ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
»Մոտուս վիւենտի« կեդրոնի ղեկավար
Մեծարգոյ պարոն նախարար,
Հետաքրքրութեամբ կարդացի սոյն թուականի Հոկտեմբերի 21ին Թուրքիոյ Հանրապետութեան խորհրդարանում Ձեր արտասանած ելոյթի տեքստը: Տպաւորութիւնները խառն էին: Սակայն հիմնական զգացումն այն էր, որ Դուք ուզում էք ցանկալին ներկայացնել իրականի տեղ:
Նախ զարմանալի էր, որ »բռնազաւթման« (occupation) մասին է խօսում մի երկրի արտգործնախարարը, որն արդէն աւելի քան երեք տասնամեակ բռնազաւթուած է պահում Կիպրոսի տարածքի 37%ը, եւ գրեթէ ինը տասնամեակ իմ հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետութեան, տարածքի երեք-քառորդը: Ուզում եմ շեշտել, որ խօսքը չի գնում ինչ-որ վերացական »հայկական հողերի« մասին, այլ միայն միջազգային օրինական փաստաթղթով, այն է Ա.Մ.Ն. նախագահ Վուդրօ Վիլսոնի Իրաւարար վճռով (22 Նոյեմբերի, 1920 թ.) Հայաստանի Հանրապետութեանը յատկացուած տարածքի: Իրաւարար վճռին ես կ’անդրադառնամ աւելի ուշ, պարզապէս առայժմ ուզում եմ նշել, որ համաձայն միջազգային իրաւունքի իրաւարար վճիռները »վերջնական են եւ անբեկանելի«:
Մեծարգոյ պարոն նախարար,
Մեկնաբանելով Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիոյ Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին արձանագրութեան հինգերորդ պարբերութիւնը՝ Դուք հետեւութիւն էք անում, որ Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչում է »գոյութիւն ունեցող սահմանը« ըստ Մոսկուայի (16 Մարտի, 1921թ.) եւ Կարսի (13 Հոկտեմբերի, 1921 թ.) պայմանագրերի:
Խիստ կամայական մեկնաբանութիւն: Փաստաթուղթը չի վկայակոչում վերոյիշեալ, այսպէս ասած, պայմանագրերը: Արձանագրութիւնը յիշատակում է միայն »միջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրերը«: Այսինքն, յստակ է, որ վկայակոչեալ պայմանագրերը պէտք է կառավարուեն միջազգային իրաւունքով, այսինքն՝ գոնէ չհակասեն միջազգային իրաւունքին:
Միեւնոյն ժամանակ, արձանագրութիւնը, վկայակոչելով »միջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրերը« եւ ոչ թէ պարզապէս »միջազգային պայմանագրերը«, տալիս է աւելի ընդգրկուն սահմանում, այսինքն՝ ներառում է »միջազգային իրաւունքի գործիքներն« ընդհանրապէս, անկախ անուանումից: Ինչպէս ներկայ դէպքում ունենք »արձանագրութիւն« կոչուող փաստաթղթերի պարագային: Ըստ այդմ, »պայմանագիր« հասկացութիւնը պէտք է մեկնաբանել անկախ փաստաթղթի անուանումից, որպէս զուտ միջպետական օրինական գրաւոր համաձայնութիւն: [“Treaty” means an international agreement concluded between States in written form and governed by international law. Article 2.1(a), Vienna Convention on the Law of Treaties, 1969].
Ակնյայտ է, որ արձանագրութեան մէջ յիշատակուող »գոյութիւն ունեցող սահմանը« բոլշեւիկա-քեմալական գործարքի հետեւանքով առաջացած անօրինական բաժանարար գիծը չէ: Անօրինականութիւնը չի կարող առաջացնել օրինական հետեւանք՝ ex injuria non oritur jus: »գոյութիւն ունեցող սահման« նշանակում է միջազգային իրաւունքի մէջ գոյութիւն ունեցող եւ միջազգային իրաւունքին համապատասխանող սահման: Իսկ նման միայն մի սահման կայ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ՝ դա Ա.Մ.Ն. նախագահ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռով որոշուած սահմանն է:
Ձեր ելոյթում վկայակոչուած Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերը, միջազգային իրաւունքի տեսանկիւնից, ընդհանրապէս պայմանագրեր էլ չեն: Որպէսզի նշեալ գործարքները պայմանագիր համարուեն, նրանք պէտք է կնքուած լինէին ճանաչուած պետութիւնների օրինական իշխանութիւնների լիազօր ներկայացուցիչների կողմից: Ո°չ քեմալականները եւ ո°չ էլ բոլշեւիկները, առաւել եւս Հայաստանում իշխանութեան բերուած հայ բոլշեւիկները, 1921 թ. չեն եղել այդպիսին:
Այսինքն, պայմանագրերը կնքելու բուն գործողութիւնը կնքելու իսկ պահին հակասել է միջազգային իրաւունքի հիմնարար նորմերի՝ jus cogensների: Իսկ համաձայն Ձեր իսկ ելոյթում վկայակոչուած Վիեննայի Պայմանագրերի իրաւունքի մասին կոնվենցիայի (Vienna Convention on the Law of Treaties, 1969) 53 յօդուածի »պայմանագիրն անվաւեր է, եթէ կնքման պահին այն հակասել է միջազգային ընդհանուր իրաւունքի հիմնարար նորմի« (A treaty is void if, at the time of its conclusion, it conflicts with a peremptory norm of general international law):
Արդեօ՞ք Դուք իսկապէս կարծում էք, որ երկու չճանաչուած, հետեւաբար անօրինական վարչախմբեր, ինչպիսիք էին բոլշեւիկներն ու քեմալականները 1921 թ.ին, կարող էին երկկողմ պայմանագրով (Մոսկուայի պայմանագիր) չեղեալ յայտարարել օրինապէս բանակցուած եւ 18 ճանաչուած պետութիւնների կողմից ստորագրուած միջազգային փաստաթուղթը (Սեւրի պայմանագիրը): Միթէ՞ Դուք կարծում էք, որ Ռիբենտրոպ-մոլոտով պակտն օրինական փաստաթուղթ է: Ես կարծում եմ, որ ոչ, որովհետեւ երկու երկիր՝ տուեալ դէպքում ՍՍՀՄը եւ Գերմանիան, չէին կարող որոշել երրորդ երկրների սահմանները: Իսկ ինչու՞ էք կարծում, որ երկու խռովարարական շարժում, ինչպիսիք էին, կրկնում եմ, բոլշեւիկներն ու քեմալականները 1921 թ., իրաւասու էին Մոսկուայում որոշելու մէկ այլ երկրի՝ թէկուզեւ բռնազաւթուած Հայաստանի Հանրապետութեան, սահմանի հարցը:
Միթէ՞ Դուք կարծում էք, որ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւնը, ինչպէս նաեւ Վրաստանի եւ Ատրպէյճանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւնները, երբեւէ, ըստ միջազգային իրաւունքի, ունեցել են պայմանագիր կնքելու կարողութիւն: Ի հարկէ ոչ: 1920 թ. Ապրիլից (Ատրպէյճան), 1920 թ. Դեկտեմբերից (Հայաստան) եւ 1921թ. Փետրուարից (Վրաստան) ի վեր այս երկրները եղել են պարզապէս տարբեր վարչատարածքային միաւորների տեսքով ռուսական բոլշեւիզմի կողմից բռնազաւթուած տարածքներ: Հայաստանի պարագայում Միացեալ Նահանգների Ծերակոյտը 1924 թ. Յունիսի 3ին իր ընդունած #245 բանաձեւով միանշանակօրէն արձանագրել է դա. »հայկական պետութիւնը կործանուել է Սովետական Ռուսաստանի եւ Թուրքիոյ համատեղ գործունէութեան արդիւնքում«: Եթէ 1920 թ. Դեկտեմբերի 2ից չկար Հայաստանի Հանրապետութիւնը, ինչպէ՞ս էր այն կարող 1921թ. Հոկտեմբերին Կարսում միջազգային պայմանագիր կնքել:
Միջազգային իրաւունքի անվիճելի նորմ է, որ զաւթիչների գործողութիւնները իրաւական հետեւանք չեն ստեղծում նուաճուած երկրների համար. »Բռնազաւթման ժամանակ երկրի տարածքի որեւէ մասի զիջում հետեւանազուրկ է«:
Սրա մասին երկու կարծիք լինել չի կարող:
Այն, որ արձանագրութիւնները չեն օրինականացնում Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով առաջացած իրավիճակը եւ չեն ճանաչում որեւէ սահման, միանշանակօրէն արձանագրուած է Հայաստանի Հանրապետութեան նախագահ պրն. Սերժ Սարգսեանի 2009 թ. Հոկտեմբերի 10ի ուղերձի մէջ: Նա յստակօրէն յայտարարում է. »ցանկացած յարաբերութիւն Թուրքիոյ հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու Ցեղասպանութեան իրողութիւնը«, ինչպէս նաեւ. «Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ առկայ սահմանների հարցը ենթակայ է լուծման գերակայ միջազգային իրաւունքի համաձայն: Արձանագրութիւնները դրանից աւելի ոչինչ չեն ասում«:
Պարզ եւ յստակ:
Հիմա տեսնենք, թէ ո՞րն է այն »գերակայ միջազգային իրաւունքը«, որի համաձայն »Հայաստանի եւ Թուրքիոյ սահմանների հարցը ենթակայ է լուծման«:
Սա հասկանալու համար պէտք է վերադառնանք ոչ վաղ անցեալի այն կարճատեւ ժամանակահատուածին, երբ Հայաստանի Հանրապետութիւնը որպէս պետութիւն միջազգային հանրութեան կողմից ձեռք էր բերում իր ճանաչումը: Երբ Փարիզի խաղաղութեան վեհաժողովի Գերագոյն խորհուրդը (Supreme Council) 1920 թ. Յունուարի 19ին, յանձինս Բրիտանական կայսրութեան, Ֆրանսիայի եւ Իտալիայի, ճանաչեց Հայաստանի Հանրապետութիւնը, դա արեց որոշակի պայմանով‘ Հայաստանի Հանրապետութեան սահմանները պէտք է որոշուէին յետագայում: Նոյն պայմանով 1920 թ. Ապրիլի 23ին Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչեց նաեւ Ա.Մ.Ն.ը:
Հայաստանի Հանրապետութեան սահմանների մէջ, բնականաբար, կարեւորագոյնը հայ-թրքական սահմանի հարցն էր: Ուստի, Փարիզի վեհաժողովի Սան Ռեմոյի նիստը, ի շարս այլ հարցերի, 1920 թ. Ապրիլի 24-27ին քննութեան առաւ այդ հարցը եւ Ապրիլի 26ին պաշտօնապէս դիմեց Ա.Մ.Ն. նախագահ Վուդրօ Վիլսոնին, որպէսզի Միացեալ Նահանգների նախագահը իրաւարարութեամբ վճռի Հայաստանի սահմանները: 1920 թ. Մայիսի 17ին նախագահ Վիլսոնը տուեց իր դրական պատասխանը եւ ստանձնեց Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ սահմանը որոշող իրաւարարի պարտականութիւններն ու լիազօրութիւնը:
Յատուկ ուզում եմ շեշտել, որ սա Սեւրի պայմանագիրը ստորագրելուց (10 Օգոստոսի, 1920 թ.) գրեթէ երեք ամիս առաջ էր: Կը լինէր Սեւրի պայմանագիրը, թէ ոչ, իրաւարարութեան օրինական հայցադիմումը (compromis) կար, հետեւաբար Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը որոշող իրաւարար վճիռը կայացուելու էր: Ուրիշ բան, որ Սեւրի պայմանագիրը պարունակում է եւս մէկ՝ լրացուցիչ, հայցադիմում: Հարկ եմ համարում նշել, որ հայցադիմումների վաւերականութեան (validity) համար բաւարար են միայն լիազօր ներկայացուցիչների ստորագրութիւնները, եւ հայցադիմումները վաւերացման (ratification) կարիք չունեն:
Ըստ այդմ, Սան Ռեմոյի (26 Ապրիլի, 1920 թ.), ինչպէս նաեւ Սեւրի (10 Օգոստոսի, 1920 թ.) հայցադիմումների հիման վրայ, Ա.Մ.Ն. նախագահ Վուդրօ Վիլսոնը 1920 թ. Նոյեմբերի 22ին կայացրեց Հայաստանի եւ Թուրքիոյ սահմանների վերաբերեալ իր իրաւարար վճիռը, որն ըստ պայմանաւորուածութեան՝ ուժի մէջ մտաւ անմիջապէս եւ անվերապահօրէն:
Երկու օր յետոյ՝ Նոյեմբերի 24ին, վճիռը պաշտօնական հեռագրով փոխանցւում է Փարիզ՝ Խաղաղութեան վեհաժողովի եւ Ազգերի լիկայի տնօրինմանը: Վճիռն ընդունւում է ի գիտութիւն, սակայն մնում է առկախ, քանի որ վճռի շահառուն՝ Հայաստանի Հանրապետութիւնը, 1920 թ. Դեկտեմբերի 2ին դադարում է գոյութիւն ունենալուց:
ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՒԱՐԱՐ
ՎՃՌԻ ՆԵՐԿԱՅ
ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ
ՀԱՐՑԸ.
Նախ անհրաժեշտ է նշել, որ ցանկացած իրաւարար վճիռ անվերապահօրէն պարտադիր է կատարման համար (binding document): Աւելին, իրաւարար վճիռները »վերջնական են եւ անբեկանելի«: »իրաւարար վճիռն իրաւարարի վերջնական եւ կատարման համար պարտադիր որոշում է«:
Իրաւարար վճիռների վերջնական եւ անբեկանելի լինելը ամրագրուած է միջազգային իրաւունքի մէջ: Ի մասնաւորի՝ Միջազգային վէճերի խաղաղ կարգաւորման Հաագայի կոնվենցիայի (The Hague Convention for the Pacific Settlement of International Disputes), 1899 թ. խմբագրման #54 եւ 1907 թ. խմբագրման #81 յօդուածներում: Ըստ այդմ, Միացեալ Նահանգների նախագահ Վուդրօ Վիլսոնը իր Իրաւարար վճռով մէկընդմիշտ որոշել է Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ սահմանը, այն ուժի մէջ է առ այսօր եւ ենթակայ չէ բեկանման:
Հետեւաբար, երբ Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիոյ Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին արձանագրութեան 5րդ պարբերութիւնը արձանագրում է »միջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրերով որոշուած գոյութիւն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը«, ապա այն միանշանակօրէն նկատի ունի առ այսօր գոյութիւն ունեցող միակ օրինական փաստաթղթով՝ Ա.Մ.Ն. նախագահ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռով, որոշուած սահմանը: Ուրիշ մէկ այլ օրինական, ինչպէս արձանագրութեան տեքստում է՝ »միջազգային իրաւունքի«, փաստաթուղթ չկայ:
Այստեղ կարեւոր է անդրադառնալ մի կարեւոր հարցի եւս. իսկ ԱՄՆ իշխանական եւ հանրային կառոյցները երբեւէ որեւէ դիրքորոշում արտայայտե՞լ են նախագահ Վիլսոնի՝ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը որոշող իրաւարար վճռի նկատմամբ:
ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ.
Ա.Մ.Ն.ի բարձրագոյն գործադիր իշխանութիւնը ոչ միայն ճանաչել է Վիլսոնի իրաւարար վճիռը, այլեւ վաւերացրել է այն եւ, ըստ այդմ, այն դարձրել Ա.Մ.Ն. ներքին օրէնսդրութեան մաս (the law of the land): Ա.Մ.Ն. նախագահ Վուդրօ Վիլսոնը եւ պետքարտուղար Բէյնբրիջ Քոլբին (Bainbridge Colby) իրենց ստորագրութիւններով եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներ պետութեան Մեծ կնիքով վաւերացրել են իրաւարար (Arbitrator) Վուդրօ Վիլսոնի վճիռը: Ըստ միջազգային իրաւունքի՝ իրաւարարի անձնական ստորագրութիւնը եւ կնիքը, եթէ կայ այդպիսին, միանգամայն բաւարար է Իրաւարար վճռի վաւերականութեան համար: Վուդրօ Վիլսոնը կարող էր բաւարարուել միայն իր ստորագրութեամբ կամ նաեւ իր՝ նախագահական, կնիքով: Այդ դէպքում վճիռը կը լինէր անհատական, թէկուզեւ նախագահական, պարտաւորութիւն: Սակայն Իրաւարար վճիռը վաւերացուած է պետութեան մեծ կնիքով եւ ամրագրուած է այդ կնիքի պահապան պետքարտուղարի կողմից: Ըստ այդմ, Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճիռը Միացեալ Նահանգներ պետութեան անվերապահ պարտաւորութիւնն է:
ՕՐԷՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ.
Իրաւարար վճիռները ենթակայ չեն որեւէ օրէնսդրական հաւանութեան կամ վաւերացման: Նրանք ղեկավարւում են միջազգային հանրային իրաւունքով: Հետեւաբար, Ա.Մ.Ն. Ծերակոյտը, որին, ըստ Ա.Մ.Ն. սահմանադրութեան, վերապահուած է արտաքին քաղաքականութեան հարցերին անդրադառնալու իրաւունքը, երբեւէ ուղղակիօրէն քննութեան չի առել հայ-թուրքական սահմանը որոշող իրաւարար վճիռը: Այսուհանդերձ, այլ հարցերի քննարկման ժամանակ Ա.Մ.Ն. Ծերակոյտը միանշանակօրէն, առնուազն մէկ անգամ, արտայայտել է իր վերաբերմունքը նշեալ վճռի նկատմամբ:
Երբ 1927 թ. Յունուարի 18ին Ա.Մ.Ն. Ծերակոյտը մերժեց 1923 թ. Օգոստոսի 6ի թուրք-ամերիկեան պայմանագրին հաւանութիւն տալը, դա արեց երեք պատճառով: Պատճառներից մէկն այն էր, որ »Թուրքիան ձախողել է Վիլսոնի վճռի իրականացումը Հայաստանի հանդէպ: Այդ առիթով ծերակուտական Ուիլեամ Քինգը պաշտօնական յայտարարութեան մէջ շատ աւելի յստակ է արտայայտուել. »Ակնյայտօրէն Միացեալ Նահանգների կողմից ոչ ճիշտ եւ անհիմն կը լինէր հաւատ եւ յարգանք ընծայել Քեմալի պնդումներին ու հաւաստիացումներին, քանի դեռ նա շարունակում է իր վերահսկողութեան ու ինքնիշխանութեան տակ պահել Վիլսոնեան Հայաստանը«: 1927 թ. Ծերակոյտի քուէարկութիւնը միանշանակօրէն վկայում է, որ Վիլսոնի իրաւարար վճիռը 1927 թ.ին վաւերական եւ իրաւական ուժ ունեցող վճիռ էր: Դրանից յետոյ իրաւական տեսանկիւնից ոչինչ չի փոխուել, հետեւաբար, այն շարունակում է ուժի մէջ մնալ առ այսօր:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌՈՅՑՆԵՐԻ
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ.
Միացեալ Նահանգներում ամենակարեւոր հանրային կառոյցները կուսակցութիւններն են: Դրանց ծրագրային հիմնադրոյթներն ամփոփւում են Կուսակցութիւնների հիմնածրագրի մէջ, որոնք հաստատւում են կուսակցութիւնների համագումարների կողմից:
Միացեալ Նահանգների Դեմոկրատական կուսակցութիւնը (ներկայ նախագահ Օպամայի եւ պետքարտուղար Քլինթոնի կուսակցութիւնը) երկու անգամ՝ 1924 թ. եւ 1928 թ., պաշտօնական դիրքորոշում է արտայայտել Վիլսոնի իրաւարար վճռի նկատմամբ:
Դեմոկրատական կուսակցութիւնը 1924 թ. իր ծրագրի մէջ առանձին տողով, որպէս հիմնադրոյթ-նպատակ, ամրագրել է »Հայաստանի նկատմամբ նախագահ Վիլսոնի իրաւարար վճռի իրականացումը«: Դեմոկրատական կուսակցութեան 1928 թ. ծրագիրը գնում է մի քայլ առաջ եւ խօսում է Ա.Մ.Ն.ի՝ որպէս պետութեան, եւ Դաշնակից պետութիւնների »խոստումների եւ պարտաւորութիւնների« մասին. »մենք զօրակցութիւն ենք յայտնում Միացեալ Նահանգների անկեղծ ջանքերին, որոնք նպատակամղուած են Առաջին համաշխարհային պատերազմի եւ դրան յաջորդող տարիներին Միացեալ Նահանգների եւ դաշնակից ուժերի կողմից Հայաստանին եւ հայ ժողովրդին տուած խոստումների եւ պարտաւորութիւնների իրականացումն ապահովելուն«:
Հայաստանի Հանրապետութեանը տուած Միացեալ Նահանգների միակ անկատար »խոստումն ու պարտաւորութիւնը« եղել եւ մնում է նախագահ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճիռը Հայաստանի եւ Թուրքիոյ սահմանի վերաբերեալ:
Մեծարգոյ պարոն նախարար,
Ի տարբերութիւն ամերիկացիների եւ եւրոպացիների ներկայ սերնդի, մենք թուրքերին լաւ ենք ճանաչում, ուստի պատրանքներ չունենք: Կարծում եմ՝ դուք էլ մեզ էք լաւ ճանաչում, հետեւաբար պատրանքներ պիտի չունենաք: Եթէ դուք՝ թուրքերդ, կարծում էք, որ Հայաստանի ձեռքերն ոլորելով՝ հայ ժողովրդին ինչ-որ բան կարելի է պարտադրել, չարաչար սխալւում էք: Մեր պատմութիւնը դրա հակառակի ապացոյցն է:
Մենք՝ հայերս եւ թուրքերը, դատապարտուած ենք միասնաբար, երկուստէք ընդունելի լուծումներ գտնելու: Լուծումները կարող են տարբեր դրսեւորումներ ունենալ, բայց մի բան յստակ պիտի լինի՝ այն պիտի նպաստի ողջ տարածաշրջանում կայուն խաղաղութեան հաստատմանը, տնտեսութեան բազմակողմանի զարգացմանը, գործակցական մթնոլորտի ձեւաւորմանը, ինչպէս նաեւ ծառայի համաշխարհային ուժային կենտրոնների որոշակի շահերի կենսագործմանն ու նրանց՝ տարածաշրջանի հարցերի մէջ աւելի լայն ներգրամանը: Ընդսմին, այդ ձեւը պիտի լինի այնպիսին, որ փարատի հայկական կողմի անվտանգութեան մտահոգութիւնները, հնարաւորութիւն ընձեռի Հայաստանի Հանրապետութեան տնտեսութեանը յարաճուն եւ շարունակական զարգանալու համար, ինչպէս նաեւ երաշխաւորի հայկական մշակութային արժէքների պահպանումը: Միեւնոյն ժամանակ, հարցի լուծումը չպիտի էականօրէն ոտնահարի Թուրքիոյ շահերը եւ թրքական կողմին պէտք է հնարաւորութիւն տայ զգալու, որ հարցի առաջարկուող լուծումը արժանապատիւ ելք է ստեղծուած իրավիճակից:
Մեծարգոյ պարոն նախարար,
Մենք պատրաստ ենք համագործակցութեան, սակայն մի ընկալէք դա որպէս թուլութեան նշան եւ մի փորձէք մեզ ստիպել, որ սպիտակ դրօշ պարզենք: Դա երբեք չի լինի:
Ընդունեցէք, պարոն նախարար, յարգանացս խորին հաւաստիքը: