
«ԴՐՕՇԱԿ», թիւ 3 (1649), Մարտ 2021
Խմբագրական
Երեւանի Բաղրամեան պողոտայում տեղի ունեցող հանրահաւաքների ժամանակ վեր պարզուեց մի պաստառ, որի վրայ գրուած էր «ազատագրում»: Սա վկայում է, որ մարդիկ իշխանութեան դէմ ծաւալուած շարժումն այլեւս ընկալում են որպէս ազգային-ազատագրական պայքար:
Ազգային եւ պետական գիտակցութեամբ օժտուած մեծամասնութեան համար պատերազմը չի աւարտուել: Թշնամին շարունակում է գերի պահել անյայտ թուով հայորդիների, ամէն օր նորանոր տարածքներ ու դիրքեր է գրաւում բուն Հայաստանի տարածքից, ձեւաւորում են նոր սահմանագծէր, թշնամին երկրի յղփացած ղեկավարը խօսում է Զանգեզուրի ու Երեւանի ատրպէյճանապատկան լինելու մասին:
Միւս կողմից` Ատրպէյճանի եւ Թուրքիոյ պաշտօնական ներկայացուցիչները, այդ թւում` թրքական «Գորշ գայլեր» ծայրայեղական կազմակերպութեան առաջնորդը, պաշտպանում են Նիկոլ Փաշինեանին եւ սպառնալի պարունակող յայտարարութիւններ են հնչեցնում Հայաստանի ժողովրդային շարժման եւ հայոց բանակի հասցէին: Իսկ ամէնից վտանգաւորն ու երկրի համար սպառնալին այն է, որ սեփական իշխանութիւնն ու նրա առանձին ճիւղերը, այս ամէնին պաշտօնապէս հակադարձելու փոխարէն, սահմանների նոր գծերի վերահսկողութիւնը կազմակերպելու, գերիների եւ այլ հարցերով գոնէ կապիտուլեացիոն (անձնատուութեան դաշինք․ խմբ․) յայտարարութեամբ սահմանուած սկզբունքների պահպանումը պահանջելու, բացարձակապէս լուռ ու անտարբեր են եւ չեն արձագանգում ոչ միայն սեփական պետութեան ու ժողովրդի անվտանգութեան եւ արժանապատուութեան դէմ թոյլ տրուող ոտնձգութիւններին, այլեւ անգամ իրենց հասցէին հնչող ծաղրանքին ու հայհոյանքին: Այդպիսի գործելակերպ դրսեւորելու հրահանգ է իջնում համապատասխան գերատեսչութիւններին եւ պաշտօնատարներին այս ամէնի գլխաւոր մեղաւորի ու պատասխանատուի կողմից: Ազգային դաւաճանութեան ակնյայտ դրսեւորումների որակ ունեցող գործունէութեան համար իշխանութիւնների եւ թիւ մէկ պատասխանատուի գործողութիւնների ազատութիւնն ապահովում են Ազգային անվտանգութեան եւ Ոստիկանութեան համակարգերը` յանձինս իրենց ղեկավարների: Չմոռանանք, իհարկէ, որ քաղաքական առումով թիկունքն ապահովում են երկրի խորհրդարանը եւ նախագահը:
Չմոռանանք նաեւ այն արտաքին ուժերին, որոնք լռեցին, երբ միջազգային ահաբեկչական ուժերի ուղեկցութեամբ երկու պետութիւններ ռազմական ագրեսիայ (յարձակում, խմբ․) ձեռնարկեցին Արցախի դէմ, լռեցին, երբ նրանք արգելուած զէնքի կիրառմամբ կատարեցին պատերազմական յանցագործութիւններ, աւերեցին խաղաղ բնակավայրեր, հոգեւոր ու մշակութային կոթողներ, գլխատեցին մարդկանց, իրականացրին այլ վայրագութիւններ: Նրանք աչք են փակում այժմ, երբ Հայաստանի իշխանութիւնը հալածանք, ոստիկանապետութեան բռնի ուժ, ինչպէս եւ ուժի գործադրման սպառնալիք է կիրառում սեփական ժողովրդի դէմ, եւ, ընդհակառակը, ակնյայտօրէն հովանաւորում են վերջինիս: Ըստ էութեան, արտաքին ուժերը, օգտուելով երկրի ներսում յենարանները կորցրած եւ պատասխանատուութեան սպառնալիքի ներքոյ խուճապահար իշխանութիւնների կամազուրկ վիճակից, թելադրում են նրանց շարունակել այն քաղաքականութիւնը, ըստ որի` տարածաշրջանում լուծւում են աշխարհաքաղաքական խնդիրներ` ի հաշիւ Հայաստանի պետականութեան եւ հայ ժողովրդի ապագայի:
Այն պայմաններում, երբ բարոյազուրկ ու ազգային շահերին դաւաճանած ղեկավարը կորցրել է երկրի բնականոն կառավարումն իրականացնելու, արտաքին սպառնալիքից պետութեան անվտանգութիւնը երաշխաւորելու, առանց ոստիկանական պատնէշի անգամ առանձնասենեակից դուրս գալու հնարաւորութիւնը, նրա մտահոգութեան հիմնական առարկան մնում են ուժային կառոյցները: Այդ լծակների միջոցով նա փորձում է վախ սերմանել եւ կոտրել ժողովրդին, միաժամանակ իր իշխանութեան յետագայ երաշխաւոր է տեսնում հէնց ուժային կառոյցներին: Նրա համար իսկական ցնցում եղաւ Գլխաւոր շտաբի, ապա եւ Պաշտպանութեան բանակի կողմից հնչեցուած իր հրաժարականի պահանջը:
Փաստացի վարչապետի լիազօրութիւնները լիարժէքօրէն իրականացնելու հնարաւորութիւնը կորցրած ամբոխի առաջնորդը փորձեց երկրում վերահաստատել իր իշխանութիւնը` դիմելով նոյն ամբոխին, որը նրան իշխանութեան էր բերել եւ, ըստ էութեան, նրա յենարանն էր: Պետական բոլոր լծակների գործադրմամբ, կաշառքով ու սպառնալիքով հրապարակ բերուած զանգուածի սահմանափակ թիւը խորտակեց նրա յոյսերը, թէ այդ լծակը կարող է կրկին իր համար յաղթանակ ապահովել: Օրէնքի ու օրինականութեան հետ երբեք հաշուի չնստած ուժի ներկայացուցիչները դեռեւս իշխանութիւնը գրաւելու օրերին յայտարարում էին, որ ժողովրդի կամքը վեր է օրէնքից: Կորցնելով ժողովրդի անունից օրէնքը ոտնահարելով խնդիրներ լուծելու հնարաւորութիւնը` այս ուժի առաջնորդը դարձեալ կառչեց վերջին յոյսից` հեռացնել Գլխաւոր շտաբի անհնազանդ պետին, որից յետոյ հնարաւոր կը լինի գլխատել ողջ բանակը` նուիրեալ ու փորձառու ղեկավարութեանը փոխարինելով կամազուրկ, կամակատար, տգէտ դուրսպրծուկներով: Ինչպէս տեսնում ենք, անգամ պատերազմում կրած դաժան պարտութիւնը դաս չի եղել, որ հաւանական նոր պատերազմից առաջ երկրի բանակը խնայուի կադրային կործանարար յեղաշրջումներից: Եթէ վարչապետի համար իշխանութեան պահպանման վերջին յոյսը մնում է ուժը, որի միջոցով նա կարող է բռնանալ, կանխել, պատժել, սադրել եւ անգամ քաղաքացիական բախումներ հրահրել, ապա իր բռի մէջ գտնուող ոստիկանութեան ու ազգային անվտանգութեան ուժերի միջոցով նա ոչ մի սադրանք չի կարող հրահրել, եթէ ամենազօր բանակը իր հետ չէ, որը, ընդհակառակը, զգուշացրել է ձեռնպահ մնալ ժողովրդի դէմ հնարաւոր բռնարարքներից:
Վարչապետի գլխաւոր խնդիրը շարունակում է մնալ ոչ իրեն, այլ ժողովրդին հաւատարիմ բանակին հնազանդեցնելու մտասեւեռումը, այն ակնկալիքով, որ անգամ իր համար ամօթալի, երկրի համար կործանարար այս վիճակը կարելի է ձգել անորոշ ժամանակով: Իրավիճակի` անորոշ ժամանակով երկարաձգումը, սակայն, մեղմ ասած, նեարդայնացնում է ժողովրդի` ազգային ու պետական գիտակցութիւն ունեցող մեծամասնութեանը, երբ երկիրն ամէն օր կորուստներ է արձանագրում անվտանգութեան ու կենսագործունէութեան մնացած ոլորտներում, առաւել եւս տագնապալի է դաւաճանի մեղադրանքը կրող ղեկավարի ձեռքում գտնուող պետութեան հեռանկարը:
Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը սոյն թուականի Մարտ 7-ին «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է. «Որքան կառավարութիւնն ուշացնում է սպասուելիք հրաժարականը, այնքան մարդիկ աւելի ռադիկալ են դառնում, ու բացարձակապէս կարեւոր չէ, թէ ռադիկալները քանի տոկոս են: Եթէ անգամ այնքան էլ շատ չեն, այնուամենայնիւ, խիստ մոտիվացուած են ու … վճռական: Ռատիկալացումը (արմատացում, խմբ․) ոչ միայն իշխանափոխութեան գործօն է, այլեւ ետիշխանական գործընթացների սպառնալիք իրենց քայլականների համար, իհարկէ: Մի՛ սրէք կրքերը. դա ձեր օգտին չէ:
Այն, ինչի մասին գրում է քաղաքագէտը, խմորւում է մեր աչքի առաջ ու ամէն տեղ, եւ որքան էլ ընթացող զարգացումների կայունութեամբ ու օրինականութեամբ շահագրգիռ ուժը իշխանութեան փոխարէն հէնց ընդդիմադիր քաղաքական շարժումն է, վերջինս այս գործընթացը չի կարող ո՛չ կասեցնել եւ ո՛չ էլ ներառել իր վերահսկողութեան դաշտ: Չեն կարող մոռացուել կամ մարել մարդկանց կրքերն ու սրուած զգացումները ո՛չ տարածքային ու մարդկային կորուստների, ո՛չ երկրի ապագայի հարցում: Թերեւս հոգեկան անհաւասարակշռութեամբ պայմանաւորուած այն մտատեսիլները, թէ հինգհազարամեայ մի երկիր, այնուամենայնիւ, կարելի է քշել դարաւոր ոսոխի երախը, հաւանաբար մեծ վնասներ կը հասցնեն երկրին, բայց վստահաբար կը կործանեն նրա դահիճներին: Եւ որքան էլ ֆիզիքապէս դժուար լինի, պէտք է ձգտել գործընթացները պահելու օրինականութեան ուղեծրում` ժողովուրդների ինքնապաշտպանութեան բնական իրաւունքի հաշվառմամբ: