
Արմինէ Մինասեան
Նիւ Եորք
Օգոստոս 2015
Այս վերջի ճամբորդութեանս ընթացքին երեք օր եղայ Թեհրանում եւ բախտ վիճակուեց ինձ տեսնելու «Փրկութեան Քարտէս» շարժապատկերը, իսկ երկրորդ անգամ՝ Երեւանում «Ոսկէ Ծիրան» Փառատօնի ընթացքին:
«Փրկութեան Քարտէս» կամ «Map of Salvation» շարժապատկերը անգլերէն եւ հայերէն լեզուներով է, եւ հիմա աշխատանք է տարւում թարգմանել նաեւ այլ լեզուների:
«Փրկութեան Քարտէս» ներկայացնում է բարեգործ եւրոպացի երիտասարդ կանանցից հինգին, որոնց առաքելութիւնը եղաւ 1890թ.վերջերից մինչեւ որ 1930-ական թուերը իրեց կեանքի նուիրումը մարդասիրական վսեմ գործին: 1913թ. սկսած նրանք գնացին հայ ժողովրդի վէրքերը բուժելու, անմեղ եւ անպաշտպան հայ մանուկների կեանքը փրկելու Օսմանեան Կայսրութեան ծրագրուած հայ ժողովրդի ֆիզիքական բնաջնջումից: Այդ մարդասէր եւ քաջ կանայք էին՝ Քեարէն Եփփէն եւ Մարիա Եաքոպսընը Դանիայից, Պոտիլ Պիորնը՝ Նորվեկիայից, Ալմա Եօհանսընը՝ Շուէտից եւ Հետվիկ Պէյուլը՝ Էսթոնիայից:
«Փրկութեան Քարտէս»ը խօսուն դրօշակն է Հայ Ցեղասպանութեան. դէպքերն ու դէմքերն իրական են, եւ դերասանների հաւատքով լի գործունէութիւնը դիտողին տանում է դէպի նոյն ժամանակաշրջանի կոտորածի օրերը, երբ այդ վայրագութիւններն էին տեղի ունենում հայ ազգի դէմ, ու մի վայրկեան մտածել է տալիս մեզ, թէ՛ ինչպէ՞ս է կարելի մարդու այսքան չարիքը մարդու հանդէպ ….
Ըստ իս այս շարժապատկերը դեսպանը պիտի լինի հայ ազգի՝ ճամբորդելով դէպի հայաշատ երկրներ եւ նահանգներ ու նորէն համառօրէն ցոյց տալու ու վերյիշեցնելու աշխարհին թուրք օսմանցու դաւադիր ու ծրագրուած վայրագութիւնների մասին, ովքեր ահ ու սարսափ տարածելով՝ տեղահանեցին, գոյքերը խլեցին ու ցեղասպանութեան ծրագիրը գործադրեցին անպաշտպան ու անմեղ հայ ազգի հանդէպ:
Ինչպէս ասացինք, շարժապատկերի համայն կառոյցը փաստավաւերագրական սիւների վրայ է դրուած՝ յանձինս այդ հինգ հերոս գթութեան քոյրերի ականատես օրագրութեան, որոնք ամենայն խղճմտութեամբ ու անձնազոհութեամբ իրենց վեհանձն առաքելութիւնով սիրով կապուեցին հայ ազգի երեխաների ու պատանիների հետ, իրենք եւս տարագրուեցին ու եղան մայր՝ փրկելով հազար-հազարաւորների այդ վայրագ գազանների ճիրաններից: Թերեւս մեզանից շատերը անտեղեակ են այս հինգ փրկարար քոյրերի մարդասիրական ու նուիրական գործունէութիւնից: Ժամանակն է, որ վերյիշենք ու ճանաչենք նրանց: Թողէ՛ք, որ աշխարհն ու մասնաւորապէս թուրքերն իմանան ճշմարտութիւնը: Արդեօ՞ք հարիւր տարին քիչ եղաւ ժխտելն եւ ուրացու՞մը . . այ՛լեւ բաւական է:
Այս շարժապատկերի մէջ ո՛չ թէ միայն հայ ազգն է խօսում ու արդարութիւն պահանջում, այլ օտար ազգի ականատես ու փրկարար քոյր միսիոնարները: Ուրեմն պարտք ենք համարում նշելու, որ, ըստ հնարաւորութեան, շարժապատկերը, որը պատրաստուած է դիւանագիտական հմտութեամբ եւ բարձրագոյն վարպետութեամբ, Պարսկաստանի հայ համայնքի համանմանութեամբ ցուցադրութեան արժանանայ աշխարհասփիւռ այլ հայ համայնքներում, քանի ամէն հայ պարտաւոր է ճանաչել իր ժողովրդի երախտաւորներին: Կարեւոր է նաեւ շարժապատկերի դիտմանը օտարազգի պաշտօնեանների եւ հնարաւորութեան պարագային հէնց այդ հինգ երկրների (ուր որ միսիոներուհիներն էին) դեսպանների կամ դիւանագէտների ներկայութիւնը եւ վերջաւորութեան մի գեղեցիկ պատուեգրով պարգեւատրումը ՝ որպէս երախտագիտութեան նշան հայ ժողովրդի կողմից:
«Փրկութեան Քարտէս» շարժապատկերը նկարահանուած է մէկ տարուայ ընթացքին տաս երկրներում՝ Նորվեկիա, Շուէտ, Դանիա, Գերմանիա, Էսթոնիա, Թուրքիա, Լիբանան, Սուրիա, Յունաստան, Հայաստան, ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստան: Շարժապատկերի աշխատանքներին մասնակցել են 13 խորհրդատուներ 8 երկրից: Նրանք գրող, պատմաբաններ, ցեղասպանագէտներ են: Նկարահանումները կատարուել են թագաւորական գրադարաններում, թանգարաններում, ազգային եւ պետական, տարբեր կազմակերպութիւնների եւ անհատական արխիւներում:
Շարժապատկերի մտայղացման հեղինակը եւ արտադրողն է «Ման Փիքչըրս Սթիւտիօ»ի հիմնադիր-տնօրէն Մանուէլ Սարիպէկեանը, որի գործարարութեամբ ծնունդ է առել հայ ժողովրդի այս շատ կարեւոր պատմական իրադարձութեան-վաւերագրական շարժապատկերը: Վստահաբար, ճանապարհի ընթացքում, նա ունեցել է բաւականին շատ խոչընդոտներ, բայց իր լաւատեսութեամբ ու գործակիցների աջակցութեամբ կարողացել է յաղթահարել այդ բոլոր դժուարութիւնները:
Շարժապատկերի գլխաւոր վարիչն է Արամ Շահպազեանը, որն արուեստի բարձր որակով է ղեկավարել բոլոր-բոլոր արարումներն, որում դիտողին է տալիս հոգու եւ մտքի աչք տեսնելու եղելութիւնները՝ որպէս իրական փաստ եւ ինքզինքն զգալու նոյն ժամանակաշրջանում:
Պատմութեան գրի առնողն է Աննա Սարգսեանը, որ գերազանցօրէն շունչ է տալիս բառերին ու ձայն՝ լռութեանը:
Բնագիրը կարդում է ազգութեամբ ֆինլանտացի պատմաբան եւ ցեղասպանագէտ Սավանտէ Լունկրենը, որ քայլում է մէկ դար անցնող այն բոլոր քառուղիներով, ուր հայ ժողովուրդն է անցել այդ տառապանքների ու փրկութեան քարտէզով: Ու պատմողն իր խօսքն է վերջացնում կանգնած Ծիծեռնակաբերդի Համալիրում: «ԼՌՈՒԹԻՒՆ, ՈՐ ՊԷՏՔ Է ԼՍԵԼ . . . » :
Ու տե՛ս, որ շարժապատկերի վեջում զսպուած յուզմունքդ է պայթում…, արցունքների հատիկները իրարու հրմշտկելով լռութեամբ բարձրաձայն աղաղակում են կոտորա՜ծ, կոտորա՜ծ ու անսահման բարութիւ՜ն . . . :
Շարժապատկերի (Ման Փիքչրս)-ի գործակալ Մանուէլ Սարիպէկեանի խօսքերով «Փրկութեան Քարտէզ»-ը իր աւարտին հասաւ ի շնորհիւ Հայաստանի Ազգային Շարժապատկերի կեդրոնի եւ մի շարք հայկական եւ ոչ հայկական կազմակերպութիւնների, ինչպէս նաեւ երախտագէտ անհատների, ովքեր թէ՛ նիւթապէս եւ թէ՛ բարոյապէս օժանդակեցին ու մեծապէս նեցուկ հանդիսացան:
Շնորհակալութիւ նաեւ շարժապատկերի խմբի բոլոր անդամներին, որոնք իրենց լաւագոյնը արեցին այս գործի յաջողութեան: