Երբ Աշխարհում Մահ Ու Աւեր Է…

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Աշխարհն արդէն երկար տարիներ երբեմն մասնակի ցոյցերով, բայց հիմնականում անտարբեր լռութեամբ հետեւում է Ամերիկայի աջակցութեամբ Իսրայէլի կողմից կատարուող ցեղասպանութիւններին, սանձազերծուած պատերազմներին` Կազայում, Լիբանանում, Եմէնում, Իրանում, Սուրիայում, ողջ Միջին Արեւելքում:
Ամենակարող իսրայէլեան բռունցքը կաթուածահար է արել աշխարհի զգայարանները, եւ ահաբեկումը այնքան հզօր է ու անմիջական, որ կարծես իւրաքանչիւր երկիր իրեն չէզոք պահելով` փորձում է նոյն կործանման չարժանանալ:
Ողջ մարդկութիւնը ականատես եղաւ, թէ ի՛նչ վայրագութեամբ Իսրայէլը կրկին կոտորածի ենթարկեց Լիբանանի խաղաղ բնակչութեանը, նոյն ձեռագրով, ինչպէս Կազայում, չխնայելով երեխաներին, կանանց, ծերերին ու երիտասարդներին, դա էլ բաւարար չնկատելով` երկրի շինութիւնները փոշու վերածեց եւ դեռ չբաւարարուելով յայտարարում է, որ այն ամբողջովին գետնին է հաւասարեցնելու:
Լիբանանը արիւնաքամ է լինում, ինչպէս Կազան, մինչ Իսրայէլը տօնում է իր յաղթանակը` է՛լ աւելի մեծ հարուածի պատրաստուելով, իսկ Ամերիկան, ինչպէս միշտ, լռում է քողարկելու համար իր մասնակցութիւնը, իր գործած նոյնատիպ ոճիրները նաեւ Իրանում եւ այլուր:
Մի՞թէ սա է 21-րդ դարի մարդկութեան մեծագոյն նուաճումը: Մի կողմից լուսին է հասնում ու վերադառնում մարդը, միւս կողմից` մի ողջ ժողովուրդ է ջնջւում նոյն այդ լուսնի ներքոյ:
Մի՞թէ այսքան տարածքներ, երկրների հարստութիւնները կողոպտելուց, ժողովուրդներին տեղահանելուց, մարդկային, ազգային յատկութիւնները աղաւաղելուց, նրանց դիմագիծը ոչնչացնելուց յետոյ էլ դեռ չեն բաւարարւում, ուզում են հիմնայատակ ոչնչացնել ե՛ւ նրանց անցեալը ե՛ւ ներկան, ողջ քաղաքակրթութիւնը, ինչպէս յայտարարեց ինքնիրեն այս երկրագնդի տէրը հռչակած Ամերիկայի նախագահը:
Սակայն ինչո՞ւ է այս ամէնը այսքան խորը ազդում ինձ վրայ, ինչո՞ւ է զարմացնում ինձ, երբ արդէն 8 երկար ու ձիգ տարիներ մեր երկիրը պատանդ է դարձել մի ոչնչութեան ձեռքին, որը ծառայում է ոչ թէ իր ազգին, այլ թշնամուն, այն էլ` այն թշնամուն, որի հիմնական նպատակը նոյնպէս երկրի երեսից մեզ ի սպառ ջնջելն է:
Այս իրականութեան մէջ ապրելով, պէտք չէր, որ զարմանայի աշխարհի ցուցաբերած լռութեան ի տես, քանի որ գլխիկոր մենք էլ դեռ հետեւում ենք մեր երկրի քայքայմանը եւ պատրաստւում ընտրութիւններին` թոյլ տալով, որ ներկայ հայակեր իշխանութիւնը իր թեկնածութիւնը պարտադրի, ընտրութեան օրէնքները յօգուտ իրեն փոփոխութեան ենթարկի, իր վոհմակով գիւղից գիւղ, շրջանից շրջան, եկեղեցուց եկեղեցի, տնից տուն, կրպակից կրպակ թափառելով` մարդկանց ահաբեկի, տարբեր միջոցներով նրանց ձայնը ստանալու համար, ըստ իր էութեան, սուտ խոստումներ տայ, ինքնիրեն պարտադրի:
Աշխարհի այս թոհ ու բոհի մէջ, տեսնելով, հետեւելով իր հարեւան երկրի` Իրանի, հերոսական դիմադրութեանը անպարտելի հռչակուած Ամերիկայի դէմ իրեն պարտադրուած պատերազմում, արդեօ՞ք մեր ժողովուրդը մտածում է, թէ ինչպէ՛ս վարուեց ինքը իր երկիրը այդքան անտարբերօրէն յանձնելով մի դաւաճանի, մտածո՞ւմ է իր փխրուն գոյատեւման, իր երկրի ամբողջական պահպանման մասին, թէ՞ տակաւին հաւատում է ներկայ անկարող իշխանութեան սուտ արդարացումներին ու խոստումներին:
Ես ակնածանքով եւ միաժամանակ նախանձով եմ հետեւում, թէ ինչպէ՛ս մեր հարեւան Իրանում, դրսի ուժերով բռնկուած ժողովրդային ալեկոծումներում, թէժ պատերազմի մէջ, ռումբերի տարափի տակ, ոչ միայն ողջ քաղաքական ուժերը` երկրի իշխանութիւնը` ռազմական, դիւանագիտական ողջ կազմով, իրենց երկրի հանդէպ ունեցած անսակարկ նուիրումով պաշտպանում են իրենց հսկայ երկրի տարբեր ազգութիւններով բնակեցուած իւրաքանչիւր թիզ հողը, նրանց հրամանատարներից ոչ մէկը չի ասում ձիւնով ծածկուած Դամաւանդը մեզ պէտք չէ, կամ Զագրոսը մերը չէ, այլ պատրաստ են զոհուել յանուն այդ լեռների ու անապատների, նրանք միասնացած են պաշտպանում իրենց երկիրը, ոչ մէկը չի ասում Հորմուզը տուէք` հանգիստ ապրենք, ինչպէս մեր ժողովուրդն էր ասում Արցախի համար: Ցաւոտ յիշեցում է, այնպէս չէ՞, բայց իրականութիւն է, որի վկայութիւնը մեր 5 հազար միայնակ պայքարած հերոսների Եռաբլուրն է:
Ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նրանց միացած մտաւորականներն էլ իրենց հերթին ժողովրդին բացայայտում են, թէ ո՛ւմ դէմ են պաշտպանում երկիրը:
Նրանցից ամենայայտնին փրոֆեսէօր Մոհամետ Մարանտին է, որ երկար ժամանակ Անգլիոյ եւ Ամերիկայի համալսարաններում դասախօսելուց յետոյ, լքել է այդ ամէնը, այն փոխարինել է Թեհրանի համալսարանում դասախօսելով եւ միաժամանակ իր ժամերն ու օրերը ներդնելով իր ժողովրդին հնարաւորինս բացայայտում է իրենց երկրի դէմ ամերիկա-իսրայէլեան սանձազերծած պատերազմի բուն նպատակը: Իր ամէնօրեայ հաղորդումներով բացայայտում է ամերիկեան զաւթողական գաղափարախօսութեան բուն էութիւնը, իրենց երկիրը քայքայելու երկար տարիների նրանց ձգտումը:
Փրոֆ. Մարանտիին ես ծանօթացել եմ տարիներ առաջ Փարիզի գիտաժողովներից մէկում, տպաւորուել` իր գիտելիքով, իր հաւասարակշիռ մտածողութեամբ եւ նաեւ հայ գրականութեան լաւատեղեակութեամբ:
Գուցէ զարմանաք, որ փրոֆ. Մարանտին, ազգութեամբ պարսիկ, ծնուել, ապրել, ուսում եւ փրոֆեսէօրի կոչում է ստացել Ամերիկայում անգլիական գրականութեան մէջ, եւ ինչպէս նշեցի, դասախօսել է անուանի համալսարաններում, միաժամանակ յարգուած, ճանաչուած է իր երկիրը պաշտպանող քաղաքական իր ամուր, հայրենասիրական հայեացքներով:
Իր երկիրը արդէն երկար տարիներ պատերազմի թիրախի տակ գտնուելով, իր ելոյթներով, իր հաղորդումներով, քաղաքականութեան բարդ հանգոյցը լիովին չըմբռնող, օտար, յատկապէս ամերիկեան քարոզչութեանը հեշտութեամբ տարուող իր ժողովրդին ոչ միայն մանրամասնօրէն ներկայացնում է իր երկիրը ոչնչացնել ձգտողների նպատակը, այլ` այն ամէնը, ինչ սպասում է իրենց, եթէ հաւատան այդ օտար քարոզչութեանը, միանան երկրի ներսում յայտնուած դաւաճաններին եւ յանձնեն երկիրը այդ ցեղասպաններին:
Ցաւում եմ, որ մինչ օրս բաւական թուով փրոֆեսէօրներ, դոկտորներ ու մտաւորականներ ունենալով` մենք չունեցանք մեր Մարանտին, որ մեր օտարամոլ ժողովրդին բացայայտէր ամերիկա-թուրքական քաղաքականութեան վտանգը, որը մեր երկրին աստիճանաբար կործանման եզրին հասցրեց:
Ես խնդրանքով դիմում եմ իմ գործընկերներին, արուեստի, գրականութեան, պատմութեան գործընկերներին, մեր մտաւորականներին, որոնք շատ երկար լռեցին, որոնք դեռ հանդուրժում են մեր երկրի յօշոտուած քարտէսը կրծքանշան դարձրած, ամէնուրեք չարչու նման այն բաժանող, ծաղրածուի իր կերպարանքով երկրի ներկայ բռնակալին, որ դուրս գան իրենց պատեաններից, նախ արգիլեն այդ կրծքանշանը, որը բացայայտ նուաստացում է մեր երկրի համար, հասկացնեն, որ ոեւէ մէկը չընդունի այն: Հասկացնեն, բացատրեն, թէ որքա՛ն վտանգաւոր, մեր երկրի շահերին դէմ է «Թրամփի ուղի» կոչուածի ընտրութիւնը, ընդհանրապէս նրանց շահերին ինքներս մեզ զոհաբերելը:
Միանան միւս թեկնածուներին, մտնեն ժողովրդի մէջ, շփուեն նրանց հետ, բացայայտեն մեր երկրում տեղի ունեցածը, հասկացնեն մեր ժողովրդին իրական վտանգի ներկայութիւնը անմիջական մեր իշխանութեան ներսում, որ յառաջիկայ ընտրութիւնները պարզ ընտրութիւններ, թոշակների աւելացում ու կեանքի թանկացում կամ էժանացում, միայն լաւ ապրել, կեր ու խումեր չեն, այլ երկրի լինել-չլինելու, այն ունենալու, իրենց իսկ գոյատեւութեան ընտրութիւնն է սա:
Որ ոչ մի գնով չկաշառուեն, չվախենան, որ զրկուելու են իրենց եկամուտներից, իրենց աշխատանքից, դրանք բոլորը կը վերականգնուեն նոր իշխանութեան օրօք, միայն թէ երկիրը փրկենք:
Վստահ եմ նաեւ, որ ամերիկա-թուրքա-եւրոպական բոլոր միջնորդները ամէն միջոց օգտագործելու են իրենց շահերին հաւատարմօրէն ծառայող այս վարձկանին վերընտրելու, դրա համար անհրաժեշտ է միասնականութիւնը, ժողովուրդը պիտի զգայ, որ ինքը միայնակ չէ, որ` այս ընտրութիւնը նախորդի նման հնարաւոր չէ կեղծել:
Մենք ունենք մի մեծ նպատակ` մեր կործանուող երկիրը փրկել ներկայ իշխանութիւնից, մեր գերիներին ազատագրել, ոչ մէկ փաստաթուղթ ստորագրել թշնամու հետ, իսկ դա մեր բոլորին պարտադրում է հիմակուանից մերժել իրեն, չհետեւել իր վոհմակին ո՛չ եկեղեցում, ո՛չ փողոցում, ո՛չ էլ գիշերային ակումբներում:
Մեր վտանգուած տարածաշրջանն յատկապէս թելադրում է մեզ ամէն գնով միասնաբար պայքարել` փրկելու մեր երկիրը:
Երբ աշխարհում մահ ու աւեր է, մենք չենք կարող մեր ճակատագիրը յանձնել այդ աւերը ստեղծողներին, նրանց ծառայողներին:
|

