Յօդուածներ

ԱՄԷՆՕՐԵԱՅ ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԱՊՐՈՒՄՆԵՐՈՎ

ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ

Կլենտէյլ, Օգոստոս, 2026  

Ապրում ենք Երկիր մոլորակի այնպիսի տարածաժամանակային հատուածում, ուր լրատուատարածքները ակնյայտօրէն գերազանցում են մեր մոլորակի թէ՛ ջրային եւ թէ՛ ցամաքային տարածքները:

Ըստ վիճակագրական տուեալների, այսօրուայ աշխարհում գործում են միլիոնաւոր լրատուամիջոցներ, որոնց թւում կարելի է նշել տպագիր եւ առցանց թերթերն ու պարբերականները, ռատիոկայանները, հեռուստաալիքները, տեղական, համերկրային, միջազգային լրատուական գործակալութիւնները, բազմաբնոյթ եւ բազմազան լրատուակայքերը, որոնց թւում՝ YouTube-ը, Facebook-ը, Telegram-ը, TikTok-ը, Instagram-ը, Podcast-ները, լրատուական Blogger-ները եւ այլն:

Իսկ այս բոլորի վրայ պիտի աւելացնել իւրաքանչիւրիս տանը ներկայ համակարգիչը, բայց մանաւնադ ամէն օր, ամէն ժամ ու վայրկեան մեզ անբաժան` բջջային հեռախօսը, որը  ովկիանոսաշուրջ աշխարհը կարծես դարձրել է փոքրիկ գիւղ , ուր ցանկացած պահին կարելի է կապ հաստատել Երկիր մոլորակի ամէնատարբեր վայրերում ապրող մարդկանց հետ՝ ամէնավերջին լուրերը ստանալով միմեանցից կամ լուրերը հաղորելով միմեանց:

Advertisement Subscribe Today

Արդարեւ, Երկիր մոլորակի փոքրիկ գիւղում ապրող երրորդ հազարամեակի մարդը չգիտես գերտեղեկացուա՞ծ, թէ՝ գերեվարուա՞ծ է շրջապատուող բազմահազար լրատուամիջոցների կողմից:

Մեր մոլորակում մոլորուել ենք համատարած իրարամերժ, իրար հակասող ամէնօրեայ լուրեր լսելու հեւտեւանքով: Միացնում ես հեռուստացոյցը եւ հետեւում ես հաղորդուող լուրերին: Քիչ յետոյ միացնում ես համակարգիչը եւ Facebook-ում գտնում ես նոյն լուրի հակադարձուած տարբերակը: Յաջորդ օրը թերթերը հանդէս են գալիս նոյն լուրի, նոյն իրադարձութեան այլ տարբերակներով: Տարակուսանքի մէջ ես ընկնում: Ո՞ր աղբիւրին հաւատաս: Նոյն աշխատաոճն է տիրում նաեւ միջազգային լրատուական գործակալութիւնների դաշտում: Իրար հակասող մեկնաբանութիւններ: «Fake new» (կեղծ լուրեր) որակումներով միմեանց ցեխարձակումներ: Փորձում ես գտնել տեղի ունեցած եւ լուրերի տարազով ներկայացուած այս կամ այն իրադարձութիւնը եւ արդիւնքում՝ յայտնւում ես ինքնաշփոթ վիճակում, ինչը, ըստ արհեստական բանականութեան, առաջանում է տեղեկատուութեան գերծանրաբեռնուածութեան, անորոշութեան կամ հակասական զգացմունքների պատճառով: Շրջապատուած այս լաբիրինթոսում չգիտես ո՞ւմ կամ որո՞նց մեղադրես, պախարակես կամ յանդիմանես՝ յաճախակիօրէն մարդկանց ինքնաշփոթութեան մատնելու եւ մոլորեցնելու համար:

Բարեկամս ասում է, որ յոգնել է իրար հակասող, իրար վարկաբեկող լուրեր լսելուց եւ որ որոշել է այլեւ չհետեւել բոլոր կարգի լրատուամիջոցներին: «Թւում է, թէ անկախ լրատուամիջոց յորջորջումը այլեւս անիմաստ, անհեթեթ հասկացութիւն է դարձել ամէնուրէք: Չկայ այդպիսի բան: Ի՞նչ անկախ լրատուամիջոցների մասին է խօսքը: Նրանց կախուածութիւնը ակնյայտ է», — զայրացած շեշտում է նա:

Այնուամենայնիւ, փորձում եմ հաւատալ, որ բարեկամս ինչ-որ տեղ, ինչ-որ չափով չափազանցութեան է գնում: Ոստի, այսպէս թէ այնպէս, տակաւին հետեւում եմ մեր մոլորակում շրջանառուող տեղեկութիւններին, որովհետեւ այլ տարբերակ չեմ գտնում:

Չնայած այն իրողութեան, որ մեր ժամանակների արհեստագիտական բարձրակարգ զարգացումները տեղի են ունենում գիտական շրջանակների մասնագէտների աշխատանքով ու իրագործումներով, այնուամենայնիւ, ուզում եմ համեստօրէն հաւատալ նաեւ, որ այդ համակարգերը, մասնաւորաբար արհեստական բանականութիւնը գործում են շիտակութեան, իրաւախոհութեան, անկեղծութեան, ուղղամտութեան, անկողմնակալութեան, անշահախնդրութեան, ճշմարտութեան, եւ հաւաստիացման սկզբունքների ու արժէքների հիման վրայ:

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button