Ծ.Խ.- Ստորեւ, լոյս կÿընծայենք, սոյն գրութիւնը հրատարակուած, Թեհրանի »Նայիրի« (Գ. տարի) տարեգիրքին մէջ, Արմէն Հախնազարեանի (մահացած Փետրուար 19, 2009-ին) քառասունքին առիթով:
Այն ինչ, որ սկսուեց 1961 թուականին, որպէս մի համեստ ուսանողի կեանք, Շարլեմանի եւ գերմանացի թագաւորների հանգստավայր՝ պատմական Աախէն քաղաքում, բոլորից համարեայ կէս դար յետոյ: Հազարաւոր մղոններ հեռու իր պաշտած Հայաստանից, 2009 թուականի Փետրուար 19ին, երբ հայութիւնը աշխարհով մէկ նշում էր Սուրբ Վարդանանց տօնը, շատ շատե-րին ընկեր եւ պաշտօնակից, ճարտարապետ-քաղաքաշինարար, գիտնական եւ դասախօս, ամուսին եւ հայր՝ Արմէն Հախնազարեանը վախճանուեց, անողոք հիւանդութեան դէմ պայքարից յետոյ: Նա 67 տարեկան էր:
Հասակ նետելով Սփիւռքում, ինչպէս իր բախտակիցները, Արմէնը մշտապէս երազեց տեսնել պատմական Արեւմտեան Հայաստանը իր սեփական աչքերով: Տարիների ընթացքում, նա տեսել էր արքայական կոթողների պատկերները, կարդացել ու սովորել էր գիտական հրատարակութիւններից եւ Հայոց Պատմութեան դասագրքերից: Ինչեւիցէ, նրա հետաքրքրասիրութիւնը անդին անցաւ ուսումնատենչ ճարտարապետից: Որպէս Հայոց Մեծ Եղեռնից փրկուածների հետնորդ, Արմէնը նաեւ լսել էր իր նախնիների հայրենիքի ողբերգական ճակատագրի եւ դրա յուշարձանների մասին ծնողներից,- մայրը՝ Արուսեակը, ուսուցիչ եւ դաշնամուրի դասատու Թեհրանի երաժշտական դպրոցի, եւ հայրը՝ դոկտ. Յովհաննէս Հախնազարեանը, երեւելի մի լեզուաբան եւ ուսուցիչ, մէկն այն սակաւներից, որ հրաշքով փրկուել էր 1919 թուականի Հայաստանի Նախիջեւանի շրջանի Գողթան գաւառի թրքական կոտորածներից:
1970 թուին, վաստակելով իր դոկտորականը ճարտարապետութիւնում Աախէնի համալսարանից, Հախնազարեանը ձեռնարկեց իր առաջին ճանապարհորդութեանը դէպի պատմական Արեւմտեան Հայաստան (ներկայիս արեւելեան Թուրքիա): Արշաւը նշանաւորուեց, որպէս շրջադարձային կէտ նրա կեանքում: Նա վերադարձաւ Աախէն, իր որդեգրած հայրենիքը, որպէս վերափոխուած անձնաւորութիւն: Նա սքանչացած էր հազարամեայ վեհաշուք աւերակներով: Միաժամանակ, նա սարսափած էր նրանց վիճակից, ոչ միայն լքուած, սրբապղծուած, եղծուած ու թողնուած բնութեան կործանումին ու աւերումին՝ բայց աւելի կարեւոր, դրանց խնամակալների՝ Թուրքիոյ կառավարութեան կանխամտածուած, կործանարար չափերի հասնող անտարբերութեամբ ու անտեսումով: Շատ աւելի վաղ քան »մշակութային ցեղասպանութիւն« տարազը մուտք գործի մեր բառապաշար, Արմէն Հախնազարեանը այն տեսաւ Թուրքիայում հայկական յուշարձանների նկատմամբ: Յաջորդող տարիներին եւ տասնամեակներին Հախնազարեանը դարձաւ Պատմական Հայաստանի եւ աւելի ուշ՝ Ղարաբաղի եւ Ատրպէյճանի լուռ քարերի սիմֆոնիայի ձայնը: Յետագայ տարիներին արշաւները յաջորդեցին մէկը միւսին:
Առաջին անձը, որի հետ խորհրդակցեց Արմէնը իր յայտնաբերումների եւ ապագայի հեռանկարի մասին, իր կինն էր՝ Մարգրիթը, ով կիսում էր Արմէնի մտահոգութիւնները, նաեւ նրա վիշտը: Երկուսն էլ գիտակցում էին ծրագրի մեծութիւնը, ծաւալը եւ հրատապութիւնը, քաջ գիտակցելով, որ յուշարձանների պահպանումը պահանջում է մարդկային եւ նիւթական հսկայական՝ իրենց կարողութիւնից շատ աւելի մեծ հնարաւորութիւններ: Ամենաառաջին հասարակ գաղափարը Մարգրիթինն էր, որ անվերապահօրէն խորհուրդ տուեց Արմէնին վաճառել իրենց ամուսնութեան մատանին՝ հայթայթելու նախնական գումարը յաջորդ արշաւի համար: Նա, առանց տատանման, այդպէս էլ վարուեց: Սա գծեց Արմէնի կեանքի ուղին: Քիչ անց, նա ձեռնարկեց Հայկական ճարտարապետութեան ուսումնասիրութեան աննախադէպ ծրագիրը, որը տարիների ընթացքում վերածեց եւ դարձաւ ազդեցիկ հետազօտման կենտրոն: Յաջորդող չորս տասնամեակներում Հախնազարեանը Մարգրիթի չմարող հովանաւորութեամբ, նուիրաբերեց իր կեանքը գերագոյն մի առաքելութեան՝ փաստագրել եւ պահպանել Հայաստանից դուրս սփռուած հայկական պատմական յուշարձանները:
Գերմանիոյ Լիւբեքցի բնիկ, նոյնպէս Աախէնի համալսարանից վկայուած ճարտարապետ Մարգրիթը՝ Արմէնի զինակիցն էր, մի ժայռ, որին յենուած էր Արմէնը իր ամուսնական ողջ կեանքում, որն սկսուեց 1969ին: Կին եւ մայր երկու դուստրերի՝ Թալին եւ Շարիս, Մարգրիթը իր ամուսնու յաջողութիւններում խաղաց առանցքային դեր: Հայկական ճարտարապետութեան մասնագէտ եւ սահուն հայերէն խօսող Մարգրիթը, նոյնպէս մասնակցեց տարբեր վտանգալի արշաւների դէպի արեւելեան Թուրքիա, ընդհուպ մինչեւ 1990ական թուականների սկիզբը:
Հախնազարեանը իր երկրորդ արշաւից վերադարձաւ տուն աւելի ցնցուած, միաժամանակ աւելի վճռակամ իր որոշման մէջ՝ իր կեանքը նուիրաբերելու հայկական պատմական յուշարձանները պահպանելու հրատապ հարցին: Նա գիտէր, որ մրցման մէջ է ժամանակի դէմ, եւ դիմագրաւելու է ահաւոր վտանգներ: Միայնակ, նա պատերազմ յայտարարեց իր ժողովրդի ժառանգութեան դէմ կանխամտածուած մշակութային ցեղասպանութիւն սանձազերծած ուժերի դէմ: Նա բնորոշեց այս արշաւները, որպէս »խաչքարերի որս«: Իր գիտարշաւները, ամէն մէկը երկու ամիս տեւողութեամբ, աճեցին մինչեւ 9ը եւ ծաւալուեցին աւելի քան խաչքարեր գտնելը: Մէկը միւսից աւելի տարածուն, մեծածախս եւ վտանգաւոր քան նախորդը, մինչեւ անյաջողութիւն: Արմէնը ձերբակալուեց, բրտօրէն հարցաքննուեց եւ բանտարկուեց: Ի վերջոյ Հախնազարեանը յայտարարուեց »անցանկալի անձ« եւ զրկուեց Թուրքիայում յետագայ բոլոր արշաւներին մասնակցելուց: Ինչեւիցէ, ծրագրւում էին նոր արշաւներ եւ կատարւում էին Արմէնի հսկողութեամբ՝ արտասահմանից:
Թողնելով Թուրքիան, Հախնազարեանը մշտապէս նախընտրում էր պատուհանին կից նստատեղերը այն թռիչքներում, որոնք անցնում էր արեւելեան Թուրքիոյ երկնքով: Ամէն անգամ, երբ ինքնաթիռը թեքւում էր հիւսիս դէպի Արաքս գետը, որ բաժանում էր Իրանը Հայաստանից, նա լուսանկարում էր, դէմքը հպելով օդանաւի լուսամուտին, որպէս թէ՝ օդային հետազօտում է կատարում: Հախնազարեանը գիտէր Արեւմտեան Հայաստանի գաւառները իր ձեռքի ափի պէս, եւ ամէն մի վանքային համալիրի եւ կոթողի ետեւում գտնուող պատմութիւնը:
Իր արշաւների ընթացքին, որոնք տեւեցին մէկ տասնամեակ, Հախնազարեանը ծանօթացաւ Նիւ Եորքի Ռենսելեր պոլիտեխնիկ ինստիտուտից, դոկտոր Վազգէն Բարսեղեանի հետ: Բնիկ մոկսեցի, (որը գտնւում է Վանայ լիճից հարաւ արեւմուտք), դոկտոր Բարսեղեանի անսասան հովանաւորութեամբ, եւ Խորհրդային Հայաստանի Նախարարների Խորհրդին առընթեր Յուշարձանների Պահպանութեան եւ Շահագործման բաժնի համագործակցութեամբ, Հախնազարեանի ջանքերը իրենց գագաթնակէտին հասան՝ Հայկական ճարտարապետութեան 7 հատորեայ միկրոֆիշ շարանով: Առաջին անգամ, գիտական շրջանակները եւ հասարակութիւնը ընդհանրապէս, հնարաւորութիւնն ունեցան տեսնել Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիոյ հայկական յուշակոթողների մասին գիտականօրէն հաւաքուած տեղեկութիւնները եւ պատկերները: Այս կոթողային աշխատութեան ժողովածուները, իր ծաւալով, աւելի քան 42.000 միկրոֆիշ սլայդներով, փաստագրելով արեւելեան Թուրքիայում գտնուող հայկական յուշարձանները, մինչ օրս մնում են անգերազանցելի եւ մեծագոյն աղբիւրը՝ Հայաստանից դուրս գտնուող յուշարձանների մասին:
Ցաւալիօրէն, Արմէնի եւ իր արշաւախմբի տարիների ընթացքին վաւերագրած կոթողներից շատերն այսօր այլեւս գոյութիւն չունեն: Նրանք Թուրքիոյ կառավարութեան շարունակական քաղաքականութեան զոհերն են, որ նպատակադրուած է ոչնչացնել հայկական քաղաքակրթութեան բոլոր հետքերը Անատոլիայում: Այս իրողութիւնը հաստատում են մեծաթիւ ամերիկացի եւ եւրոպացի ճանապարհորդների եւ գիտնականների հրատարակութիւնները, մինչեւ 1990ական թուականները: Ոչնչացման այս ծաւալով եւ տարողութեան համեմատութեամբ, որին աւելի ուշ յաջորդեց Ատրպէյճանում եւ Նախիջեւանում »Խաչքարերի ջարդը«, Թալիբանի միջոցով Աֆղանիստանում Բամիանի Բուդդհաի արձանի կործանումը համարւում է աննշան դէպք:
Թուրքիայում հայկական յուշարձանների անպատիժ »մաքրագործումը«, եղծումը եւ սրբապղծումը, անցաւ արմատական, կրօնական մոլեռանդների (ձեռքի գործից) անդին, սա չյայտարարուած մշակութային պատերազմ է երեքհազարամեայ հնադարեան Հայաստանի ժառանգութեան դէմ մասնաւորապէս եւ համաշխարհային քաղաքակրթութեան դէմ, ընդհանրապէս:
Որքան, որ Հախնազարեանի փորձառութիւնը Թուրքիայում իր համար յայտնութիւն էր, առաջին անգամը չէր, որ նա տեսնում էր հնադարեան հայկական ճարտարապետական կոթողները: 1968 թուականին, նա 6 ամիս անցկացրեց Իրանի արեւելեան եւ արեւմտեան Ատրպատական նահանգներում (հայկական հին, Արտազ գաւառում), ուսումնասիրելու հայկական վանքերը եւ եկեղեցիները: Իր փորձն ու տպաւորութիւնները տրամագծօրէն տարբեր էին եւ ոգեւորիչ, հակառակ Թուրքիայում զգացածին: Իր ուսումնասիրութիւնը ներառում էր Սուրբ Թադէոս առաքեալի վանքի վանական համալիրի, (Ղարա Քիլիսա-Սեւ եկեղեցի, թուագրուած 7-9դդ., տեղակայուած Արարատ լերան հովանու ներքոյ), խոր պատմական եւ ճարտարապետական հետազօտութիւնը: Այս վանական համալիրը ի վերջոյ դարձաւ նրա դոկտորական աւարտաճառի թեման: Այսօր էլ այն մնում է համալիրի ամենագիտական ուսումնասիրութիւնը: Նրա գիտարշաւը նաեւ ներառեց Դարա Շամբի Սուրբ Ստեփանոս նախավկայի վանական համալիրը, որը գտնւում է Արաքս գետի ափին, Նախիջեւանի Հին Ջուղայի պատմական գերեզմանատան հանդիպակաց ափին, եւ Ծոր Ծորի Սուրբ Աստուածածին մատուռը: Այս գիտարշաւը հիմք դրեց Հախնազարեանի ապագայ գիտական եւ մշակութային ջանքերին եւ խոր զգացումային հետք թողեց իր աշխարհայեացքի եւ տեսակէտների վրայ: »Ինչին ես կապուած եմ,- գրում է Հախնազարեանը,- պատկանում է անցեալին եւ այն տիրոյթներին, որոնք պատկանել են մեր փառահեղ անցեալին: Այլեւս ոչ… եւ եթէ մենք իրատես լինենք, գուցէ եւ երբեք մերը չեն լինի… Ուստի, ինձ մեծ ուրախութիւն է բերում, երբ ես յայտնաբերում եմ պատմական մասունքներ եւ արձանագրութիւններ վանքի պատին կամ ձեռագրում, կամ մի թղթի կտորի վրայ: Ես դարձել եմ մի տեսակ »Խաչքարի որսորդ«: Այս իրողութիւնները լաւ չեն համապատասխանում իմ բնաւորութեանը եւ յաճախ են ինձ ընկճում: Տառապանքը եղել է իմ կեանքի անփոփոխ ուղեկիցը«:
Սուրբ Թադէոս առաքեալի վանական համալիրի վեհութիւնը խոր տպաւորութիւն թողեց եւ կառոյցի մտահոգիչ վիճակը ուղղորդեց Արմէնին մտածել-ծրագրել բարելաւելու վանքի վիճակը: Լինելով Փարիզում տեղակայուած Հող եւ Մշակոյթ Կազմակերպութեան երկարամեայ անդամ եւ վարչութեան անդամ, աւելի քան քսանհինգ տարի, Արմէնը օգնեց կազմակերպել Հիւսիսային Ամերիկայի եւ Եւրոպայի տարբեր համայնքների հայ երիտասարդների կամաւորների խմբեր, մասնակցելու Սուրբ Թադէի վանքի վերանորոգմանը եւ այլ ծրագրեր յետագայ տարիներին՝ Մերձաւոր Արեւելքում: Սփիւռքի զաւակ՝ Արմէնը հասկանում էր Սփիւռքի երկրորդ եւ երրորդ սերունդների զգացումները: Մի նամակում՝ ընկերոջը, Արմէնը գրում է.- »Մեծանալով օտար ափերում, նրանք իրենց ինքնութիւնն են փնտռում…: Նրանք վճռակամ են փաստելու անհնարինը, թէ »Քառակուսին կլոր է«, եւ հաստատել իրենց հայկականութիւնը: Ոմանց համար նրանք »խենթ« են, միւս կողմից, ինձ համար նրանք իրատես են, որոնք հակառակ ամենօրեայ կենցաղային ամէն տեսակ դժուարութեանց, պիտի պայքարեն ձուլման եւ իրենց մտքերը ճզմող համաճարակի պէս բազմացող կազմակերպութիւնների դէմ«: Նա այս արշաւներին երբեք չէր նայում որպէս յուշարձանների վերանորոգմանը օժանդակող միակ միջոց: Հախնազարեանը արշաւներում կարեւոր տեղ էր յատկացնում կրթական ոլորտին, որը հնարաւորութիւն կը տար Սփիւռքի երիտասարդութեանը ընդլայնելու իրենց տեղեկութիւնները եւ միեւնոյն ժամանակ հասնելու իր ազգի ժառանգութեան եւ պատմութեան հանդէպ աւելի գիտակցական ճանաչողութեան:
Արմէնը մեծ յարգանքով էր խօսում Իրանի կառավարութեան մասին, իր ձեռնարկած քայլերի համար պահելու եւ պահպանելու հայկական պատմական յուշարձանները իր տարածքներում Իսլամական Յեղափոխութիւնից առաջ եւ յետոյ: 2008 թուականի Յուլիս 6ին Արմէնը չէր կարողանում զսպել իր ուրախութիւնն ու հրճուանքը, երբ Իրանի կառավարութեան ջանքերի շնորհիւ Սուրբ Ստեփանոս, Սուրբ Թադէ վանքերը եւ Ծոր Ծորի մատուռը ընդունուեցին եւ գրանցուեցին Եունեսկոյի »Համաշխարհային Ժառանգութիւն« ցանկի մէջ: Մինչ Իրանի իսլամական Հանրապետութիւնում ջանք է տարւում պահելու եւ պահպանելու հայկական կոթողները, Հայաստանի երեք այլ հարեւան երկրներում շարունակական եւ գիտակցաբար աշխատանք է տարւում կործանելու եւ եղծելու հայկականութեան հազարաւոր դարերի ներկայութիւնը հաստատող հետքերը իրենց տարածքներում արհամարհելով համաշխարհային կոնւենցիաները եւ կանոնները:
Ծնուած լինելով Թեհրանում (Իրան) Արմէնը յատուկ զգացումներ էր տածում իր ծննդավայրի հանդէպ: »Այս երկիրը, որին ես շատ կապուած եմ,- գրում է Հախնազարեանը.- իր ժողովրդով, ցեղերով, կրօններով, հարուստ եւ բազմազան մշակոյթով, իր բոլոր հակասութիւններով, չակնարկելով իր գեղեցիկ եւ այլազան բնութեանը, ինձ համար եղել է եւ մնում է ներշնչանքի անփոխարինելի եւ անսահման աղբիւր« :
Իր շարունակուող ուսումնասիրութիւնները եւ գիտարշաւները ուսումնասիրելու, գտնելու եւ վաւերագրելու հայկական պանծալի անցեալի լուռ ականատեսներին՝ խորացրեց իր յարգանքը Իրանի եւ իրանցի ժողովրդի հանդէպ: Հակառակ այն իրողութեան, որ մեծացել էր Իրանի հայկական երբեմնի եռանդուն, բայց սահմանափակ համայնքում, Արմէնը կարողացաւ հասկանալ եւ գնահատել իրանական հասարակութիւնը եւ ժողովրդի մտածելակերպն ու դրա նրբութիւնները: Վերջերս, Արմէնի կարեւոր աշխատութիւններից մէկը՝ Նոր Ջուղայի հայկական յուշարձանները, թարգմանուեց պարսկերէնի եւ հրատարակուեց Իրանի Արուեստի Ակադեմիայի միջոցով: Անցեալ տասնամեակներում, դոկտոր Արմէն Հախնազարեանը բազմաթիւ մասնագիտական ամսգրերում տպագրել է յօդուածներ եւ ուսումնասիրութիւններ եւ մասնակցել բազմաթիւ սիմպոզիումների եւ գիտաժողովների, զեկոյցներով եւ յուշերով:
Ինչպէս իր արմատներին գիտակից իւրաքանչիւր սփիւռքահայ Հախնազարեանը աւելի քան քառասուն տարի ապրեց մի կեանք, բաժնուած իր ծննդավայր Թեհրանի եւ իր որդեգրած երկրորդ հայրենիք՝ Աախենի միջեւ, մինչ իր սիրտը եւ հոգին Հայաստանում էր: Նա մխիթարութիւն գտաւ սփիւռքահայ գրող Յակոբ Կարապենցի երկերում: Նա կարդաց ու վերընթերցեց Կարապենցի երկերը: Նա Կարապենցի հերոսների հետ կապ էր ստեղծում, քանզի նրանք կերպաւորում էին իւրաքանչիւր հայի, որն ապրել ու մեծացել էր օտար երկինքների տակ: »Ես տեսնում, լսում եւ զգում եմ ինձ ձեր գրութիւններում,- գրել է նա Կարապենցին,- Ես մէկն եմ այն օտարացած հոգիներից, ովքեր ապրում են ամէն տեղ, բայց օրուայ վերջում նրանք իրենց զգում են »անտունի« եւ զուրկ ամուր արմատներից կամ կապուածութիւնից՝ իրենց որդեգրած երկրից, եւ ովքեր չեն պատկանում ոչ մի տեղի«: Արմէնի եւ Կարապենցի միջեւ կապը աճեց տարէց տարի, մինչ իր ուսումնասիրութիւնները նրան բերեցին աշխարհով մէկ ցրուած հայկական Սփիւռքի իրականութեան աւելի սերտ շփման եւ խոր հասկացութեան, Սփիւռք, որը պայքարում էր վերստանալ եւ պահպանել իր ազգային ինքնութիւնը:
Նա ոգեորուած էր իր ժողովրդի ապագայով Հայաստանում, բայց խոր ցաւ էր ապրում վերջին տարիներին տեսնելով Իրանի հայկական համայնքի նուազումը: »Հասարակական եւ մշակութային մթնոլորտը կաշկանդուած է, գորշ եւ ապագան անկանխատեսլի: Մեր հոգեւոր կենտրոնները վտանգուած են, մեր դպրոցները կորցնում են իրենց ուժը, հայկականութեան ոգին եւ կրթութիւնը չեն գոյատեւելու, ինչպէս նախկինում. մարդիկ թողնում են երկիրը«: Մէջբերելով Կարապենցին՝ »Նոր աշխարհի հին սերմնացանները…« Հախնազարեանը հաւատում էր, որ մի ազգի գոյատեւման երաշխաւորման ամենակարեւոր ազդակը իր մշակոյթն է, որը շատ աւելի հզօր ուժերի անընդհատ գրոհի տակ է՝ հայրենիքից դուրս: »Նրանք, ովքեր ապրում են Սփիւռքում, ինքնախաբէութեամբ զբաղուած՝ հաւատում են միայն մեր ազգանուան »եան« մասնիկին, կամ գենետիկական արմատներին ու հաւատքին: Ես հաւատացած եմ, որ առանց հայրենիքի չի կարող ազգային մշակոյթ լինել: Մեզ համար, որ ապրում ենք Հայաստանից դուրս, լեզուն, որը ցաւալիօրէն կորում է ամէն մի անցնող սերնդի հետ, մեր միակ հայրենիքն է«: Նա գիտէր, որ հակառակ հարիւրաւոր տարիներ, տեսականօրէն երկրագնդի ամէն մի երկրում ներկայութիւն լինելուն՝ հայկական Սփիւռքի ապագան անխոստումնալից է:
Հախնազարեանները Թեհրանում հաստատուեցին մօտաւորապէս մէկ տասնամեակ (1974-1982), որը համընկաւ Իրանի ժամանակակից պատմութեան ամենախռովայոյզ տարիներին: Որպէս պրոֆեսիոնալ ճարտարապետներ, նրանք աշխատեցին տարբեր պրոյեկտների ծրագրաւորմամբ եւ կառուցմամբ, ներառեալ մանկապարտէզներ, հիւանդանոց եւ բնակելի շէնքեր: Սա Արմէնին աւելի մեծ հնարաւորութիւն ընձեռնեց յայտնաբերելու հայկական ճարտարապետական ժառանգութիւնը Իրանում: Միաժամանակ նա հայկական պատմական յուշարձանների վերանորոգման աշխատանքներում գործուն ներկայութիւն դարձաւ:
Այսպիսով, հետեւելով իր մասնագիտական աշխատանքներին, վեց տարիների ընթացքում նա առաջնորդեց գիտարշաւներ դէպի Իրանի Ատրպատական նահանգները եւ մասնակցեց մի քանի յուշարձանների փաստագրման եւ վերանորոգման աշխատանքներին, ներառեալ Սուրբ Սանդուխտ մատուռը եւ Անդրէորդու եկեղեցին, եւ երկու ուրիշ՝ երբեմնի հայաբնակ գիւղեր Ղարադաղում եւ Սալմաստում, 19րդ դարի գրող վիպասան Րաֆֆու ծննդավայրում, Արդաբիլի պատմական վայրերը, եւ Թաւրիզ՝ հայութեան երբեմնի »մշակութային միջնաբերդը«:
Իր ուշադրութիւնը դարձնելով դէպի Իրանի հարաւային նահանգները, նա սկսնակ եւ մասնագէտ ճարտարապետներից խմբեր կազմեց՝ ուսումնասիրելու հայկական յուշարձանները վաղ շրջանների հայկական բնակավայրերում եւ գիւղերում, Շիրազում, Քերմանում, Խուզիստանում եւ Բուշեհրում՝ Պարսից ծոցի ափին: Նման ծրագրեր, իր բնոյթով աւելի ընդարձակ, կազմակերպուեց Նոր Ջուղայի եկեղեցիները ուսումնասիրելու, (հայկական պատմական համայնք՝ Իրանի պատմական մայրաքաղաք Սպահանում, Հայոց եկեղեցու Իրանա-Հնդկաստանի թեմի նստավայրում), երբեմնի հայաբնակ Փերիա, Չահարմահալ եւ ենթակայ գիւղերում: Այս բնակավայրերի գերեզմանատները, յատկապէս արձանագրութիւններով հարուստ տապանաքարերով եւ մշակութային ուրոյն արժէքով, դարձան դոկտոր Ա. Հախնազարեանի ուսումնասիրութիւնների ուշադրութեան կարեւոր բեւեռը: Աւելի ուշ, մայրաքաղաք Թեհրանում, Հախնազարեանը մասնակցեց Սուրբ Գէորգ պատմական եկեղեցու վերանորոգմանը:
Արմէնի հետաքրքրութիւններն ու մօտեցումները այս ծրագրերում հասկանալի էր եւ ամբողջական: Այն աւելին էր քան մէկ շէնքի կամ յուշարձանի ճարտարապետական բնոյթը: Նա առաքելութիւն ունէր հանգուցալուծելու իր ժողովրդի մշակութային ժառանգութեան երբեմնի փառքի առեղծուածը, դարերով թաղուած անտարբերութեամբ ու անտեսմամբ:
Գերմանիա վերադարձին, Հախնազարեանը միացաւ իր Ալմա Մաթերին (մայր համալսարանին) եւ դասաւանդեց Քաղաքաշինութեան ուսումնասիրութիւնների բաժնում աւելի քան մէկ տասնամեակ՝ 1984-1998: Քաղաքաշինութիւնը Արմէնի երկրորդ մասնագիտութիւնն էր եւ կիրքը, որով նա աւարտեց եւ վաստակեց իր երկրորդ դոկտորականը՝ 1973 թուին: Նա առաքելութիւն ստացաւ վերահսկելու Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու վերանորոգման աշխատանքները Եւրոպայում՝ հայոց եկեղեցու առաջնորդանիստ Քյոլնում, որը յետագային օծուեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջին հայրապետի ձեռամբ, 1999 թ. Յունուարին:
1991 թուականին Հայաստանի անկախացումը նախանշեց նոր եւ ոգեւորիչ գլուխ Հախնազարեանների կեանքում: Տարիների ընթացքում ստեղծելով նախնական կապեր Հայաստանում, նա հրաւիրեց նուրիուած տաղանդաւոր երիտասարդ գիտնականների խումբ՝ միանալու Հայ Ճարտարապետութեան Ուսումնասիրութեան Կենտրոնին (ՀՃՈՒԿ R.A.A.): Հակառակ սովետական շրջանից մնացած վարչարարական կարմիր գծերին եւ այլ խոչընդոտներին՝ Հախնազարեանը յաջողեց հիմնադրելու ՀՃՈՒԿ-ի մասնաճիւղը Երեւանում, 2000 թուին: Լոս Անճելըսի եւ Աախենի գրասենեակների եւ Եւրոպայում, Մերձաւոր Արեւելքում եւ Հիւսիսային Ամերիկայում ցրուած նուիրեալների, կամաւորների եւ հովանաւորների հետ, ՀՃՈՒԿ-ը դարձաւ արդիւնաւէտ եւ իսկապէս համամայրցամաքային մի երեւոյթ: Սա խօսում է դոկտ. Արմէն Հախնազարեանի կազմակերպչական հմտութիւնների, նիւթական հսկայական զոհողութիւնների եւ մի խումբ նուիրեալ, երիտասարդ գիտնականների եւ համալսարանականների աշխատանքի մասին:
Իր հնարաւորութիւններով երիտասարդ եւ համեստ՝ ՀՃՈՒԿ-ի յաջողութիւնները գերազանցում են ակադեմական ամենաօժտուած ինստիտուտներին: Հակառակ բազմաթիւ տնտեսական եւ քաղաքական դժուարութիւնների՝ ՀՃՈՒԿ-ը կազմակերպել է աւելի քան 157 գիտարշաւներ դէպի Արեւմտեան Հայաստան, Կիլիկիա, Արցախ, ներառեալ նաեւ ազատագրուած հիւսիսային Արցախ, Վրաստան (ներառեալ Գուգարք, Ջաւախք, Թբիլիսի, Ախալցխա, Կախեթ, եւ Քարթլի), Կուր գետի ձախակողմեան ափերը՝ Ատրպէյճան եւ պատմական Պարսկահայք: Գիտարշաւների ընթացքում ՀՃՈՒԿ-ի անդամները կուտակել են փաստաթղթերի տպաւորիչ հատորներ, աւելի քան 120.000 հայկական պատմական արժէքաւոր կոթողների պատկերներ, չափագրութիւններ, քարտէսագրութիւններ, վաւերագրեր եւ կատալոգներ, առանց սահմանափակումների եւ ներառեալ վանքեր, բերդեր, կամուրջներ, գերեզմանատներ եւ տապանաքարեր:
Դաշտային աշխատանքներին զուգընթաց, Կազմակերպութիւնը կատարել է պատմական ուսումնասիրութիւններ տարբեր գրադարաններում եւ արխիւներում:
ՀՃՈՒԿ-ի լայնածաւալ ուսումնասիրութիւնները արդիւնաւորուեց եռալեզու՝ հայերէն, անգլերէն, ռուսերէն, հրատարակութիւնների մատենաշարով, աւելի քան տաս հատոր: Հախնազարեանի եւ իր խորհրդատուների եւ նուիրեալ աշխատակազմի երիտասարդ-գիտնականների միջոցով նպատակաուղղուած, ծրագրուած եւ ձեռնարկած աշխատանքները, ամփոփում են Պատմական Հայաստանի նահանգները եւ յուշարձանները, որոնք շաղկապուած են պատմական, մարդաբանական, ճարտարապետական, հասարակական, տնտեսական եւ կրօնական բնութագրութիւններով:
Հախնազարեանը, չնայած երբեք չարտայայտուեց, բայց իր սրտի խորքում, հպարտ էր ՀՃՈՒԿ-ի »համեստ« յաջողութիւններում իր ներդրումով: Նա հաւատում էր, որ ՀՃՈՒԿ-ի յաջողութեան բանալին իր աշխատակիցների համոզումն է իրենց »գործ«ի հանդէպ, եւ այն ճակատագրական վիճակը եւ իրողութիւնները, որոնցմով շրջապատուած են հայկական յուշարձանները:
Հախնազարեանը անձամբ մասնակցել է ՀՃՈՒԿ-ի ծրագրերին Հայաստանում եւ Արցախում: Մասնակցութիւնը ներառում է մի քանի կարեւոր եկեղեցիների ու վանական համալիրների նորոգումը, ինչպէս՝ Սուրբ Մինաս եկեղեցին Տաթեւ գիւղում, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին, Սաղմոսավանքի համալիրը, Սուրբ Սարգիս եկեղեցին, Ուշիի շիրմային մատուռը, ինչպէս նաեւ Քարինատակ գիւղի եկեղեցին, Արցախում:
Ի յաւելումն վերոյիշեալի, Հախնազարեանը նախնական քայլեր ձեռնարկեց փրկելու համար Խոսրովի անտառը Հայաստանում, ամենադժուար տարիներին, 1990ականների սկզբին: Նա հաւատում էր բնական միջավայրի կարեւորութեանը, եւ դրա անբաժանելիութեանը յուշարձանների պահպանման հարցից: Նա այն տեսնում էր, որպէս պայքարի ճակատներից մէկը: Այդ ժամանակ նա գրեց.- »Այսօր Հայաստանը ներքաշուած է զինեալ պայքարի… Խոսրովի անտառի պահպանումը կարեւոր քայլ է մեզ ստիպել մտածելու, որ ոչ միայն պիտի պաշտպանենք մեր հայրենիքը զէնքով, այլեւ իւրաքանչիւր հայ պիտի գիտակից կեցուածքով պաշտպանի իր երկրի բնական կենսոլորտը եւ բնական պաշարները աղտոտութիւնների դէմ, վարակից, եւ մի խումբ տգէտ անհատների չարաշահումներից«: Նկատելով պաշտօնական անձանց եւ հասարակութեան մէջ անտարբերութեան որոշակի մակարդակ կենսոլորտի հանդէպ, նա սարսափելով աւելացնում էր, որ »Մենք գիտենք մեր թշնամիները ովքեր են, նրանց հնարաւորութիւններն ու ներուժը: Այնուամենայնիւ, կայ աւելի կործանարար ուժ, որը մեր մէջ է, դա անձնական նախանձն է, եւ անտարբերութեան ովկիանը: Սա անհերքելի իրականութիւն է, որ մենք պարտաւոր ենք գիտակցել եւ դիմադրել՝ եթէ ցանկանում ենք յաղթել«:
Վերջին եւ մեծագոյն ծրագիրը, որը ձեռնարկեց Արմէնը, եւ որին յատկապէս շատ կապուած էր, Դադիվանքի նորոգումն էր, Արցախում: Այս հրաշալի վանական համալիրի օծման արարողութիւնը Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի ձեռամբ տեղի պիտի ունենար 2008 թուին, սակայն պաշտօնական սրբազան արարողութիւնը յետաձգուեց եւ Արմէնը չապրեց որպէսզի տեսնի այն:
Հախնազարեանը հաւատացած էր Հայաստանի եւ Արցախի վերամիաւորմանը եւ գերագոյն կարեւորութիւն էր տալիս մայր հայրենիքի հետ միացմանը: Նա ասում էր,- »Ոչ մի ջանք չպիտի խնայել ուժեղացնելու եւ ամրապնդելու հայկական երկու պետութիւնները: Առանց այս »բռնցքաչափ« հողի մենք կորած-գնացած եւ անհետացած կը լինէինք »երեկ«: Նա զուգահեռներ էր գծում Հայաստանի ոչ վաղ անցեալի հետ, երբ ասում էր,- »ինչպէս քսաներորդ դարի սկիզբը, հայերը դիմագրաւում են ճակատագրական օրեր, որը միայն կարելի է յաղթահարել հայրենիքի եւ Սփիւռքի միացեալ ուժերով: Բարեբախտաբար, այս անգամ Սփիւռքը ուժեղ է, զգօն եւ գիտակից իր առաքելութեանը, իր յաւիտենական հայրենիքի նկատմամբ: Սփիւռքը պիտի կանգնի հաստատակամ եւ նուիրի իր ամբողջ ներուժն ու էներգիան պայքարին, որը դիմագրաւում է Հայաստանը: Մենք աննախընթաց ժամանակ ենք ապրում: Չարենցի երազանքն իրականութիւն է դարձել. Միասնական ուժով մենք կանգուն ենք«:
Նա նաեւ հասկանում էր, որ սփիւռքահայերի որոշակի հատուածի համար բնական է Հայաստանի հանդէպ օտարացումը: Այս զգացումը իրենց նախնիների երկրի, ժողովրդի եւ մշակոյթի հանդէպ, որից բաժանուած էին աւելի քան եօթանասուն տարի, բխում է հարազատութեան եւ արժեւորման պակասից: Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, վերանում էր տասնամեակների ճեղքուածքը Հայաստանի եւ իր Սփիւռքի միջեւ, նա հաւատում էր, որ նոր աննախադէպ հնարաւորութիւններ կան սփիւռքահայերի համար վերայայտնաբերելու պապենական երկիրը, վերամիանալու արմատներին եւ եղբայրակիցներին:
Դիտարկելով հազարաւոր հայերի, որոնք Հայաստան են այցելում, նա յաճախ հարցնում էր Հայաստանի վերաբերալ նրանց զգացումների եւ տեղեկութիւնների մասին եւ նրա տեղը իրենց սրտերում եւ մտքերում: »Սիրելու համար Հայաստանը, մարդ նախ պիտի տեսնի այն, եւ երկրորդ ճանաչի եւ հասկանայ այն: Սա կÿամբողջացնի որոշակի գիտելիք հայրենիքի մասին: Հախնազարեանը աւելացնում էր,- »Միայն այս ազդակների վրայ յենուած հայը կարող է յարգանք տածել եւ հասկանալ, որն ի վերջոյ կառաջնորդի կապուածութեան դէպի հայրենիքը: Սա այն է, թէ ինչպէս է սէրը գոյաւորւում եւ ծաղկում: Այն երբեք չի ընկնում ձեր գիրկը երկնքից՝ մանանայի պէս: Դու չես կարող մէկին սիրել՝ առանց տեսնելու եւ ճանաչելու«: Անկախացումից ի վեր, ականատես լինելով հազարաւոր Հայաստան այցելողների մէջ Հայաստանի հանդէպ կապուածութիւնն ու խոր ազդեցութիւնը, խօսում է այս երեւոյթի հանդէպ Արմէնի ճիշդ գնահատականի մասին:
Հախնազարեանը այս հարցի շուրջ իր եզրակացութեանը յանգել էր աշխատանքի միջոցով: Նա իրական դիտորդ էր, որը տեսնում էր խնդիրները իրատեսական ոսպնեակով: Նա նաեւ շատ լաւ գիտեր թէ Հայաստանում ոչինչ չի կարող բարելաւել կամ յառաջադիմել առանց ժողովրդի մտածելակերպի փոփոխութեան, բանտուած սովետի ժամանակուայ մտածելակերպով: Հայաստանը պիտի ջանքեր գործադրի, երկարի ձեռքերը դէպի Սփիւռքի համայնքները եւ գրկի նրանց:
Արմէնի վերջին ժառանգութիւնը եւ հաւանաբար իր ամենայամառ մասնակցութիւնն էր աշխարհին տեղեակ պահելու Ատրպէյճանի հանրապետութիւնում Նախիջեւանի Հին Ջուղայի 1500ամեայ խաչքարերի կործանման մասին: 2005 թուականի Դեկտեմբերին, 4 օրերի ընթացքում նա Ատրպատականի առաջնորդի հետ, ցնցումով ականատեսն եղաւ, թէ ինչպէս պատմական գերեզմանատունը ամբողջապէս գետնին հաւասարուեց 200 ազերի զինուորների միջոցով, կտորների վերածելով հնամենի խաչքարերը, հեռացուելով կամ պարզապէս Արաքս գետի ջրերը նետելով, ամբողջ տարածքը վերածուեց զինուորական հրաձգութեան վայրի: Իր եւ ՀՃՈՒԿ-ի ջանքերով, դոկտոր Հախնազարեանը համաշխարհային հանրութեանը տեղեակ պահեց այս գրոհող բարբարոսութեան մասին եւ մի զեկոյց ներկայացրեց ICOMOS-ին՝ հայկական պատմական գերեզմանատան ոչնչացման մասին: »Մշակութային ցեղասպանութեան« այս ակնառու օրինակը, ծաւալուն վաւերագրերով, փաստաթղթերով, ներառեալ կործանման պահին նկարահանուած տեսաերիզը, ներկայացուեց Իւնեսկոյին, 2006 թուականի Հոկտեմբերին, միջազգային պառլամենտական պատուիրակութեան միջոցով:
Ջոն Էֆ Քենեդին մի անգամ ասել է.- »Որեւէ ազգ մեծ է ոչ միայն իր զաւակներով, այլեւ իր կողմից յարգուած եւ յիշուած մարդկանցով«: Մօտաւորապէս մէկ տասնամեակ տեւեց մինչեւ Հայաստանի պետութիւնը ճանաչեց դոկտոր Արմէն Հախնազարեանի եւ ՀՃՈՒԿ-ի անգնահատելի ծառայութիւնը հայ ճարտարապետական ժառանգութիւնը փաստագրելու, հաւաքելու եւ պահպանելու գործում: Ուշացած ճանաչում, գնահատականներ, մրցանակներ եւ դրուատանքի նամակներ՝ ստորագրուած տարբեր կառավարական պաշտօնեաների եւ անձանց կողմից, ներառեալ Հայաստանի Ազգային Ժողովի կողմից վերջին տարիներին:
Շատ սովորական եւ չափազանց համեստ մարդ, Հախնազարեանը հեռու էր տիտղոսներից, մրցանակներից եւ խուսափում էր ուշադրութեան կենտրոնում լինել: 1997 թուին, երբ տեղեկացուեց, որ Ամերիկայի հայ գիտնականների ճարտարագէտների կողմից ընտրուել է որպէս »Տարուայ մարդ«, նա պարզապէս մերժեց ընդունել այդ պատիւը: Նա փոխեց իր որշումը, միայն այն ժամանակ, երբ կազմակերպութիւնը համոզեց նրան, որ ընդունելով մրցանակը, նա կարող է մասնակցել ՀՃՈՒԿ-ի տասնամեակների յաջողութիւնների ճանաչմանը եւ անուղղակիօրէն գնահատել իր նուիրեալ աշխատակիցների աշխատանքը:
Փետրուարի սկզբին, Հայաստանի վարչապետը, եւ նրանից յետոյ Մշակոյթի Նախարարը, այցելեցին ՀՃՈՒԿ-ի գրասենեակ: Արտայայտելով մեծ զարմանք ՀՃՈՒԿ-ի ձեռքբերումների նշանակալիութեամբ երկու պաշտօնեաներն էլ խոստացան իրենց հովանաւորութիւնը, բարելաւելու կազմակերպութեան պայմանները, որի ներքոյ աշխատում են: Այս այցելութեան լուրը Հախնազարեանին հաղորդուեց հազիւ թէ երեք շաբաթ իր մահից առաջ: Այս այցելութիւնը իր աւելի քան քառասնամեայ անխոնջ աշխատանքի ճանաչումն էր, որը ժպիտ բերեց նրա յոգնած եւ հիւծած դէմքին:
Քառասուն օր է անցել Դոկտոր Արմէն Հախնազարեանի մահից: Մեզ համար, ովքեր ճանաչում էինք նրան, ցաւալի է ընդունել այն փաստը, որ նա այլեւս մեզ հետ չէ: Նրա կորուստը անժամանակ էր, վաղաժամ: Նա դեռ բարձունքներ ունէր նուաճելու: Նրա կորուստը աւելի մեծ էր քան մի սիրուած ամուսնու, հօր եւ ընկերոջ: Նրա մահով Հայաստանը կորցրեց մի »Ազգային Արժէք«, մի ազնուասիրտ հոգի, որը մօտաւորապէս յիսուն տարիներ ծառայեց իր պապենական հայրենիքին, անձնուիրաբար, բացառիկ նուիրումով, ջերմեռանդութեամբ եւ աննկուն հոգով: Մի անխոնջ ու հաւատարիմ պաշտպան՝ հայկական ճարտարապետական յուշարձանների պահպանութեան՝ Թուրքիայում, Վրաստանում, Ատրպէյճանում եւ Իրանում. Արմէն Հախնազարեանը համազգային եւ համաշխարհային ճանաչում բերեց այդ արժէքներին եւ դրանց ողբերգական ճակատագրի եւ վիճակի մասին: Նա ՀՃՈՒԿ-ի աշխատակիցներին աւանդեց հարուստ եւ եզակի ժառանգութիւն, որը կարող է լցնել իրենց բացառիկ վարպետի, ուսուցչի, աշխատակցի, եւ մեծ »եղբօր« տեղը նրանց հոգում, նուիրումով շարունակելու իրենց անսասան գործունէութիւնը:
Թող, որ Արմէնի յիշատակը ապրի յաւերժ, եւ շարունակի լուսաւորել ներկայ եւ գալիք հայ սերունդներին Սփիւռքում եւ հայրենիքում, ովքեր ամէն օր ողջագուրւում են Հայաստանի հետ, իրենց սրտերում եւ մտքերում:
ԱՐԱ ՂԱԶԱՐԵԱՆՑ
(Թարգանեց Շ.Ա.Պ.)