ՏՈԼՈՐՍԻ ԲՆԱՇԽԱՐՀԸ … ԳԻՒՂԻ ԾՆՈՒՆԴՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ
Լոյս կ`ընծայենք այս հետաքրքրական տեղեկութիւնները, որոնք կը պատկանին Ալեքսանտր Սուքիասեանի հրատարակած “Տոլորս“ գիրքին:
Սուքիասեան մանրամասնօրէն կը նկարագրէ իր ծննդավայր՝ Տոլորսի (Սիւնիք – Սիսիանի մօտակայքը) պատմականը:
Շինարարութեան մարզէն ներս մասնագիտացած, ան միշտ ալ գրած է եւ գրատարակած “Կանչ“, “Աշնանային“, “Հանելուկներ“, “Նուիրումներ“ գիրքերը: Ստորեւ, մաս մը Տոլորսի մասին տեղեկութիւններէն.-
*
Տոլորս գիւղը գտնւում է Սիւնիքի մարզում, Սիսիան քաղաքից եօթ քիլոմեթր հարաւարեւելք՝ Այրիգետի աջ ափին:
Հնում այն Մեծ Հայքի իններորդ նահանգ Սիւնեաց աշխարհի (Սիւնիք, Սիսական) տասներկու գաւառներից մէկի՝ Ծղուկի (Ծղուք) գիւղերից էր: Ըստ Ա. Շիրակացու “Աշխարհացոյցի“՝ Սիւնիքի միւս գաւառներն էին Երնջակը, Ճահուկը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը, Սոդքը, Աղահեճքը, Հաբանդը, Բաղքը, Ձորքը, Արեւիքը եւ Կովկսականը:
Ծղուկը նահանգի գաւառներից ամենաերեւելին էր: Այստեղ էր գտնւում Սիւնեաց իշխանների եւ հայրապետների գահը: Այն ընդգրկում էր Որոտան գետի վերին հոսանքի շրջանը (Ծաղկոյ գետ): Արեւելքից սահմանակից էր Աղահեջք եւ Հաբանդ գաւառներին՝ բնական սահմանագիծ ունենալով Իշխանասար լեռը, արեւմուտքից՝ Ճահուկին եւ Վայոց Ձորին, հարաւից՝ Բաղք, Ձորք, Գողթն ու Երնջակ գաւառներին: Վերջիններին այն սահմանակից էր Բարգուշատ լեռնաշղթայի մի հատուածով, իսկ հիւսիսում՝ Արցախի Ծար գաւառին: Իր սահմաններով գաւառը հիմնականում համապատասխանում էր Խորհրդային Հայաստանի Սիսիանի շրջանին: 13րդ դարից գաւառը կոչուել է նաեւ Որոտան, աւելի ուշ՝ Սիսիան: Ահա թէ ինչ է գրում Ծղուկի մասին անուանի ազգագրագէտբանահաւաքհնագէտ Երուանդ Լալայեանը. “Ծղուկը կոչւում է նաեւ Սիւնիք կամ Սիսական, որպէս Սիւնեաց իշխանների բուն գահատեղի: Այս անունը ծագում է, Մ. Խորենացու ասելով ՝ Գեղամի որդի Սիսակից, իսկ հայր Ալիշանի կարծիքով՝ աւանդական Սեւակ նահապետից, որից առաջացել է Սեւորդիաց ազգը եւ որի անունով էլ, թերեւս, Գեղամա լիճը կոչուել է Սեւան: Սիսական անունը, փոքր ինչ փոխուած, մինչեւ այժմ էլ մնացել է Ծղուկի դաշտային մասի վրայ, որ կոչւում է Սիսիան“:

