատատեղով են ապահովում գիւղի 140 աշակերտ ունեցող միջնակարգ դպրոցը, 30 երեխայի սպասարկող մանկապարտէզն ու համայնքապետարանը, ընդհանուր առմամբ` շուրջ 60 աշխատատեղ:

Գիւղում հիմնական զբաղմունքը խաղողագործութիւնն է` ընդամէնը 60 հեկտար կազմող խաղողի այգիներում: Ու թէեւ 2009ից գիւղի սահմանամերձ հողերն ազատուած են հողի հարկից, սակայն ըստ չինարեցիների` գիւղի 1000 հա. կազմող հողերի 70 տոկոսից աւելին գտնւում է սահմանի վրայ, ականապատուած ու թշնամու վերահսկողութեան ներքոյ, որի պատճառով էլ այդ տարածքներն արդէն 16 տարուց աւելի` չեն օգտագործւում:

“Մեր գիւղը դրախտ ա՛, հա՛մ աշխարհագրական դիրքը, հա՛մ բնակլիմայական պայմաններն էնքան լաւն են, որ ինչ ցանենք` աճում ա: Ունենք թուզ, կառալեօկ, հոն, նոյնիսկ զէյթուն ու կիւի է աճում էստեղ, մենակ խաղաղութիւն չունենք, որ էս ամէնը վայելենք“, ասում է 68ամեայ Զինա Ապերեանը` ցոյց տալով իրենց տան պատուհանի շրջանակին Մարտ 7ի երեկոյեան կրակած փամփուշտի հետքերը, “մեզ օր ու արեւ չեն տալիս (ազերիները)“, ասում է նա:

եւ… Զինա Ապերեան

Ու չնայած ամէնօրեայ կրակոցների տակ է ապրում Չինարին, սակայն այստեղ կեանքը շարունակում է զարգանալ: Գիւղից Ռուսաստան արտագաղթած չինարեցիները եւս մենակ չեն թողնում իրենց համագիւղացիներին. նրանց ֆինանսական աջակցութեամբ գիւղն ապահովուած է գիշերային լուսաւորութեամբ, հիմնանորոգուել է նաեւ գիւղի համայնքային կենտրոնը:

“Հայաստանը Չինարիից ա սկսւում, ու մենք` մեր սահմանապահ զինուորների հետ միասին մի բռունցք դարձած, ամուր կանգնած ենք մեր հողի վրայ“, հպարտութեամբ ասում են գիւղամէջում` անմիջապէս ազերի յենակէտի առջեւ կանգնած չինարեցիները:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles