Ղեկավարը

0 0
Read Time:3 Minute, 54 Second

ԽԱԺԱԿ ՏԷՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Հրայր Մարուխեանը դաշնակցական ղեկավարի կերպարն էր, կատարելատիպը:

Նրանք, որոնք մօտկից ծանօթ են Հրայր Մարուխեանին, կը հաստատեն, որ նա պաշտամունքի աստիճան սէր էր տածում իր հայրենիքի` Հայաստանի եւ իր ազգի` հայ ժողովրդի նկատմամբ: Յաճախ նկատում էիր, որ թէեւ հոգու խորքում խստօրէն դառնացած է եւ ցաւ է ապրում սեփական ժողովրդի մի ինչ-որ թերութեան, մի ինչ- որ բացթողման, բացասական մի ինչ-որ երեւոյթի դրսեւորման պատճառով, բայց չէր ընդունում, որ, կարող է պատահել, այդպիսի թերութիւններն ու բացասական եղեւոյթները մաս կազմեն նրա ազգային նկարագրին, ուստի այդպիսի երեւոյթներում փնտռում էր հայ ժողովրդին խորթ, դրսեկ եւ օտար ազդեցութիւններ:

Նրա համար այն ամէնը, ինչ հայկական էր, պատկանում էր հայ ժողովրդին, լաւ էր, որովհետեւ որպէս պատմութեան թելադրանք` հէնց այդպէս պիտի լինէր:

Հրայր Մարուխեանն ընդունելով համաշխարհային քաղաքակրթութեան նուաճումները եւ առատօրէն օգտուելով նրա ընձեռած բարիքներից` գերազանցապէս ապրում էր հայկական մշակոյթի ներշնչանքով: Մտերմիկ զրոյցների ժամանակ յաճախ էր անդրադառնում հայրենասիրութեան, ազգային մշակոյթի եւ դաշնակցականութեան փոխ-կապակցութեան հարցին:

Երբ մտազբաղ էր, մրմնջում էր հայկական որեւէ երգ: Այդպիսի պահերին յաճախ նրա շրթունքներին էր «Ջանի ման, խանի ման, տուն եմ շինել գետի բերան» սկզբնատողով երգը: Խիստ նախանձախնդիր էր հայոց լեզուի նկատմամբ եւ շարունակ աշխատում էր կատարելագործել իր լեզուական մշակոյթը: Զարմանալի էր, բայց` իրաւ, իր աշխատասենեակում, գրասեղանի վրայ միշտ բաց վիճակով դրուած էր հայոց լեզուի քերականութեան մի գիրք, որը կարդում էր, երբ ժամանակ էր ունենում: Կարդում էր եւ իր կուռ տրամաբանութեամբ վերլուծում ընդունուած սահմանումները, գտնում նրանցում հակասութիւններ ու անտրամաբանական դրոյթներ եւ դրանց մասին վէճի մէջ մտնում մասնագէտների հետ` յաճախ դժուարութեան մատնելով նրանց: Այդուհանդերձ, իր բոլոր տեսակի գրուածքների ու յօդուածների լեզուական հարցերի կապակցութեամբ խորհրդակցում էր հայոց լեզուի մասնագէտների հետ եւ թոյլ տալիս, որ սրբագրեն իր գրածը:

Այնպէս, ինչպէս յատուկ է ամէն մի ղեկավարի, Հր. Մարուխեանի համոզումներն ու սկզբունքները վարակիչ էին իր գաղափարակիցների եւ համակիրների շրջանակում:

Որքան վարակիչ էր նրա անշահախնդիր ու անսակարկ հայրենասիրութիւնը, այնքան առաւել վարակիչ էր նրա անհաշտ ու անտեղիտալի գաղափարականութիւնն ուկուռ եւ անյեղլի հաւատքը հայ ժողովրդի պայծառ ապագայի նկատմամբ:

Հր. Մարուխեան իրական ղեկավար էր: Նրա համար ՀՅ Դաշնակցութեան նպատակներն ու գաղափարները բացարձակ ու անառարկելի ճշմարտութիւններ էին, որոնց իրագործանը անմնացորդ նուիրուած էր մեծ ղեկավարը:

Ընկերվարութեան հաստատումը մարդկային արդարութեան միակ գրաւականն էր նկատում նա:

Նրա այդ գաղափարականութիւնն ու կեցուածքը ընդունելութիւն էին գտնում դաշնակցական երիտասարդութեան լայն խաւերում, մեծացնում էին նրա հմայքը եւ նրան դարձնում գաղափարապաշտ երիտասարդութեան կուռքը:

Զարմանալի չէր, որ նա իր այսպիսի գործունէութեան համար չէր կանչւում պատասխանատուութեան, երբ ուրիշներ նոյնպիսի գործունէութեան համար կարող էին խստագոյնս պատժուել: Զարմանալի չէր, որովհետեւ նա շատ լաւ գիտէր «Կազմակերպական կանոնները», Դաշնակցութեան գրաւոր ու անգիր օրէնքները, աւանդութիւններն ու պատմութիւնը, ամենատարբեր հարցերի լուծման նախընթացները: Կանոնագրի իմացութիւնը նրան դարձնում էր անխոցելի եւ թոյլ էր տալիս, որ օրէնքի սահմաններում գործէր ազատօրէն եւ տիրոջ իրաւունքով:

Նա կատարելապէս ծանօթ էր Դաշնակցութեան կառոյցի բոլոր օղակներին ու միաւորներին, գիտէր նրանցից իւրաքանչիւրի թերութիւններն ու առաւելութիւնները, ծանօթ էին նրան կազմակերպութեան խոցելի ու անխոցելի տեղերը, ուժի աղբիւրներն ու թուլութեան պատճառները: Եւ ամենակարեւորը` նա լաւապէս ճանաչում էր կուսակցական գործիչներին եւ վերին մարմինների անդամներին, գիտէր իւրաքանչիւրի կարողութիւնները: Գիտելիքներ, որոնք թոյլ էին տալիս նրան ճիշդ կողմնորոշուելու: Գիտելիքներ, որ պիտի ունենայ ամէն ղեկավար:

Նրա, իբրեւ ղեկավարի, մեծագոյն առաւելութիւնը այն էր, որ նա առանց հասակային, սեռային, դասային եւ այլ կարգի խտրականութիւնների` բաց էր բոլորի առջեւ: Թէեւ բազմազբաղ` ընդունում էր նրանց, երբ եւ որտեղ պատահէր, համբերութեամբ լսում էր նրանց ամենատարբեր տրտունջները, բողոքները, քննադատութիւնները, առաջարկները եւ ականջալուր էր լինում նրանց սրտբաց խոստովանութիւններին: Սակայն նա անհանդուրժող էր դառնում, երբ վիրաւորում էին մեր ազգային եւ կուսակցական սրբութիւնները:

Շատ էր հաւանում պայծառ միտք եւ նոր գաղափարներ ունեցող անձնաւորութիւններին: Թէկուզ եւ համաձայն չլինէր նրանց արտայայտած մտքերի հետ, ամենայն ուշադրութեամբ եւ մեծ համբերատարութեամբ լսում էր նրանց` ակնկալելով, որ նրանց մտքերը կարող են պարունակել մի որեւէ նորոյթ, որ կարող է նոր նպաստ մատուցել հայ ազգային-ազատագրական պայքարին, Հայ դատին եւ ՀՅ Դաշնակցութեան:

Մարդկանց հետ շփման հիմքում նա երբեք անհատական արժանապատուութեան հարց չէր դնում: Այնտեղ, որտեղ գործն էր պահանջում, նա ինքն էր շփում նախաձեռնում` չխորշելով ոչ ոքից:

Հր. Մարուխեանը օժտուած էր ղեկավարի մի այլ շատ կարեւոր յատկութեամբ: Նրա բառարանում ընկճուածութիւն բառը գոյութիւն չունէր:

Պատասխանատուութեան գիտակցութիւնը սեփական ժողովրդի, կազմակերպութեան եւ գործընկերների նկատմամբ իւրաքանչիւր իրաւ ղեկավարի, առաւել եւս քաղաքական ու կուսակցական ղեկավարի համար էական յատկանիշ է, առանց որի` ոչ ոք չի կարող ղեկավարի դիրքեր զբաղեցնել:

Հր. Մարուխեանի առած բոլոր քայլերում յստակ տեսանելի էր նրա պատասխանատուութեան գիտակցութիւնը` հայ ժողովրդի, ՀՅ Դաշնակցութեան եւ իր գաղափարակից ընկերների նկատմամբ:

Չեմ կարող մոռանալ նրա խօսքը Բիւրոյի նիստում, երբ քննւում էր ղեկավար դիրքերում սերունդների հերթագայութեան հարցը: Նա այդտեղ, ի շարս այլ մտքերի, յայտարարեց, որ` «Եթէ չմտածենք այսօր մեր ապագայ ղեկավարութեան մասին, մեր սերունդը պատասխանատու կը մնայ ե՛ւ հայ ժողովրդի, ե՛ւ Դաշնակցութեան, ե՛ւ պատմութեան անողոք դատաստանի առջեւ»:

Նա ճիշդ էր գնահատում նոր, երիտասարդ ուժերի դերը մեր ազգային կեանքում եւ մեր ազգային-ազատագրական պայքարում: Առհասարակ նրա միտքը երիտասարդ էր, որով եւ շատ լաւ էր ընկալում երիտասարդութեանը, նրա պահանջները, նրա ակնկալիքները: Եւ փոխադարձաբար ինքն էլ լաւ էր հասկացւում երիտասարդութեան կողմից, որն եւ լռելեան յանգում էր չգրուած դաշինքի` երիտասարդութեան եւ ղեկավարի միջեւ:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles