ՆԻՒ ԵՈՐՔ.- ԻՐԱՆԱՀԱՅ ՄԻՈՒԹԵԱՆ “ԱՐԷՆԻ“ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳ

ԳՐԻԳՈՐ Ա. ԳՐԻԳՈՐԵԱՆ
Կիրակի, Յունիս 9ին, երեկոյեան ժամը 5ին Իրանահայ Միութեան կեդրոնատեղիում (Little Neck, N.Y.) տեղի ունեցաւ բազմաբովանդակ երաժշտական երեկոյ, ղեկավարութեամբ` դաշնակահար, խմբավար` Արմինէ Վարդանեանի: Սրահը լեցուն էր, երաժշտասէր հասարակութեամբ, ներկայ էր նաեւ Նիւ Եորքի Ս. Լուսաւորիչ Մայր եկեղեցւոյ հովիւ Արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Լագիսեանը:

Տիկին Վարդանեանը սովորել է, Երեւանի “Մելիքեան“ երաժշտական քոլէճում Մագիստրոսի աստիճան է ստացել Երեւանի Պետական համալսարանի, երաժշտանոցից որպէս դաշնակահար:
Երաժշտական Կրթութիւնը շարունակելով ստացել է PHD աստիճան: Ներկայիս դասաւանդում է, Լոնկ Այլընտի երաժշտական համալսարանում:
2010ից մինչեւ 2012 թիւը ղեկավարել է Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ “Շնորհալի“ երգչախումբը: Իսկ ներկայիս ղեկավարում է Իրանահայ Միութեան նորակազմ “Արէնի“ երգչախումբը: Ի բաց առեալ, երգչախմբի կատարումներից, ծրագրում տեղ էր գտել նաեւ դաշնամուրի եւ փողային նուագախմբի ելոյթներ:
Դաշնամուրի միասնական նուագով, ելոյթ ունեցան տիկ. Արմինէ Վարդանեանը եւ երիտասարդ դաշնակահար Արթուր Իփէքը, որոնք նուագեցին Ա. Սպենդիարեանի “Ալմաստ“ օփերայից հատուածներ:
Հաճելի էր լսել, յայտնի թրոմփէտիստ` Սամուէլ Ներսէսեանի մենակատարումները եւ իր պատանի եւ պարմանուհի աշակերտներից կազմուած փողային նուագախմբի կատարումը:
Խմբական որոշ երգերին, նուագակցում էր տուտուկահար պրն. Ռուբիկ Վարդանեանը (հայրը` Արմինէ Վարդանեանի):
Օրուան հանդիսավարն էր պրն. Ֆրանք Քաբարաջեանը, որը ձեռնհասութեամբ վարեց ծրագիրը:
Մարզուած քառաձայն երգչախումբը ղեկավարութեամբ տիկին Արմինէ Վարդանեանի, յաջողութեամբ կատարեց շուրջ 14 երգ:
Երգչախումբը Ա. Խաչատրեանի “Խնճոյք“ի երգի կատարմամբ բեմ բարձրացաւ եւ շարունակաբար 13 հայկական, ազգային, ժողովրդական եւ դասական երգերով խանդավառեց ներկաներին:
Կատարուել էր ճաշակաւոր երգերի ընտրութիւն, հանրայայտ հայ երգահանների ստեղծագործութիւններից, ինչպէս` խնճոյքի երգ (Ա. Խաչատրեան) Հայաստան (Ա. Այվազեան), Եաման Եար (Թաթուլ Ալթունեան), Զիմ Վզին (ԿարաևՄուրզա), Հէյ Ջան Երեւան (Ա. Այվազեան) եւ այլ երգերը:
Վերջին երգն էր, “Մշեցի Մօր Երգը“ (Սուլթան Կուզի ջնջի մըզի, Զարթիր Լաօ, Մռնիմ Քզի):
Այս երգի կատարումը, մեծ խանդավառութիւն ստեղծեց: Հանդիսավար պրն. Քաբաջարեանը, յայտարարեց որ երգի վերակատարումը, հանդիսականների կողմից, մրցութեան է դրւում:

Իւրաքանչիւր սեղանի ներկաներ պիտի երգեն այդ երգը, եւ մրցութեան կարգով պիտի ընտրուի լաւագոյնը: Խանդավառ մրցոյթը, աւարտուեց սեղաններից մէկի յաղթանակով:
Ներկաներին մատակարարուեց ճոխ ընթրիք:
Ինչպէս յայտարարուած էր, համերգի ծանուցման մէջ, համերգից գոյացած հասոյթի մէկ մասը, պիտի յատկացուի դպրոցի վերանորոգման Հայաստանում:
Շնորհաւորում ենք Իրանահայ Միութեան այս ձեռնարկը եւ ցանկանում նորանոր յաջողութիւններ:

