ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԸ ՄԱՏՆԵՑ ԻՐ “ԱՔԻԼԷՍԵԱՆ ԳԱՐՇԱՊԱՐԸ՝՝

0 0
Read Time:4 Minute, 4 Second

p4 serzh-sargsyan Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան խորհուրդի նիստում, որն անցած շաբաթ օրն անցկացուեց կառավարութեան նիստերի դահլիճում, նախագահ Սերժ Սարգսեանը տուեց քաղաքական նոր եղանակի մեկնարկը` ուրուագծելով այն երեք ուղղութիւնները, որոնցով իշխող կուսակցութիւնը հունաւորելու է քաղաքական գործընթացը յառաջիկայում:

Դրանք են` սահմանադրական բարեփոխումները, որոնք մտնում են իրաւական գործընթացային շրջափուլ, Արցախի հիմնահարցի շրջանակում վարուող արտաքին քաղաքականութեան շարունակումը եւ խորհրդարանի ու կառավարութեան առաւել հաստատուած, փոխհամաձայնեցուած աշխատանքը կամ, աւելի ճիշտ, ներքաղաքական գործընթացը վերահսկողութեան տակ պահելը: Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան խորհուրդի նիստը գրեթէ կուսակցական համագումարի ձեւաչափով անցկացնելու այս որոշումը ոչ այնքան պետական կառավարման համակարգում քաղաքական մեծամասնութիւնը կազմող ուժի ունեցած բացառիկ դերի ընդգծման նպատակ է հետապնդում, որքան ամրագրում է հայեացքը դէպի ներքին քաղաքականութիւն շրջելու` երկրի ղեկավարի կեցուածքը:
Պատահական չէր այս իւրայատուկ show-ի համար ընտրուած պահը. Սերժ Սարգսեանը նոր էր վերադարձել Կալէսից` ՆԱԹՕ-ի գագաթաժողովից, եւ վերադարձել էր, կարելի է ասել, Արցախի հարցում ձեռք բերած շօշափելի շահաբաժիններով: Բաւական է միայն նշել Դաշինքի եզրափակիչ յայտարարութեան մէջ Արցախի հիմնահարցի վերաբերեալ հայկական հետաքրքրութիւններից բխող կամ առնուազն դրանք չանտեսող ձեւակերպումներ ամրագրելու փաստը, որն, ըստ էութեան, ՆԱԹՕ-ի շրջանակում ազերի-թրքական լոպիինկի ազդեցութեան չէզոքացման եզակի յաջողուած դրսեւորում էր: Եւ թէեւ դա ոչ թէ հայկական դիւանագիտութեան յաղթանակի, այլ աւելի շատ ատրպէյճանա-թրքական հեծանիւի ՝՝թաքթիքական՝՝ պարտութեան հետեւանքն էր, սակայն դա թոյլ տուեց Սերժ Սարգսեանին Երեւան վերադառնալ յաղթողի “դափնիներով՝՝, եթէ հաշուի առնենք նաեւ Օգոստոսի սկզբներին հայ-ատրպէյճանական փոքրիկ տարբերակ պատերազմում հայկական բանակների տարած կարեւոր յաղթանակների իմաստը եւ Սոչիում, Կալէսում նախագահների մակարդակով հանդիպումների արդիւնքում սահմանային իրավիճակի նկատելի կայունացումը:
Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան խորհուրդի նիստն այսպէս անցկացնելու եւ քաղաքական եղանակի բացման նախաձեռնութիւնը վերցնելու` այս իւրօրինակ “ակցիայով՝՝, փաստօրէն, Սերժ Սարգսեանը փորձում է արտաքին ճակատի այդ յաղթանակները, որոնք շատ աւելի հայկական բանակի նուէրն էին իշխանութեանը, վերածել քաղաքական դրամագլուխի եւ ներդնել իշխանութեան ներսում իր դիրքերն ամրապնդելու հաշուարկներում: Դրա համար Սերժ Սարգսեանն ունի երեք առանցքային պատճառ:
Առաջինը` սահմանադրական բարեփոխումների` իր սկսած գործընթացի առարկայական անհրաժեշտութեան քաղաքական հիմնաւորուածութեանը հասնելն է: Այդ դրամագլուխն անհրաժեշտ է նախագահին` բարեփոխումների շուրջ եթէ ոչ ազգային համաձայնութիւն կամ ուժեղ ամրապնդման, ապա գոնէ հասարակական-քաղաքական դրական ընկալում ձեւաւորելու համար:
Երկրորդ` երկրում առկայ ընկերային-տնտեսական ծանրացող դրութեան քաղաքական հետեւանքները իշխանութեան եւ անձամբ իր դիրքերի ամրութեան տպաւորութեամբ չէզոքացնելն է: Ակնյայտ է, որ կառավարութիւնը, նոյնիսկ օգտագործելով ՝՝օլիկարխիա՝՝յի ստուերային աղբիւրները, չի կարողանում կատարել պետական պիւտճէն, ինչը, բնականաբար, ի յայտ է բերելու քաղաքական պատասխանատուութեան խնդիր եւ յանգեցնելու է թէ՚ խորհրդարանում, թէ՚ դրանից դուրս իշխանութեան դէմ պայքարի ուժեղացման: Այս իմաստով նախագահին եւ վարչապետին օդ ու ջրի պէս անհրաժեշտ է ոչ միայն ներիշխանական համերաշխութիւնն ու միասնականութիւնը, այլեւ իշխանութեան երկու թեւերի` օրէնսդիրի եւ գործադիրի համաձայնեցուած եւ փոխլրացնող գործունէութիւնը: Ահա, թէ ինչու էր Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան խորհուրդի նիստում նախագահը պատգամաւորների` խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ աշխատանքներից բացակայելը համարում անթոյլատրելի եւ այդպիսիներին համեմատում խրամատը լքող, դասալիք զինուորի հետ:
Երրորդ պատճառը, իհարկէ, իշխանութեան ժառանգման հրամայականն է, որն աւելի ու աւելի է ակտուալ դառնում համապետական ընտրութիւնների, իսկ մինչ այդ նաեւ սահմանդրական հանրաքուէի անցկացման ժամկէտների մօտենալուն համընթաց: Այս իմաստով նախագահն ունի երկու հիմնական մտավախութիւն` մէկն ինքնին այդ հանրաքուէի տապալումն է` կատարուող բարեփոխումների դէմ ուժեղ քաղաքական բեւեռի առկայութեամբ թելադրուած, միւսը` նախկին նախագահի` Ռոբերտ Քոչարեանի կողմից իշխանութեան վերադառնալու ցանկութիւնն աւելի ու աւելի յամառօրէն պարտադրելու մարտավարութիւնը եւ այն հիմնաւոր կասկածները, որ եթէ այդ ցանկութիւնը մի օր յանկարծ դառնա յստակ քաղաքական յայտարարութիւն, իր իշխանական ներկայիս բուրգը կարող է երկփեղկուել: Այս իմաստով Սերժ Սարգսեանի համար ամենախոցելի կէտը խորհրդարանն է: Խնդիրն այն է, որ Օրինաց Երկրի ՝՝քոալիցիա՝՝յից դուրս գալուց յետոյ Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան խորհուրդի օրէնքներն ու որոշումներն անցկացնելու, խորհրդարանական փոքրամասնութեան նախաձեռնութիւնները չէզոքացնելու խնդրում յայտնուել է բարդ իրավիճակում եւ չափազանց մեծ դժուարութիւններ է ունենում քուորում ապահովելու հարցում: Բաւական է, որ “առնէտավազքի՝՝ պատրաստ կամ, այսպէս կոչուած, քոչարեանական ճամբարը թաքնուած կերպով ներկայացնող մի քանի հանրապետականներ չենթարկուեն խմբակցութեան միասնական դիրքորոշումներին, եւ Ազգային ժողովը կարող է յայտնուել քաղաքական ճգնաժամի մէջ, ինչը Ազգային ժողովը ցրելու իրական սահմանադրական հիմքեր է ապահովում:
Դրա վտանգը մեծանում է սահմանադրական բարեփոխումների անցկացման անհրաժեշտութեան հարցում առկայ բացայայտ եւ թաքուն անհամաձայնութիւնների պարագայում: Այս տեսանկիւնից խորհրդարանում Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան պատգամաւորների վարքագիծը դառնում է առանցքային: Սերժ Սարգսեանն, ըստ էութեան, իր ելոյթում նրանց հասկացրեց, որ ոչ միայն այսուհետ գտնուելու են իր մանրադիտակային ուշադրութեան կենտրոնում, այլ նաեւ` որ իր նախանշած ուղուց, աշխատաոճից ցանկացած շեղում ընկալելու է որպէս դաւաճանութիւն անձամբ իր նկատմամբ` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այլ կերպ ասած` խորհրդարանն առնելով ամբողջական վերահսկողութեան տակ, խորացնելով նրա կախուածութիւնը կառավարութիւնից` Սերժ Սարգսեանը փորձում է փակել Ազգային ժողովը կաթուածահար անելու միջոցով մեծ քաղաքականութիւն, եթէ չասենք իշխանութեան վերադառնալու` Քոչարեանի սողանցքը:
Սա, իհարկէ, չի նշանակում, թէ նախագահը պահանջում է Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան խմբակցութեան բոլոր անդամներից` մէկ մարդու նման մասնակցել Ազգային ժողովի բոլոր նիստերին եւ հանդէս գալ օրէնսդրական նախաձեռնութիւններով: Նման պահանջ նա չի կարող դնել այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան խմբակցութեան պատգամաւորների մօտ երկու-երրորդը դրա ունակութիւնը չունի: Նրանց խնդիրն անհրաժեշտ պահին խմբակցութեան ղեկավարի առաջին իսկ կոչով նիստերի դահլիճում յայտնուելն է եւ մէկ մարդու նման քուէարկութիւններին մասնակցելը: Յամենայն դէպս, այսօր Ազգային ժողովը հերթական նստաշրջանի մեկնարկին մի քանի արտօնեալ Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան անդամների` սովորութեան համաձայն քուէարկութիւններից յետոյ Ազգային ժողովը լքելու վարքագիծը ցոյց տուեց, որ նրանք նախագահի խօսքի տողատակում հէնց այս ուղերձն են ընկալել: Հակառակ դէպքում ամենէն աւելի ՝՝սինիք՝՝ դրսեւորումներով այդ սովորութեան շարունակումն այլ բան չէ, քան նոյնիսկ սեփական երկրի, կուսակցութեան ղեկավարի պահանջները բանի տեղ չդնել:

Գէորգ Աղապապեան
(յապաւումով)

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles