Ռոպերթ Կարապետեան
Նիւ Եորք
Լուսանկարները` հեղինակի
Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի շրջանակներում, Փետրուար 19- ին Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց ամենօրեայ Ազգային վարժարանում, տեղի ունեցաւ ամերիկահայ անուանի գրող եւ Հայաստանի գրողների միութեան անդամ, դոկտոր Հրանտ Մարգարեանի «Նահատակ 13 գրողների» գրքի շնորհանդէսը : Բարձր գնահատանքի է այս արժանի գիրքը, որ գրուած է անգլերէն լեզուով:
Երեկոյի ընթացքում գրքի հեղինակը սահիկների միջոցով, մէկ առ մէկ անդրադարձաւ գրողների կեանքին ու գործունէութեանը: Գրողներ, որոնք 1915-ին գազանաբար նահատակուեցին երիտասարդ թուրքերի կողմից կազմակերպուած Ցեղասպանութեան:
Ներկաները ջերմութեամբ ընդունեցին վարժարանի աշակերտներ` Գրիգոր եւ Մելինէ Անտրէոփուլոսներին, Դալար Յովսէփեանին, Կերի Պարոնին, Անահիտ Ինջիգուլեանին, Պրիաննա Թահմիզեանին եւ Շանթ Ինճոյեանին, որոնք ընթերցեցին հատուածներ` Դանիէլ Վարուժանի, Թլկատենցիի եւ Գեղամ Բարսեղեանի ստեղծագործութիւններից:
Շնորհանդէսի աւարտում, վարժարանի աշակերտների, ուսուցիչների եւ բազմաթիւ հիւրերի անունից Հրանդ Մարգարեանին շնորհաւորեց եւ ջերմ շնորհակալական խօսք ասաց վարժարանի տնօրէնուհի` Զարմինէ Պօղոսեանը: