Ո՞ՒՄ ՋՐԱՂԱՑԻՆ Է ՋՈՒՐ ԼՑՆՈՒՄ ԳԵՂԱՄԵԱՆԸ ՊԱՔՒՈՒՄ

0 0
Read Time:4 Minute, 18 Second

p4 kegamian

Գէորգ Դարբինեան
(յապաւումով)
Պաքւում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անվտանգութեան եւ քաղաքական հարցերով յանձնաժողովի նիստին մասնակցող հայաստանեան պատուիրակութեան ղեկավար Արտաշէս Գեղամեանը նիստի շրջանակում եւ ատրպէյճանական լրատուամիջոցների հետ շփումներում հանդէս է եկել մի շարք, մեղմ ասած, ոչ չափաւոր, եթէ չասենք մոլորեցնող յայտարարութիւններով:
Նախ` միջամտելով նիստի ընթացքում Ուքրայինական ճգնաժամի շուրջ Ռուս-Ուքրայինական պատուիրակութիւնների միջեւ ծաւալուած բանավէճին` Գեղամեանը յայտարարել է, թէ Խրիմի ժողովուրդն օգտուել է ինքնորոշման իր իրաւունքից եւ միացել իր պատմական հայրենիքին, ինչին Հայաստանն աջակցում է, քանի որ, Արցախի ինքնորոշման հետ կապուած, բախուել է նման իրավիճակի հետ:
Աւելի ուշ haqqin.az ելեկտրոնային լրատուամիջոցին տուած հարցազրոյցում Գեղամեանը նշել է, թէ Հայաստանը “շատ է ցանկանում՝՝, որպէսզի Ատրպէյճանը եւս միանայ Եւրասիական տնտեսական միութեանը, որը մեծապէս կ՚օգնի կարգաւորել երկու երկրների միջեւ առկայ խնդիրները: Եւ, որպէս դրա հիմնաւորում, պատուիրակութեան ղեկավարը վկայակոչել է Ալզաս մարզի շուրջ ֆրանս-գերմանական հակամարտութեան կարգաւորումը: “ո՞վ է հիմա յիշում` ում է պատկանում Ալզասը: Արդէն ոչ մի նշանակութիւն չունի` այն ֆրանսակա՞ն, թէ՞ գերմանական տարածք է: Դա միաւորուած Եւրոպայի մայրաքաղաքն է, եւ ընդհանրապէս գոյութիւն չունի այնպիսի հասկացութիւն, ինչպիսին սահմանն է՝՝,- ասել է Գեղամեանը:
Խրիմի հետ կապուած` նա, իհարկէ, մեծ չափով որեւէ նորութիւն չի ասել, ըստ էութէան, կրկնել է այն հիմնաւորումը, որը պաշտօնական Երեւանը ներկայացրեց Մ.Ա.Կ.-ում Խրիմի հետ կապուած ուկրաինական բանաձեւին դէմ քուէարկելիս: Սակայն Գեղամեանը մոռացել, գուցէ միտումնաւոր անտեսել կամ էլ պարզապէս չի ըմբռնել այն իրողութիւնը, որ Հայաստանը ոչ թէ կողմ է արտայայտուել Խրիմի` Ռուսաստանին միացուելուն, այլ ընդամէնը հանրաքուէով ինքնորոշուելու` Խրիմի հանրութեան իրաւունքի իրացմանը: Այս իմաստով Գեղամեանն ակնյայտօրէն չափն անցել է` մոռանալով, որ ինքը ոչ թէ անկախ պատգամաւոր է, ով կարող է նման ձեւաչափի ֆորումներում անձնական տեսակէտ արտայայտել, այլ մի ողջ պատուիրակութեան ղեկավար, առաւել եւս` իշխող կուսակցութեան խմբակցութիւն, որը նման հարցերում սիրողական մօտեցում ցուցաբերելու իրաւունք պարզապէս չունի:
Գեղամեանը գուցէ իրեն հաշիւ չի տուել, թէ ինչպիսի միջավայրում է գտնւում եւ որ կառոյցի շրջանակներում անցկացուող միջոցառմանն է մասնակցում: ԵԱՀԿ-ը այն միակ միջազգային կազմակերպութիւնն է, որի մրցակցութեան շրջանակում է գտնւում Արցախեան հիմնահարցի կարգաւորման գործընթացը: Ռուսաստանին Խրիմի կցումը Արցախեան հարցին զուգակցելը կամ դրանց միջեւ ցանկացած տիպի համեմատութիւն այդ կազմակերպութեան շրջանակում ոչ միայն անտեղի է, այլեւ խիստ վտանգաւոր:
Այն պատուիրակները, որոնք մակերեսային պատկերացումներ ունեն հակամարտութեան էութէան եւ պատմութեան մասին, Գեղամեանական մտքի գոհարների եւ Խրիմի հարցի նկատմամբ ունեցած խիստ վերապահ դիրքորոշման ազդեցութեամբ ԼՂ հիմնահարցը կարող են ընկալել որպէս հէնց Հայաստանի կողմից իրականացուած նախայարձակման եւ Ատրպէյճանից տարածքային պահանջների դրսեւորում: Եւ այս իմաստով Գեղամեանի արածն աւելին չէ, քան Ատրպէյճանական ջրաղացին ջուր լցնել: Տարօրինակ է, որ, յիշելով Խրիմը, Գեղամեանը մտքի ծայրով անգամ չի անցկացրել գոնէ յղում կատարել նաեւ Քոսովոյի խնդրին, որն իր բնոյթով շատ աւելի ընդհանրութիւններ ունի Արցախի հիմնահարցի հետ եւ շատ աւելի ընկալելի է Արեւմուտքի համար: Այսպիսի ընտրողականութիւնը ցոյց է տալիս, որ Գեղամեանն իրականում խօսել եւ ինքնաարտայայտուել է ոչ այնքան հայաստանեան, որքան ռուսական շահի տիրոյթում, քանի որ նման ըմբռնման մօտեցումը բխում է բացառապէս ռուսական տեսակէտներից: Այլ կերպ ուղղակի հնարաւոր չէ բացատրել Արցախի հակամարտութիւնը Եւրասիական տնտեսական միութեան շրջանակներում կարգաւորելու նրա “գաղափարներ՝՝ եւ հայկական ու ատրպէյճանական կողմերի միջեւ սահմաններից հրաժարուելու մտայղացումը:
Առաջին հայեացքից թւում է, թէ սա պարզապէս միամիտ համեմատութիւն է Եւրոմիութեան եւ Եւրասիական Տնտեսական Միութեան միջեւ` վերջինիս արժեւորելու եւ ռուսական կողմին դրանով հաճոյանալու ներքին մղումներից ելնելով: Իրականում, սակայն, սա չափազանց լուրջ հետեւանքներ ենթադրող անուղղակի առաջարկ է Պաքուին, որը դուրս է ոչ միայն Արցախի կարգաւորման ներկայիս ձեւաչափի ու սկզբունքների շրջանակից, այլեւ, առհասարակ, որեւէ տրամաբանութիւնից: Նախ` ի տարբերութիւն Եւրոմիութեան, որին անդամ երկրները կամովին են միացել, Եւրասիական Տնտեսական Միութեան թէ՚ Հայաստանի եւ թէ՚ Ատրպէյճանի հնարաւոր անդամակցումը տեղի է ունենալու փաստացի Ռուսաստանի միակողմանի ճնշումների ազդեցութեամբ, այսինքն` ուղեկցուելու է ինքնիշխանութեան մի մասի որոշակի եւ ակնյայտ կորուստով: Այդ պայմաններում Արցախի հակամարտութեան “տնօրինողը՝՝ ոչ թէ Արցախը, Հայաստանը կամ Ատրպէյճանն են լինելու, այլ բացառապէս Ռուսաստանը: Իսկ թէ ի՞նչ հետեւանքներ է դա ունենում ընդհանրապէս Հայաստանի եւ Արցախի համար, արդէն տեսել ենք 20-րդ դարի սկզբին եւ Արցախեան շարժման առաջին տարիներին: Բայց սա հարցի միայն մի կողմն է: Իսկ միւս կողմն այն է, որ առհասարակ դժուար է ասել` ինչի՞ց է վերցրել հայկական պատուիրակութեան ղեկավարը, որ հայկական կողմը ողջունում է Եւրասիական Տնտեսական Միութեան Ատպէյճանի անդամակցութիւնը: Սա այնքան պատասխանատու յայտարարութիւն է, որ առնուազն ենթադրում է պաշտօնական Երեւանի հետ համաձայնեցուածութեան առկայութիւնը: Հետեւաբար, Գեղամեանի այս պնդումներից յետոյ Հ.Հ. ուղղակի պարտաւոր է յստակութիւն մտնցնել` պաշտպանո՞ւմ է, արդէօք, այս տեսակէտը, թէ՞ ոչ, որքանո՞վ է այն համընկնում Հայաստանի պաշտօնական տեսակէտի եւ քաղաքական ուղեգծի հետ: Եւ եթէ պաշտպանում է, ապա որո՞նք են այն փաստարկները, որոնք խօսում են Արցախի կարգաւորման վրայ այդ կառոյցին Ատրպէյճանի միանալու` մեզ համար միանշանակ դրական ազդեցութեան մասին: Մօտ երկու շաբաթ առաջ Պաքւում Ռուսաստանի Արտաքին Գործնախարար Սերգեյ Լաւրովը յայտարարեց, թէ Արցախի հիմնահարցը որեւէ կապ չունի Եւրասիական տնտեսական միութեանը Հայաստանի անդամակցութէան հետ, քանի որ այն գտնւում է բացառապէս ԵԱՀԿ ՄԽ պատասխանատուութէան դաշտում: Անհասկանալի է, թէ ինչու է, չնայած դրան, Գեղամեանը յամառօրէն խնդիրը քարշ տալիս դէպի մի կազմակերպութիւն, որտեղ նոյնիսկ Հայաստանը չկայ, եւ որտեղ շատ աւելի մեծ նշանակութիւն են տալիս Ալիեւի նամակին, քան անդամակցութեան հարցում Հայաստանի ցուցաբերած յամառութեանն ու հետեւողականութեանը: Եւրասիական Տնտեսական Միութեան շրջանակում սահմանների վերացման միջոցով հարցի կարգաւորման մասին Գեղամեանի յայտարարութիւնից կարելի է երկու հնարաւոր եզրակացութիւն անել: Կա՚մ Լաւրովի յայտարարութիւնից յետոյ ինչ-որ բան է փոխուել Մոսկուայի եւ, դրա թելադրմամբ, Երեւանի մօտեցումներում, կա՚մ սա անձամբ Գեղամեանի եւ Հայաստանի իշխանութիւնների այլընտրանքային առաջարկն է Պաքուին, որը բխում է գուցէ իր թիկունքում ռուս-ատրպէյճանական դաւադրութիւնը կանխելու մտահոգութիւնից: Ցանկացած դէպքում` Գեղամեանի առաւել քան տարօրինակ եայտարարութիւնները պաշտօնապէս հերքման, հաստատման կամ բացատրութիւնների խնդիր են յարուցում, որից յետոյ հնարաւոր կը լինի ինչ-որ բան հասկանալ:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles