ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՏ Է ԹԱՓ ՏԱԼԻՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎՐԱՅ

0 0
Read Time:3 Minute, 52 Second

p5

 

 

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

 (յապաւումով)

Վերջին մէկ շաբաթուայ ընթացքում պաշտօնական Երեւանն անում է որոշակի դիրքորոշումներ, որոնք բացարձակապէս չեն համապատասխանում հայ-ռուսական յարաբերութիւնների աւանդական ոգուն: Յունուարի 28-ին, հայաստանեան պատուիրակութիւնը ձեռնպահ քուէարկեց Ռուսաստանին մինչեւ Ապրիլ ձայնի իրաւունքից զրկելու բանաձեւին:

Դա այն դէպքում, երբ մինչ այդ Հայաստանի ռազմավարական դաշնակցին վերաբերող` անխտիր բոլոր հարցերում պատուիրակութեան դիրքորոշումների հիմքում ընկած էին լինում ռուսական պատուիրակութեան հետաքրքրութիւնները: Թէեւ երեք հայ պատուիրակների քուէարկութիւնը որեւէ կերպ չէր կարող ազդել որոշման ճակատագրի վրայ, սակայն աչք ծակեց յատկապէս Ատրպէյճանի եւ Թուրքիոյ պատուիրակութիւնների` նոյնքան անակնկալ կերպով այդ որոշմանը դէմ քուէարկելու առնչութեամբ:

Հայկական պատուիրակութեան անդամներն իրենց այդ քայլը մեկնաբանում են այնպէս, թէ Հայաստանը դուրս չի եկել ռազմավարական գործընկերութեան տրամաբանութիւնից, քանի որ ամէն դէպքում կողմ չի քուէարկել ռուսական պատուիրակութեան նկատմամբ նման պատժամիջոցի կիրառմանը: Սակայն, Հայաստանի վարած կատարեալ յարմարուողական քաղաքականութիւնը հաշուի առնելով, ձեռնպահ քուէարկելն այս դէպքում ,կողմ»-ի արժէք ունի եւ, անկախ դրա մեկնաբանութիւնից, չի կարող չընկալուել որպէս ռուսական ազդեցութիւնից շեղուելու, ինքնուրոյնութեան որոշակի դրսեւորում:

Այս հանգամանքը գուցէ հնարաւոր լինէր համարել զուտ ինքնուրոյնութեան իմիտացիայ ստեղծելու փորձ, եթէ դրան փաստացի չյաջորդեր Գիւմրիում Աւետիսեան ընտանիքի սպանդի մէջ մեղադրուող Վալերի Փերմեաքովին հայաստանեան իրաւապահ մարմիններին յանձնելու միջնորդութեամբ Ռուսաստանի իր գործընկերոջը դիմելու` Հայաստանի գլխաւոր դատախազ Գէորգ Կոստանեանի քայլը: Թէեւ դրանով Կոստանեանը ցոյց տուեց, որ կատարում է Գիւմրեցիներին Յունուարի 15-ին տուած խոստումը, սակայն խիստ տարօրինակ էր այն փաստը, որ միջնորդութիւնն արուեց Փերմիաքովին բոլոր դէպքերում հայկական կողմին չյանձնելու` աւելի վաղ կայացուած քաղաքական որոշումից յետոյ: Դժուար է պատկերացնել, որ Կոստանեանը չէր գիտակցում, որ գործում է այդ որոշմանը հակառակ, ինչի համար, թերեւս, նա պէտք է ունենար քաղաքական ղեկավարութեան թէկուզ լուռ համաձայնութիւնը: Եւ ինչպէս հայաստանեան պատուիրակութեան քուէարկութեան պարագայում, փաստօրէն, այս դաշտում եւս հայկական կողմը փորձել է հնարաւորութեան սահմաններում որոշակի ինքնուրոյնութեան եւ համարձակութեան նշաններ ցուցաբերել: Ընդ որում` երկու դէպքում էլ գործ ունենք ոչ թէ ռուսական հրամայականներին հակադրուելու դրսեւորումների, այլ ընդամէնը Մոսկուային շատ թոյլ ուղերձներ յղելու հետ: Բայց, անկախ դրանից, հարց է առաջանում` ո՞րն է դրա պատճառը, ի՞նչ մեղու է կծել պաշտօնական Երեւանին: Հ.Յ.Դ. պատգամաւոր Արմէն Ռուստամեանը նշել էր, թէ, չնայած Ռուսաստանի հետ ունենք լուրջ միջպետական ռազամավարական գործակցութեան բարձր մակարդակ, բայց այդ դաշինքը, գործընկերութիւնը երբեք չի արտայայտուել պատուիրակների միջեւ համապատասխան համագործակցութեան ձեւով:

Ի՞նչ նկատի ունի Ռուստամեանը, դժուար է ասել:

Ի վերջոյ, սա նոր գործելակերպ չէ ռուսների կողմից: Սակայն հետաքրքրական է, որ հայ պատուիրակն այս մտահոգութիւնը յայտնում է տարածուած այն տեղեկութիւնների առնչութեամբ, թէ հայկական պատուիրակութիւնը նման կերպ է վարուել, քանի որ տեղեկացել է Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ հայկական կողմի ինչ-որ նախաձեռնութեան դէմ ռուս-թուրք-ազերի քուլիսային համաձայնութիւնների ձեռքբերման մասին: Դրանք հաստատող կամ հերքող որեւէ փաստ չի ներկայացուել: Բայց ակնյայտ է, որ հայկական կողմը նման ուղերձները սկսեց յղել այն բանից յետոյ, երբ հասկացաւ, որ պաշտօնական Մոսկուան ուղղակի չի ուզում նկատել հայ-ազերի սահմանագծին տեղի ունեցող փաստացի փոքր պատերազմները եւ չի ուզում խօսել թէ’ երկկողմ յարաբերութիւնների եւ թէ’ Հասարակապետութիւնների շրջանակներում իր ունեցած` Հայաստանի անվտանգութիւնն ապահովելու պարտաւորութիւնների մասին: Այն դէպքում, երբ Միացեալ Նահանգներից, Եւրոպայից գոնէ կողմերին զսպման ձեւական յայտարարութիւններ էին հնչում, Մոսկուան որեւէ կերպ չարձագանգեց: Աւելին` Յունուարի 30-ին Հասարակապետութիւնների գլխաւոր քարտուղար Նիքոլայ Պորտիւժան յայտարարեց. ,եթէ դուք կարծում էք, որ մենք այնտեղ պէտք է ինչ-որ ձեւով ռազմական միջոցներով պատասխանենք, ապա դա հակասում է կազմակերպութեանը հիմնական դիրքորոշմանը, այն է` Արցախի խնդիրը լուծել բացառապէս խաղաղ միջոցներով` հիմնուելով առաջին հերթին Մինսկի խմբի վրայ»:

Չի կարելի բացառել, որ այս կեցուածքը Երեւանում ընկալել են որպէս Պաքուի գործողութիւններն արդարացնելու եւ դրա միջոցով տարածաշրջանային կայունութիւնը խարխլելու փորձ: Եւ հէնց այս հանգամանքն էլ, թերեւս, ստիպեց նախագահ Սերժ Սարգսեանին Յունուարի 26-ին հանդէս գալ պատերազմից չխուսափելու եւ նոյնիսկ նախայարձակ լինելու մասին աննախադէպ կոշտ յայտարարութեամբ, իսկ հայկական բանակը, ի հաւաստումն նախագահի այս յայտարարութեան, անցաւ կոնկրէտ ռազմական գործողութիւնների, որոնք, փաստօրէն, ստիպեցին Ատրպէյճանին եւ յատկապէս` Մինսքի Խմբակի համանախագահող երկրներին, այդ թւում` նաեւ Ռուսաստանին, հաւատալ, որ Հայաստանը կարող է դիմել այդ քայլին, ինչն ուղղակիօրէն նշանակելու էր Ռուսաստանին կանգնեցնել Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ ընտրութիւն կատարելու երկընտրանքի առջեւ: Միայն դրանից յետոյ, փաստօրէն, Մինսքի Խմբակը համանախագահները որոշեցին տեղից շարժուել եւ դիւանագիտական զսպաշապիկ հագցնել Պաքուին:

Այս առումով իրավիճակը նման է նախորդ տարուայ օգոստոսեան դէպքերին, երբ Ռուսաստանը պատերազմի վերածող սահմանային բախումներին ստիպուած եղաւ միջամտել եւ Սերժ Սարգսեանին ու Իլհամ Ալիեւին Սոչի կանչել միայն հայկական բանակի` սպասուածից աւելի ագրեսիւ գործողութիւնների դիմելուց յետոյ: Այս յաջորդական գործընթացները, որոնք, ըստ էութեան, մէկ տրամաբանական շղթայի օղակներն են, ցոյց են տալիս, որ Երեւանը խորապէս անհանգստացած է Հարաւային Կովկասում Ռուսաստանի ներկայիս քաղաքականութիւնից եւ Թուրքիոյ ու Ատրպէյճանի հետ վերջին շրջանում յարաբերութիւնների լուրջ ջերմացումից: Իսկ նման ջերմացումները նախկինում տեղի էին ունենում հայկական շահերի հաշուին: Թէ ի՞նչ դրսեւորումներ են դրանք ունենում եւ ինչի՞ կարող են յանգեցնել ներկայումս, քննարկման այլ թեմա է: Փաստն այն է, որ եթէ Հայաստանի իշխանութիւնները համարձակւում են Ռուսաստանին գերիշխանութեան նշաններ ցոյց տալ, ուրեմն այլեւս չունեն նրա նկատմամբ նախկին վստահութիւնը: Մանաւանդ, որ Երեւանն, ըստ էութեան, Մոսկուայի կողմից իրեն խաբուած է զգում, որովհետեւ Եւրասիական Տնտեսական Միութիւն մտնելը ոչ թէ բարձրացրեց հայկական կողմի անվտանգութեան մակարդակը, ինչպէս հաւատացնում էին Մոսկուայից, այլ ճիշտ հակառակը…

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles