ՍԱ ՀԱՅԿԱԿԱՆ  «ՄԱՅՏԱՆ» ՉԷ

0 0
Read Time:3 Minute, 12 Second

1435329582-2671

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

(յապաւումով)

 

Ռուսաստանը Բաղրամեան պողոտայում մանրադիտակով «մայտան» է փնտռում` ըստ էութեան արդարացնելով ցուցարարների նկատմամբ ոստիկանութեան կողմից ուժի գործադրումը: Բաղրամեան պողոտայում «մայտան» են փնտռում նաեւ ներհայաստանեան ,մայտանեասէրները, ովքեր ժամանակին հրճուանքով հետեւում էին, թէ ինչպէս են Քիեւի կեդրոնում անցկացուող խաղաղ հանրահաւաքները վերածւում արիւնալի, կործանարար բախումների:

Մինչդեռ այն, ինչ այս օրերին ծաւալւում է Երեւանում, աստիճանաբար նաեւ Հայաստանի միւս մեծ քաղաքներում ու Սփիւռքում, «մայտան»ի, իբրեւ երեւոյթի հետ, դեռ ոչ մի ընդհանուր բան չունի մի քանի պատճառով:

-Այս շարժման էութիւնը ,սոցիալականե է, այլ ոչ թէ քաղաքական, առաւել եւս` աշխարհաքաղաքական: Դրանք որեւէ քաղաքական-գաղափարական հոսանքի չեն սպասարկում, քաղաքական ուժերն այստեղ ոչ միայն որեւէ դերակատարում չունեն, այլեւ այնքան խոհեմութիւն ունեն, որ արհեստականօրէն նուազեցնում են անգամ նման դերակատարութեան տեսական հնարաւորութիւնները: Ազգային Ժողովի պատգամաւորները որոշեցին կենդանի պատ կազմել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, որին միացան բոլոր խմբակցութիւններից: Չնայած Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան այնտեղ ներկայ պատգամաւոր Սամուէլ Ֆարմանեանի եւ նախարար Արմէն Աշոտեանի ներկայութիւնը յարուցեց ցուցարարների զայրոյթը, սակայն, ի դէմս նրանց, ,պատումե Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան ներկայութիւնը չափազանց կարեւոր էր հէնց յատկապէս շարժման ապաքաղաքական բովանդակութիւնն ու ուղղուածութիւնը շեշտելու, իրավիճակը բախումների չյանգեցնելու հարցում քաղաքական համակարգի միասնական շահագրգռութիւնը ցուցադրելու իմաստով: Այս պատի քաղաքական հատուածը փշրեց ռուսական լրատուամիջոցներով զարգացուող այն թէզը, թէ էլեկտրաէներգիայի թանկացման դէմ շարժումը ղեկավարւում է ընդդիմութեան կողմից եւ բնոյթով հակառուսական է:

-Շարժումը իւրօրինակ է` յանուն սոցիալական արդարութեան եւ քաղաքացիական արժանապատուութեան յարգման` չնայած նրան, որ ունի հակա-իշխանական ընթացք այնքանով, որքանով ցոյցերին մասնակցողների մի ստուար մասը չի խորշում սա դիտարկել որպէս իշխող համակարգը փոխելու յարմար առիթ, ինչը եւս բնական է եւ օրինաչափ:

Շարժումը համակարգուած չէ: Չունենալով որեւէ ընդգծուած մարտավարութիւն` այն հիմնուած չէ նաեւ որեւէ յստակ համակարգման, կազմակերպման մեքանիզմների վրայ: Նախաձեռնող խմբի կողմից աւելի շատ թաքթիքական սխալներ են թոյլ տրւում, եւ որոշում կայացնողը, ըստ էութեան, ոչ թէ այս խիստ առաձգական խումբն է, այլ զանգուածը, աւելի ճիշտ` զանգուածի բնազդային ընկալումները: Այդ բնազդն է յուշում զերծ մնալ ղեկավարներ առաջ քաշելուց` հաշուի առնելով հէնց առաջնորդների գործողութիւններից ու որոշումներից, նրանց անվճռականութիւնից անընդհատ յուսախաբ լինելու փորձը: Այդ բնազդն է նաեւ յուշում զերծ մնալ իշխանութեան հետ որեւէ բովանդակային քննարկման մէջ մտնելուց, որովհետեւ քաղաքական հոտառութեան ու փորձառութեան բացակայութիւնը իշխանական դաւադրութիւնների ծուղակում յայտնուելու հիմնական նախադրեալն է: Դրանով է բացատրւում, թէ ինչու են երիտասարդները յամառօրէն մերժում նախագահի հետ հանդիպման, փաստացի կոմպրոմիսային քննարկումների մէջ մտնելու առաջարկը: Դա տրամաբանական է նաեւ այն պատճառով, որ մտնել նման քննարկումների մէջ նշանակում է մտնել քաղաքականութիւն, իսկ դա այս երիտասարդների, այս զանգուածի նպատակը չէ: Նրանք չեն ուզում դառնալ քաղաքական գործիչներ, չեն ուզում ինքնահաստատուել դրա միջոցով:

– Գոնէ այս պահին շարժումը չի ստանում ֆինանսական լուրջ, ուղղորդուած աջակցութիւն ո՛չ ներսից, որքան կարելի է հասկանալ, ո՛չ էլ, առաւել եւս, դրսից: Չի բացառւում, ի հարկէ, որ առանձին մեծ կամ փոքր գործարարներ փորձեն ամռան այս տապին ջրով եւ սննդով օգնել ցուցարարներին: Բայց դա ոչ թէ ներդրում է ինչ-որ քաղաքական խնդիրներ լուծելու գործում, այլ մարդկային վերաբերմունքի, քաղաքացիական ընդվզմանը մասնակցութիւն ցուցաբերելու ինչ-որ եղանակ:

Սա «մայտան»ից տարբերուելու ամենակարեւոր գործօններից է, որովհետեւ, նախընտրելով ապաւինել սեփական համեստ միջոցներին, նախաձեռնողները կարծես թէ ի սկզբանէ մերժում են շարժումը արտաքին ու ներքին ուժերի գերին դարձնելու հեռանկարը եւ վերահաստատում հայաստանակենտրոնութեան գաղափարի շուրջ ինքնակազմակերպուելու կամքը, որն այնքան դիպուկ ձեւակերպուել է «մենք ենք տէրը մեր երկրի» լոզունգի տեսքով: Պատահական չէ, որ սկսուած շարժման հանդէպ ակնյայտ զգուշաւորութիւն են հանդէս բերում թէ՛ Արեւմուտքից եւ թէ՛ Ռուսաստանից: Այս գործօնները, սակայն, բոլորովին չեն բացառում շարժման վերածումը «մայտան»ի: Դա կարող է տեղի ունենալ այն դէպքում, երբ փոխուի օրակարգը` ընկերայինից փոխադրուելով քաղաքականի: Որքան իշխանութիւնը շարունակի իրավիճակը ձգձգելու քաղաքականութիւնը` յոյս ունենալով, որ ինչ-որ պահից ցուցարարները կը յոգնեն անորոշութիւնից ու շոգից, այնքան դրա հնարաւորութիւնները կը մեծանան: «Մայտան»ի վերածուելու վտանգը շարժման ծաւալների մեծացման մէջ չէ, այլ դրանում արտաքին ուժերի ներգրաւման:

Այն պահին, երբ այս շարժումն ընկալուի Արեւմուտք-Ռուսաստան դիմակայութեան համատեքստում, Հայաստանը կարող է նոյնիսկ յայտնուել Ուքրաինայից էլ աւելի վատ վիճակում: Ռուսաստանը չի երկնչելու գործի դնել հոգեբանական, ընկերային «ահաբեկչութեան» իր ողջ զինուժը` առնուազն սրելով իրավիճակը հայ-ատրպէյճանական սահմանին: Եւ սա այնքան իրատեսական է, ինչքան իրական է Տոնպասի եւ Լուկանսքի աղէտը:

Հետեւաբար, այս շարժումը արկածախնդիրների տեղը չէ:  «Մայտան»ական տրամադրութիւնների տարածումը Ազատութեան հրապարակում եւ Բաղրամեան փողոցում հաւասարազօր են սադրանքի:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles