ՏԷՕՐԹԵՕԼԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ

0 0
Read Time:4 Minute, 0 Second

p13 dortyol_festivals_01Վերա Սահակեան

«Յուշամատեան»

Տէօրթեօլում տարուայ սկիզբը խորհրդանշող նոր տարին տօնում են կրակի շուրջ: Այս կերպ հրաժեշտի ողջոյն են տալիս հնին` վառում նոր յոյսերի՝ սպասումներով լի կրակարանները: Տան անդամները շուրջպարի շրջանակ են կազմում թէժ կրակի մօտ, իսկ աւագը կրակի մէջ է նետում մի մետաղադրամ, որը առատութեան ու բերրիութեան խորհուրդ ունի: Ապա յաջորդում է աջահամբոյրը, որով փոքրերը պատւում են մեծերին, հաստատում՝ իրենց խոնարհումը: Իրենց հերթին աւագները օրհնում են կրտսերներին ու յանձնում նուէրներ: Սեղանները զարդարուած են լինում չոր մրգերով, անուշեղէններով, չէօրէկով ու գինիով: Փոխայցելութիւնների ընթացքում նուէրներ են ստանում նոր նշանուածները, նորապսակները, կնքահայրերն ու նորածինները:
Կաւոնտիսը (Տէօրթեօլի բարբառով նոր տարի) փոքրերի ամենասպասած տօնն է, մանաւանդ որ առաւօտեան իրենց բարձերի տակից գտնելու են «Կաւոնտիսի տէր պապայ»ի բերած նուէրները, որոնք լինում են տնային պայմաններում պատրաստուած տոպրակներ՝ մէջը նուշ, ընկոյզ ու չամիչ:
Սուրբ Ծնունդ

Սուրբ Ծնունդը տօնում են ութօրեայ ծոմապահութեամբ: Յունուարի հինգի երեկոյեան տէօրթեօլցիները, հագնելով տօնական հագուստ, շտապում են եկեղեցի՝ Ճրագալոյցի կամ մէկ այլ անուամբ` խթման պատարագին (տեղի բարբառով հութում բաթառաքա) մասնակցելու համար։
Գաւթում բոլորը հանում են կօշիկները: Դեռատի աղջիկները փարթամ վարսերը ծածկում են մետաքսաթել ժանեակներով, որոնք պատուած են լինում նրբաճաշակ ասեղնագործութիւններով:
Յաւարտ պատարագի կրակներով տուն են վերադառնում, վառում տան ճրագներն ու մոմերը եւ հաւաքւում սեղանի շուրջ: Զատկական փիլաւով, որի վրայ լցնում են իւղի մէջ տապակած թզաչիր ու չամիչ, լուծում են ծոմապահութիւնը կամ որոշ պարագաներում` պահեցողութիւնը:
Տէօրթեօլում պատարագների երգչախմբային մասը կատարում են դպրաց դասն ու երգչախումբը: Տօն օրերին Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ նրանց է միանում նաեւ դպրոցական ձայնաւոր աշակերտներից բաղկացած երգչախումբը: Դպրոցական երգեցիկ ուսանողները ընթերցում են օրուայ գրքերը երեք լեզուներով` հայերէն, թրքերէն եւ ֆրանսերէն:
Քսաներորդ դարի սկզբին, Գէորգ Էֆենտի Կէօքօղլանեանը լինելով հայերէն աշխարհաբար եւ գրաբար լեզուների մասնագէտ, տօնական օրերին Աւետարանի հատուածները երբեմն նոյնիսկ բերանացի է թարգմանում թրքերէնի` հիացում պարգեւելով թրքախօս տէօրթեօլցի հայերին:
Տաղաւար տօներին եկեղեցիներում անցկացւում է աճուրդ: Սուրբ Ծննդեան Ճրագալոյցի օրուայ աճուրդը արւում է Դանիէլի գրքի ընթերցման համար: Մասնակցում են քաղաքի ամենաերեւելիները, եւ առաւելագոյն վճարողը դառնում է աճուրդի «յաղթողը»: Լաւագոյն ուսանողի կամ լաւագոյն դպիրի ընկերակցութեամբ նրան պատիւ է ընձեռնւում խորան բարձրանալու եւ փոխնիփոխ ընթերցելու Դանիէլի թուղթը:
Յաւարտ պատարագի` դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու քահանաները, յաւուր պատշաճի շարականներ ու տաղեր երգելով, տնից տուն են այցելում, յայտնում մեծ աւետիսը: Խաչհամբոյրից հաւաքուած գումարը գործածւում է դպրոցի կարօտեալ երեխաների վարձավճարների եւ նրանց այլ կարիքները հոգալու համար:
Ծննդեան տօնը թէժանում է երեկոյեան ու շարունակւում է գրեթէ ողջ գիշեր: Բացի աշակերտական խմբերից, այլ խմբեր էլ կան, ովքեր անձնական նախաձեռնութեամբ են հաւաքւում: Իրաքանչիւրը ձեռքում ունենալով մէկական ձեռնափայտ, որը խորհրդանշում է Բեթղեհէմի հովիւներին, շրջում են տնէտուն եւ աւետում Քրիստոսի հրաշափառ ծնունդը: Իբրեւ վարձատրութիւն` խմբերը ստանում են մրգեղէն, չէօրէկ, մանր դրամ, օրհնանք ու բարեմաղթանքներ: Այս արարողութիւնը այնքան սպասուած է Տէօրթեօլում, որ շատ ընտանիքներ պարտադրում են աւետաբեր խմբերին՝ իրենց եւս չթողնեն առանց աւետիսի: Տան երէցները, բոցավառ կրակների շուրջ բոլորած, մեծ խանդավառութեամբ, սպասում են աւետաբերների գալուստին:
Այս տօնի առիթով նորահարսները գործում կամ ասեղնագործում են փոքրիկ պարկեր, յաճախ դրանք լինում են սովորական չափերից մեծ գուլպաներ կամ գլխարկներ, խսիրէ պայուսակներ: Հովիւներին խորհրդանշող մանուկների խումբը դրանք գործածում է աւետիսից ստացած նուէրներն ու քաղցրաւենիքը լցնելու համար:
Երբ նախատեսուած նուէրները վերջանում են, փոխարէնը տան անդամները փող են տալիս։ Փող ստացող խումբը ունենում է իր աւագը, որ մեծը լինելով տնօրինում է գումարը եւ արդար դատաւորի նման հոգում իր խմբի կարիքները` մէկի խաղալիքի կոտրած մասը նորոգութեան տալով, միւսի գնդակը սոսնձելով եւ այլն:
Բացի դպրոցներում ուսանած հայերէն հոգեւոր տաղերից ու շարականներից՝ ընդունուած ու առաւել տարածուած են թրքերէն երգերի կատարումները, որոնք հիմնականում լինում են հայկական տաղերի թրքախառն թարգմանութիւններ:
Յունուարի վեցի առաւօտեան տան բոլոր անդամները հաւաքւում են ամենատարեցի շուրջը, որ բարեմաղթանքներով նրանց է բաշխում իր աւանդական օրհնութիւնները, որից յետոյ ընտանեօք հանդերձ ճանապարհւում են եկեղեցի:
Ընդհանրական սովորութեան համաձայն տէօրթեօլցիները խմելու ջուրը հաւաքում են գետից` վաղ առաւօտեան: Սակայն Քրիստոսի մկրտութիւնը խորհրդանշող Ջրօրհնէքի օրը, տան գործածական ջուրը հաւաքում են յաւարտ Սուրբ Պատարագի՝ միւռոնով գետն օրհնելուց յետոյ: Հաճ սույա կիրմիշ (ջուրն օրհնուեց) ասելով` ամաններն ու կաթսաները լցնում են ջրով: Օրհնուած ջրի մեծ զօրութեանը հաւատալով՝ տան բոլոր անդամները հերթով լողանում են՝ նախ փոքրերը, ապա` աւագները: Օրհնուած ջրով նորածիններին եւ հիւանդներին լողացնելը համարւում է պարտաւորիչ: Բազմաթիւ ընտանիքներ արծաթէ սկիհների մէջ օրհնուած ջուրը պահում են ողջ տարին եւ կաթեցնում ամենօրեայ ջրի մէջ:
Յունուարի վեցին փոխայցելութիւններ են կատարում հարազատներին: Նրանց շնորհաւորում են եւ յանձնում կերպասէ քառանկիւն կտորների մէջ փաթաթուած միրգ ու չէօրէկ: Քահանաները կատարում են տնօրհնէք եւ բացի պատուասիրուելուց` ստանում են նաեւ դրամական նուէրներ:
Յաջորդող մեռելոցին լեփլեցուն է լինում յատկապես գերեզմանատան մէջ կառուցուած Ս. Սարգիս եկեղեցին: Բարեպաշտները եկեղեցի են բերում կերակուրներ ու անուշեղէն, տօնական ճաշ` եկեղեցու բակում չքաւորներին հիւրասիրելու համար:
Քրիստոսի մկրտութիւնը (Աղբիւր՝ Փարիզի ազգային գրադարան, ձեռ.` Arm. 333, թերթ 3բ. in Աստուածաշունչը եւ հայ մշակոյթը, Ներսէս աւ. քհն. Ներսէսեան, Հայաստանի Աստուածաշնչեան ընկերութիւն, Երեւան, 2001)
1) Արծաթեայ պահպանակով Նոր կտակարան, 1789։ Ներկայիս կը գտնուի Անթիլիաս, կաթողիկոսարանի «Կիլիկիա» թանգարանին մէջ (Աղբիւր՝ Hermann Goltz, Photographien von Klaus E. GՓltz, Der Gerettete Schatz der Armenier aus Kilikien, Dr. Ludwig Reichert Verlag, Wiesbaden, 2000)
2) Արծաթեայ պահպանակով Մեծ Մաշտոց, 1829։ Ներկայիս կը գտնուի Անթիլիաս, կաթողիկոսարանի «Կիլիկիա» թանգարանին մէջ (Աղբիւր՝ Hermann Goltz, Photographien von Klaus E. GՓltz, Der Gerettete Schatz der Armenier aus Kilikien, Dr. Ludwig Reichert Verlag, Wiesbaden, 2000)

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “ՏԷՕՐԹԵՕԼԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ

  1. I am the son and grandson of survivors (currently dead) of original dort yoltsi/Chork marzban. Thank you for this beautiful article.
    One of my ancestors was the original person who introduced the orange trees to Dort Yol. My late great uncle had handwritten an extensive narrative of the family history with dates. I am very lucky that, i still have it in my possession.
    Thank you again.
    Krikor

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles