ԳլխաւորՀայրենի Աշխարհ

ՏՈԼՈՐՍԻ ԲՆԱՇԽԱՐՀԸ … ԳԻՒՂԻ ԾՆՈՒՆԴՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

p8-9  Լոյս կ`ընծայենք այս հետաքրքրական տեղեկութիւնները, որոնք կը պատկանին Ալեքսանտր Սուքիասեանի հրատարակած “Տոլորս“ գիրքին:
Սուքիասեան մանրամասնօրէն կը նկարագրէ իր ծննդավայր՝ Տոլորսի (Սիւնիք – Սիսիանի մօտակայքը) պատմականը:8-9
Շինարարութեան մարզէն ներս մասնագիտացած, ան միշտ ալ գրած է եւ գրատարակած “Կանչ“, “Աշնանային“, “Հանելուկներ“, “Նուիրումներ“ գիրքերը: Ստորեւ, մաս մը Տոլորսի մասին տեղեկութիւններէն.-

*
Տոլորս գիւղը գտնւում է Սիւնիքի մարզում, Սիսիան քաղաքից եօթ քիլոմեթր հարաւարեւելք՝ Այրիգետի աջ ափին:
Հնում այն Մեծ Հայքի իններորդ նահանգ Սիւնեաց աշխարհի (Սիւնիք, Սիսական) տասներկու գաւառներից մէկի՝ Ծղուկի (Ծղուք) գիւղերից էր: Ըստ Ա. Շիրակացու “Աշխարհացոյցի“՝ Սիւնիքի միւս գաւառներն էին Երնջակը, Ճահուկը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը, Սոդքը, Աղահեճքը, Հաբանդը, Բաղքը, Ձորքը, Արեւիքը եւ Կովկսականը:
Ծղուկը նահանգի գաւառներից ամենաերեւելին էր: Այստեղ էր գտնւում Սիւնեաց իշխանների եւ հայրապետների գահը: Այն ընդգրկում էր Որոտան գետի վերին հոսանքի շրջանը (Ծաղկոյ գետ): Արեւելքից սահմանակից էր Աղահեջք եւ Հաբանդ գաւառներին՝ բնական սահմանագիծ ունենալով Իշխանասար լեռը, արեւմուտքից՝ Ճահուկին եւ Վայոց Ձորին, հարաւից՝ Բաղք, Ձորք, Գողթն ու Երնջակ գաւառներին: Վերջիններին այն սահմանակից էր Բարգուշատ լեռնաշղթայի մի հատուածով, իսկ հիւսիսում՝ Արցախի Ծար գաւառին: Իր սահմաններով գաւառը հիմնականում համապատասխանում էր Խորհրդային Հայաստանի Սիսիանի շրջանին: 13րդ դարից գաւառը կոչուել է նաեւ Որոտան, աւելի ուշ՝ Սիսիան: Ահա թէ ինչ է գրում Ծղուկի մասին անուանի ազգագրագէտբանահաւաքհնագէտ Երուանդ Լալայեանը. “Ծղուկը կոչւում է նաեւ Սիւնիք կամ Սիսական, որպէս Սիւնեաց իշխանների բուն գահատեղի: Այս անունը ծագում է, Մ. Խորենացու ասելով ՝ Գեղամի որդի Սիսակից, իսկ հայր Ալիշանի կարծիքով՝ աւանդական Սեւակ նահապետից, որից առաջացել է Սեւորդիաց ազգը եւ որի անունով էլ, թերեւս, Գեղամա լիճը կոչուել է Սեւան: Սիսական անունը, փոքր ինչ փոխուած, մինչեւ այժմ էլ մնացել է Ծղուկի դաշտային մասի վրայ, որ կոչւում է Սիսիան“:8-9 3.jpeg.jpeg

Ինչպէս ողջ Սիւնիքի տարածաշրջանը, Տոլորս գիւղի տարածքը եւ նրա մերձակայքը եւս բնակեցուած են եղել վաղնջական ժամանակներից՝ առնուազն պրոնզի դարաշրջանից: Գիւղի մօտ, 1952թ. Դաստակերտի ճանապարհը կառուցելիս հողային աշխատանքներ կատարելու ընթացքում, յայտնաբերուել են ուշ պրոնզի եւ վաղ երկաթի ժամանակաշրջանի դամբարաններ (2րդ հազարամեակի վերջ): Նրանցից մէկը, ըստ յայտնաբերման վայրում ստուգողական պեղումներ կատարած հնագէտների, հաւանաբար պատկանել է տեղի ցեղի առաջնորդին, որը պէտք է ենթադրել, եղել է միաժամանակ եւ ցեղի հոգեւոր առաջնորդը՝ քուրմը: Այդ մասին են վկայում մի կողմից դամբարանաբլրի կառուցուածքն ու քարել շարուածք ունեցող թաղման փոսի անհամեմատ մեծ չափերը (5.4 մ. երկարութիւն, 4.6մ. լայնութիւն, 2.6մ. խորութիւն հողի մակերեսից), միւս կողմից նրանում յայտնաբերուած հնագիտական նիւթերի հարուստ հաւաքածոն, որոնցում քիչ չեն պաշտամունքային առարկաները: Դամբարանը յայտանաբերած շինարարների վկայութեամբ՝ նրանում եղել է հինգ մարդկային կմախք: Ամենայն հաւանականութեամբ, դրանցից մէկը պատկանելիս է եղել ցեղի առաջնորդքուրմին, միւսները՝ նրա ստրուկներին: Վերջիններս, համաձայն ժամանակի պաշտամունքային սովորոյթի, սպաննել եւ թաղել են տիրոջ հետ: Դամբարանում գտնուել են նաեւ ընտանի կենդանիների՝ ոչխարի, խոզի եւ երկու խոշոր եղջերաւոր անասունի ոսկորներ, որոնք հաւաստում են տարածաշրջանում զարգացած անասնապահութեան գոյութեան մասին: Առանձնայատուկ ուշադրութեան են արժանի դամբարանում գտնուած բարձրարժէք, հազուագիւտ իրերը: Դրանց թւում են՝ աշխատանքային պրոնզէ գործիքների եւ զէնքերի առանձին տեսակներ՝ դանակներ, գոգաւոր սայրով դուր, պրոնզէ կեռիկ, որը ժամանակին ունեցել է փայտէ բռնակ, դաշոյններ՝ իրենց չպահպանուած փայտէ դաստակների պրոնզէ գլխադիրներով, նետասլաքներ: Գտածոների մէջ կան պրոնզէ զարդեր, ոսկերչական բարձրարուեստ նմոյշներ՝ նրբակերտ կոնաձեւ կախիկներով շղթայ, զարդարուն թիթեղներ… Դամբարանաբլուրում յայտնաբերուած նիւթերից յատկապէս առանձնանում է եղջերուի՝ պաշտամունքային նշանակութիւն ունեցող պրոնզէ արձանիկը՝ պարանոցին ագուցուած երեք նախշազարդ պրոնզէ օղակներով: 25 սմ. բարձրութիւն ունեցող երեքհազարամեայ այս եզակի գտածոն աչքի ընկնում իւ գեղարուեստական բարձր արժանիքներով ու պատրաստման ինքնատիպ ոճով:8-9 2.jpeg

Պակաս արժէքաւոր չէ նաեւ գտածոներից մէկ ուրիշը՝ ցուլի ձուլածոյ պրոնզէ գլուխը: Այն իր ձեւաբանական յատկանիշներով, անկասկած, գայիսոնմականի գլխամասն է հանդիսացել՝ խորհրդանշելով ե՛ւ իշխանութիւն ե՛ւ պաշտամունք: Տեղում յայտնաբերուած արծաթէ երկու պնդօղակների միջոցով այն ժամանակին ամրացուած է եղել փայտէ բռնակին, որի չի պահպանուել: Հեթանոսական հաւատալիքների՝ բազմաստուածութեան այս ժամանակներում, հաւանաբար, տեղի ցեղերի պաշտամունք են հանդիսացել եղջերուն ու ցուլը, գուցէ եւ այլ կենդանիներ:
Ուշագրաւ է եւ այն փաստը, որ յայտնաբերուած հնագիտական այս ողջ համալիրը, մանաւանդ գայիսոնի պրոնզէ գլխամասը, իր ուղղակի զուգահեռներն ունի Արցախի նոյն ժամանակուայ՝ Արջաձորի դամբարանաբլուրում յայտնաբերուած առարկաների հետ: Այստեղից կարելի է ենթադրել, որ հնամէնի ժամանակներից սկսած Արցախի եւ Սիւնիքի բնակիչները սերտ տնտեսական ու մշակութային փոխյարաբերութիւնների մէջ էին գտնւում, ունէին նոյն զբաղմունքները, նոյն հաւատալիքները:
Մի կարեւոր հանգամանք եւս. յայտնաբերուած դամբարանի վերաբերեալ առաջին իսկ հրապարակումից յետոյ, նոյնիսկ Հայաստանի բնակիչների մեծ մասին անծանօթ Տոլորս գիւղի անունը յայտնի դարձաւ ոչ միայն Խորհրդային Միութեան, այլեւ աշխարհի գիտական լայն շրջանակներին:
Այս կապակցութեամբ մի միտք հանգիստ չի տալիս ինձ. ի՞նչ կը լինէր, եթէ նախատոլորսեան շրջանի հնադարեան այս անուանի անձի հետ շիրիմ իջեցուած բոլոր նիւթերը հնարաւոր դառնար փրկել մեր իսկ թալանչիների (ուրիշ բառ չեմ կարողանում գտնել) ձեռքից… Այդ դէպքում ինչպէ՞ս կÿարձագանգէր գիտական աշխարհը Տոլորսի դամբարանաբլրի յայտնութեանը: Ուզում եմ իրազէկել նաեւ, որ այն բոլոր գտածոները, որոնք վերը թուարկուեցին, ամբողջի լոկ մի մասն են կազմում: Այն մասը, որը հնագէտներին յաջողուել էր համոզելու մեթոտով, շարժելով դամբարանի բացմանը մասնակից շինարարների “գութը“, իրենց կողմից սեփականացրած հայոց պատմութեանը պատկանող ազգային արժէքները յօժարակամ յանձնելու Հայաստանի պատմութեան թանգարանին: Ո՞ր մասը՝ շա՞տը, թէ՞ քիչը, առաւել արժէքաւո՞րը, թէ՞… Այդ հարցերի պատասխաններն այսօր գտնելն անհնարին է: Անհնարին է պարզել նաեւ չյանձնուած, իւրացուած արժէքների հետագայ ճակատագիրը: Մի բան սակայն պարզ է, որ մանրախնդիր, սեփական շահերի ուռկանում խճճուած մի քանի մտաւոր գաճաճների մեղքով մէկընդմիշտ թաղուեց մեր նշանաւոր նախնի կերպարը առաւել հաւաստի դարձնելու հնարաւորութիւնը: Դրա հետ մէկտեղ մեր ժողովրդի, մասնաւորապէս Սիւնեաց երկրի՝ հնագոյն պատմութեան սպիտակ մի էջը ամբողջացնելու հնարաւորութիւնը:8-9 1
Սակայն յոյս եմ փայփայում՝ գուցէ ինչ որ հրաշքով, ինչ որ մէկի մօտ պահպանուած լինեն Տոլսի յիշարժան դամբարանաբլրի մասունքներից.. Եւ մեղքի տիղմի մէջ խրուած՝ այդ “ինչ որ մէկը“ յիշի պատմութեան թանգարանի տեղը…
Ինչպէս վկայում են բազմաթիւ յուշարձանները, կեանքը Տոլորսի տարածքում յարատեւել է անընդմէջ: Գիւղի շրջակայքում պահպանուել են մի քանի այլ բնակատեղիների հետքեր: Իսկ մերձակայ բլուրների վրայ գտնուելիս է եղել միջնադարեան գերեզմանատուն՝ երկթէք եւ օրօրօցաձեւ տապանաքարերով, որոնց վրայ պատկերուած են եղել երկրագործական, արհեստագործական, որսի, խնճոյքի, խոյամարտի եւ այլ տեսարաններ: Ցաւօք, դրանց մեծ մասն այլեւս չկայ…
Տոլորս գիւղը, ինչպէս ցոյց է տալիս նրա կենսագրութեան ուսումնասիրութիւնը, զարգացման առնուազն երեք փուլ է ապրել: Հիմնարկումից յետոյ գիւղը տեղափոխուել է ոչ պակաս երկու անգամ: Առաջին անգամ, ըստ սերնդից սերունդ հաղորդուող բանաւոր տուեալների, մօտաւորապէս 17րդ դարի կէսերին: Երկրորդ անգամ, արդէն միանգամայն հաւաստի, իմ սերնդակիցների օրօք՝ 1970ականների սկիզբներին՝ Տոլորսի ջրամբարի կառուցման պատճառով: Ասուածից եւ մեր շարադրանքում յստակութիւն մտցնելու անհրաժեշտութիւնից ելնելով՝ գիւղի գոյութեան առաջին փուլը կարող ենք անուանել հնագոյն, երկրորդը՝ հին, երրորդը՝ նոր: Այդպիսով՝ հնագոյն գիւղը գոյատեւել է հիմնարկումից մինչեւ մօտաւորապէս 17րդ դարի կէսերը, հին գիւղը՝ 17րդ դարի կէսերից առ 1970 թուական, նոր գիւղի ծնունդը կայացել է 1970ականների սկիզբներին:
ԳԻՒՂԻ ԱՆՈՒՆԸ
p8-9 Tolors_reservoirՏոլորս գիւղի ծննդեան պատմութեան միւս կարեւոր խնդիրը, որը պարզաբանման կարիք ունի, կապուած է գիւղի անուան հետ: Տարբեր ժամանակաշրջանների զանազան վաւերագրերում ու գրքերում, այլեւ այլ հեղինակների կողմից, գիւղը յիշատակւում է տարբեր անուններով: Ստեփան Օրբելեանի “Պատմութիւն Նահանգին Սիսական“ աշխատութիւնում բերուած հարկացուցակում՝ Տոլորք եւ Տորնիք, Ղ. Ալիշանի “Սիսական“ խորագրով մենագրութիւնում՝ Տոլորք եւ Տլորս, Ե. Լալայեանի “Զանգեզուրի Գաւառ, Ա. Հատորում“՝ Տուլորս եւայլն: “Հայաստանի եւ յարակից շրջանների տեղանունների բառարան“ի 2րդ հրատարակութիւնում՝ “Տոլորս“ տեղանուան դիմաց այբբենական կարգով տրուած են գիւղի 7 անուանում՝ “Տլորս, Տլուս, Տղոյք, Տոլարա, Տոլորք, Տուլորս, Տուլուս“: Եւ ապա՝ նոյն այս տեղեկատուութեան վերջում եւս մէկը՝ “Դուլուս“, որի վերաբերեալ ասուած է հետեւեալը. “…Լինչի՝ Կովկասի 5 եւ 10 վերստանոց քարտէսներում Տոլորսը նշւում է Դուլուս ձեւով, որը բառարանի 2րդ հատորում, Տոլորսին յղուելու փոխարէն, սխալմամբ վերագրուել է որպէս առանձին գիւղ՝ Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գաւառում: Սխալմամբ նշուել է, որ Դուլուսը Դարբաս գիւղի անուան աղավաղուած ձեւն է, սակայն ներկայացուել է ճիշդ Տոլորսի տեղադրավայրը՝ Տաթեւից 21 քմ. հիւսիսարեւմուտք“: Մէջբերումը առաւել ըմբռնելի դարձնելու համար պարզաբանենք. “Լինչի՝ Կովկասի 5 եւ 10 վերստանոց քարտէսներ“ ասելով՝ բառարանի կազմողները նկատի ունեն իրլանտացի հայագէտ, ճանապարհորդաշխարհագրագէտ Հ. Լինչի՝ “Հայաստան“ երկհատորանոց գրքում ներառուած Հայաստանի քարտէսը: Նրանում Տոլորսի տեղավայրում, ըստ բառարանի հեղինակների, գիւղը նշանակուած է “Դուլուս“ անունով: Հայաստանի Ազգային Գրադարանում պահպանուած Լինչի քարտէսում, սակայն զետեղուած չէ Դուլուսը: Փորձեցինք այն փնտռել Լինչի “Հայաստան“ երկհատորեակում ներառուած քարտէսում: Քարտէսը չկար այդ գրքի ո՛չ ռուսերէն, ո՛չ էլ անգլերէն հրատարակութիւններում: Այն գտանք Կովկասի 5 վերստանոց ռուսական հանրայայտ քարտէսում՝ կազմուած 1911ին ռուսական բանակի գլխաւոր շտապի կողմից: Ճշգրտում է պահանջում նաեւ մէջբերման երկրորդ մասն ամբողջութեամբ. “… որը բառարանի 2րդ հատորում Տոլորսին յղուելու փոխարէն…“: Այստեղ խօսքը վերաբերում է “Հայաստանի եւ յարակից շրջանների տեղանունների բառարան“ի քառահատոր առաջին հրատարակութեան 2րդ հատորին, որում “Դուլուս“ը տրուած է, որպէս Տոլորսից անկախ առանձին տեղանուն Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գաւառում՝ համարուելով Դարբաս գիւղի անուան աղաւաղուած ձեւ: Բառարանի հեղինակները 1ին հրատարակութիւնում թոյլ տուած սխալը շտկել են 2րդում, այդպիսով՝ ի յայտ բերելով գիւղի մի նոր անուանաձեւ՝ “Դուլուս“: Որ այս անունը, իրօք, Տոլորսին էր վերաբերում, համոզուեցինք Հայաստանի Ազգային արխիւում (այսուհետ՝ ՀԱԱ) կատարած պրպտումների ընթացքում: Այստեղ պահպանուող Սիսիանի շրջանի գիւղերի ցուցակներում (ֆոնտ՝ 93, գործեր՝ 49, 99, 161, 190, 230) ոչ մի կերպ չէր յաջողւում գտնել Տոլորսի անունը արդէն յայտնի ոչ մի անուանաձեւով: Ցուցակներում նշուած էին Սիսիանի շրջանի իրենց անուններով հանրածանօթ բոլոր գիւղերը, բացի Տոլորսից: Իսկ գիւղը դրանցում չընդգրկուել չէր կարող: Չկար Տոլորսը, բայց կար մինչ այդ անծանօթ “Տոլորս“ անուանը ինչ որ տեղ համահունչ թուացող “Դուլուս“, “Դյուլյուս“ անունով մի գիւղ, որը չէր կարող ուշադրութիւն չգրաուել (յետոյ մտաբերեցի, որ այս անուանը հանդիպել եմ տեղանունների բառարանում):

p8-9 tolors4Անհրաժեշտ էր ստուգել այս գիւղի ինչ լինելը չափաբերական մատեաններով: Պարզաբանենք՝ ժամանակին չափաբերական մատեանները պարտադիր կիրառութիւն ունէին բոլոր գիւղական եկեղեցիներում, որոնք ի թիւս այլ գործառութիւնների, կատարում էին նաեւ ներկայիս նոթարական գրասենեակների դերը: Այդ մատեանների երկէջանոց բացուածքների սիւնակներում համապատասխանաբար գրանցւում էին գիւղում տեղի ունեցող բոլոր ծնունդները, պսակադրութիւնները, մահերը՝ խնդրին վերաբերող բոլոր անձերի անունազգանուններով:
Չափաբերական մատեաններում հանդիպելով ինձ ծանօթ ազգատոհմերի նախապապերի անուններին (Բադալ, Յակոբջան, Հայրիմ)՝ բոլոր կասկածները փարատուեցին՝ Դուլուսը նոյն Տոլորսը դուրս եկաւ: Ապացոյց կարող է հանդիսանալ նաեւ այն, որ նշուած բառարանի 5րդ հատորում (էջ 116 Տոլորս) եւ առաջին հրատարակութեան քառահատորի 2րդ հատորում (էջ 158 Դուլուս) երկուսի տեղը (Տոլորսի եւ Դուլուսի) նշւում է նոյն՝ Տաթեւից 21 քմ. հիւսիսարեւմուտք: Հետաքրքիր է, որ Դուլուս անունով մի հին հայկական գիւղ է եղել նաեւ նախկինում Արցախի պատմաշխարհագրական տարածքում ընդգրկուած, իսկ հետագայում Ատրպէյճանի Խանլարի շրջանի մէջ ներառուած Մարտունաշէն գիւղի մօտ: Ըստ նոյն տեղանունների բառարանի՝ պահպանուել են գիւղի աւերակները, կիսաւեր եկեղեցին եւ գերեզմանոցը: Այն գտնւում է Գետաշէնից 4քմ. հեռաւորութեան վրայ եւ գետաշէնցիները այդ տեղանքը դարեր շարունակ օգտագործել են, որպէս այգիներ: Այդ մասին վերջերս իմացայ գետաշէնցի իմ բարեկամներ Սաթիկ Աթանեսեանից եւ Վասիլի Նալբանտեանից: Ե՞րբ է այն հիմնուել, ե՞րբ է աւերուել՝ մենք չենք կարող պարզել, եւ դա մեր խնդիրն էլ չէ: Իսկ այս մասին յիշատակում ենք միայն մի միտումով, ինչո՞ւ Դուլուս, պատահակա՞ն է ծնուել նոյնանուն այս գիւղը մեր ՏոլորսԴուլուսից զգալի հեռաւորութեամբ: Նման պատահականութեան անկարելի է հաւատալ, մանաւանդ, այդքան ինքնատիպ, եզակի անուանումով: Գուցէ՞ գիւղը հիմնուել է այս նոր վայրում ՏոլորսԴուլուսից ինչինչ պատճառներով արտագաղթածների կողմից: Չի բացառւում: Կամ էլ ինչ որ արհաւիրքի հետեւանքով աւերակուած այս գիւղի ողջ մնացած բնակիչները արտագաղթել եւ բնակութիւն են հաստատել Տոլորսում՝ նրան տալով նաեւ իրենց հարազատ բնակավայրի անունը: Դարձեալ չի բացառւում… Տոլորս անուամբ մի լեռնագագաթ կայ Փոքր Կովկաս լեռնահամալիրում:
Եթէ ի մի բերենք մեզ յայտնի դարձած բոլոր փաստերն ու տուեալները, ապա ստացւում է, որ գիւղը իր գոյութեան ընթացքում ընդհանուր առմամբ 10 անուն է ունեցել: Որոշել՝ որը ե՞րբ է ծնունդ առել, ինչո՞ւ, ինչպէ՞ս, որքա՞ն ժամանակ է պահպանուել, այսինքն՝ ստեղծել գիւղի անուանումների մօտաւորյարաբերական ժամանակագրական անուանացանկը դիւրին խնդիր չէ, բայց անկարելի էլ չէ:
Ամէնից առաջ պէտք է պարզել՝ որն է նշուած անուանումներից նախնականը, այսինքն՝ այն, որով կնքել են գիւղը հիմնարկելիս: Իսկ պարզից էլ պարզ է, որ գիւղիանուանակոչումը կատարուել է այն հիմնադրելու ժամանակ: Գիւղի անուանումը կրող մեզ յայտնի ամենահին փաստաթուղթը վերը յիշատակուած Սիւնեաց եպիսկոպոսութեան ընդհանրական հարկացուցակն է: Բնականաբար, հէնց դա էլ պէտք է հանդիսանայ գիւղի թէ՛ տարիքը, թէ՛ սկզբնանունը որոշելու սկզբնաղբիւր: Ս. Օրբելեանի աշխատութիւնում բերուած հարկացուցակը համակողմանի ուսումնասիրած պատմաբան Հ. Ութմազեանը այն համոզմանն է յանգել, որ գոյութիւն է ունեցել երկու հարկացուցակ՝ հին եւ նոր: Ս. Օրբելեանի գրքում բերուածը, ըստ Հ. Ութմազեանի, հին հարկացուցակն է, որի ակունքները պէտք է փնտռել առնուազն եօթերորդութերորդ դարերում, իսկ ըստ պատմիչ Ս. Օրբելեանի՝ անգամ չորրորդհինգերորդ դարերում: Հնի հիմքով աւելի ուշ՝ առ պատմիչի ապրած ժամանակը (13րդ դար), ինչպէս գտնում է Հ. Ութմազեանը, ստեղծուած նոր հարկացուցակը մեզ չի հասել: Իսկ հին հարկացուցակում Ծղուկ գաւառի գիւղերի թւում նշւում է Տոլորս գիւղը միաժամանակ երկու անունով՝ Տոլորք կամ Տորնիք:

p8-9 TOLORSՔանի որ գիւղը ի սկզբանէ երկու անուանում ունենալ չէր կարող, կարծում ենք, որ գիւղի նշուած երկու անուններից մէկը սկզբնականն է, միւսը՝ հետագայում ձեւափոխուածը: Այսինքն՝ վստահաբար կարող ենք ասել, որ գիւղի հիմնարկումից առնուազն մինչեւ 13րդ դարը ընկած ժամանակաշրջանում նրա՝ միմեանց յաջորդող, գուցէ եւ զուգահեռաբար օգտագործուող, երկու անուանումները՝ Տոլորքը եւ Տորնիքն են եղել, եւ որ այս երկու անուանումներից մէկը գիւղի սկզբնական անունն է եղել: Բայց ո՞րը՝ Տոլո՞րքը, թէ Տորնի՞քը: Դժուար է միանշանակ պատասխանել այդ հարցին, բայց ձեռքի տակ ունեցած տուեալների տրամաբանական վերլուծութեան միջոցով կարելի է պնդել, որ գիւղի կնքանունը եղել է Տոլորքը: Ամէնից առաջ սրա օգտին է խօսում այն փաստը, որ Ս. Օրբելեանը “Տոլորք“ անուանումը յիշատակում է անմիջականօրէն հարկացուցակում, իսկ “Տորնիք“ը՝ տողատակում: Եւ երկրորդ՝ “Տոլորք“ անուան ստուգաբանութիւնը, ինչպէս կը համոզուենք ստորեւ, համապատասխանում է գիւղի տեղանքային բնութագրին:
Եթէ դիմենք բացատրական բառարաններին, ապա “Տոլորս“ անուան առաջին վանկը՝ “Տոլ“, բացատրւում է այսպէս.
1. Երկարուկ, սնամէջ դդում, որը մաքում են, չորացնում ու գործածում հեղուկներ պահելու համար:
2. Խաղողի որթ:
3. Յատուկ բաղադրութեամբ հագեցուած ստուարաթուղթ, որն օգտագործւում է որպէս տանիքի ծածկ (“Տոլը“ ֆրանսերէնում նշանակում է թերթաւոր երկաթ՝ տանիքանիւթ):
Նշուածներից ոչ մէկը հեռաւոր առնչութիւն իսկ չունի գիւղի անուան հետ:
Ըստ լեզուաբան Մ. Աղաբեկեանի՝ “Տ“ն “Տի“ի արմատից է, որը գրաբարում նշանակել է “մեծ“, իսկ “ոլորսը“, “ոլորան“ բառի յոգնակի հայցական հոլովն է: Այսինքն՝ “Տոլորս“ անուանումը ստուգաբանւում է որպէս “մեծ ոլորաններ“: Բացառուած չէ, որ կարող են լինել եւ այլ մեկնութիւններ: Սակայն, մեր կարծիքով, այս ստուգաբանումն աւելի հաւանական է, մանաւանդ, որ այդ կերպ կարող է բացատրուել նաեւ “Տոլորք“ անուանումը, որի մէջ “ոլորք“ բառը հին հայերէնում “ոլոր“ի յոգնակի թուի ուղղական հոլովն է: Հնագոյն գիւղը գտնւում էր ծովի մակերեւոյթից մօտաւորապէս 1900մ. բարձրութեան վրայ, իսկ հին գիւղը, ինչպէս արդէն նշել ենք՝ 1650մ.: Հետեւաբար դրանց կարելի էր հասնել միայն մեծ ոլորաններով: Այսպիսով՝ գիւղի նախանական “Տոլորք“ եւ ներկայիս՝ “Տոլորս“ անուանումները նոյն կերպ են ստուգաբանւում եւ որ շատ կարեւոր է, բովանդակութեամբ ճշտօրէն համապատասխանում են գիւղի նկարագրին:
Գիւղի ներկայիս անունը՝ Տոլորս, ե՞րբ է ծնունդ առել: Այս հարցին եւս միանշանակ պատասխանելը հեշտ չէ: ՀԱԱում պահւում են գիւղի եկեղեցու չափաբերական մատեանները՝ սկսած 1851ից: Դրանց շապիկներին նշուած՝ “սուրբ Հռիփսիմէ եկեղեցւոյն Տոլորս գեղջ“ գրութիւնների հիմքով կարող ենք հաւաստել, որ առնուազն 1853թ.ից (նախորդ երկու տարիների չափաբերական մատեանների շապիկների վրայի գրառումները անընթեռնելի են) գիւղը կրել է “Տոլորս“ անունը: Արխիւային փաստաթղթերը, ինչպէս վերեւում համոզուեցինք, միաժամանակ վկայում են, որ գրեթէ նոյն այդ ժամանակներում, գիւղը կրել է նաեւ “Դուլուս“ անունը: Սկսած 1832ից այս անունը յաջորդաբար յիշատակւում է Սիսեանի շրջանի գիւղերի ցուցակներում: Ամենաուշ յիշատակումը՝ “Դուլուս“, մենք հանդիպում ենք, ինչպէս վերը նշուեց, Կովկասի հինգ վերստանոց ռուսական հանրայայտ քարտէսում՝ կազմուած 1911ին ցարական բանակի գլխաւոր շտապի կողմից:
Ասուածից կարելի է եզրակացնել, որ առնուազն 19րդ դարի 30ական թուականներից գիւղը երկու հիմնական անունով է յիշւում՝ Տոլորս եւ Դուլուս: Ասում ենք հիմնական, քանի որ ինչպէս ասուեց վերեւում, տարբեր ուսումնասիրողներ, այսուհանդերձ, նոյն այդ ժամանակներում այլ անուններով էլ են յիշատակում գիւղը, Ղ. Ալիշանը՝ Տոլորքից բացի նաեւ Տլորս, Ե. Լալայեանը՝ Տուլորս, Բահաթրեանը՝ Տոլարա: Մի բան կարող ենք վստահաբար արձանագրել, որ գիւղի բոլոր անուանումներից միայն չորսն են ներկայացուած սկզբնաղբիւրներում, որոնց լինելը կասկած չի հարուցում: Դրանցից երկուսը Ստեփան Օրբելեանը աշխատութիւնում բերուած գիւղի սկզբնանուններն են՝ Տոլորքն ու Տորնիքը եւ արխիւային փաստաթղթերով հաւաստուած՝ Դուլուսն ու Տոլորսը, որոնք գիւղի վերջին անուանումներն են: Միւս վեցը աղաւաղուած անուանումների շարքին կարելի է դասել:
Ամփոփելով մեր վերլուծականը՝ կարող ենք տալ գիւղի՝ մեզ յայտնի տասը անուանումների մօտաւոր յարաբերականժամանակագրական ցանկը՝ ըստ յաջորդականութեան՝ Տոլորք, Տորնիք, Տլորս, Տլուս, Տղույք, Տոլարա, Տուլորս, Տուլուս, Դուլուս, Տոլորս:
Թուարկուած անունները վկայում են, որ դարերի ընթացքում գիւղի անունը արմատական վերափոխումների չի ենթարկուել: Սա պէտք է համարել մեր պատմութեան եզակի երեւոյթներից: Հայոց աշխարհը ոտնակոխ անող բազմացեղ աւարառուները միշտ էլ ձգտել են յաւերժացնել իրենց ներկայութիւնը գրաւած տարածքներում՝ ամէնից առաջ անուանափոխելով տեղանունները:

 

Hairenik Media Hairenik Media

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button