Դեկտեմբերի 6ին, թուրք եւ հայ դերասաններ Դենիս Բարըշն ու Յովհաննէս Աջինեանը Վրաստանի մայրաքաղաքում իրար ձեռք սեղմեցին:
Այդ ընթացքում նրանք ձեռքի հետ ձեռքսեղմումի համաշխարհային ռեկորդ սահմանեցին, իրար բաց չթողնելով 43 ժամ շարունակ: Խորհրդանշական ակտը ի սկզբանէ ուղեկցուեց համապատասխան քարոզչութեամբ:
Կարծում եմ իսկապէս երեւոյթը խորհըրդանշական է, բայց այն իմաստով, որ իրար ձեռք են սեղմել երկու դերասաններ եւ հետեւաբար տեղի ունեցածը աւելին չէ քան` դերասանութիւնը:
Հետաքրքիրն այստեղ այն է թերեւս, որ մեզանում միշտ գտնւում են մարդիկ, ովքեր իրենց իրաւունք են վերապահում, հանդէս գալու որպէս ազգի, երկրի եւ երբեմն էլ պետութեան ներկայացուցիչներ: Սեփական մանր յաւակնոտութիւնը (գուցէ նաեւ ինչ-ինչ շահեր) բաւարարելու համար նրանք պատրաստ են թուրքերի հետ հաշտեցման կամ եղբայրացման նպատակով համատեղ մշակութային, տնտեսական կամ հասարակական բնո յթի ձեռնարկումներ նախաձեռնել, եղբայրական ձեռքսեղմումներ եւ նմանատիպ շոուներ կազմակերպել: Իսկ ոմանք էլ աւելի են առաջ անցնում եւ որոշում են թէ օրինակ կարող են հանդէս գալ որպէս արեւմտահայաստանի իրաւատէրեր, թուրքերի հետ պատմական կամ քաղաքական խնդիրներ քննարկողներ եւ այլն:
Մանր յաւակնոտութիւնը (գուցէ նաեւ ինչ-ինչ շահերը) այս մարդկանց այնպէս են կուրացնում, որ վերջիններիս մտքով չի անցնում, թէ իրենք-իրենց այդպիսի իրաւասութիւններ վերապահելու իրաւունք ունե՞ն արդեօք, ում անունից են հանդէս գալիս ու վերջապէս, այն թէ իրենց արածը վնաս չի բերի արդեօք երկրի ու ժողովրդի շահերին:
Թերեւս կարելի էր եւ անտեսել նման անհեթեթ դրսեւորումները, մտահոգիչը սակայն այն է, որ նման ձեռնարկումները հաւանաբար բազմապատկուելու են ցեղասպանութեան 100-րդ տարելիցի մօտենալուն զուգահեռ: Չծայրայեղացնելով խնդիրը նկատի ունենանք, որ ամենայն հաւանականութեամբ, յաճախ դրանց ետեւում կանգնած կը լինեն հէնց թուրքական իշխանութիւնները: Եւ դա կարող է լինել հայութեան բարձրացրած ալիքի դէմ թուրքական պատասխաններից մէկը:
Այն է տպաւորութիւն ստեղծել, թէ հայ-թուրքական մերձեցման գործընթացը շարունակւում է, երկու երկրների հասարակութիւնները տարբեր մակարդակներով եւ ձեւաչափերով արդէն իսկ գնում են փոխ շփման ու հաշտեցմանն: Այս թատերական ներկայացման մէջ չի բացառւում, որ ներառուեն նաեւ քաղաքական գործիչներ, որոնք կը ստեղծեն բանակցութիւնների իմիտացիա, հող կը նախապատրաստեն, որպէսզի միջազգային ասպարէզում պատճառաբանութիւն շրջանառուի, թէ ինչու ճանաչումներով ու դատապարտումներով չի կարելի խոչընդոտել երկու ժողովուրդների մերձեցման գործընթացը:
Ըստ էութեան ներկայացման նոր արարը արդէն իսկ ընթացքի մէջ է եւ դրսեւորւում է ոչ միայն պաշտօնական դերասանների խաղով:
Յիշենք ինչպէս օրեր առաջ, Հայաստան առաջիկայ այցելութեան առիթն օգտագործելով, Թուրքիայի արտգործնախարարը կրկին փորձել էր ներկայացնել, թե Հայաստանի հետ բանակցութիւնների մի ինչ-որ գործընթաց շարունակւում է եւ խօսքի հետ կրկին անցել էր նախապայմաններին ինչպէս եւ ի ցոյց դրել Ղարաբաղի խնդրին միջամուխ լինելու, իր կառավարութեան, անհագուրդ ձգտումը:
Ակնյայտ է նաեւ, որ Սեւ Ծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան այցելութիւնը, ինչը նրա ու նրա ներկայացրած կառավարութեան համար կը լինի բոլոր կողմերից պատճառաբանուած եւ անխոցելի, լաւ առիթ կը ծառայի կրկին անդրադառնալու բանակցութիւնների ու յայտնի արձանագրութիւնների թեմային: Եւ աւելին: Կը յաջողուի՞ արդեօք Տաւութօղլուին, ինչ-որ ձեւով, խօսակցութեան նիւթ դարձնել ղարաբաղի թեման թէ` ոչ նա այցից օրեր առաջ խօսել է նաեւ այս մասին, ի սկզբանէ տպաւորութիւն ստեղծելով, թէ տուեալ թեման յաջողուել է օրակարգային նիւթ դարձնել նաեւ Հայաստանի իշխանութեան հետ: Միաժամանակ, նոյն օրերին, մէկ այլ առիթով, թուրք արտաքին գործոց նախարարն ասել է. “Երբ դուք հրաժարւէք հարեւան երկրի տարածքների բռնազաւթումից, այդ ժամանակ բարեկամներ դառնալու հեռանկար կը լինի“:
Տաւութօղլուի ձեռնարկած խաղի քարոզչական կողմը զուգահեռաբար տանում են թուրքական լրատուամիջոցները:
Այս ամենին ընդհանուր առմամբ ճիշդ արձագանգեց ՀՀ ԱԳ փոխ արտաքին գործոց նախարար Շաւարշ Քոչարեանը: Պարոն Քոչարեանը բաւական յստակ ու կոշտ թօնով ասաց հետեւեալը. “Ահմետ Տաւութօղլուն սադրիչ յայտարարութիւնների փոխարէն ճիշդ կ՛անի Երեւանում այցելի Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր` լռութեամբ յարգանքի տուրք մատուցելու ցեղասպանութեան զոհերի յիշատակին“: “Եթէ Թուրքիան ձգտում է էլ աւելի արագացնել տարածաշրջանի երկրների միջեւ քաղաքակիրթ յարաբերութիւնների հաստատման գործընթացը, ապա նա պէտք է ճանաչի Օսմանեան կայսրութեան կողմից իրականացուած հայոց ցեղասպանութիւնը եւ բացի իր կողմից փակուած հայ-թուրքական սահմանը“:
Ցաւոք Պարոն Քոչարեանը չի խուսափել իր միանգամայն ճիշդ եւ արժանապատիւ արտայայտութեան մէջ կրկնել Հայաստանի իշխանութեան չարդարացուած, եւ թերեւս աւելորդ շրջահայացութեամբ թելադրուած տեսակէտն այն մասին, որ. “Թուրքիան կարող է նպաստել Հայասատանի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը` առանց որեւէ նախապայմանի վաւերացնելով եւ կեանքի կոչելով 2009-ին Ցիւրիխում ստորագրուած հայ-թրքական արձանագրութիւնները“:
Սա այն դէպքում, երբ Թուրքիան բաւական առիթ է տուել չպարտուողի դիրքերից հրաժարուելու յիշեալ հայավընաս փաստաթղթերից:
Հայաստան այցելութեան ու հանդիպումների փաստը իւրովի մեկնաբանելով ու արժեւորելով, Տաւութօղլուն եւ նրա խումբը, փորձելու են ստեղծել այն ցանկալի տպաւորութիւնը, ինչի մասին խօսուեց վերեւում: Եւ առհասարակ, այս սցենարը շարունակելու է խաղարկուել առնուազն մինչեւ 2015 Ապրիլ:
Հայկական կողմը եւ հայերն առհասարակ, այս ընթացքում պէտք է ձգտեն դերակատար չդառնալ այն ներկայացումներում, որոնց ոչ սցենարիստն են իրենք, ոչ էլ բեմադրողը: