ՎՏԱՆԳԱՒՈՐ ԿԷՍՔԱՅԼ

0 0
Read Time:2 Minute, 49 Second

tu6

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

Արդէն տեղեկացրել ենք, Հ.Հ. նախագահ Սերժ Սարգսեանը որոշում է ընդունել Ազգային ժողովից ետ կանչել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ 2009-ին Ցիւրիխում ստորագրուած` երկու երկրների միջեւ յարաբերութիւնների կարգաւորման եւ սահմանների բացման վերաբերեալ արձանագրութիւնները:

Այդ մասին յայտնի է դառնում Ազգային Ժողովի նախագահին ուղղուած` Սերժ Սարգսեանի նամակից, որն իրականում ուղերձ է միջազգային հանրութեանը` բացատրելու իր այդ որոշման դրդապատճառները: Իբրեւ այդպիսիք, նախագահն առանձնացրել է արձանագրութիւնները վաւերացնելու հարցում ,Թուրքիոյ իշխանութիւնների քաղաքական կամքի բացակայութիւնը, արձանագրութիւնների տառի ու ոգու աղաւաղումները եւ նախապայմանների շարունակաբար արծարծումը, դրան զուգահեռ` Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի նախաշէմին ժխտողականութեան եւ պատմութեան խմբագրման քաղաքականութեան նոր թափ ստանալըե:

Ըստ ամենայնի` նա նկատի ունի Կալիփոլիի ճակատամարտի հարիւրամեակը Ապրիլի 24-ին նշելու եւ այդ կապակցութեամբ անցկացուելիք միջոցառումներին մօտ 120 երկրների ղեկավարների` Անգարայի կողմից հրաւէրներ ուղարկելը, որի նպատակը Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը ստուերելն էր, դարասկզբին Օսմանեան Թուրքիայում կատարուած ոճրագործութիւնը այլ լոյսի ներքոյ ներկայացնելը:

Նախագահի այս որոշումը, սակայն, կարելի է ընդամէնը միջանկեալ, իսկ աւելի ճիշտ կիսատ համարել: Արձանագրութիւններն Ազգային ժողովից ետ կանչելը չի նշանակում, որ Հայաստանը ետ է կանչում դրանցից իր ստորագրութիւնը: Արձանագրութիւնները շարունակում են մնալ ուժի մէջ, եւ ցանկացած պահի նախագահը կարող է դրանք կրկին ներկայացնել Ազգային ժողովի վաւերացմանը: Այս իմաստով Սերժ Սագսեանի քայլը առաւելագոյնը դիւանագիտական քայլ է` միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրելու Թուրքիոյ կողմից Դարդանելի ճակատամարտը նշելու իրական պատճառների վրայ եւ գուցէ դրանով փորձելով դժուարութիւններ յարուցել Անգարայի այդ ձեռնարկի իրականացման ճանապարհին:

Թերեւս դա էր պատճառը, որ այս քայլն արուեց ոչ թէ Ապրիլի 24-ին կամ դրա անմիջական նախօրէին, ինչպէս կարծում էին բոլորը, որպէս նախագահի սահմանած ,ողջախոհ վերջնականէտ», աւարտ, այլ դրանից գրեթէ երկուսուկէս ամիս առաջ: Այս հանգամանքը քիչ յոյսեր է թողնում, որ Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին Երեւանը կը յայտարարի արձանագրութիւններից հրաժարուելու մասին, թէեւ, միւս կողմից, չի կարելի բացառել, որ Ազգային ժողովից ետ կանչի խնդիրներից մէկն էլ այդ հնարաւոր քայլի նկատմամբ միջազգային հանրութեան տրամադրութիւնները ստուգելն է:

Բայց, անկախ դրանից, հայ-թրքական զոյգ արձանագրութիւնները օրակարգում պահելն այլեւս որեւէ տրամաբանութեան չի ենթարկւում եւ չի արդարացւում քաղաքական իրողութիւնների տեսանկիւնից: Նախ` Անգարան շարունակում է արձանագրութիւնների վաւերացումը կապել ղարաբաղեան կարգաւորման հարցում Հայաստանի կողմից զիջումների հետ: Օրերս Թուրքիոյ արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն յայտարարեց, որ եթէ Հայաստանը գոնէ մէկ շրջան յանձնի Ատրպէյճանին, Թուրքիան կը վաւերացնի արձանագրութիւնները: Երկրորդ` Թուրքիան շարունակում է Ցեղասպանութիւնը պատմական եւ պատմագիտական կþատեգորիայ համարելու դիրքորոշումը` պնդելով այդ հարցը պատմաբանների յանձնաժողովի քննութեանը թողնելու` իր յայտնի եւ անփոփոխ տեսակէտը: Երրորդ` Հ.Հ. նախագահը ստորագրել է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որն ամբողջութեամբ հակադրւում է հայ-թրքական արձանագրութիւնների փիլիսոփայութեանը, նոյնիսկ` դրանց գոյութեանը` թէկուզ այն պատճառով, որ դրանցով ոչ միայն ի կատար է ածւում Ցեղասպանութեան հարցով պատմաբաններից կազմուած յանձնաժողով ստեղծելու, այսինքն` Ցեղասպանութեան փաստը կասկածի տակ դնելու Թուրքիոյ դիրքորոշումը, այլեւ վերջնականապէս լուծւում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների հարցը, եւ հայկական կողմը վաւերացնում է Կարսի պայմանագրով հաստատուած եւ ներկայումս գործող սահմանագիծը` ի հեճուկս նրա, որ հռչակագրով շեշտը դրւում է Սեւրի պայմանագրով եւ Ուիլսընի իրաւարար վճռով հաստատուած սահմանների հարցը օրակարգային դարձնելու հրամայականին:

Այս երկու փաթեթների անհամատեղելիութիւնն առաջացնում է կա՛մ մէկը, կա՛մ միւսն ընտրելու առարկայական անհրաժեշտութիւն: Եթէ Թուրքիան ինչ-որ հրաշքով որոշի ,Մեճլիսեի այդ արձանագրութիւնները վաւերացնել մինչեւ հայկական կողմը հետ կը կանչի դրանցից իր ստորագրութիւնը, Երեւանը կանգնելու է դրանք եւս վաւերացնելու անխուսափելի հեռանկարի առջեւ: Իսկ այդ դէպքում ընդամէնը օրեր առաջ հրապարակուած համահայկական ընդգրկման հռչակագիրը դառնում է թղթի կտոր: Սա ոչ միայն հերթական անգամ Հայաստանին դնելու է անլուրջ վիճակի մէջ, այլեւ հարցականի տակ է դնելու յետայսու ընդհանրապէս Հայաստան-սփիւռք որեւէ ընդհանուր օրակարգի մշակման, առաւել եւս` իրականացման հնարաւորութիւնը:

Ուղղակի պէտք է յուսալ, որ նախագահը չի սահմանափակուի` արձանագրութիւնները խորհրդարանից ետ կանչելով, եւ սա Ապրիլի 24-ին ընդառաջ ստորագրութիւնները յետս կանչելու նախերգանքն է:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles