
«ԴՐՕՇԱԿ», Հոկտեմբեր 2022, թիւ 10
Առաջնորդող Յօդուած
Սոյն թուականի Հոկտեմբեր 6-ին Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոնի եւ Եւրոպայի խորհուրդի նախագահ Շարլ Միշէլի մասնակցութեամբ Փաշինեանի եւ Ալիեւի միջեւ տեղի ունեցած բանակցութիւնները, ինչպէս եւ դրանց հետեւանքով ստորագրուած յայտարարութիւնը շրջադարձային քայլ էին` դուրս բերելու հայ-ատրպէյճանական բանակցային գործընթացը ռուսական միջնորդական ծիրից եւ տեղափոխելու արեւմտեան վերահսկողութեան դաշտ: Այս ուղղութեամբ նախնական քայլ կարելի է համարել ընդունուած յայտարարութեան համաձայն Եւրոպական միութեան քաղաքացիական առաքելութեան հրաւիրումը հայ-ատրպէյճանական սահման: Այլ խնդիր է, թէ առաւելագոյնը երկամսեայ գործունէութեան իրաւասութիւն ունեցող «առաքելութիւնը» որքանով կարող է օգտակար լինել շփման գծի լարուածութեան թուլացման համար, եթէ, ըստ յայտարարութեան, «առաքելութեան նպատակը կը լինի վստահութեան կառուցումը եւ իր զեկոյցների միջոցով սահմանային յանձնաժողովներին աջակցելը»: Ընդ որում, դարձեալ ըստ յայտարարութեան, Ատրպէյճանը համաձայնել է համագործակցել նշեալ առաքելութեան հետ այնքանով, որքանով որ առընչութիւն կ’ունենայ, կարծես սահմանային խնդիրները վերաբերում են միայն Հայաստանին: Հայկական կողմի համար նսեմացուցիչ այս ձեւակերպումը Ատրպէյճանին թոյլ կը տայ ինքնուրոյն որոշել, պարզ ասած, բանի տեղ դնե՞լ այդ յանձնաժողովին, թէ՞ ոչ: Միւս կողմից` ռուսների հնարաւոր դժգոհութեանը նա կը կարողանայ պատասխանել, թէ դա հայկական կողմի նախաձեռնութիւնն է: Իսկ որ Ատրպէյճանը Թուրքիոյ ուղղորդմամբ թքել է բոլոր տեսակի բանակցութիւններից ու փաստաթղթերից բխող պարտաւորութիւնների վրայ, եւ դրանք բոլորը հայկական կողմի համար են պարտադրանք, ապացուցում են ոչ միայն նրա բոլոր գործողութիւնները Նոյեմբերի 9, 2020-ին ստորագրուած յայտարարութիւնից յետոյ, այլեւ կրկին հայկական սահմանների ու դիրքերի գնդակոծումները, երբ թանաքը դեռ չէր չորացել Փրակայում ստորագրուած փաստաթղթի վրայ, կողմերը դեռ չէին հասցրել տուն վերադառնալ Ասթանայում տեղի ունեցած բանակցութիւններից:
Փրակայում ատրպէյճանական կողմը, յիշեալ յայտարարութեան առաջին պահանջի համաձայն, հասաւ նրան, որ «Հայաստանն ու Ատրպէյճանը հաստատեցին իրենց յանձնառութիւնը ՄԱԿ-ի կանոնադրութեանը եւ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնցով երկու կողմերն էլ ճանաչել են միմեանց տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնըէ: Հայ եւ օտար քաղաքական ու քաղաքագիտական հանրոյթը արդէն տուել է այդ բանաձեւման գնահատականը, ըստ որի` հայկական կողմը դրանով Արցախը ճանաչել է Ատրպէյճանի կազմում: Իհարկէ, Ալիեւն այնքան միամիտ չէ, որ բաւարարուի այսքանով, այլ փորձելու է ամրագրել տուեալ պայմանաւորուածութիւնը` դրանից բխող մանրամասներով, որպէսզի հայոց ազգային որեւէ իշխանութիւն ապագայում իրաւական հնարաւորութիւններ չունենայ բարձրացնելու Արցախի անկախ կարգավիճակի հարցը:
Հոկտեմբերի 10-ին https://eadaily.com/ru/news/ ռուսական առցանց լրատուամիջոցին տուած հարցազրոյցում ատրպէյճանցի քաղաքագէտ Իլկար Վելիզատէն ասել է. «…. Այն, որ կողմերը ճանաչում են միմեանց սահմանները` ելնելով 1991-ի Ալմա Աթայի հռչակագրից, շատ կարեւոր է: Բայց խաղաղութեան պայմանագրում չպէտք է տեղ լինի հին օրակարգին վերադառնալու համար, եւ այդ պայմանագրում պէտք է յստակ ամրագրուած լինեն կողմերի իրաւասութիւնները: Հայաստանը պէտք է հասկանայ եւ ընդունի, որ Ղարաբաղի հայերին վերաբերող հարցերը Հայաստանի իրաւասութիւնը չեն, եւ ապագայում, եթէ Հայաստանը ճանաչի Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը, ապա պէտք է ճանաչի նաեւ Ղարաբաղը Ատրպէյճանի կազմում` այդպիսով առաջնորդուելով միմեանց գործերին չմիջամտելու սկզբունքով: Չպէտք է բարձրացնի Ղարաբաղի հայերին առնչուող հարցերը: Դա նոյնպէս պէտք է տեղ գտնի խաղաղութեան պայմանագրում: Եթէ խաղաղութեան պայմանագրում լինեն ինչ-որ սողանցքներ եւ չբարձրաձայնուած հարցեր, ապա դրանք յետագայում իւրաքանչիւր կողմ կարող է օգտագործել իր շահերի համար, եւ դա անթոյլատրելի է: Դրա համար էլ խաղաղութեան պայմանագիրը պէտք է փակի այսօրուայ համար մնացած բոլոր հարցերը»:
Եւ ահա Հոկտեմբեր 12-ին Ատրպէյճանի արտաքին գործոց նախարար Պայրամովի անունից տարածուեց այն լուրը, որ Ատրպէյճանը Հայաստանին է փոխանցել խաղաղութեան պայմանագրի ընդլայնուած տարրերը: Ըստ Պայրամովի` դրանք լրացնում են աւելի վաղ ներկայացուած հինգ հիմնական սկզբունքները, որոնք պէտք է Բաքուի եւ Երեւանի միջեւ խաղաղութեան պայմանագրի եւ յարաբերութիւնների կարգաւորման հիմք դառնան: «Ատրպէյճանական կողմը հայկական կողմին ներկայացրել է ընդլայնուած տարրերը: Հայկական կողմը խնդրել է ժամանակ տրամադրել այդ տարրերին ծանօթանալու համարէ: Ի դէպ, այս նոյն ժամանակահատուածում Ատրպէյճանն ամրապնդում է իր դիրքերն ու ռազմականօրէն հզօրացնում Հայաստանի Հանրապետութիւնից գրաւեալ տարածքները, ինչը վկայում է, որ նա չի պատրաստւում իր կամքով լքելու դրանք: Ի պատասխան սրա` հայկական կողմը տարբեր ատեաններում հարցը լուծելու խնդրանք ու բողոք է ներկայացնում` գործնականում ոչ մի ձեւով ցոյց չտալով, թէ իր ուժերով պատրաստւում է լուծելու երկրի տարածքային ամբողջականութեան ապահովման ու անվտանգութեան հարցը, ինչի պատասխանատուութիւնը ստանձնել է` ստանձելով երկրի կառավարումը:
Այսպիսով` ակնյայտ է, որ քանի դեռ ռուսերը լրջօրէն խրուած են Ուքրայինայի դէմ պատերազմի մէջ, թուրք-ատրպէյճանական թանտեմը (գործակցող զոյգը, խմբ․) ձգտում է վերջնականապէս փակելու Արցախի հարցը եւ Հայաստանից պոկելու առաւելագոյնը` միջանցքի կամ միջանցքների ներառմամբ:
Արեւմուտքը շտապում է Հայաստանի ու Արցախի հաշուին հասնելու խնդրի լուծմանը` ստանձնելով կովկասեան գործերը տնօրինելու իրաւունքը եւ տարածաշրջանից դուրս մղելով Ռուսաստանին, իսկ Հայաստանի իշխանութիւնը շտապում է… իրականացնելու արեւմտեան հովանաւորների ցանկութիւնները, ինչը, ըստ էութեան, փորձում է անել իր ղեկավարման չորս տարիների ընթացքում: Իրազեկ աղբիւրների համաձայն` Հայաստանի ղեկավարութիւնը Արեւմուտքին խոստացել է նաեւ հրաժարուել ՀԱՊԿ-ին անդամակցութիւնից, ինչպէս եւ խզելով պայմանագիրը` Հայաստանից դուրս բերել ռուսական ռազմական 102-րդ ռազմապազան (ռազմական խարիսխը, խմբ․-: Զոհաբերելով ազգային շահերը` Հայաստանի իշխանութիւնը այդպիսով կ՛ամրապնդի Արեւմուտքի բարեհաճութիւնը` երկրի ներսում անօրինական ու բռնի մեթոտներով (ձեւերով, խմբ․) պահպանելու իշխանութիւնը եւ մի օր էլ ստանալու ապաստանի իրաւունք:
Ռուսաստանի մօտեցումը մնում է սառեցնելը կամ երկարաձգելը գործընթացները, ամէն կերպ կանխելը հակամարտութեան թեւակոխումը պատերազմական փուլ, քանի դեռ չի կարող իր ունեցած քաղաքական, ռազմական, տնտեսական եւ այլ գործիքակազմերով դրանք լիարժէքօրէն ուղղորդել եւ հանգուցալուծել իր միջնորդական տրամաբանութեան համաձայն: Միաժամանակ նրա համար հեշտ չէ զսպել ատրպէյճանցիների ու թուրքերի գործողութիւնները, երբ Հայաստանն ինքը հակառուսական խաղերի մէջ է եւ ձգտում է վերջինիս փոխարինել արեւմտեան տէրութիւններով: Ըստ էութեան Փաշինեանի իշխանութիւնը Արեւմուտքի ձեռքին գործիք դառնալով Հայաստանը վերածում է Ռուսաստանի դէմ երկրորդ ճակատի: Այս պայմաններում Ռուսաստանը հաշուի է նստում ուժեղ Ատրպէյճանի ու Թուրքիայի հետ, որոնց հետ իր քաղաքական, տնտեսական, հաղորդակցական եւ այլ խնդիրները արեւմտեան պատժամիջոցների խստացման այս փուլում շատ աւելի մեծ նշանակութիւն են ստացել: Խրուելով ճակատագրական նշանակութիւն ձեռք բերած պատերազմի մէջ` Ռուսաստանն ակնյայտօրէն չի մոռանում, այլ չափազանց խանդով է վերաբերւում իրեն թիկունքից հարուածելու, խաղից դուրս թողնելու քայլերին, որոնց մէջ կարծես միասնական են թէ՛ Արեւմուտքը, թէ՛ Ատրպէյճանն ու Թուրքիան եւ թէ՛ Հայաստանը:
Ռուսաստանի արտաքին գործոց նախարարութեան մամուլի եւ տեղեկատուութեան դէպարտամենտի տնօրէն Մարիա Զախարովան Հոկտեմբերի 10-ի ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է. «ցաւօք, այստեղ մենք տեսնում ենք Եւրամիութեան հերթական փորձը` որեւէ կերպ միջամտելու Ատրպէյճանի եւ Հայաստանի յարաբերութիւնների կարգաւորմանը, դուրս մղելու մեր երկրի միջնորդական ջանքերը: Պաքուի եւ Երեւանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղութեան եւ երկարաժամկէտ կայունութեան հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Ատրպէյճանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ յայտարարութիւնների լիարժէք իրականացումն էե2:
«Ռեկնում» լրատուական գործակալութեան վերլուծաբան Ստանիսլաւ Թարասովը գրում է. «Այսպիսով` Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձութիւնները շատերի համար անսպասելի շրջադարձ են ունենում. մեծ հետաքրքրութիւն է նկատւում Ֆրանսայի եւ Ա․Մ․Ն․-ի կողմից: Ընդ որում, սկսել են աւելի յստակ երեւալ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականութեան ուրուագծերը, որի ոտքերի առաջ, մի փորձագէտի խօսքերով, «սկսել են նետել կոտրուած ապակի, որի վրայով քայլելը վտանգաւոր է»: Աւելին` գրեթէ կասկած չի յարուցում կովկասեան տարածաշրջան մերձաւորարեւելեան անկայունութեան հնարաւոր տեղափոխման հարցը: Ուստի աշխարհաքաղաքական փոփոխութիւնների տինամիքան (ուժականութիւնը, խմբ․) տարածաշրջանում Մոսկուայի օրակարգ է բերում ազդեցութեան ոլորտների վերաբաշխման խնդիրը: Գլխաւորը հիմա չուշանալն է»:
Հոկտեմբեր 13-ին Ասթանայում անցկացուած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում Փութինը Ալիեւին եւ Փաշինեանին հրաւիրեց հանդիպման Ռուսաստանում: Այս հրաւէրի բովանդակութիւնը Հոկտեմբերի14-ին հետեւեալ կերպ է մեկնաբանել ռուս յայտնի քաղաքագէտ ՍերգԷյ Մարկեդոնովը. «մոսկուան ամէն կերպ հասկացնում է, որ հեռավար դիւանագիտութեան չի անցել, հակամարտութեան կարգաւորմանն ուղղուած նրա ջանքերը, Ռուսիոյ պատկերացման համաձայն, շարունակուելու են»:
Ռուսաստանը, իհարկէ, հայ-ատրպէյճանական եւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործում հետապնդում է իր շահերը, որոնք չեն նոյնականանում Հայաստանի շահերի ու պատկերացումների հետ, սակայն երբ Արեւմուտքը, այլեւս անտեսելով Արցախի կարգավիճակի խնդիրը, դարձեալ փորձում է յօգուտ Ատրպէյճանի լուծել հայ-Ատրպէյճանական կնճիռը, Հայաստանն ի՞նչ հաշուարկով է նոյնպէս ձգտում Ռուսաստանին դուրս մղելու գործընթացից, որն առնուազն մեծ ընդհանրութիւններ ունի ռուսական շահերի հետ, ինչպէս եւ որոշակի հակակշռման վիճակ կարող է ստեղծել բանակցութիւններում` հայկական կողմին ընձեռելով սեփական շահերն առաջ մղելու հնարաւորութիւն: Երբ, օրինակ, Փաշինեանը Արեւմուտքում բերանը ջուր է առնում Արցախի հարցում, արեւմտեան առաջնորդները որոնք բազմիցս յայտարարել էին կարգավիճակի յստակեցման անհրաժեշտութեան մասին, շրջանցում են խնդիր եւ բնականաբար, այս հանգամանքը Ասթանայում Ալիեւին հնարաւորութիւն է տալիս յայտարարելու, թէ Ղարաբաղի հարցն իր ներքին գործն է, եւ ոչ մէկի հետ ինքը չի պատրաստւում այն քննարկելու: Եւ ի դէպ Ատրպէյճանն է սկսել հայկական կողմին մեղադրել հարցը տարբեր միջնորդների դաշտ տեղափոխելու փորձերի մէջ, ինչի հետ իրենք իբրեւ թէ համաձայն չեն: Արեւելքից Արեւմուտք եւ այս արանքում թուրք-Ատրպէյճանական դաշտում խաղեր տալու Նիկոլ Փաշինեանի եւ իր թիմի ճիգերը ոչ թէ քաղաքականութիւն են, այլ գաւառական խորամանկութիւն, որը կարող է թերեւս ընդունուել նիկոլապաշտ ամբոխի կողմից եւ ոչ թէ աշխարհի բախտը տնօրինող առաջնորդների:
Տեղին է այստեղ անդրադառնալը նաեւ այն փաստին, որ Փրակայում տեղի ունեցած Փաշինեան-էրտողան հանդիպումից յետոյ Թուրքիոյ նախագահը լրագրողներին յայտարարել է, թէ Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրներ չի տեսնում, իսկ Ասթանայում Փաշինեանը դարձեալ ասել է, որ միջանցքների մասին որոշում չկայ: Այս անգամ ո՞ւմ է փորձում ֆռռացնել Հայաստանի ոչ բարով առաջնորդը` ռուսների՞ն, թուրքերի՞ն, թե՞ հայերին` իւրաքանչիւրին տարբեր բան ասելով: Ակնյայտ է, որ այս ամէնը սպառնալիքներ է ստեղծում պատերազմի շեմին գտնուող Հայաստանի համար թէ՛ Ատրպէյճանի, թե՛ Թուրքիոյ եւ թէ՛ նոյնիսկ Ռուսաստանի կողմից, որն անգամ իր եղբայր ուքրայինացիներին չխնայեց, երբ նրանք փորձեցին թշնամուն բերել Ռուսաստանի դարպասների մօտ:
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինեանը չի փորձում իր համար ռազմաքաղաքական լուրջ խնդիրներ լուծել Իրանի հետ, որն ամէն օր ամենաբարձր մակարդակներով յայտարարում է Հայաստանի անվտանգութեան եւ ամբողջականութեան հետ կապուած իր կարմիր գծերի մասին: Ինչո՞ւ են անտեսւում Հնդկաստանի, Չինաստանի եւ այլ երկրների հետ փոխյարաբերութիւններն աքթիւացնելու (գործի լծելու, խմբ․) փորձերը, որոնք ուժեղանալու, մանեւրելու յաւելեալ հնարաւորութիւններ կը ստեղծեն Հայաստանի համար: Նիկոլ ղեկավարը, չձգտելով ուժեղացնելու սեփական բանակը, անհեռանկար ճիգեր է գործադրում Հայաստանի համար անվտանգութեան երաշխիքներ ապահովելու արտաքին ուժերից: Արտաքին թշնամիներից պաշտպանուելու համար բանակն ուժեղացնելու փոխարէն նա շռայլօրէն գումարներ է ծախսում ոստիկանութեան վայրենի պատժիչ մեքենան հզօրացնելու համար, որն իրեն պէտք է պաշտպանի սեփական ժողովրդից, որի գիտակից ու հայրենասէր հատուածն ի վերջոյ իրենից հաշիւ է պահանջելու Արցախն ու հայոց պետականութիւնը կործանման եզրին հասցնելու համար: Վերը շարադրուած իրողութիւնները եւս մէկ անգամ հաստատում են այն փաստը, որ Նիկոլ Փաշինեանի գերնպատակը իշխանութիւնն է, յանուն որի պահպանման նա թշնամիների ու տարածաշրջանով շահագրգիռ ուժերի առջեւ աճուրդի է դրել իր հայրենիքն ու հայրենի պետութիւնը:
Այս պայմաններում անհրաժեշտութիւն է առողջ եւ գործուն ներուժի կեդրոնացումն ու հայրենիքի փրկութեան վճռական պայքարի ազդարարումը: Այլընտրանքը պետականութեան կործանումն ու թրքական հպատակութիւնն է, դէպի ուր տանում է մեզ կոյր ու ատելութեամբ թունաւորուած ամբոխի բախտախնդիր առաջնորդը: Իսկ ժամանակը սպառւում է: