
Ստորեւ, գրեթէ ամբողջութեամբ, լոյս կ՛ընծայենք Արցախի երիտասարդական հարցերու եւ մշակոյթի նախարար Նարինէ Աղապալեանի խօսքը, արտասանուած Չորեքշաբթի, Մարտ 13-ին, Արցախի Ազատագրական Շարժումի 25-ամեակի առթիւ` Քոնկրէսի “Քենըն“ շէնքին մէջ, կազմակերպուած յատուկ տօնակատարութեան ընթացքին:
Յարգարժան հոգեւոր հայրեր, Մեծարգոյ պարոն դեսպան Մարգարեան, մեծարգոյ քոնկրէսականներ, տիկնայք եւ պարոնայք…
Այս օրերին ոչ միայն իմ հայրենիքում` Արցախում, այլեւ աշխարհի բազմաթիւ երկրներում, այդ թւում եւ Միացեալ Նահանգներում իմ ժողովուրդը նշում է իր համար ճակատագրական դերակատարութիւն ունեցած` երկու պատմական իրադարձութիւնների 25-ամեակը. Արցախեան շարժման եւ Սումկայիթեան ցեղասպանութեան:
Արցախեան շարժումը խորհրդանշում է հայ ժողովրդի մի հատուածի` Արցախահայութեան պայքարը իր իրաւունքների եւ ազատութեան համար:
Ինձ վիճակուել է լինել ոչ միայն այդ պատմական անցքերի ականատեսը, այլեւ անմիջական մասնակիցը: Արցախեան շարժումը սկսուեց 80-ականների վերջին: Դա Կորպաչովեան “վերակառուցման“ ժամանակաշրջանն էր, երբ Խորհրդային Միութիւնում սկսուեց քաղաքական նոր իրավիճակ, որը ժողովրդավարութեան յոյսեր ներշնչեց շատերին, եւ խրախուսեց` բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք տասնամեակներով, Խորհրդային Միութեան կազմաւորումից ի վեր` գոյութիւն են ունեցել, սակայն որոնց մասին, համայնավարական վարչաձեւի ճնշման տակ, պահպանուել է “խորհրդաւոր լռութիւն“: Արցախեան խնդիրը մէկն էր այդ խնդիրներից եւ մենք առաջինն էինք, որ փորձեցինք խախտել այդ “խորհրդաւոր լռութիւնը“:
Երբ սկսուեց Արցախեան շարժումը, ես Ստեփանակերտի մանկավարժական հիմնարկի ուսանող էի: Փետրուար 13, 1988-ին Ստեփանակերտում, մեր հիմնարկում ուսանողութիւնը որոշեց ցոյց կազմակերպել եւ հրապարակաւ յայտնել, որ այլեւս չենք ուզում հանդուրժել Ատրպէյճանի բռնատիրութիւնը եւ ուզում ենք ինքնուրոյն տնօրինել մեր ճակատագիրը մեր պատմական հայրենիքում: Հիմնարկի ղեկավարութիւնը, տեղեկանալով մեր այդ մտադրութեան մասին, կղպեց դռները, որպէսզի մենք չկարողանանք դուրս գալ փողոց եւ ցոյց կազմակերպել: Դա ուղղակի բռնութիւն էր մեր ազատութեան վրայ: Մեզ ուրիշ ոչինչ չէր մնում անել, քան ցատկել շէնքի երկրորդ յարկի պատուհանից եւ դուրս գալ փողոց: Իրականում, այդ ցատկով մենք յաղթահարեցինք պատնէշը ոչ միայն մեր առջեւ, այլեւ` մեր մէջ: Դա քաղաքացիական ինքնագիտակցութեան զարթօնքի պահ էր, բռնատիրութեան դէմ ժողովրդական ըմբոստութեան ծնունդ:
Դուրս գալով փողոց, մենք շարժուեցինք դէպի քաղաքի կեդրոնական հրապարակը: Մեր շարժմանը միացաւ Ղարաբաղի ամբողջ ժողովուրդը: Ժողովուրդը զգաց, որ ինքն է իրական ուժը եւ ինքն է որոշողը: Դա մեծ խիզախութիւն էր խորհրդային վարչակարգի պայմաններում: Խորհրդային տարածքում առաջին անգամ, ժողովուրդը դուրս եկաւ հրապարակ` բարձրաձայնելու իր իրաւունքի մասին:
Արցախի Ժողովրդի կամքը պաշտպանեցին նաեւ այն ժամանակուայ պատգամաւորները: Փետրուար 20-ին, Արցախի մարզխորհուրդը ընդունեց որոշում, որով պահանջ էր ներկայացւում Խորհրդային իշխանութիւններին` Արցախի Ինքնավար մարզը Ատրպէյճանից Հայաստանի կազմ վերադարձնելու մասին: Այդ մասին երազել էին մեր նախնիները, սկսած` 1921թուականից, երբ պոլշեւիկեան կովկասեան բիւրոյի որոշմամբ Արցախը բռնակցուեց Ատրպէյճանին:
Մենք միամտօրէն հաւատում էինք, որ Մոսկուայում կեդրոնական իշխանութիւնները կը լսեն մեր ձայնը եւ համապատասխան որոշում կ՛ընդունեն: Հաւատում էինք, որովհետեւ մեր խնդրանքի մէջ հակասահմանադրական ոչինչ չկար եւ որովհետեւ 80-ականներին Խորհրդային Միութիւնում սկսուած բարեփոխումները արդարութիւնը վերականգնելու յոյս էին արթնացրել մեր հոգում:
Սակայն, ընդամէնը մի քանի օր յետոյ տեղի ունեցաւ “Սումկայիթը“: Ատրպէյճանի հայաշատ այդ քաղաքում, խորհրդային իշխանութիւնների թողտուութեամբ, պետական մակարդակով կազմակերպուեց քաղաքի հայ ազգաբնակչութեան կոտորածը: Բոլորովին անմեղ մարդիկ դաժանօրէն սպանուեցին եւ բռնութիւնների ենթարկուեցին միայն այն պատճառով, որ հայ էին: Դա Ատրպէյճանի պատասխանն էր մեր խաղաղ ցոյցերին:
Սումկայիթը խորհրդային Միութեան համար դարձաւ իւրօրինակ “լակմուսի թուղթ“, որը ի ցոյց դրեց վարչաձեւի կենսունակ չլինելը: Եւ, այն, ինչ սկսուեց 25 տարի առաջ, քարտէսի վրայ աննշան մի կէտում` Արցախում, էական ազդեցութիւն ունեցաւ ոչ միայն տուեալ տարածքի, այլեւ Խորհրդային փլուզման եւ աշխարհաքաղաքական յետագայ զարգացումների վրայ:
Մեր առջեւ ծառացաւ ֆիզիքական բնաջնջման խնդիրը եւ մենք պարտաւոր էինք միջոցներ ձեռնարկել Ատրպէյճանի ռազմական նախայարձակ ինքնապաշտպանութեան համար:
Մեզ պարտադրուած պատերազմը մարդկային հազարաւոր կեանքեր խլեց, գրեթէ ամբողջութեամբ աւերեց Արցախի տնտեսութիւնը, ենթակառուցուածքները, բնակելի հիմքը, նշանակութիւն ունեցող հարիւրաւոր շէնքեր, եւ պատճառ դարձաւ հազարաւոր մարդկանց բռնի տեղահանութեան:
Չորս տարի շարունակ, մենք ապրել ենք մութ ու խոնաւ նկուղներում, առանց լոյսի ու վառելանիւթի, հնարաւորութիւն չունենալով անգամ խմելու ջուր հայթայթել: Ամէն վայրկեան մեր բնակավայրերը ռմբակոծւում էին, մեր երեխաները հնարաւորութիւն չունէին դպրոց գնալու: Շատ երեխաներ հաշուել սկսեցին սովորել հրետակոծութեան ժամանակ, պայթած փամփուշտների պարկուճները հաշուելով: Նրանք ականջ էին դնում արձակուած գնդակների ու ռմբերի սուլոցներին եւ որոշում թէ որ զինատեսակն է պայթել:
Վստահ եմ, որ այս պատմութիւնը քաջածանօթ է ներկաներից շատերիդ, ուստի, յարգելով ձեր ժամանակը, կը ցանկանայի անդրադառնալ առաւելապէս այսօրուայ իրողութիններին:
Քառորդ դար անց Արցախի Հանրապետութիւնը, որի` պատմական հիմքի վրայ վերականգնուած անունն է` Արցախի Հանրապետութիւն, կայ, գոյութիւն ունի որպէս ազատ, ինքնիշխան, ժողովրդավարական պետութիւն: Այս 25 տարիների ընթացքում, Արցախում զգալի փոփոխութիւններ են կատարուել` պատերազմի հետեւանքով աւերուածը վերականգնելու, մարդկանց համար կենսական պայմաններ ապահովելու, ժողովրդավարական երկիր կառուցելու առումով:
Լինելով միջազգայնօրէն չճանաչուած, եւ զրկուած` համապատասխան օժանդակութիւնից, մենք ընտրել ենք ժողովրդավարութիւն ուղին եւ մեզ յաջողուել է ստեղծել ու կառուցել մի պետութիւն, որտեղ մարդու եւ ժողովրդի իրաւունքները բարձրագոյն արժէքներ են: Ժողովրդավարութեան սկզբունքին Արցախի Հանրապետութեան հաւատարմութիւնը բազմիցս փաստել են նաեւ Ա.Մ.Ն. օրէնսդիրները եւ բոլոր միջազգային դիտորդները, ովքեր այս տարիների ընթացքում առիթ են ունեցել հետեւելու Արցախում նախագահական, խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման ընտրութիւններին:
Այդ ամէնին մենք հասել ենք Ատրպէյճանի կողմից նախայարձակի մշտական սպառնալիքի պայմաններում: Ատրպէյճանա-Արցախեան սահմանի վրայ ամէն օր կրակոցներ են լինում: Այդ կրակոցներից յաճախ են զոհւում 18, 20 տարեկան երիտասարդներ: Սա վկայում է, թէ ինչքան փխրուն է խաղաղութիւնը Արցախում, ուրեմն եւ` տարածաշրջանում:
Անշուշտ, Ատրպէյճանա-Արցախեան հակամարտութեան գօտում խաղաղութեան պահպանման գործում մեծ է ԵԱՀԿ Մինսքի խմբի դերակատարութիւնը, որի համանախագահն է նաեւ Միացեալ Նահանգները, ինչի համար կը ցանկանայի իմ երկրի իշխանութիւնների եւ ժողովրդի երախտագիտութիւնը յայտնել Ամերիկայի պետութեանը:
Սակայն, կարծում եմ, այն, ինչ այսօր էլ տեղի է ունենում Ատրպէյճանում, որեւէ լաւատեսութիւն չի ներշնչում, թէ միջնորդական ջանքերը մօտ ապագայում ցանկալի արդիւնք կը տան:
Թէ Արցախում եւ թէ Ատրպէյճանում այսօր արդէն ապրում է հասուն տարիքի նոր սերունդ , եւ, թւում է, լաւագոյն հնարաւորութիւն կայ` հանդուրժողականութիւնը արմատաւորելու եւ խաղաղութիւնը կայուն ու մշտական դարձնելու համար: Դա տեղի չի ունենում լոկ մէկ պատճառով. Եթէ Ատրպէյճանից ամէն օր հնչում է պատերազմի սպառնալիք, դա նշանակում է, որ սահմանի երկու կողմերում էլ ամէն օր պատրաստւում են պատերազմի:
Ատրպէյճանի նախագահն ինքը թշնամի է յայտարարում մի ամբողջ ազգի, խրախուսում է եւ ազգային հերոս է դարձնում մէկին, ով կացնով սպաննել է քնած հային եւ նրան որպէս իտէալ է մատուցում իր նոր սերունդներին, իսկ ժողովրդական գրողի նկատմամբ պետական մակարդակով հետապնդում եւ հալածանք է կազմակերպւում այն պատճառով, որ նա համարձակուել է իր ստեղծագործութեան մէջ ներկայացնել իր տեսակէտը Ատրպէյճանա-Արցախեան հակամարտութեան մասին… Այս շարքը կարելի է երկար շարունակել եւ սա անցեալ չէ, սա մերօրեայ իրողութիւններն են, որոնք, մեղմ ասած, խիստ կասկածի տակ են դնում խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու` Ատրպէյճանի պատրաստակամութիւնը, առաւել եւս` Արցախի ժողովրդի անվտանգութիւնը երաշխաւորելու խոստումները:
Ցանկացած հակամարտութեան խաղաղ կարգաւորման առաջին քայլը քաղաքակիրթ երկխօսութիւնն է: Այս առումով կը ցանկանայի յարգարժան լսարանի եւ յատկապէս ամերիկացի քոնկրէսականների ուշադրութիւնը հրաւիրել այն իրողութեան վրայ, որ Ատրպէյճանը ոչ միայն չի պատրաստւում երկխօսութեան, այլեւ փորձում է կանխել կամ խանգարել Արցախի ցանկացած քաղաքակիրթ հաղորդակցումը աշխարհի հետ:
Տարիներ շարունակ Ատրպէյճանը Արցախի Հանրապետութեան նկատմամբ իրականացրել է եւ այսօր էլ շարունակում է իրականացնել մեկուսացման քաղաքականութիւն, ինչը, յաճախ անցնում է առողջ բանականութեան սահմանները: Արցախ այցելած իւրաքանչիւր ոք յայտնւում է Ատրպէյճանի “Սեւ ցուցակում“, անգամ եթէ այդ անձը այցելել է ամենախաղաղասիրական առաքելութեամբ կամ զուտ զբօսաշրջային հետաքրքրութիւններով: Այդ ցուցակում են յայտնուել տարբեր երկրների խորհրդարանների պատգամաւորներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, ովքեր այս տարիներին, որպէս դիտորդ այցելել են Արցախ, բազմաթիւ լրագրողներ, ովքեր եկել են լուսաբանելու Արցախում տեղի ունեցող իրադարձութիւնները, քանդակագործներ, երգիչներ, նկարիչներ եւ այլն: Ատրպէյճանի համար անցանկալի անձանց ցուցակում են նոյնիսկ տիեզերագնացներ Չարլզ Տիուկը եւ Քլոտ Նիքոլեն, ովքեր Ստեփանակերտում մասնակցել են Նիլ Արմսթրոնկին նուիրուած “Մարդը եւ տիեզերքը“ գիտաժողովին: Պարզւում է, որ Մարդիկ, ովքեր եղել են անգամ Լուսնի վրայ, իրաւունք չունէին ոտք դնել Արցախ առանց Ատրպէյճանից թոյլտուութիւն խնդրելու… Այսպիսի քաղաքականութիւնը շարունակելու դէպքում, կարծում եմ, Ատրպէյճանի “սեւ ցուցակում“ գրանցուածները կը գերազանցեն երկրի բնակչութեան թիւը, որովհետեւ Արցախ այցելողների թիւը ոչ թէ պակասում, այլ տարեկան առնուազն 40-50 տոկոսով աճում է: Ի դէպ, դրան նպաստում է նաեւ միջազգային ցուցահանդէսներում Արցախը ներկայացնելու նախաձեռնութիւններին խոչընդոտելու` Ատրպէյճանի անհեթեթ պահուածքը, որը լրացուցիչ հետաքրքրութիւն է առաջացնում Արցախի հանդէպ:
Արցախը աշխարհից մեկուսացնելու քաղաքականութիւնը թերեւս բացատրւում է նրանով, որ Ատրպէյճանը, հակառակ իր պնդումների, շահագրգռուած չէ, որպէսզի միջազգային հանրութիւնն իմանայ, թէ իրականում ինչ է կատարւում Արցախում: Որովհետեւ իրականութիւնը բոլորովին տարբեր է այն “ճշմարտութիւնից“, որը նա է աշխարհին մատուցում:
Ի հարկէ, ողջունելի են բոլոր այն կառոյցների եւ քաղաքական գործիչների ջանքերը, որոնք իրենց յայտարարութիւններով փորձում են Ատրպէյճանին սթափութեան կոչել, սակայն նաեւ ակնյայտ է, որ Ատրպէյճանին յաջողւում է մշտաբորբոք պահել լարուածութիւնը տարածաշրջանում եւ վտանգել Արցախեան խնդրի խաղաղ կարգաւորման գործընթացը: Նման իրավիճակում, բնականաբար, մեզ մնում է յիշեցնել, որ 25 տարին բաւարար ժամկէտ էր` անցեալից դասեր քաղելու համար եւ Արցախի պետութիւնը այսօր աւելի, քան երբեւէ պատրաստ է պաշտպանելու իր իրաւունքները:
Ինքնորոշման իրաւունքը դա ժողովուրդների հիմնարար եւ անօտարելի իրաւունքն է եւ ժողովուրդների իրաւահաւասարութեան միջազգային երաշխիքը:
Այս ընկալման դրսեւորումները միջազգային հանրութեան կողմից աւելի ու աւելի ակնյայտ են դառնում: Այդ մասին է վկայում վերջին քառորդ դարում աշխարհի քարտէսի վրայ է տասնեակից աւելի նոր պետութիւնների ի յայտ գալը:
Արցախի Հանրապետութիւնը իր ժողովրդի կամքի արտայայտութեամբ ստեղծուած իրաւական պետութիւն է, եւ հէնց այս պետութեան չճանաչումն է, որ հակասում է միջազգային իրաւունքին ու տիպարներին: Այդ չճանաչումը խոչընդոտում է Արցախում ապրող մարդկանց իրաւունքների իրացմանը: Թերեւս տեղին է մէջբերել Ա.Մ.Ն. երրորդ նախագահ, ակնառու քաղաքական գործիչ Թոմաս Ճեֆըրսըն խօսքը. “Աշխարհում ամէն ինչ փոխւում է, բացի մարդու բնական իրաւունքներից“:
Այս առումով կը ցանկանայի շնորհակալութիւն յայտնել Ա.Մ.Ն. օրէնսդիր մարմնի այն ներկայացուցիչներին, ովքեր բոլոր այս տարիներին պաշտպանել են Արցախում ապրող մարդկանց իրաւունքները, իրենց ջանքերն են ուղղել Արցախի Հանրապետութեան ճանաչմանը եւ աջակցել Արցախում ժողովրդավարութեան զարգացմանը:
Իմ երկրի իշխանութիւնների եւ ժողովրդի անունից ուզում եմ շնորհակալութիւն յայտնել եւ Արցախի ժողովրդի ջերմ ողջոյններն ու բարեմաղթանքները հաղորդել բոլոր այն քոնկրէսականներին, ովքեր Արցախեան շարժման 25-րդ տարեդարձի առիթով իրենց շնորհաւորանքն են յղել Արցախի Հանրապետութեան նախագահին եւ ժողովրդին: Ուրախ կը լինենք տեսնել ձեզ Արցախում, որովհետեւ Արցախի մասին ճշմարտութիւնն իմանալու լաւագոյն միջոցը Արցախում լինելն է: Իմ երկիրը բաց է բոլոր նրանց առջեւ, ովքեր կը գան բարի կամքով` տեսնելու եւ ճանաչելու այն:
“Արցախում այնքան մաքրութիւն ու խորութիւն կայ, որ ոչ մի տեղ չես հանդիպի եւ վերջերս խոստովանել են Ֆրանսիայից ժամանած դերասանները, որոնք համերգով հանդէս են եկել Արցախի հանդիսատեսի առաջ: Գրեթէ նոյնպիսի խոստովանութիւններ, յատկապէս վերջին տարիներին, մենք աւելի ու աւելի յաճախ ենք լսում մեր այցելուներից: Նրանք գալիս են տեսնելու Արցախի պատմական յուշարձանները, որոնց թիւը անցնում է մի քանի հազարից, ծանօթանալու նրա մշակոյթին, հանգստանալու մաքուր բնութեան գրկում, վայելելու մաքուր օդն ու սնունդը եւ, վերջապէս, շփուելու Արցախի ժողովրդի հետ, որը, բոլոր ժամանակներում էլ աչքի է ընկել իր հիւրասիրութեամբ եւ անմիջականութեամբ:
Անշուշտ, Արցախի կայացման եւ զարգացման գործում մեծ է Հայաստանի եւ հայ սփիւռքի, այդ թւում եւ ամերիկահայութեան աջակցութեան դերը: Արցախում հիմնախնդիրների մի զգալի մաս այս տարիների ընթացքում հնարաւոր եղաւ լուծել Ա.Մ.Ն. քոնկրէսի կողմից յատկացուող ամենամեայ օգնութեան շնորհիւ: Ի դէպ, Ամերիկայի Միացեալ Նահանգները միակ պետութիւնն է, որը ուղղակի օգնութիւն է ցուցաբերում Արցախի Հանրապետութեանը: Այդ օգնութիւնը կենսական կարեւոր խնդիրներ է լուծում, օգնում մարդկանց` յաղթահարելու պատերազմի հետեւանքները: Ուստի, աւարտելով խօսքս, կը ցանկանայի եւս շնորհակալութիւն յայտնել Քոնկրէսին եւ Ամերկայի ժողովրդին եւ յոյս յայտնել, որ Ամերիկայի Միացեալ Նահանգները, հաւատարիմ իր աշխարհաքաղաքական առաքելութեանը, կը շարունակի ջանքերը Արցախում եւ հարաւ-կովկասեան տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան ապահովման համար` երաշխաւորելով ժողովուրդների իրաւահաւասարութիւնը եւ ճանաչելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անօտարելի իրաւունքը: