ԿիզակէտՅօդուածներ

Նէօ-Օսմանիզմը Արդէն Հայաստանում

Յակոբ Աւետիքեան 

«Ազգ» – Երեւան

Օր-օրի մեր երկիրը, նկատի ունեմ` մեր դատաիրաւական համակարգը, նմանւում է թրքական, եւս առաւել` օսմանաթրքական «արդարադատութեանը»: Հայերէն եւ օտարալեզու շատ գրքերում ենք կարդացել, թէ ինչպէս էին թրքական ճենտերմէն (ժանտարմ, ոստիկանութիւն) կամ ղադին (դատաւոր) «գործ» սարքում հայերի, յոյների, ասորիների կամ քրիստոնեայ այլ ազգի հպատակների դէմ. բաւական էր, որ մի թուրք կամ քիւրտ ոստիկանութիւն կամ դատարան ներկայանար ու գանգատ ներկայացնէր, թէ տուեալ անձը հայհոյել է իր կրօնին (թրքերէն` «դինիմէ սովդի»), իսկոյն ձերբակալում էին ենթակային, գլխանց մի լաւ ծեծում, ապա ձեռնակապուած ուղարկում բանտ, երբեմն` մինչեւ ափրիկեան Թրիփոլի (այժմ` Լիպիա) եւ այլ կալանավայրեր: Ձերբակալուածները բոլորովին անօգնական էին. դատարանը քրիստոնեաներին որպէս վկայ չէր ընդունում, ընդունելի էր միայն մահմետականների վկայութիւնը, ինչը բացառիկ դէպքերում էր պատահում, երբ թուրք վկան համոզում էր դատաւորին կամ ոստիկանութեան չաուիշին, որ ենթական անմեղ է, ոչ մի կրօնի դէմ էլ չի հայհոյել: Անշուշտ աշխատում էր նաեւ կաշառքի ինստիտուտը (հիմնարկ, խմբ.), որով ղեկավարւում էր ամբողջ կայսրութիւնը, որտեղ պետական պաշտօնեաները չէին վարձատրւում, այլ որպէս տզրուկ նստած էին քրիստոնեայ ազգաբնակչութեան վզին:

Այսպէս էր կառավարւում «եւրոպայի հիւանդ մարդը»` Օսմանեան Թուրքիան, ինչպէս այն անուանում էին եւրոպացիք, նկատի ունենալով ոչ միայն երկիրը, այլեւ սուլթան Համիտին, որը տառապում էր հալածախտով, որը տեղից տեղ, նոյնիսկ մզկիթ գնում էր զօրքով, նոյնիսկ այնքան էր վախենում կարմիր գոյնից, որ Պոլսոյ հայոց պատրիարք Օրմանեանին հրահանգում էր արգիլել հայ տիկիններին եւ աղջիկներին «յեղափոխական» այդ գոյնի զգեստով դուրս գալ փողոց: Նա մատնիչ լրտուներով` խաֆիէներով էր լցրել ողջ կայսրութիւնը, իրենց ազգի, այդ թւում` հայ դաւաճաններով, գործակալներով ու հրահրիչներով: Հաստատել էր խստագոյն գրաքննութիւն մամուլի վրայ, որտեղ բառերը կարդում էին աջից ձախ, ներքեւից վերեւ, ներքին իմաստ եւ ակնարկութիւն փնտռելով դրանց մէջ, իսկ տներում, դպրոցներում ու եկեղեցիներում անցկացնել էր տալիս խուզարկութիւններ` զէնքի, ռումբի կամ փամփուշտի, կացնի, դանակների ու ձողերի` որպէս խռովարարութեան եւ ապստամբութեան գործիք, ձերբակալման համար արդարացուցիչ ապացոյց փնտռելով…

Շուրջ 150 տարի առաջ Թուրքիայում մշտապէս տեղի ունեցող այս եւ բազմաթիւ այլ ճնշամիջոցները, տիրող բարքերն ու իրաւազրկումները թէ՛ ձեւով ու թէ՛ բովանդակութեամբ այս օրերին կրկնւում են մեր երկրում, անշուշտ որոշ «արդիականացմամբ» եւ բացառութեամբ ջարդերի ու կոտորածների, առայժմ: Բարերար ու բարեգործ Սամուէլ Կարապետեանի, ընդվզման ու բողոքի շարժման ռահվիրայ Բագրատ Սրբազանի, 30 եւ աւելի մեր քաղաքացիների կալանաւորումը, ուրիշ շատերի նկատմամբ քաղաքական հալածանքները, ի յաւելումն նախապէս կալանաւորուածների, նոյնիսկ` դատարանում մահացած մեր սիրելի Արմէն Գրիգորեանի, փաստում են, որ թուրք-օսմանեան բարքերն են վերակենդանանում մեր հայրենիքում, մեր պետութեան մէջ:

Նորօրեայ սուլթան Էրդողանը, որը յաւակնում է վերականգնել Օսմանեան կայսրութիւնը, մեր երկրի պարագայում կարող է չանհանգստանալ. այստեղ էլ սուլթան ու սուլթանիկներ կան, կազմ ու պատրաստ` մաս կազմելու եւ ամրապնդելու իր երազած կայսրութիւնը:

Hairenik Media Hairenik Media

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button