Սեպտեմբեր 27ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցաւ Պոսթընի Հայկական Անկախ Ձայնասփիւռի հիմնադիրևտնօրէն, արձակագիր, հրապարակագիր, վաղամեռիկ Ժիրայր Ղարիպեանի “Հայրենիքս,Հայրենակիցներս, Ես“ գրքի շնորհահանդէսը` գրողի այրու մասնակցութեամբ:
Ժիրայր Ղարիպեանը Հայաստանի անկախութեան, Արցախի Ազատագրութեան շարժման սկզբնաւորումից ի վեր բազմիցս, յաճախ տարին մի քանի անգամ եղել է Հայաստանում, արտերկրի տարբեր գաղթօճախներում, հարցազրոյցներ ունեցել ժամանակի հայ նշանաւոր քաղաքական, գրական, մշակութային գործիչների հետ եւ այդ հարցազրոյցներն իր մեկնաբանութիւններով հաղորդել Պոսթընի Հայկական Ձայնասփիւռով:
“Հայրենիքս, Հայրենակիցներս, Ես“ գրքում ժամանակագրական կարգով ընդգրկուած հարցազրոյցները` Մհեր Մկրտչեանի, Վահէ Օշականի, Ռ. Դաւոյեանի, Գ. Էմինի, Վ. Դաւթեանի, Հ. Սահեանի, Ս. Կապուտիկեանի եւ այլոց հետ, վաւերական պատկերացում են ստեղծում տուեալ շրջադարձային ժամանակաշրջանի երբեմն մարգարէական, երբեմն հակասական մտայնութիւնների մասին:
Գրքի երկրորդ բաժնում տեղ են գտել բազմաթիւ մտաւորականների կարծիքները, որոնք արժեւորում են Ժիրայր Ղարիպեանի գրական վաստակը, հասարակական գործունէութիւնն ու անմնացորդ նուիրումը հայրենիքին:
ՀԳՄ նախագահ Լեւոն Անանեանը, բացելով շնորհահանդէսը, նշեց որ հրապարակագիր Ժիրայր Ղարիպեանը մէկ անգամ եւս հայրենիք վերադարձաւ այս անգամ “Հայրենիքս, Հայրենակիցներս, Ես“ գրքով, որի բաժինները լրացնում են հեղինակի ամբողջական կերպարը եւ դրանց շնորհիւ աւելի լաւ ես ճանաչում ազատութեան զինուորին, դաշնակցութեան նուիրեալին: Անդրադառնալով Սփիւռքն ու Հայրենիքը կամրջելու եւ հայապահպանութեան գործում ունեցած աւանդին` ՀԳՄ նախագահը փաստեց, որ նա իր հարցազրոյցներով դարձել է 80ևականների վերջերի եւ 90ևականների սկիզների տարեգիրը:
Մարգար Շարապխանեանը հանգամանօրէն ներկայացնելով Ժիրայր Ղարիպեանի հասարակական գործունէութիւնը, ինչպէս Հ.Յ.Դ. Լոնտոնի “Նաւասարդեան“ կոմիտէի, “Ալիք“ պատանեական երկշաբաթաթերթի, 1980թ. Պոսթընում Հայկական Անկախ Ձայնասփիւռի հիմնադրումը, չմոռացաւ գնահատել հեղինակի կնոջը` Եւգինէ Ղարիպեանին, որ նոյն նուիրումով արդէն 21 տարի շարունակում է Ժիրայրի գործը:
Գրքի առիթով Եւգինէ Ղարիպեանին շնորհաւորեցին եւ յիշատակի խօսք ասացին նաեւ Մարգարիտ Խաչատրեանը, Հ.Հ. Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի Ամերիկայի հայ համայնքների վարչութեան Հիւսիսային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Գայիանէ Դաբաղեանը եւ ուրիշներ:
Գրքից հատուած կարդաց Սիլվա Եուզպաշեանը:
Շնորհակալական խօսքով ելոյթ ունեցաւ գրողի այրին` Եւգինէ Ղարիպեանը:
Շնորհահանդէսը վարում էր Գրիգոր Ջանիկեանը:
ՇԱՔԷ ԵՐԻՑԵԱՆ
ՄԵՐ ԴԺՈՒԱՐ ՈՒ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՁԱԳԱՆԳԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐԵԱՆ
2007 թուականի Մարտի 18ևին Պոսթընում էի` այն քաղաքում, որտեղ 1913ևից մինչեւ մահ (1966 թ. Նոյեմբեր) ապրել է Համաստեղը (Համբարձում Կելէնեան, 1895և1966): Յուզուած էի ու դժուարութեամբ ընկալեցի 10և15 րոպէ հանգստանալուց յետոյ հարցազրոյց տալու հրաւէրը: Շուտով յայտնուեցի Ղարիպեանների հարկի տակ: Դա Հայի օճախ էր` հիւրընկալ ու հիւրասէր: Յոգնութիւնս փոխուեց հետաքրքրութեան, խօսում էի, պատմում Համաստեղի մասին, նայում դիմացս նստած տիկին Եւգինէի աչեքրին ու շօշափելիութեան աստիճան զգում երրորդ անձի` Ժիրայր Ղարիպեանի կենդանի ներկայութիւնը: Մօրս մահուանից յետոյ վարժուել եմ այդ զգացողութեանը, աւելի ուշ 2010ևի Հոկտեմբերի 28ին նոյն բանն զգացի Մեսրոպ Աշճեանի քրոջ` տիկին Հռիփսիմէի տանը, երբ նստած էի Սրբազանի դիմանկարի առջեւ ու պատմում նրա հետ մի քանի անմոռաց հանդիպումների մասին:
Երբ երկրորդ անգամ Պոսթընում էի, տիկին Եւգինէն հիւանդ էր, ու բաւարարուեցինք հեռախօսային զրոյցով: Վստահ էի` Հայաստանում անպայման կը հանդիպենք:
Ահա եւ հանդիպումը Ժիրայր Ղարիպեանի նոր` “Հայրենիքս, Հայրենակիցներս, Ես“ գրքի լոյս ընծայման երջանիկ առիթով:
Գրքի վերնագիրը խորհրդանշական է` նախ` Հայրենիք, հայրենակիցներ, յետոյ` ես: Բացառիկ նուիրեալ Հայը, փա՜ռք Աստծոյ, ապրում է ոչ միայն յիշողութիւններում, այլեւ մեր մշակոյթի կենդանի երակներից է նաեւ յետ մահու այս երրորդ հատորով: Ապրած 54 տարիները իւրովի արժեւորւում են մահից յետոյ` որպէս կենսագրական փաստ, հայ ժողովրդի նորօրեայ պատմութեան էջեր, որոնք թերթում ես Ղարիպեանի հարցազրոյցների միջոցով: Մեր ապրած օրերն են` տխուրևուրախ, կորուստի ցաւով, յաղթանակի բերկրանքով, ազգային անօրինակ համախումբ ընդվզումով ու համատեղ ջանքերով, անկախութեան առաջին քայլերով: Տարիների, տասնամեակների ընդհանուր պատկերը` 1976թ. Հոկտեմբերի 4ից մինչեւ 1990թ. Յունիսի 6, կազմւում է Սփիւռքի, Հայաստանի մտաւորականների, կուսակցական, մշակութային գործիչների խօսքի, ապրումների, գործերի միջոցով: Այս առումով խօսուն է Անդրանիկ Պօղոսեանի հետ հարցազրոյցի վերնագիրը` “Քիչ խօսինք, շատ գործենք, լուռ գործենք“ (էջ 219):
Սա նաեւ Ժիրայր Ղարիպեանի նշանաբանն էր: Նրա կենսագրութեան առաջին` 1937 եւ վերջին` 1991 թուականների արանքում կայ նաեւ 1980ևի Հոկտեմբերի 11ևը` Հայկական Անկախ Ձայնասփիւռի հիմնադրման օրը: Արդէն երեսուն եւ աւելի տարիներ ձայնասփիւռը հայութեան զրուցընկերն է. չէ՞ որ հայութեան հսկայական զանգուածների համար սա հայ մնալու, հայեցի դաստիարակութեան, Հայրենիքին առնչուելու բացառիկ հնարաւորութիւն է:
Դժուար է գրքում զետեղուած հարցազրոյցներից առանձնացնել մէկը կամ միւսը, բայց կան հատուածներ, որոնք պարզապէս մեխւում են յիշողութեանդ, սրտիդ մէջ: Սա այն բացառիկ դէպքերից է, երբ գիրքը կարդալուց յետոյ ցանկութիւն ես ունենում նորից թերթելու, կարդալու, թէեւ ի սկզբանէ մի պարզ նպատակ ունէիր` մասնակցել գրքի շնորհահանդէսին կարճ խօսքով:
Ձաւոտ շատ հարցեր կան հարցազրոյցներում: Ամենացաւոտը Վրէժ Արմէնի պատմուածն է Կարօ Գէորգեանի կեանքի վերջին տարիների մասին (էջ 59): Լքուած ու մենակ գոյատեւող մտաւորականի, կուսակցական գործչի կեանքի պատկերը ծանօթ է ու կրկնուող ոչ միայն Սփիւռքում:
Կամ Բիւզանդ Եղիայեանի խօսքը մտաւորականութեան մասին. “Հարկ կը թուի, որ ազգին առաջնորդ մտաւորականութիւնը ազգային հարցերը հակաճակատ դիրքերէն դիտելու նեղմտութենէն ազատուի եւ վարժուի լայնամտութեամբ յարգելու ազգին բոլոր հատուածները իբրեւ բաղկացուցիչ մասերը մէկ եւ լման հայութեան… Այլապէս մե՛ղք է հայ սերունդներու միտքը, ժամանակը եւ ոյժը սպառել վիճասիրական ապարդիւն ռազմավարութեանց վրայ, որմէ ոչ մէկ հատուած կ՛օգտուի ու հայութիւնը կը տուժէ“ (էջ 68և69): 1987ևի Օգոստոսի 10ևին ասուածն այնքան հրատապ է այսօր: Ճիշդ է, առիթը երկու կաթողիկոսական աթոռների գործունէութեան անդրադարձն է, բայց հայութեան կեանքի ո՞ր ոլորտում կարող ենք արձանագրել ազգային շահի գերակայութեան գիտակցումը, որպէս փաստ եւ ոչ որպէս տեսլական, ինչպէս ընդունուած է ասել:
Վահագն Դաւթեանը խօսում է ազգային ակունքներին, արմատներին յաճախ նայելով առաջ գնալու անհրաժեշտութեան մասին, որպէս մեր “շատ մարդկային, շատ բարի, շատ լուսաւոր, շատ մեծ“ կենսափիլիսոփայութիւնը կրող տեսակի կեցութեան, հայութեան` “ամբողջական լինելու“ պայման, որ Հայաստանի Հանրապետութիւնը դառնայ հայութեան հայրենիք:
Աշճեան Սրբազանի հետ հարցազրոյցն անդրադարձ է 1987ևի լիբանանեան իրականութեանը հայութեան տնտեսական, մշակութային տագնապով եւ հանգանակութեան միջոցով հայրենակիցներին սատար կանգնելու կոչով:
Համօ Սահեանի հետ զրոյցն սկսւում է մանկութեան յիշատակներից, որոնցից սերում է բանաստեղծութիւնը: Հողևերկինք համադրութեան մէջ ծնւում է խօսքի հրաշքը կամ հրաշք խօսքը, որ գրեթէ անթարգմանելի է: Աշխարհին ներկայանալ կարելի է (Սահեանն ասում` “աշխարհամէջ դուրս գալ“և Մ.Խ.) “շատ խոշոր վէպով եւ կինօժապաւէնով“,և արձանագրում է բանաստեղծը ու յաւելում, որ դժբախտաբար դեռ եւս չունենք ո՛չ մէկը, ո՛չ միւսը:
Հրանդ Մաթեւոսեանի հետ հարցազրոյցն աւարտւում է Ամերիկայում ապրող հայութեամբ հիացմունքի արտայայտութեամբ, “կարող է այնքան էլ ճիշդ չ՛ընկալուել եթէ ասեմ` ինչ որ իմաստով ես կարծես երկրորդ Հայրենիք գտայ“ (էջ 216): Յաջորդում է մեկնաբանութիւնը ““Գտայ“ բառին ուրիշ իմաստ նշանակութիւն չտաք: Ինձ թւում է եթէ Հայաստանից մի օր էլ դուրս գամ, կամ մի օր Հայաստանում չլինեմ, Հայրենիքս կը փլուի: Ես նրա սահմանները լքողը չեմ, այդպիսի բան չկայ: Իմ տունն այնտեղ է, որտեղ ես հայր եմ…“ (էջ 216): 1989ևի Յունիսի 24ին ասուած այս խօսքերը երանի՛ դառնան բոլորիս ապրելու սկզբունքը:
Չթաքցնեմ` հարցազրոյցներից երկուսն առանձնապէս հետաքրքիր էին ինձ մասնագիտական առումով. Գր. Ջանիկեանի հետ զրոյցի (էջ 113և120) թեմաներից մէկը Սփիւռքի հայ գրականութեան մեծերի ստեղծագործութիւնները Հայրենիքում հրատարակելու ծրագիրն է (յիշեցնենք` հարցազրոյցը թուագրուած է` 1987 թ. Հոկտեմբերի 1), որ մենք մեզ չաղքատացնենք, մենք մեզնից չգողանանք: Փա՜ռք Աստծու, Մուշեղ Իշխանը “կամացևկամաց դառնում է մե՛ր բանաստեղծը“,և արձանագրում է Ջանիկեանը եւ շարունակում. “Մաղթենք, որ նոյն ճակատագրին արժանանայ անարդարացիօրէն անտեսուած արեւմտահայ եւ սփիւռքահայ միւս հեղինակները“ (էջ 119-120): Իսկ Անահիտ Չարենցի խօսքն աւարտւում է Հ.Հ. ԳԱԱ Մ. Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի գիտական ծրագրերի, այդ թւում նաեւ “մեր այն փայլուն գրողներին, որոնք 30ևական թուականներին, անգամ յետոյ էլ, ասենք, լինելով դաշնակցականներ, արգելուած են եղել“ հրատարակելու ցանկութեան մասին խօսքով (էջ 149): Նա հիացմունքով է խօսում ինստիտուտի տնօրէնի` “եզակի մի անհատականութիւն` ակադեմիկոս Էդուարդ Ջրբաշեանի“ մասին (նշենք` հարցազրոյցը թուագրուած է` 1988 թ. Յունիսի 30): Կարդում ես ու ակամայ պատասխանում. սիրելի բարեկամներ, մեր օրերում, երբ թւում է` ոչինչ չի խոչընդոտում ձեր փայփայած երազանքների իրագործմանը, Համաստեղծի գրականութիւնը գրեթէ չկայ դպրոցական ծրագրերում, իսկ Մ. Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտում բարքերը, մարդիկ այնքան են փոխուել, որ մի խումբ “ամենագէտներ“ Արամ Հայկազի (Չեքէմեան, 1900և1986) նման գրական հսկային յայտարարել են “մանր գրող“: Ու այս ամէնը Սփիւռքի նախարարութեան պաշտօնեաների ոչ միայն լռութեան, այլեւ անթաքոյց օժանդակութեամբ:
Ինչեւէ, վերադառնանք Ժիրայր Ղարիպեանի այս շքեղ հատորին:
Հարցազրոյցներում կայ հայութեան կեանքի ճշմարիտ պատկերը, իսկ Ժիրայր Ղարիպեան մարդը, հայը քաջատեղեակ է մեր կեանքի բոլոր մանրամասներին, սրտով ու հոգով ամէն հայի հետ է` Պոսթընից մինչեւ Արցախ:
Մայրս սիրում էր կրկնել, թէ մարդոց յետոյ մնում են մարդիկ: Տարիքիս հետ կամացևկամաց հասկանում եմ, թէ ինչքա՜ն կարեւոր է, որ մարդու գործը հասկանան ու գոնէ չխանգարեն: Փա՜ռք Աստուծոյ, Ժիրայր Ղարիպեանի գործը շարունակող կայ տիկին Եւգինէն:
Ժիրայր Ղարիպեանը յաճա՞խ էր գալիս Հայրենիք: Մաղթենք, որ տիկին Եւգինէն յաճախ առիթ ունենայ մասնակցելու Ժիրայր Ղարիպեանի նոր գրքերի երեւանեան շնորհահանդէսներին, իսկ հետաքրքիր նիւթեր դարակներում դեռ շատ կան: “Վարձքդ կատար“,և բարեմաղթում ենք տիկին Եւգինէին ու սպասում…
“Հայաստանի զաւակն եմ ես“,և ասում էր Ժիրայր Ղարիպեանը եւ այս խօսքերն են արձանագրուած նրա շիրմաքարին:
Տա՜յ Աստուած, որ ամէն հայ իրաւունք ունենայ հպարտութեամբ կրկնելու այս սքանչելի բանաձեւումը: