Գլխաւոր

ՎԵՐԱՄՈՒՏԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ

Օգոստոս, 2026

 

Վերամուտ է կրկին։ Վերաբացւում են ինչպէս պետական, այնպէս էլ մեր հայկական վարժարանները։

Անցնող տարիներին, երբ դպրոցական վերամուտին նախապատրաստւում էինք ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկին, ամէն անգամ փափաքում էի, որ հայերէնի ուսուցիչների կազմում հանդիպեմ ամերիկահայ երիտասարդի, ով որոշել է դառնալ հայերէնի նոր ուսուցիչ։ Սակայն ամէն անգամ խամրում էր փափաքս, եւ մնում էինք նոյն անձնակազմով, նոյն դէմքերով։

Advertisement Donate Today

Լինում էին նաեւ տարեշրջաններ, երբ փափաքս ոչ միայն վերանում, այլեւ վերածւում էր լուրջ մտահոգութեան, երբ տեղեկանում էինք, որ այդ տարի հայերէնի մի ուսուցիչ եւս հանգստի է կոչուել եւ նուազել է հայերէն առարկաներ դասաւանդող ուսուցիչների թիւը։

Հանգստի՛ է կոչուել, այլ ոչ թէ՝ կենսաթոշակի անցել, ինչպէս ընդունուած է անուանել, որովհետեւ մեր կրթական հաստատութիւններում դեռ ստեղծուած չեն դպրոցական պաշտօնէութեան կենսաթոշակային ծրագրեր ու կանոնակարգեր, որոնց հիման վրայ հայերէնի ուսուցիչը, տարիներ շարունակ դասաւանդելուց յետոյ, տարիքի բերումով կարողանայ կենսաթոշակի անցնելու դիմում ներկայացնել՝ այնպէս, ինչպէս հանրային դպրոցների ուսուցիչները՝ պետութեան կողմից հաստատուած օրէնքների ու կանոնակարգերի հիման վրայ կենսաթոշակի են անցնում։ Ուստի մեզ մօտ առկայ է միայն հանգստի կոչուելու հանգամանքը։

Յամենայն դէպս, փափաքս այդպէս էլ չիրականացաւ։ Հայերէնի ուսուցիչներ են հանգստի կոչւում, իսկ նրանց փոխարինող ամերիկահայ երիտասարդներ ակնյայտօրէն չկան։

Ինչո՞ւ ամերիկահայ երիտասարդը կամ երիտասարդուհին չի ցանկանում հայերէնի ուսուցիչ դառնալ։

Անցեալում այս հարցին անդրադարձել էի երկու յօդուածներով (Տե՛ս «Լեզուով, թէ ոգով», «Ասպարէզ», Յունիս 2, 2017 եւ «Ո՞վ է փոխարինելու», «Ասպարէզ», Օգոստոս 15, 2014) ։ Այնուամենայնիւ, յաճախ մտածել եմ, որ եթէ ներկայ վիճակը այսպէս շարունակուի, հապա ի՞նչ հեռանկար է բացուելու տասնամեակներ յետոյ հայկական վարժարանների առջեւ։ Տխուր հաւանականութեամբ՝ հայերէնի ներկայ ուսուցիչները հետզհետէ հանգստի են կոչուելու, իսկ նրանց տեղերը թափուր են մնալու։

Ո՞վ է նրանց փոխարինելու։

Հայերէնի ուսուցիչ պատրաստելու եւ վերապատրաստելու ուղղութեամբ ներկայումս գործնական ի՞նչ ծրագրեր են իրագործւում, եւ ամերիկահայ քանի՞ երիտասարդ է ընդգրկուած այդ ծրագրերում՝ վաղուայ հայերէնի ուսուցիչը դառնալու յոյսով։ Պատասխանը, ըստ ամենայնի, խոստումնալից չէ։

Տխուր իրողութիւն է նաեւ այն, որ մեր հասարակական շրջանակների, ինչպէս նաեւ ծնողների կողմից ամերիկահայ երիտասարդը բաւարար չափով չի խրախուսւում զբաղուելու հայերէնի ուսուցչութեամբ։ Արդիւնքում՝ հայերէնի ուսուցիչը ամերիկահայ երիտասարդի աչքում նախանձելի մասնագիտական տիպար չի հանդիսանում։ Իսկ եթէ վերջինս որոշում է ապագայում ուսուցիչ դառնալ, նախընտրում է զբաղուել այլ առարկաների դասաւանդմամբ։

Անցեալում հանդիպել եմ մի քանի ամերիկահայ ծանօթ երիտասարդների, ովքեր հայերէնի բաւականին լաւ իմացութիւն եւ պատրաստութիւն ունէին։ Առաջարկել եմ նրանց՝ հայերէնի ուսուցիչ դառնալու դիմում ներկայացնել մեր վարժարաններին։ Մի մասն ասել է, որ իրենց ծնողները համաձայն չեն այդ առաջարկին, իսկ միւս մասն էլ ընդհանրապէս հրաժարուել է հայերէնի ուսուցիչ դառնալու մտքից։

Յաճախ, երբ հանդիպում եմ նախկին գործընկերներիս, մեր քննարկման նիւթերից մէկը մեզ փոխարինելու գերխնդիրն է։ Գրեթէ բոլորն էլ հաստատում են, որ հայերէնի ուսուցչութեամբ զբաղուելու ամերիկահայ երիտասարդի դժկամութեան գլխաւոր պատճառներից մէկը նիւթական եւ աշխատանքային անապահովութեան հարցն է։

Ինչպէս գրել էի վերը նշուած յօդուածներիցս մէկում, եթէ ամերիկահայ երիտասարդը համոզուի, որ հայերէնի ուսուցչական ասպարէզում կենցաղային եւ, մասնաւորաբար, նիւթական ապահով ու արժանապատիւ պայմաններ ու ծրագրեր են առաջարկւում եւ գործադրւում հայկական կրթօջախների կողմից, չեմ կարծում, որ նա չի հրապուրուի զարգացնելու իր հայերէնագիտութեան մակարդակը եւ մուտք գործելու հայերէնի ուսուցչական ասպարէզ։

Այո՛, հայերէնի ուսուցիչ դառնալը կոչում ու նուիրական գործ է, — ինչպէս ասւում է, — բայց չմոռանանք, որ կեանքը, այն էլ ամերիկեան հասարակարգի տնտեսակենցաղային բարդ ու երբեմն ալեկոծ պայմաններում, իր պահանջներն ու յստակ պայմաններն է պարտադրում ինչպէս բոլորին, այնպէս էլ հայերէնի ուսուցիչներին։

Հետեւաբար, եթէ ցանկանում ենք նոր ու երիտասարդ դէմքեր տեսնել հայերէնի ուսուցչական ասպարէզում, պատկան մարմինների կողմից պէտք է պատասխանատու յանձնառութեամբ համապատասխան եւ հետեւողական քայլեր ձեռնարկուեն այդ ուղղութեամբ։

Այլապէս, տարիներ անց «Ո՞վ է նրանց փոխարինելու» հարցը կարող է այլեւս միայն մտահոգիչ հարցադրում չլինել, այլ վերածուել մեր հայկական կրթօջախների առջեւ ծառացած լուրջ եւ հրատապ մարտահրաւէրի։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button