“ԿԵՑՑԷ՛ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ, ՈՐ ԻՆՁ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ ՊԱՐԳԵՒԵՑ“

0 0
Read Time:5 Minute, 32 Second

p5  g  “ՀԵՏՔ“

Հովիւը դաշտից մի նապաստակ է որսում, բերում տալիս է կնոջը, որպէսզի մորթեն, մսով ճաշ պատրաստեն: Կինն ասումէ. “Ա՛յ մարդ, ինչո՞վ պատրաստեմ, էլեկտրաէներգիան թանկայ, ձեռք չի տալիս“: Ամուսինը փորձում է այլընտրանք գտնել՝ ասելով, թէ՝ օջախ արա, փայտ վառիր: Կինը դարձեալ դժգոհում է, թէ “անտառներից չեն թողնում ծառ կտրենք, եթէ բռնեն, կը դատուենք“: “Գազով պատրաստիր“, պնդում է ամուսինը: Կինը դարձեալ բողոքում է՝ “բնական գազ չունենք, բալոնով գազն էլ թանկ ա, ձեռք չի տալիս“: Ամուսինը բարկանում է եւ նապաստակին բաց թողնում: Ազատութիւնը վայելող նապաստակը թռչկոտելով բարձրանում է սարը եւ բղաւում. “Կեցցէ՛ Հանրապետական Կուսակցութիւնը, որ ինձ ազատութիւն պարգեւեց“:
Անձրեւ էր: Կապանից ոտքով դէպի Գեղանուշ քայլող Արմէնին ճանապարհին վերցրինք: Մի քանի րոպէ լուռ գնալուց յետոյ նրան հարցրի, թէ ինչպէ՞ս են ապրում, ի՞նչ կայ իրենց գիւղում: “Սպասի ասեմ“, հարցը լսելուց յետոյ ասաց գեղանուշցի Արմէնը եւ պատմեց այս անեկդոտը, իսկ գիւղի սկզբում աւտոմեքենայից (ինքնաշարժէն Յ.Մ.) իջնելուց հայեացքը գցեց մեր կողմը եւ ասաց. “Հիմա ջոկեցի՞ր, թէ ոնց ենք ապրում: Դէ, Ձեզ բարի ճանապարհ“:

ԺՊՏԱՑՈՂ ԿԱՆԱՉ ԼՃԱԿԸ
Գեղանուշի ճանապարհի երկու կողմերում ծառեր են, կանաչ, իսկ գիւղի ձախ հատուածում “ժպտում“ է թոյնով լցուած կանաչ լճակը՝ “Դանդի Փրիշս Մեթալս Կապան“ Փ.Բ.Ը.ի պոչամբարը: Համայնքի տարածքի մէջ է մտնում նաեւ Գոմարան գիւղը, որտեղ հիմնականում փախստականներ են բնակւում: Երկու գիւղերում միասին վերցրած ապրում է 374 մարդ:
Գեղանուշի համայնքապետ Իվան Կոստանդեանն անցեալ տարի Կապանի բժշկական կենտրոնից պահանջել է տեղեկութիւններ, թէ համայնքից քանի հիւանդ է հաշւառուած: Պարզուել է, որ 374 բնակչից 144ը տարբեր հիւանդութիւններ ունեն՝ արեան ճնշումից մինչեւ քաղցկեղ: Մեզ հետ զրոյցում Ի. Կոստանդեանն ասաց, որ միայն իրենց համայնքի տուեալներն ունեն, եթէ այլ համայնքներում էլ հիւանդների թիւը պարզ լիներ կը կարողանային եզրակացութիւն անել, թէ ինչու են իրենց գիւղում հիւանդները շատ:p5 a
Գիւղացիները հիւանդութիւնների աճը կապում են պոչամբարի հետ, սակայն համայնքապետը ապացոյց չունի եւ չի կարողանում այդ կապը պնդել:
Եթէ բապահպանները տալիս են թոյլատրութիւն, եթէ առողջապահութեան նախարարութիւնն ասում է, որ ոչ մի վնաս չկայ, տարբեր կազմակերպութիւններ տալիս են, որ պոչամբարը ոչ մի վնաս չի տալիս, ստորագրում ու պեչատում են, դրանից յետոյ ինչո՞վ կարող էք ապացուցել, որ վնասէ: Չեմ ասում, որ պոչամբարը առողջութեանը օգուտ է, բայց չեմ էլ կարող ասել, որ վնաս է, եթէ առողջապահութեան նախարարն ասում է, որ վնաս չի“, նշում է Իվան Կոստանդեանը:
Համայնքապետի խօսքերով, մի քանի անգամ գիւղում հաւաքուել լսումներ են անցկացրել, բնակչութիւնը պոչամբարի վերաբերեալ արտայայտել է իր դժգոհութիւնը, սակայն արդիւնք չկայ: “Եթէ ոչ մի արդիւնք չես ստանում, պարզապէս գալու ես խօսես, խօսես, խօսես ու վերջում նստես կոտրած տաշտակի առաջ, արդէն յոգնում ես խօսելուց: Եթէ երեք անգամ ժողովուրդին հաւաքում ես լսումների ու էլի նոյն բանն են ասում, արդէն ժողովուրդի մէջ հաւատը կորում է: Մեր գիւղից տասնը քանի հոգի մարդ է աշխատում կոմբինատում (գործատան մէջ Յ.Մ.), որ իրենց ընտանիքը, երեխաներին պահեն: Կոմբինատի (գործատան Յ.Մ.) փոխարէն թող այլ արտադրամաս լիներ, կը գնային այնտեղ կÿաշխատէին“, ասում է համայնքապետը:
Իվան Կոստանդեանը տեղեկացրեց, որ տարիներ առաջ գիւղի հողերից 21 հա (հարիւրակալ hectare Յ.Մ.) սերվիտուտի պայմանագրով 99 տարի ժամկէտով տրամադրուել է “Դանդի Փրիշս Մեթալս Կապան“ Փ.Բ.Ը.ին, որի դիմաց համանքային պիւտճէ է մուտք արւում 3 մլն դրամ (մօտաւորապէս՝ $ 6,800 ամերիկեան Յ.Մ.): Այդ հողից 4.6 հաը պոչամբարի տակ է արդէն, իսկ մնացած մասը պաշտպանիչ հատուածն է զբաղեցնում: “Եթէ որոշողը ես լինէի, չէի համաձայնուի“, ասում է համայնքապետը:

ՓՈՔՐ ԳԵՂԱՆՈՒՇԻ ՄԵԾ ԽՆԴԻՐԸ
p5 b  Արթուր Կոստանդեանը մշակոյթի տան պատշգամում նարդի էր խաղում ընկերոջը հետ: Ասում է՝ պարապ են, անելիք չունեն: “Դուրս ենք գալիս, նարդի ենք խաղում ու գնում տուն: Հողն էլ եկամուտ չի բերում, որ հող մշակենք: Պոմիդորը (լոլիկը Յ.Մ.) դառնում է 30 40 դրամ, մեր մօտ նոր կարմրում ա, մենակ մի լոբի ա, էլի: Էս տարի էլ ցուրտը ծառերը տարել ա՝ հոն, թութ, սալոր, ընկոյզ, ոչ մի բան չկայ“, ասում է Արթուր Կոստանդեանը եւ շրխկացնում նարդու քարը:
Գեղանուշում առաւօտը շատ հանգիստ էր, աղմուկ չկար, չէին լսւում երեխաների ձայներ, փողոցներում էլ հազուադէպ էին մարդիկ երեւում:
Գիւղացիները հիմնականում զբաղուած են անասնապահութեամբ, քանի որ սեփականաշնորհուած հողամասերում հացահատիկ կամ այլ մշակաբոյսեր ցանելու փոխարէն խոտ են աճեցնում: Համայնքապետ Կոստանդեանը, ցոյց տալով համայնքապետարանի դիմաց կայանած գիւղի միակ տրակտորը, պատմում է, որ այն 1970 թուականի արտադրութիւն է: Բազմիցս փորձել են “շունչ“ տալ տրակտորին, սակայն չի ստացուել: Տրակտորն անսարք է, եւ մարդիկ մնացել են առանց վարուցանքի: Գիւղացիները մշակում են միայն տնամերձ հողամասերը. գոնէ այնտեղ կարողանում են բահով փորել:p5 c
Թէեւ գիւղը յայտնի է աւելի շատ անասնապահութեամբ, սակայն այստեղ էլ արտադրանքի իրացման խնդիր կայ: Գիւղացիները չեն կարողանում վաճառել կաթն ու պանիրը: Ով հնարաւորութիւն ունի, տանում Կապանում վաճառում է, իսկ միւսները սպասում են, որ մի օր կաթի մթերման աւտոմեքենան (ինքնաշարժը Յ.Մ.) իրենց գիւղ էլ կը գայ ու իրենցից կաթ կը գնի:
Գեղանուշում սպասում են ոչ միայն կաթի աւտոմեքենային (ինքնաշարժին Յ.Մ.), այլեւ կապոյտ վառելիքին: Գիւղը գազիֆիկացուած չէ, իսկ համայնքային պիւտճէով հնարաւոր չէ դա իրականացնել:
Գիւղի պիւտճէն ընդամէնը 90 մլն 60 հազար դրամ է (մօտաւորապէս՝ $ 24,450 ամերիկեան Յ.Մ.), որից 3.5 մլնը դոտացիան է, իսկ 220,000 դրամը գոյանում է հողի հարկից, 250 հազարը՝ հողի վարձավաճառներից, 98 հազար դրամն էլ՝ գոյքահարկից: Մնացածը գոյանում է “Դանդի Փրիշս Մեթալս Կապան“ Փ.Բ.Ը.ի վճարած 3 մլն դրամից եւ բջջային օպերատորների տեղադրած ալեհաւաքների վճարներից:
Իվան Կոստանդեանը նշեց, որ Գեղանուշում առաջնայինը խմելու ջրի հարցն է, յետոյ՝ գազն ու ճանապարհները: Մարդիկ խմում են հէնց ակունքներից հոսող ջուրը, որը ոչ ֆիլտրացւում է (մաքրել, զտել Յ.Մ.), ոչ էլ՝ քլորացւում (քլորինում Յ.Մ.): Նոյն ջուրն օգտագործում են ե՛ւ որոգման ե՛ւ խմելու համար: Համայնքապետը ջրի որակից չի դժգոհում, թէեւ եղանակով պայմանաւորուած՝ երբեմն ջուրի գոյնը փոխւում է:
“Ինձ համար աւելի լաւ է անձրեւի ջուրը, քան քլորաջուրը: Արդէն 80 տարի է՝ այդ ջուրն ենք խմում, ի՞նչ է եղել: Մեր միակ խնդիրը ներքին ցանցի խողովակաշարերի վերանորոգումն է“, ասում է համայնքապետը: Բնական է, որ 9 մլն դրամ պիւտճէով հնարաւոր չէ լուրջ ներդրումներ իրականացնել եւ միակ յոյսը պետական աջակցութիւնն է:p5  e
Պիւտճէով հազիւ կարողացել են 12 աթոռ համայնքապետարանի, 13ը՝ մշակոյթի տան համար գնել: “Կենցաղի տան“ համար էլ են աթոռներ գնել՝ 180 հատ: Համայնքապետը յիշեց նաեւ, որ Ամանորին 105 տոպրակ է բաժանւում ընտանիքներին, որի պարունակութիւնն արժէ 2,000 դրամ (մօտաւորապէս՝ $ 4.50 ամերիկեան Յ.Մ.):
Գիւղի դպրոցում սովորում է 41 աշակերտ: Աւագանու որոշմամբ համայնքային պիւտճէից վճարուել է բոլոր աշակերտների գրքերի գումարը: Ըստ Իվան Կոստանդեանի՝ կան երեխաներ, որոնք Կապանի դպրոցներ են յաճախում, այդ քայլով փորձում են շահագրգռել, որ ծնողներին պահեն գիւղում:
“Հիմա որ ասեմ, էլի կÿասէք ձեր առողջութեան հաշուին էք անում: Կոմբինատը (գործատունը Յ.Մ.) բանաւոր պայմանաւորուածութիւն ունի համայնքի հետ եւ արդէն 3 տարի է՝ տարեկան 10 մլն դրամի բարեգործութիւն է անում: Գիւղի դպրոցում զինանոց է կառուցուել, բեմ, բակում նստարաններ են տեղադրուել, գիւղամիջում խաղահրապարակ է կառուցուել: Անցեալ տարի մշակոյթի շէնքի տանիքն է փոխուել, որի սենեակներից մէկը զբաղեցնում է համայնքապետարանը: Այս տարի էլ նախատեսուած է, որ շէնքը կապիտալ (լիովին Յ.Մ.) վերանորոգեն“, աւելացրեց համայնքապետը:
Օրն արդէն ճաշ էր դարձել, Գեղանուշում աշխուժութիւն էր նկատւում : Համայնքապետն ասաց, որ գիւղում մարդ է մահացել, մարդիկ շտապում են հոգեհացի:

ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆԵԱՆ
(Մեսրոպեան ուղղագրութեան վերածեց՝
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԸՍՐԼԵԱՆ)
Մայիս 29, 2014

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles