ԱզգայինՅօդուածներ

Երկրի Իրաւատէրն Ու Իշխանութեան Աղբիւրը

 

«Դրօշակ»

Առաջնորդող յօդուած

Վերջին շրջանում առաւել մեծ ծաւալ ու ակրեսիւ բնոյթ է ստացել իշխանութեան եւ նրան ծառայող ուժերի յարձակումն ազգային ուժերի դէմ: Քննադատութիւնները յաճախ համեմւում են կամ վերածւում սպառնալիքների, թէ ընդդիմադիր ուժէ րի յաղթանակի դէպքում խաղաղութիւն չի լինի, պետութիւնը կը յայտնուի աղէտալի իրավիճակների մէջ, եւ թէ իրենք թոյլ չեն տայ ընդդիմութեան յաղթանակը: Այլ պարագաներում այս թիմի գործիչների ու արբանեակ ուժերի բերանով հրապարակ է նետւում այն միտքը, թէ այս կամ այն կուսակցութեանը պէտք է արգելել մասնակցելու գալիք ընտրութիւններին: Փաշինեանական իշխանութիւնը երբեք էլ ժողովրդավար չի եղել, իսկ «մենք թոյլ չենք տայ» արտայայտութիւնը պարզորոշ փաստում է, որ իրաւապահ համակարգը նրա կամքին հլու, բռնապետական իշխանութեան հետ յանցաւոր գործարքի մէջ գտնուող, կոյր գործիք է, որն ըստ հրահանգի պէտք է արգելի, բանտարկի եւ այլն:

Բնականաբար, իշխանութեան թիրախում քաղաքական այն ուժերն են, որոնց յաղթանակի հաւանայ կանութիւնը լրջօրէն խուճապի է մատնել իշխող ուժին: Կարող ենք արձանագրել, որ հիմնական մրցակից ուժերի կողմից ընտրութիւններին մասնակցելու ձեւի ընտրութիւնը յաղթանակի իրական հնարաւորութիւն է ստեղծել, ինչն էլ հունից հանել է իշխանութիւնը կորցնելու հեռանկարից սարսափող ՔՊ-ին եւ նրա ղեկավարին: Խօսքն ազգային ընդդիմադիր ուժերի մարտավարութեան մասին է` ընտրութիւններին մասնակցելու մի քանի առանձին դաշինքներով, իրենց շուրջը հնարաւորինս համախմբելով համախոհ փոքր քաղաքական ուժերին` մի կողմից մէ ծացնելով ներուժը, միւս կողմից` կանխելով այս ուժերի ձայների փոշիացումը:

Նախորդ տարուայ վերջերին Հ․Յ․Դ․ Հայաստանի ղեկավարութիւնը յայտարարեց, որ բանակցում է ազգային ընդդիմադիր հիմնական ուժերի հետ որդեգրելու վերաբերեալ մի քանի սկզբունքներ, մասնաւորապէս` նախընտրական շրջանում խուսափելու միմեանց քննադատելուց, յայտարարելու, որ ընտրութիւններից յետոյ չեն համագործակցի ՔՊ-ի հետ, հետ ընտրական գործընթացներում հաշուի նստելու իւրաքանչիւրի ձեռք բերած արդիւնքի հետ եւ այլն:

Advertisement Subscribe Today

Վերապահ մնալով վերջնական եզրահանգումներից, այնուամենայնիւ, թւում է, թէ քաղաքական տուեալ ուժերը գնում են այդ սկզբունքները որդեգրելու ճանապարհով, լուրջ կացութիւն ստեղծելով նախընտրական քաղաքական դաշտում եւ ցրելով այն մտայնութիւնը, թէ ընդդիմադիր դաշտը պառակտուած է: Այս դէպքում կարելի է ասել, որ երկրի ապագայով մտահոգ քաղաքական ուժերը պատրաստ են ընտրական մրցապայքարի գերխնդիր դիտել պետութիւնն ինքնիշխանութիւնից զրկելու, այն թուրքատրպէյճանական գաղութացման ենթարկելու հեռանկարի կանխումը: Ազգային ուժերի համախոհութեան մէջ դրսեւորւում է ժողովրդի համար այնքան անհրաժեշտ ազգային միասնականութեան կայացման հնարաւուրութիւնը:

Անկախացման օրերից ցայսօր շատերը ազգայինքաղաքական միասնութիւն ասելով հասկացել են տարբեր ուժերի եւ հոսանքների մեխանիկական միաւորումը «մէկ կաթսայի մէջ», այնինչ տարբեր գաղափարախօսութիւններ եւ քաղաքական ծրագրեր դաւանող միաւորների նման համախմբումներին սովորաբար յաջորդում են շռնդալի պառակտումները: Իրական միասնութիւնը կարող է կայանալ միայն տարբեր ուժերի համագործակցութեամբ` ընդհանուր ծրագրերի եւ նպատակների շուրջ: Վերեւում նշուեց, թէ մեր դէպքում որն է ընդհանուր նպատակը: Անհրաժեշտ է, որ քաղաքական ընդդիմադիր դաշտը համադրուած գործունէութեամբ ընթանայ դէպի այդ նպատակի իրագործումը, իսկ թէ դրանից յետոյ որ ուժն առաւել մեծ արդիւնքի կը հասնի եւ առաջիկայ ժամանակաշրջանի համար երկրի ղեկավար կ՛առաջադրի ու ինչ ընդհանուր խճանկար կ’ունենայ պետական իշխանութեան քաղաքական դասաւորութիւնը, կ՛որոշի ընտրողի վերաբերմունքը: Գործող իշխանութեանը մերժող ընտրողը հնարաւորութիւն կը ստանայ ընտրութիւն կատարելու ազգային մի քանի ուժերի միջեւ: Որքան էլ մեծ լինի թերահաւատութիւնը ընտրական գործընթացի նկատմամբ, սա աշխարհում ընդունուած միակ ընդունելի գործընթացն է, որին մասնակցելով էլ ընտրողը պատասխանատու է դառնում երկրի ապագայի համար:

Միւս կողմից իշխանութիւնը գործարկել է իր պառակտիչ քարոզչութիւնն ու քաղաքական դաշտի տարբեր հատուածներում տեղադրել է իր «ականները», որոնք զբաղուած են ազգային ընդդիմադիր դաշտի վարկաբեկմամբ: Ակնյայտ է, որ իշխանութիւնը կը շահի, եթէ կարողանայ ընտրութիւնների նկատմամբ սերմանել հիասթափութեան, յուսախաբութեան եւ վախի մթնոլորտ ու ապագայ ընտրողներին մղել կրաւորականութեան: Պէտք է բոլորի համար ակնյայտ լինի, որ գործող իշխանութիւնն իր փոքրաթիւ ընտրազանգուածով կարող է յաղթել միայն այն դէպքում, երբ ընտրութիւններին քիչ մարդ մասնակցի: Ինչ վերաբերում է իշխանութեան վախերին ընդդիմութեան որդեգրած մարտավարութեան վերաբերեալ, պա տահական չէ, որ ՔՊ-ի ներկայացուցիչները յաճախ են յայտարարում, թէ Գիւմրիի սցենարը չպէտք է կրկնուի:

Ներքաղաքական գործընթացների ղեկը մշտապէս ձեռքում պահել փորձող իշխանութիւնն այժմ տեսնում է, որ նախընտրական զարգացումները գնալով դուրս են գալիս իր վերահսկողութեան դաշտից եւ սպառնում են գլորուող ձնագնդի նման անկասելի թափ հաւաքել: Իշխանութիւնը չի կարող մոռանալ, որ ընտրութիւնների նախօրեակին իր տարիների գոր ծունէութեան հետեւանքը միայն պարտութիւններն ու ձախողումներն են:

2018 թուականին բռնի իշխանափոխութիւն իրականացնելու ժամանակ Նիկոլ Փաշինեանն արդարացնում էր իր գործողութիւնները` ասելով, թէ գոր ծող իշխանութիւնը կորցրել է քաղաքական լեկիթիմութիւնը: Այսօր արդէն ակնյայտ է, որ Երկրի ղեկավարն ու նրա առաջնորդած ուժը կորցրել են ոչ միայն քաղաքական ու բարոյական լեկիթիմութիւնը, այլեւ որքան հնարաւոր է ոտնահարել ու բռնաբարել են գործող սահմանադրական կարգը: Նիկոլ Փաշինեանը տեսնում է նաեւ, որ այլեւս մարած քարտ է երկրին խաղաղութիւն բերելու իր գլխաւոր փաստարկը: Պարզ հայ մարդը հասկանում է, որ թշնամին Հայաստանի դէմ պատերազմում էր, քանի դեռ հանդիպում էր դիմադրութեան, բայց եթէ նրա բոլոր պահանջները Հայաստանի ղեկավարութիւնը գլուխը կախ կատարում է` էլ ինչի՞ համար պէտք է նրա դէմ պատերազմի: Ատրպէյճանի նախագահը շարունակում է կրկնել, որ խաղաղութեան պայմանագիր կը կնքի միայն այն դէպքում, եթէ Հայաստանը փոխի Սահմանադրութիւնը: Ուրեմն հիմք ունե՞ն այն յայտարարութիւնները, թէ տարածաշրջանն արդէն թեւակոխել է երկարատեւ խաղաղութեան ժամանակաշրջան: Երջանիկ ապագայի խոստումով իշխանութեան վրայ վերահաստատուած ուժը, ոչ մի դրական ասելիք չունենալով, արդէն իսկ սկսած իր նախընտրական քարոզչութիւնը կառուցում է մրցակից ուժերի յաղթանակի դէպքում պատերազմի ան խուսափելիութեան վախը տարածելով: Ժողովրդի ներկայ տրամադրութիւններից խուճապահար իշխանութիւնն անցել է վերջինիս «կաշառելու» գործողութիւնների` նախորդ տարուայ վերջին մէկ քառորդով կրճատուեց առանց այն էլ ծառայողների պակաս ունեցող բանակում պարտադիր զինուորական ծառայութեան ժամկէտը, ապրիլ ամսից բարձրացուելու են կենսաթոշակները, կենսաթոշակառուների համար սահմանուել է բժշկական ապահովագրութեան համակարգ եւ այլն: Իհարկէ, այդ բոլորը ցանկալի քայլեր են, սակայն, հիմնուելով, այդ թւում իշխանութիւնների նախորդ յայտարարութիւնների վրայ, մասնագէտները մտահոգ են, որ առկայ ֆինանսական հնարաւորութիւնների պայմաններում նման քայլերն ուղղակի կը կաթուածահարեն համապատասխան համակարգերի գործունէութիւնը: Իշխանութեան համար, սակայն, գլխաւորը ամէն գնով ընտրութիւնների բեմադրմամբ վերարտադրուելն է: Ինչու բեմադրմամբ, որովհետեւ վերջին շրջանի յայտարարութիւններից յետոյ նրանք ակնկալում են Արեւմուտքի հովանաւորութիւնն ամէն տեսակի ընտրակեղծարարութիւնների համար:

Գայթակղուելով Ուքրայինայի արկածախնդիր իշխանութեան օրինակից` Հայաստանի իշխանութիւնը ցանկանում է Արեւմուտքի վրայ ծախել իբրեւ թէ Հայաստանում ռուսական ազդեցութեան դէմ պայքարելու, Անդրկովկասից վերջինիս դուրս մղելու իր «պատմական առաքելութիւնը»: Որ այսօրուայ հաւաքական արեւմուտքը աչք է փակում տարիներ շարունակուող ՔՊ-ական անօրինական գործելակերպի վրայ եւ պատրաստակամութիւն է յայտնում գալիք գործընթացներում լինելու այս ուժի հովանաւորը, խայտառակ մի իրողութիւն է, ինչն ակ նառու է բոլորի համար:

Պէտք է հասկանալ, որ առաջիկայ երեք ամիսների ընթացքում ընդդիմադիր ուժերը հսկայական անելիք ունեն, որը կարելի է անուանել երկխօսութիւն ժողովրդի հետ: Անհրաժեշտ է ակտիւ քաղաքական դիրքորոշման մղել իւրաքանչիւր հայ մարդու` բացատրելով նրան, որ ցանկացած պարագայում ընտրութիւն տեղի է ունենալու, անմիջականօրէն ազդելով իր ու իր զաւակների ճակատագրի վրայ: Թերահաւատութեան գիտակցութեամբ ծանրաբեռնուած հայը պէտք է հասկանայ, որ մեր այս փոքր երկրում որեւէ տեղից փրկիչներ չեն յայտնուելու, եւ, ուզես թէ չուզես, ընտրութիւնը տեղի է ունենալու նրանց միջեւ, ովքեր հրապարակում են եւ գլխաւորաբար վաղուց ծանօթ են: Մենք այս ժողովրդի մասնիկն ենք եւ լաւ հասկանում ենք, որ երբ տարիների ընթացքում առաջ գնալու փոխարէն մեր կեանքը դէպի ետ է գնում, երբ անարդարութիւններն ուղեկցել են մեզ անկախութեան ողջ շրջանում, շատ հասկանալի եւ պատճառաբանուած է թերահաւատութիւնը բոլորի նկատմամբ, սակայն կայ ընտրութիւն երկրի ապագան այն կործանողներին թողնելու եւ նրանց միջեւ, ովքեր սխալներով հանդերձ փաստել են իրենց նուիրուածութիւնը հայ մարդուն, հայոց պետութեանն ու համազգային նպատակներին: Մենք հաւատացած ենք, որ երբ ժողովրդի մէ ծամասնութիւնը ոտքի կանգնի, ո՛չ ներքին եւ ո՛չ արտաքին թշնամիները ի զօրու չեն լինելու կոտրել նրա կամքը կամ գողանալ նրա արդար եւ ինքնուրոյն ընտրութեան արդիւնքը: Եղած թերահաւատութեամբ հանդերձ ակնյայտ է, որ իրականութիւնից զզուած ժողովուրդը յաղթահարել է վախը եւ դանդաղօրէն ոտքի է կանգնում: Քաղաքական ազգային ուժերի գերխնդիրը պէտք է լինի կրկին յուսադրուող ժողովրդի ազատ ընտրութեան ապահովումը: Գուցէ սա մեր ինքնիշխանութեան առջեւ ծառացած պատմական մարտահրաւէրներն յաղթահարելու վերջին հնարաւորութիւնն է, եւ ազգային ուժերն աւելի կարեւոր դաշնակից չեն կարող ունենալ, քան իշխանութեան աղբիւր եւ երկրի իրաւատէր ժողովուրդն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button