Ստորեւ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի ուղերձը, հայ-թուրք արձանագրութիւններու օրուան առթիւ .-
«Սիրելի° հայրենակիցներ,
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի ու ողջ հայութեան ուշադրութեան կեդրոնում Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման ներկայ գործընթացը, մասնաւորապէս նախաստորագրուած երկու արձանագրութիւններն էին: Այդ փաստաթղթերը հրապարակաւ քննարկելու մեր կոչին արագօրէն արձագանգեցին հայ ժողովրդի բոլոր հատուածներն ու շերտերը եւ ներգրաւուեցին դրա շուրջ ծաւալուող բանավէճերին: Վերջին ամիսներին Հայաստանի եւ հայութեան առջեւ ծառացած մեծ ու փոքր խնդիրների քննարկումների մի նոր՝ հզոր ալիք բարձրացաւ:
Քննութեան առարկայ են դառնում նաեւ հայ-թրքական բանակցութիւնների հետ կապ չունեցող, բայց համայն հայութեանը յուզող բազմաթիւ հարցեր: Այս գործընթացն ընդհանրական առիթ ու խթան հանդիսացաւ նոր՝ շահագրգիռ քննարկում ծաւալելու Հայաստանի եւ հայութեան տեղի ու դերի մասին, Հայաստանի եւ հայութեան ներկայի ու ապագայի մասին: Արդիւնքում, ողջ աշխարհը տեսաւ ու հասկացաւ, որ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման հարցում գործ ունի ոչ միայն երեք միլիոնանոց Հայաստանի, այլ տաս միլիոնանոց հայ ժողովրդի հետ: Եւ թող ոչ ոք չտեսնելու չտայ, որ ի հեճուկս ցանկացած վանկարկումների` հայ ժողովուրդը միասնական է իր նպատակներում եւ ուժեղ է իր զաւվակներով: Եւ թող ոչ ոք չփորձի սեպ խրել Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ, մեր քոյրերի ու եղբայրների` Հայաստանի ապագայի համար անհանգստութիւնը ներկայացնելով որպէս Հայաստանի Հանրապետութեանը նրանց կողմից ինչ-որ բան պարտադրելու փորձ:
Սիրելի° հայրենակիցներ,
Մեր ժողովրդի պատմական ճակատագիրը բազմիցս է առնչուել բարդագոյն իրավիճակներում խելամիտ ելք գտնելու հրամայականին: Յաջողութիւն ու առաջընթաց է գրանցվել միայն ժամանակի մարտահրավերներն իրատեսորեն գնահատելու եւ դրանց համարժեք քայլեր ձեռնարկելու դեպքում: Այսօր էլ մենք գտնվում ենք նման հանգրվանում: Պետականության կայացումն ու ամրապնդումը մեր հավաքական ինքնությունից պահանջում է համարժեք մտածողություն ու գործելակերպ:
Մենք այսօր փորձում ենք բնականոն հունի մեջ դնել յարաբերութիւնները մի երկրի հետ, որտեղ օսմանեան կայսրութեան տիրապետութեան տարիներին պետական մակարդակով մեր ժողովրդի հայրենազրկման ու բնաջնջման քաղաքականութիւն է իրականացուել: Ցեղասպանութեան վէրքը չի սպիանում: Եւ մեր նահատակների յիշատակն ու մեր սերունդների ապագան պահանջում են ունենալ կայուն ու ամուր պետականություն, հզօր ու բարգավաճող երկիր, ողջ հայութեան երազանքների ծնունդը դարձած հայրենիք: Այդ ճանապարհի կարեւոր քայլերից մէկը մենք համարում ենք բոլոր հարեւանների, այդ թւում Թուրքիոյ հետ բնականոն կապերի հաստատումը:
Անկախութիւնը պահանջում է նաեւ պատասխանատու վճիռներ կայացնելու կամք ու վճռականութիւն, պահանջում է իրատեսութիւն ու հեռանկարին միտուած հետեւողական աշխատանք: Ես ընտրել եմ այդ ճանապարհը: Ընտրել եմ պատմական պահի պատասխանատւութեան խոր զգացումով ու մեր ժողովրդի ապագայի նկատմամբ մեծ հաւատով:
Թուրքիոյ հետ առանց նախապայմանների յարաբերութիւնների հաստատումն այլընտրանք չունի: Դա ժամանակի հրամայականն է: Այս անհրաժեշտութիւնը չէ այսօր տարակարծութիւնների առարկան: Առանձին անհատների ու քաղաքական ուժերի մտավախութիւնը ծնւում է ստորագրուող արձանագրութիւնների մի քանի դրոյթների տարակերպ մեկնաբանութիւններից ու Թուրքիոյ հանդէպ պատմական անվստահութիւնից:
Իրատեսօրէն գնահատելով այս հանգամանքները, համոզուած լինելով ձեռնարկուված քայլերի անհրաժեշտութեան ու ճշմարտացիութեան մէջ` պնդում եմ.
1. Ցանկացած յարաբերութիւն Թուրքիոյ հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանութեան իրողութիւնը: Այն յայտնի փաստ է եւ պէտք է ճանաչուի ու դատապարտուի ողջ առաջադէմ մարդկութեան կողմից: Միջկառավարական յանձնաժողովի համապատասխան ենթայանձնաժողովը պատմաբանների յանձնաժողով չէ:
2. Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ առկայ սահմանների հարցը ենթակայ է լուծման գերակայ միջազգային իրաւունքի համաձայն: Արձանագրութիւնները դրանից աւելի ոչինչ չեն ասում:
3. Այս յարաբերութիւնները որեւէ ձեւով չեն առնչւում ու չեն կարող առնչուել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման հետ, որն անկախ ու ինքնուրոյն գործընթաց է: Հայաստանը չի դիտարկում արձանագրութիւններում ամրագրուած տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անխախտելիության հարցը որպէս Ղարաբաղի հիմնախնդրի հետ որեւէ առնչութիւն ունեցող յիշատակում,
4. Թուրքիոյ կողմից արձանագրութիւնների վաւերացման ձգձգումը կամ վաւերացման հնարաւոր նոր պայմանների առաջադրումը հայկական կողմի համարժէք վերաբերմունքին կ°արժանանայ: Այս արձանագրութիւններով Հայաստանը միակողմանօրէն չի ստանձնում որեւէ պարտաւորութիւն, չի կատարում որեւէ հաստատում: Հայաստանը ստորագրում է այս արձանագրութիւնները երկու երկրների միջեւ բնականոն յարաբերութիւններ հաստատելու հիմքեր ստեղծելու նպատակով: Ուստի, եթէ Թուրքիան խելամիտ ժամկէտում չվավերացնի այս արձանագրութիւնները եւ դրանից ետք սահմանուած ժամկէտում չկատարի դրանց բոլոր դրոյթները կամ դրանք խախտի հետագայում, ապա Հայաստանն առանց յապաղելու կը ձեռնարկի միջազգային իրաւունքին համապատասխան համարժէք քայլեր:
Դիմելով ձեզ, սիրելի° բարեկամներ, առանձնակի կարեւորութեամբ ընդգծում եմ. այսօր առաւել, քան երբեւէ մեր ժողովրդին միաբանութիւն է պէտք, մեր հաւաքական ինքնութիւնը պետական կեանքին հասու դարձնելու կարողութիւն է պէտք: Սա է ապագայի մեր ճանապարհը:
Արձանագրութիւնների ստորագրումից հետոյ սկսուելու են դրանց վաւերացման եւ իրականացման փուլերը: Բոլոր մտահոգութիւնները, հնարաւոր վտանգները, որոնք այնքան լիուլի հնչեցուեցին քննարկումների ընթացքում, անհրաժեշտաբար հաշվի են առնվելու, եւ մենք պէտք է կարողանանք կանխել ազգային նպատակներին հակասող որեւէ զարգացում: Այսօր ես աւելի քան վստահ եմ, որ կը կարողանանք: Ու միասին ենք անելու, ողջ հայությամբ: Մենք այսօր նոյնը չենք, ինչպէս ընդամէնը ամիսներ առաջ: Սա այլեւս փաստ է:
Ես հաւատում եմ մեր ժողովրդի իմաստնութեանը: Ես հաւատում եմ, որ միասին ենք մեր սերունդներին շեն ու խաղաղ հայրենիք ժառանգելու: Վստահաբար այդպէս էլ լինելու է:
Աստուած մեզ պահապան»: