ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԸ ՈՐՔԱ՞Ն ԿԸ ՍԵՂՄԻ ՕՂԱԿԸ ՅՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԻ ՊԱՐԱՆՈՑԻՆ

0 0
Read Time:3 Minute, 50 Second

serj hovik

ԳԷՈՐԳ ԱՂԱՊԱՊԵԱՆ
(յապաւումով)

Փոխ վարչապետի եւ տարածքային կառավարման նախարարի պաշտօններից Արմէն Գէորգեանի հրաժարական տալուց յետոյ անցել է մէկ շաբաթ, սակայն այդ պաշտօններում նոր նշանակումներ չեն կատարւում:
Շատ վաղուց արդէն պետական կառավարման համակարգը գործում է զուտ իներցիայով` ընդամէնը օրուայ պարտականութիւնները կատարելու շրջանակում: Եւ դա, զուտ տարածքային կառավարման ոլորտային քաղաքականութեան իրականացման առումով, բացարձակապէս երկրորդական է դարձնում հարցը, թէ այդ նշանակումը երբ կը լինի:
Բայց նշանակման հարցը նիւթ է դառնում ներիշխանական եւ ներհամակարգային վերադասաւորումների առումով, ինչն էլ պայմանաւորուելու է ապագայ իշխանութեան ձեւաւորման համար մղուող ներկայիս պայքարի բնոյթով: Արմէն Գէորգեանի հրաժարականը ոչ միայն բնական եւ օրինաչափ էր իրերի ներկայիս վերադասաւորումների, այլեւ բուն կառավարութեան ներսում տեղի ունեցող ծանրութեան կենդրոնների ակնյայտ փոփոխութիւնների պատճառով: Վարչապետի պաշտօնում Յովիկ Աբրահամեանին նշանակելով` սկսուեց գործադիր իշխանութիւնը օլիկարխիային յանձնելու գործընթացը, որը միս ու արիւն ստացաւ նախ հարկային ու մաքսային ծառայութիւնները ֆինանսների նախարարութեան մէջ ներառելու եւ Հայաստանի խոշորագոյն օլիկարխներից մէկին` Գագիկ Խաչատրեանին այդ գերնախարարութեան ղեկը յանձնելով, ապա նաեւ այնպիսի օդիոզ կերպարին, ինչպիսին Սուրիկ Խաչատրեանն էր, կրկին Սիւնիքի մարզպետի պաշտօնում նշանակելով:
Այս վերադասաւորումների համատեքստում փոխվարչապետի պաշտօնը զբաղեցնող, վարչարար Արմէն Գէորգեանը յայտնւում էր սպիտակ ագռաւի դերում, որ հասկանում էր, որ գործադիրում ունեցած իր` երկրորդի կարգավիճակն այլեւս զուտ ձեւական բնոյթ էր ստանում, եւ որ այս ընթացքն իրեն զրկում է իրական ազդեցութեան լծակներից: Նման պայմաններում պաշտօնավարելը նշանակելու էր կրել պատասխանատուութիւն այնպիսի քաղաքական կուրսի, ներքին որոշումների իրականացման համար, որոնց վրայ ազդելու, փոխելու իրական որեւէ լծակ չի ունենալու:
Այդ պայմաններում նա դատապարտուած էր վաղ թէ ուշ վերածուելու քաւութեան նոխազի: Ստեղծուած իրավիճակում ամենաօրինաչափը կը լինէր փոխվարչապետի պաշտօնում ֆինանսների “հրէշ“ նախարար Գագիկ Խաչատրեանին նշանակելը, ինչը կþօրինականացնէր կառավարութիւնում ներկայումս նրա ունեցած փաստացի կարգավիճակն ու ազդեցութիւնը:
Ողջ հարցն այն է, սակայն, ցանկանո՞ւմ է դա Սերժ Սարգսեանը, թէ՞ ոչ, ինչն էլ, իր հերթին, պայմանաւորուած է նրանով, թէ ապագայ իշխանութեան ձեւաւորման ցենարների մշակման հարցում Սերժ Սարգսեանն ի՞նչ դեր է վերապահելու… վարչապետ Յովիկ Աբրահամեանին:
Վարչապետի պաշտօնում նրան նշանակելուց յետոյ Սերժ Սարգսեանը փորձում է ոչ թէ նոյնիսկ չափաւորել նրա իշխանութիւնը, այլ սահմանափակել եւ դա անում է առաջին հերթին հէնց Գագիկ Խաչատրեանի ոչ օրինական կշիռը բարձրացնելու միջոցով:
Վերջինս, կարելի է ասել, վարչապետի համար դարձել է գրեթէ անվերահսկելի տիպար, որ իրեն անմիջականօրէն ենթակայ եւ հաշուետու է համարում միայն նախագահին եւ “տը ժիւրէ“ ու “տը ֆաքթօ“ պետական փողերի շրջանառութեան` թէ՛ մուտքերի եւ թէ՛ ծախսերի առումով, հիմնական վերահսկողն է: Սա գործնականում նշանակում է Յովիկ Աբրահամեանին զրկել ձեռքերից ու ոտքերից: Վարչապետի համար ստեղծուել է մի վիճակ, երբ ստանձնելով կառավարութեան գործունէութեան եւ արդիւնաւէտութեան իրական պատասխանատուութիւնը, նա չունի դրան համարժէք ազդեցութիւն եւ ռեսուրսների կառավարման բաւարար տարածութիւն: Այս տեսանկիւնից Աբրահամեանը յայտնուել է իւրօրինակ պատանդի կարգավիճակում, որի հետ Սերժ Սարգսեանը ցանկացած պահի կարող է վարուել այնպէս, ինչպէս կը թելադրի քաղաքական նպատակայարմարութիւնը:
Սա, իհարկէ, առաջին հերթին գալիս է Հովիկ Աբրահամեանի նկատմամբ Սերժ Սարգսեանի անվստահութիւնից: Բայց ինքնին այն փաստը, որ Սերժ Սարգսեանը չի հրաժարւում իր թիկունքում ունենալ այդպիսի անվստահելի գործչի, ցոյց է տալիս նաեւ այս փուլում նրանից ազատուելու անկարողութիւնը կամ, զուտ տակտիկական նկատառումներով, դրա անպատեհութիւնը: Յովիկ Աբրահամեանը ներկայումս Սերժ Սարգսեանի համար հասարակական հակաիշխանական տրամադրութիւնները գեներացնող Գագիկ Ծառուկեանի եւ Ռոպերթ Քոչարեանի հետ հիմնական կամրջի դեր է կատարում:
Իրականում հէնց Աբրահամեանն է մարմնաւորում նախկին եւ գործող նախագահների, ինչպէս նաեւ Գագիկ Ծառուկեանի հետ ապագայ իշխանութեան ձեւաւորման հարցում լուծման գալու, մի առժամանակ նաեւ Քոչարեանի հնարաւոր վերադարձի կամ Ծառուկեանի նախագահական երազների չափաւորման հիմնական լծակը:
Իր այդ առանձնայատուկ կարգավիճակը եւ առաքելութիւնը հրաշալի հասկանում է նաեւ վարչապետը, եւ հէնց դրանով է պայմանաւորուած ներկայումս նրա կողմից դրսեւորուող քաղաքական զսպուածութիւնը եւ իրեն պարտադրուած` պատանդի փաստացի կարգավիճակին համակերպուելու իրողութիւնը:
Յովիկ Աբրահամեանը հրաշալի հասկանում է, որ եթէ դիմանայ ածելիի ծայրով քայլելու` իրեն պարտադրուած ներկայիս պայմաններին, հիմնական շահողը կարող է հէնց ինքը լինել: Այս տեսակէտից առաջին հերթին հէնց նրա շահերից է բխելու Սերժ Սարգսեան-Ռոպերթ Քոչարեան-Գագիկ Ծառուկեան եռանկիւնու միջեւ ապագայ իշխանութեան ձեւաւորման, աւելի ճիշտ` իշխանութեան ժառանգման հարցում կþոնսենսուսային պայմանաւորուածութիւնների յանգումը: Բայց սահմանադրական փոփոխութիւնների հայեցակարգի մասին իր դիրքորոշումը միայն չորս ամիս յետոյ յայտնելու` նախագահի որոշումը վկայում է, որ նա ձգտելու է այդ միջանկեալ ժամանակահատուածն օգտագործել “Բարգաւաճ Հայաստան“-ի շուրջ հնարաւոր հասարակական-քաղաքական ամրապնդումը կանխելու համար` իր մշտապէս նախընտրած “բաժանիր, որ տիրես“ գործելաձեւով: Եթէ դա յաջողուի, ապա մեծ է հաւանականութիւնը, որ վարչապետութիւնը Յովիկ Աբրահամեանի համար վերածուի մղձաւանջի եւ անփառունակ վախճան ունենայ:
Դատելով նրան կառավարութիւնում մեկուսացնելու ներկայիս կուրսից` Սերժ Սարգսեանն առայժմ խաղը տանում է այդ ուղղութեամբ: Իսկ եթէ չյաջողուի մարել հասարակական տրամադրութիւնների բորբոքումը եւ ձնագնդի ոճով մաշտապների մեծացումը, նա ցանկացած դէպքում կարող է առաջարկել փոխզիջման հասնէ` հէնց Աբրահամեանի գործօնն օգտագործելով:
Սկսուած գործընթացը մինչեւ որտեղ են տանում “Բարգաւաճ Հայաստան“ի ղեկավարը, գուցէ նաեւ` Ռոպերթ Քոչարեանը, կամ պատրաստւո՞ւմ են, արդեօք, տանել որեւէ տեղ, թէ՞ ոչ:
Հէնց դրանից էլ կախուած կը լինի, թէ այդ նշանակումն ուղղուա՞ծ է լինելու Յովիկ Աբրահամեանի պարանոցի շուրջ օղակն աւելի սեղմելուն, թէ՞ Սերժ Սարգսեանը ստիպուած կը լինի արդէն հաշուի նստել նաեւ վարչապետի ցանկութիւնների հետ: Բայց ակնյայտ է, որ ցանկացած դէպքում այդ նշանակումը դուրս չի լինելու վերջին շրջանում իրականացուող` բացառապէս օլիկարխահեն կամ օլիկարխանպաստ քաղաքականութեան գործընթացից:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles