
Ծ.Խ.- Անցեալ շաբթուայ ընթացքին, Միացեալ Նահանգներու մէջ մահացաւ Հայաստանի ժողովրդական արուեստագիտուհի Ֆլորա Մարտիրոսեան: Ան հիւանդանոց կը գտնուէր լեղապարկի վիրահատութեան ենթարկուելու պատճառաւ, սակայն վիրահատութեան ընթացքին ծագած էին անակնկալ եւ վտանգաւոր բարդութիւններ, որոնք պատճառ դարձան անոր մահուան:
Գրեթէ տարի մը առաջ, Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցին ընդառաջ, “Artist for Peace“ (Արուեստագէտը ի նպաստ Խաղաղութեան) կազմակերպութեան նախաձեռնութեամբ, հայ եւ օտար յայտնի երգիչներ հանդէս եկած էին “Never Again“ (“Այլեւս երբեք“) խորագիրը կրող համերգաշրջանով: Մինչեւ 2015 խումբը զանազան քաղաքներու մէջ, համերգներով պիտի հիւրընկալուէր մինչեւ Գանատա, Եւրոպա եւ այլ երկիրներ: Նոյնիսկ Համերգաշարքը կը նախատեսուէր ամփոփել 2015-ին` Երեւանի մէջ, մեծ աստղերու մասնակցութեամբ տեղի ունենալիք մեծ համերգով:
Ծնած Փետրուար 5, 1957-ին, Գիւմրիի մէջ ծնած Ֆլորա Մարտիրոսեան հիմնադիրն է Կոմիտասի անուան միջազգային երաժշտական դպրոցին եւ Արուեստագէտներ խաղաղութեան համար բարեսիրական կազմակերպութեան: Այս պատճառով, ան նախաձեռնած էր “Այլեւս երբեք“ը: Դպրոցին զուգահեռ, ան աւարտած էր իր ծննդավայրի “Արմէն Տիգրանեան“ անուան երաժշտական դպրոցը: 1973-ին Ֆլորա հանդէս եկաւ “Հանրապետական“ ձայնասփիւռ եւ հեռատեսիլէն: 1978-ին Գերմանիոյ Համպուրկ քաղաքին մէջ կայացած միջազգային փառատօնի մրցանակակիր: Գուսան Աշոտի “Ծովաստղիկը“ Ֆլորա Մարտիրոսեանի կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչուած է տարուայ լաւագոյն երգ: 1989-ին ամուսնացած եւ երկու զաւակի տէր, ան 1991-ին մեկնած էր Միացեալ նահանգներ` Լոս Անճելըս: Չորս տարի ետք, Երեւան վերադարձած, ան շարունակեց երաժշտական գործունէութիւնը եւ 1997-էն 2001, ղեկավարեց Արմէն Տիգրանեանի անուան երաժշտական դպրոցը:Ան հանդէս եկած է աշխարհի աւելի քան վաթսուն երկիրներէ ներս:
2002-ին Լոս-Անճելըսի Հոլիվուտ եւ Պըրպէնք շրջաններէն ներս, ան հիմը դրած էր “Կոմիտաս“ անուան երաժշտական դպրոցներուն: 2006-2007-ին առաջին անգամ Հայաստանի մԷջ կատարուեցաւ Ֆլորայի կազմակերպած “Կոմիտաս“ համահայկական միջազգային մրցոյթը, որուն մասնակցեցան երկու հազար երեխաներ: Ստորեւ, այս գրութիւնը.-
Բոթը ցնցող էր, սիրտ ու հոգի սղոցող… Բոթը պարտադրեց զգալ կորստի մեծ ցաւն ու մրմուռը… Ֆլորա Մարտիրոսեանի մահը մեր վերջին մեծ մահերից մէկն է, որը դառնում է սուր ու ցաւեցնող հարուած բոլորիս սրտերին:
Դեռ օրեր առաջ երկարատեւ հեռախօսազրոյցի ժամանակ իր ծրագրերից էր խօսում, առաջարկում էր անդրադարձ կատարել իր ստեղծագործութեանը, գրել իր մասին` նաեւ յուշելով այն նոր հանգրուանները, որոնցում ինքզինքը նորովի պիտի հաստատէր…
Հիմա այդ խօսակցութիւնն արդէն թանկ ու նուիրական յուշ է, երգչուհու վերջին զգացողութիւնների ու ցանկութիւնների ընդհատուած էջ… Ո՞վ կը պատկերացնէր, որ այսքան վաղ ու վաղաժամ պիտի հեռանար ազգային երգի նուիրեալներից մէկը` տաղանդաւոր երգչուհին, որ տասնամեակներ շարունակ ապրեցրեց մեր երգը, շունչ ու ոգի տուեց մոռացութեան մէջ պարփակուած մի շարք ստեղծագործութիւնների, նոր կեանք տուեց Դանիէլ Ղազարեանի երգերին` ազգային ռոմանսն ու բալլադը հասցնելով կատարման մի նոր աստիճանի:
Ժամանակներ առաջ մենք շնորհաւորեցինք Ֆլորա Մարտիրոսեանին Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման արժանանալու համար: Թէեւ մինչ այդ չէր ստացել վաստակաւոր արտիստի կոչում, ինչն էլ որոշակի ներող սրտուածութիւն առաջացրեց, սակայն հասկացանք, որ նման արուեստագէտների համար պատուաւոր կոչումներն ընդամէնը պաշտօնական արձանագրութիւններ են: Քանզի ժողովրդի բարձր գնահատականին Ֆլորա Մարտիրոսեանն արժանացել էր տակաւին առաջին բեմերից յետոյ` իր սիրելի Լենինական-Գիւմրիում, ուր սովորելով Քրիստափոր Կարա-Մուրզայի անուան երաժշտական ուսումնարանում` ընդգրկուել էր նաեւ նշանաւոր Աղասի Շաբոյեանի գլխաւորած երգի-պարի անսամպլ: Յատուկ Ֆլորայի համար այստեղ մշակումներ էին արւում, յատուկ նրա համար անսամպլի պարային կատարումների կողքին տեղ էր տրւում երգին, որովհետեւ հոգուց բխող երգը, որն աղօթքի ու մրմունջի էր նման, միանգամից գրաւում էր ունկնդրին, նրան պարտադրում ապրել, յուզուել, երկխօսութիւն վարել սրտի հետ: Մի քանի տարի Աղասի Շաբոյեանի հետ աշխատելուց յետոյ տաղանդաւոր երգչուհին հրաւիրուեց նորաստեղծ ժողվրդական նուագարանների պետական նուագախումբ, որի առաջատար մենակատարուհին դարձաւ: “Լանջեր Մարջան“, “Տլէ Եաման“ երգերը կարծես ստեղծուած էին միայն ու միայն Ֆլորա Մարտիրոսեանի համար, քանզի դրանք սոսկական կատարումներ չէին: Ֆլորա Մարտիրոսեանը ոչ թէ երգում, այլ աղօթում էր, ապրում երգը, ունկնդրին պարզում իր մենախօսութիւնը` ամփոփուած մեղեդու մէջ: Այն մեղեդու, որը դուդուկի հնչողութիւնն ունի, որը հիւսւում է սրտի “նոտաներից“…
1978-ին երգչուհին առաջին անգամ հանդէս եկաւ Խ.Ս.Հ.Մ. մայրաքաղաք Մոսկուայում` ընդգրկուած լինելով “Արարատեան հովտի մեղեդիները“ համերգային ծրագրում: Համերգն ինքն էր սկսում` ունկնդիրներին տանելով ազգային երգի ոլորտները: Այդ նոյն օրերին Մոս-կուայում հանդէս էր գալիս հռչակաւոր “Բոնի Մ“ նուագերգական համոյթը: Շատերը գալիս էին Ֆլորային ունկնդրելու, ապա գնալու աշխարհահռչակ համոյթի համերգին: Ռուսական երգի մեծագոյն վարպետները` Լիւդմիլա Զիկինան, Իոսիֆ Կոբզոնը, Օլգա Վորոնեցը հիացած էին Ֆլորայով, նրան համարում էին անսպասելի հրաշք…
Տասնամեակներ շարունակ մեզ ուղեկցեց Ֆլորա Մարտիրոսեանի երգը, տասնամեակներ շարունակ նա կատարեց այնպիսի ստեղծագործութիւններ, որոնք համահունչ էին նրա ձայնածաւալին, երգի մասին ունեցած նրա պատկերացումներին: Ու հիմա այդ երգի մեղեդիները գլոր-գլոր գնում են ցաւի ու վշտի ոլորաններով` պարտադրելով լռել, ոչինչ չասել, միայն զսպել մեր հոգիներում ուռճացող փղձուկը: Բայց երգը չի մեռնում, երգը չի մոռացւում… Ֆլորա Մարտիրոսեանի երգը միշտ մեզ հետ կը լինի…