ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
1453-ի գարունն էր: Թուրք սուլթան Մեհմետ 2-րդի 80 հազարանոց բանակը գրեթէ երկու ամիս պաշարել էր Կոստանդնուպոլիսը` ոչ միայն Բիւզանդիայի, այլեւ ամբողջ արեւելաքրիստոնէական աշխարհի վերջին հենարանը:
Քաղաքը պաշտպանում էր մի ոչ մեծաթիւ կայազօր` ընդամէնը եօթ հազար յոյներ, իտալացիներ հայեր: Բայց նրանք կենաց-մահու կռիւ էին տալիս, դիմադրում բոլոր ուժերով, նոյնիսկ այն ժամանակ, երբ մահացու վիրաւորուեց պաշտպանութեան ղեկավարը` Ճովանի Ճուստինիանին: Մէկը միւսի հետեւից նրանք հետ էին մղում թուրքերի բոլոր գրոհները շատ հնարաւոր է, որ կը պահէին քաղաքը, եթէ…
Պատմութեան մէջ նոյնիսկ պատահական զուգադիպութիւնները հազուադէպ են պատահական թւում: Հունգարացի մի ճարտարագէտ` Օրպան անունով (հէնց այդպէս է նաեւ Հունգարիոյ այսօրուայ վարչապետի ազգանունը), ով սովորել էր գերմանացի վարպետներից, իսկ յետոյ ծառայութեան անցել թուրք սուլթանի արքունիքում, նոր տէրերի համար մի հսկայական հրանոթ էր ձուլել: Նա դա արել էր փողով: Մեծ գումարով: Նրա հրանոթի արկերը ճեղքեցին Կոստանդնուպոլսի պաշտպանական պատը, քաղաքի սակաւաթիւ պաշտպանները կայսր Կոնստանտինի հետ պայքարեցին մինչեւ վերջ, բոլորը զոհուեցին:
Թուրք բարբարոսները ներխուժեցին քաղաք` սկսուեց կոտորածը: Եւ մարդասպանների ճանապարհը բացեց հունգարացի Օրպանը:
Հունգարիայի վարչապետ Վիքթոր Օրպանն այս պատմութիւնը միգուցէ չգիտի: Նրա նախասիրութիւնը ոչ թէ պատմութիւնն է, այլ ֆուտպոլը: Չնայած Հունգարիայի հարեւան երկրների նորօրեայ պատմութիւնը նա կարծես թէ բաւականին լաւ գիտի: Համենայնդէպս այդ պատմութիւնը վերաշարադրելու իր արտառոց փորձերով նա բազմիցս ցնցել է սերբ, ռումինացի սլովակ հարեւաններին, ինչպէս նաեւ ամբողջ ազատական Եւրոպայի վերնախաւին: Ինչ-որ առումով դա ինձ նոյնիսկ դուր է գալիս, չնայած շատերի կարծիքով այդ վարքագծի պատճառը երկու համաշխարհային պատերազմներում Հունգարիոյ նրա դաշնակիցների կրած ջախջախիչ պարտութիւնների հետեւանքով առաջացած որոշակի բարդոյթն է, ես այնուամենայնիւ ազգային ինքնութեան պահպանման համար ազգային հպարտութիւնն անհրաժեշտ պայման եմ համարում:
Բայց հպարտութեան զգացումը (ցանկացած, բայց յատկապէս ազգային) նման է մեծահոգութեանը, այն չի կարելի շփոթել փառասիրութեան յագեցուածութեան հետ: Ու եթէ որեւէ երկրի առաջնորդի մտքով յանկարծ անցնում է, որ յանուն ազգային հպարտութեան բարձրացման կարելի է նահանջել այն սկզբունքներից, որոնց վրայ այդ հպարտութիւնը հենուել է հարիւրամեակներ շարունակ, դա վկայում է հասարակական խոր ճգնաժամի մասին: Եթէ կալվինիստական ընտանիքում դաստիարակուած քրիստոնէական առաջնորդն ի վիճակի է ֆինանսական ճգնաժամից դուրս գալու ելք գտնել իր երկրի` ցայսօր չաղտոտուած արժանապատուութեան վաճառքի հաշուին, ապա դա նրա գործն է:
Մերօրեայ Օրպանը նրա թիմն ազատ արձակեցին վախկոտ մարդասպան թուրքին: Նրանք եւս դա արեցին փողով: Շատ մեծ գումարով: Իսկ մարդասպան թուրքին (կամ ատրբեջանցուն, ինչ տարբերութիւն) հայրենիքում անմիջապէս ազգային հերոս դարձրին: Թէ, հասկանալի է, այդ երկրում կայ նաւթ, իսկ հերոսներ չկան, այդ պատճառով քնած մարդուն սպանողը եւս յարմար է այդ դերին: Եւ հիմա իրաւունքի արդարութեան, մարդասիրութեան սկզբունքների, անկաշառ արդարադատութեան համամարդկային արժէքների գերակայութեան մասին եւրոպական բոլոր ճամարտակութիւնները իմաստազրկուեցին:
Մենք ի՞նչ պէտք է անենք: Ես մտադիր չեմ նման բաները քննարկել թերթի էջերում: Բայց պակաս կարեւոր չէ հասկանալ, թէ ինչ դասեր ենք քաղելու կատարուածից: Մի՞թէ միայն այն պարզունակ դասը, որ պատիւն ու ազնուութիւնը միշտ զիջում են շահին ու հետաքրքրութիւններին: Դա սխալ դաս է, մեզ օտար է, այն հակասում է մեր ազգային ոգուն, հայերն արդէն երկու հազար տարի է` չեն կարողանում այն սերտել: Եւ պէտք էլ չէ:
Միայն կուշտ լինելով` հասարակութիւնն ինքնին չի երջանկանում. ազգային պատուից ու արժանապատուու-թիւնից բարձր ոչինչ չկայ. եթէ ինչ-որ երկրների առաջնորդներ կարող են իրենց թոյլ տալ առուծախ անել նման արժէքներով` յանուն վայրկենական ու նոյնիսկ ցնորական շահերի, ապա մեզ ոչ մի դէպքում չի կարելի նման բան անել: Մեզ չի կարելի թէկուզ մէկ քայլ նահանջել Արցախի հարցում, մեզ չի կարելի նահանջել ազգային ոտնահարուած իրաւունքները վերականգնելու ձգտումից: Ես ամէնեւին էլ անիրագործելի նպատակներ իրականացնելու կոչ չեմ անում, ուզում եմ պարզապէս յիշեցնել, որ անիրագործելի նպատակներ չեն լինում, լինում է միայն անվստահութիւն` սեփական ուժերի հանդէպ: Բոլոր նպատակները, որոնք ունի մեր ժողովուրդը, իրագործելի են, պարզապէս պէտք է հաւատալ դրանց ու այդ նպատակների ապագայ իրագործումը չբարդացնել քաղաքական բարեհոգութեամբ վտանգաւոր փաստաթղթերի տակ դրած անզգոյշ ստորագրութիւններով:
Յ. Գ.- Իսկ այն առաջին Օրպանին թուրքերը սպանեցին Կոստանդնուպոլիսը գրաւելուց յետոյ: Տարեգիրներն ասում են, որ նրա հսկայական հրանոթի ուժն ընդամէնը բաւականացրեց դատապարտուած քաղաքի վրայ արուած մի քանի ճակատագրական կրակոցներին: Յետոյ այն ճաք տուեց: Թէ, թուրքերն էլ նրան պատժեցին: Բացառուած չէ` կացնով: Բայց հետաքրքիր է, իսկ ի՞նչ եղաւ այն փողը, որ ստացել էր Օրպանը: