Արուեստ Եւ ՄշակոյթԳլխաւոր

«Եթէ Պատմութիւնը Օր Մը Բարեհաճի Յիշել Քեզ»…

 

ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ

Սեպտեմբեր, 2025                                                                   

Վկայակոչելով մեծանուն Պետրոս Ադամեանին, վերոյիշեալ խօսքերն էր մէջբերել իր ելոյթում հանճարեղ դերասանապետ Մանուէլ Մարութեանը՝ 1980-ին, Նիւ Եորքում իր բեմական, գրական ու հասարակական գործունէութեան 60-ամեակի առիթւ կազմակերպուած յոբելեանական հանդիսութեան ընթացքում:

Իսկ ինչպէ՜ս չյիշել քեզ՝ հայ բեմի մեծարժան, համեստ ու անխոնջ նուիրեալ՝ Մանուէլ Մարութեան:

Թեհրան: 1970-ական թուականներին էր: Սկսնակ երիտասարդ գրողներ էինք: Մեր գործերը լոյս էին տեսնում գլխաւորաբար «Ալիք Պատանեկան» երկշաբաթաթերթում եւ «Ալիք» օրաթերթում: Գրական մեր հետաքրքրութիւններն ու սէրը խթան էին հանդիսացել, որ մասնակցենք ամէն Չորեքշաբթի երեկոյեան, Իրանահայ Գրողների Միութեան հանդիպումներին, որոնք տեղի էին ունենում Ֆրանսիայի փողոցում գտնուող Հայոց Ակումբում: Ազգային, քաղաքական, հասարակական, կրթական եւ մշակութային ականաւոր գործիչ,  «Ալիք» օրաթերթի երբեմնի խմբագիր՝ Անդրէ Ամուրեանի նախագահութեամբ միութեան անդիպումներին երբեմն ներկայ էր լինում նաեւ իր մտերիմ ընկերներից՝ դերասանապետ Մանուէլ Մարութեանը, ով նաեւ նշանակուել էր Հայոց Ակումբի վարիչ: Մարութեանի ներկայութիւնն ու մասնակցութիւնը, յատուկ երանգ ու ոգեւորութիւն էր պատճառում հանդիպումներին, մասնաւորաբար, երբ նա իր դերասանական իւրովի արտայայտչաձեւերով պատմում էր իրեն հոգեհարազատ մտաւորական հանրայայտ դէմքերի ու գաղափարակից գրող ընկերների ու քաղաքական գործիչների հետ ունեցած անմոռանալի զրոյցների ու հանդիպումների մասին:

Ընկեր Մարութեանը քաջալերական յատուկ ուշադրութիւն էր տածում մեր՝ երիտասարդ գրասէրներիս նկատմամբ: Միութեան ժողովներից յետոյ ակումբի ամառային գեղեցիկ բացօթեայ տարածքում հաւաքւում էինք ընկերոջ շուրջը եւ նա կարդում էր տակաւին չհրապարակած իր նոր գրութիւններն ու պատմուածքները ժամանակի մեծանուն դէմքերի հետ ունեցած ընկերական մտերիմ հանդիպումների ու տպաւորութիւնների դրուագներով: Ընթերցումից յետոյ մենք հիացմունքով լսում ու հարցումների տեղատարափով խնդրում էինք, որ ընկեր Մարութեանը առաւել տեղեկութիւններ պատմէր յիշեալ դէմքերի մասին: Եւ նա համբերութեամբ ու սիրով մէկ առ մէկ պատասխանում էր մեր հարցումներին, խրախուսելով եւ յորդորելով, որ մենք՝ երիտասարդներս եւս, պիտի շարունակենք հաւատարիմ մնալ այդ մեծերի թողած գրական ու հայրենասիրական ժառանգութեանը: 1981 թուկանին, երբ արդէն ընկեր Մարութեանը ընտանիօք տեղափոխուել էր Միացեալ Նահանգներ, «Փակուած վարագոյրի առջեւ» վերնագիրը կրող հատորով հրատարակեց յիշեալ մեծերին նուիրուած իր յուշագրութիւնները:

Անջնջելի յիշատակելի երեկոյ դարձաւ 1972 թուականի Հոկտեմբերի 31-ը: Նախաձեռնութեամբ Իրանահայ Գրողների Միութեան, թուով հինգ   ասմունքողներ կազմակերպել էինք բացառիկ երեկոյ՝ նուիրուած հայ մշակոյթի մեծարման: Երեկոն արժանացաւ ներկաների բարձր գնահատանքին, որից յետոյ միութեան կողմից տեղի ունեցաւ հաւաք-ճաշկերոյթ՝ ի պատիւ միջոցառման կազմակերպողների ու միութեան անդամների: Ճաշկերոյթը իր գագաթնակէտին հասաւ, երբ Անդրէ Ամուրեանի առաջարկով թամադա-սեղանապետ նշանակուեց դերասանապետ Մանուէլ Մարութեանը:

– Ընկերներ, բարեկամներ, – բաժակը բարձրացնելով ասաց ընկեր Մարութեանը,- ասմունքող մեր տղաների ու աղջիկների ներկայացրած գրական-գեղարուեստական այսօրուայ ձեռնաարկը ինձ այնքան յուզեց ու ոգեւորեց, որ մեծ սիրով ու հաճոյքով կատարելու եմ մեր սիրելի Անդրէի առաջարկը: Թող այս երեկոն յիշատակելի երեկոյ դառնայ բոլորիս համար: Ձեր բոլորի կենացը:

Բառերն ու զգացումները յիրաւի անզօր ու անբաւարար են նկարագրելու եւ բնութագրելու այն անմոռանալի պահերը, երբ ընկեր Մարութեանը իր վանեցու աննման առոգանութեամբ ու հումորով վարեց երեկոն, վերածելով անմոռանալի եզակի պահերի, որ սեղանի շուրջ հաւաքուածներս չէինք ուզում վերջանար: Չէինք ուզում գիշերը աւարտուէր, ուզում էինք ժամանակը երկարէր եւ կամ առաջ չշարժուէր: Իր անկրկնելի սեղանապետութեամբ բոլորիս հոգիներում ու սրտերում կնքուեց անջնջելի յիշատակներ ու յուշեր:

Ընկեր Մարութեանը հրաշալի պատմող էր: Եւ այդպէս կարելի էր ժամերով լսել իրեն ու անյագուրդ մնալ: Պատմելու կախարդական ձիրք ունէր: Աչքերի, դէմքի, յատակպէս դիմաշարժման հետ իր խօսույթը միաձուլելու եւ դիմացի ունկնդրի ամբողջական ուշադրութիւնն ու հտաքրքրութիւնը իրեն հմայելու եւ գրաւելու անասելի, բնատուր տաղանդ ունէր ընկերը: Իսկ դա արդիւնքն էր իր դերասնական բարձրաժէք տաղանդի, մի տաղա՛նդ, որ տասնամեակներ շարունակ աշխարհի շատ ու շատ քաղաքների բերմերում հիացմունք պատճառեց հայ թատերասէր համայնքներին: Հայ բեմին ծառայելը համարում էր նուիրական առաքելութիւն եւ համեստաբար այդ մասին գրել էր,- մէջբերում եմ,-  «շատերը ինձ հարցնում են, ի՞նչ միտք ունի գաղթաշխարհում պահել հայ թատրոնը: Չէ՞ որ այն երկրներում, այն քաղաքներում, ուր մենք ապրում ենք, թատերական արուեստը շատ բարձր է եւ չենք կարող նրանց հետ մրցել: Ես ասում եմ, մրցութեան համար չէ, այլ պահելով, պահպանելով հայ թատրոնը եւ նրան նուիրուած մշակները, մենք պահպանած կը լինենք մեր լեզուն, մեր գրականութիւնը, մեր նկարչութիւնը, որովհետեւ թատրոնը այդ բոլորի խտացումն է: Հիմա, երբեմն, երբեմն մտածում եմ, թէ ի՞նչ ուժ է տուել ինձ հայ ժողովուրդը, որ կարողացել եմ մտնել 24 երկիրներ, 127 քաղաքներ, ուր շատ անգամ ոչ մէկ հատ ծանօթ չեմ ունեցել եւ այդտեղ, սափրիչից, կօշկակարից, դերձակից, ուսուցչից, ազնիւ երիտասարդ-երիտասարդուհիներից խմբեր կազմել ու ներկայացումներ տուել: Այդ, ես ստացել եմ իմ ժողովրդից»:

Բեմական արուեստի բազմաբեղուն գործերի հետ մէկտեղ, բարձր գնահատանքի արժանի են Մարութեանի աւելի քան երկտասնեակ հատորներով գրական-գեղարուեստկան, թարտերագրական ու յուշագրական ստեղծագործութիւնները, որոնցից շատերը սպառուել եւ վերահրատարակուել են Սփիւռքում: Պատմուածաքագրութեան իւրովի հոգեհարազատ ոճով ներկայացրած իր յուշագրութիւնները, որոնց գլխաւոր մասը ներկայացուած են «Երբ իջնում է վարագոյը» եւ «Փակուած վարագոյրի առջեւ» հատորներում յիրաւի ազգային, քաղաքական, մշակութային, ու գրական  դէմքերի ու գործիչների մասին աժէքաւոր յիշատակարաններ են հայ գրականութեան համար:

Վերջին անգամ 1984-ի ամրանը հանդիպեցի լեգենդար դերասանապետին Կալիֆորնայի Ռեսիդա քաղաքում գտնուող իր բնակարանում: Տիկնջս հետ գնացել էինք այցելելու եւ մեր յարգանքը ու բարեկամական հին կապերը վեահաստատելու վարպետի հետ: Տարիների յոգնութիւնն ու ծերութիւնը անառողջութեան հետ մէկտեղ իրենց ծանր հետքերն էին թողել հայ բեմի բազմավաստակ արքայի՝ ընկեր Մարութեանի վրայ: Նստել էր բազկաթոռին՝ կողքին ունենալով բժշկական թթուածնի կարգաւորիչ սարքն ու դիմակը: Այնուամենայնիւ, ժպտուրախ դէմքով ջերմօրէն ընդունեց մեզ եւ զրոյցը ծաւալուեց հին ու անմոռանալի յուշերի վերարթնացմամբ: Ամէն անգամ, երբ պատմում էր անցեալի մասին խոշոր աչքերի մէջ կարծես առկայծում էին բեմական կեանքը կրկին ապրելու անմար երազանքը:

Հայ բեմի լեգենդարը կեանքին հրաժեշտ տուեց 1986-ին, 85 տարեկանում, հայրենի ծննդավայր՝ Վանից հազարւոր մղոններով հեռու՝ Լոս Անճելըսում:

«Ես մի հրաւէր եմ ստացել մասնակցելու մի մեծ, շատ մեծ ներկայացման, մի փոքրիկ դերով ներկայացման թուականը ճշտուած չի,- Նիւ Եորքում ունեցած ելոյթում ասել էր Մարութեանը,- բայց ես որ հիմա մեր ապրող դերասանների մէջ տարիքով ամէնէն երէցն եմ, երբ այնտեղ գնամ ամէնէն կրասերը կը դառնամ: Այդ ներկայացման մասնակցում են Ադամեանը, Սիրանոյշը, Աստղիկը, Զարիֆեանը, Սեւումեանը , Շահխութունին, Փափազեանը եւ շատ ուրիշներ: Եւ յանկարծ Ադամեանը պիտի ասէ.- «Տղա՛ս, այն աշխարհէն որ եկար, ինչպէ՞ս է հայ թատրոնի վիճակը»: Պիտի ասեմ.- «Մեծագոյն վարպետ, մեր հայրենիքում հայ թատրոնը բարգաւաճում է, իսկ գաղթաշխարհում, դեռ կան սրբազան խենթեր, ազնիւ մարդիկ, որոնք ամէն ջանք թափում են հայ թատրոնը պահելու»: Իսկ վերջին ընկերս, որ գնաց այն աշխարհ՝ Գուրգէն Ջանիբէգեանը, պիտի հարցնէ.- «Մարութեա՛ն, այստեղ ասում են, որ մենք կրկին պիտի ծնուենք եւ վերադառնանք Աշխարհ: Եթէ վերադարձար, ի՞նչ ազգի պիտի ուզէիր պատկանել եւ ի՞նչ պիտի անէիր»: – Ես պիտի պատասխանէի՝ «եթէ իսկապէս իրաւ է, որ մենք կրկին պիտի վերադառնանք այն աշխարհ, ուրկից եկած ենք, ես դարձեալ կուզէի ծնուել որպէս հայ եւ լինել հայ դերասան, բայց այս անգամ իմ հայրենի բեմի վրայ», – ասել էր լեգենդար դերասանապետը:

Հայ գրականութեան անմահներից՝ Սերօ Խանզադեանի խօսքերով «մեծերը չեն մահանում, նրանք ձուլւում են մարդկանց հոգիներին, մտնում մարդկանց սրտերը՝ սերնդէ սերունդ յարատեւելու անխախտութեամբ»:

Այնպէս որ, արձագանքելով «եթէ պատմութիւնը օր մը բարեհաճի յիշել քեզ» մեծանուն Ադամեանի խօսքին, խոնարհաբար կուզեմ աւելացնել, որ հայ բեմի մեծավաստակ նուիրեալ՝ Մանուէլ Մարութեան, մենք միշտ մեծարանքով պիտի յիշենք քեզ…:

 

 

 

 

 

 

 

 

 

Armenian Weekly Magazine Armenian Weekly Magazine

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button