ԿՈՐՍՏԵԱԼ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԳՏՆՈՒԵՑ ՏՈՒՆԸ ՊԱՊԱԿԱՆ

0 0
Read Time:7 Minute, 0 Second

 

Հովուի կամրջի մօտ
Հովուի կամրջի մօտ

  ԿԱՐԻՆԷ  ԱՂԱՊԱՊԵԱՆ

                                                                                   Երեւան

Ես ուխտաւորն եմ հայոց գերուած տան,

Սակայն յարկիս տակ լոկ հիւր եմ օտար,

Ծա՞ղր է սա բախտի` քինոտ ու դաժան,

Որ անէծքի պէս հնչում է մէկ դար:

Ո’չ, չե’մ հաւատում անէծքին խաւար.

Գիտեմ, որ մերն է քո լոյս ապագան.

Անթիւ զոհերիդ հանգստեան համար

Հայոց սուրբ հողն է միայն հանգրուան:

Ժողովուենք պիտի քո’ շուքի ներքոյ

Ու պիտի կերտենք բախտը Հայկի տան,

Ես` հարիւր տարուայ երազանքը քո,

Դու` հարիւր տարուայ երազող վկան:

ՅԱՍՄԻԿ ՎԱՐՈՍԵԱՆ

 

Ուխտաւորներով` ետեւում թողնելով Կարսը, Պայազիտը, շարունակեցինք ճանապարհը Արեւմտեան Հայաստանով: Անցանք Ալաշկերտով: Ճանապարհի երկու կողմերում անծայրածիր դաշտեր էին: Անցանք Բասէնի դաշտով: Ականջներումս տատիս կարօտատենչ ձայնն էր, որ մինչեւ իր կեանքի վերջին պահը, անդադար պատմում էր. “Մե’նք, Բասէնի գաւառի Սըթան գիւղից ենք: Մի հրա~շք երկիր ունենք, ընդարձակ դաշտավայրերով: Գարնանն ամբողջ հովիտը վերածւում էր կանաչ ծաղկապատ գորգի, տարածելով օդում ծաղիկների բուրմունքը, թռչունների ճռուողիւնը: Հայրս հողատարածքներ ունէր: Միասին ապրում էինք ողջ գերդաստանով` 40-50 հոգով: Գիւղում մեզ Սմոյենք էին ասում: Վայրագ թուրքի եաթաղանից փրկուեցի միայն ես եւ եղբայրս (Սիմոնեան Սաթիկն ու Կորիւնը) ու դաժանագին լինելիութեան ճանապարհ անցնելուց յետոյ ապաստանեցինք Կարսի, ապա Ալեքսանտրապոլի ամերիկեան որբանոցներում: Կորիւնը հետագայում որբ ու բոկոտն, հասաւ մինչեւ Լենինկրատի գեղարուեստի ակադեմիա, դարձաւ մեծ նկարիչ, վկան` Ազգային Պատկերասրահում պահպանուած նրա աշխատանքները, նաեւ գլուխ-գործոցը “Եուսուֆի սպանութիւնը“, որն առաջին մարտանկարը եղաւ հայկական գեղանկարչութեան մէջ: Որբի դաժան ճակատագիր, 31-ամեայ եղբայրս զոհուեց երկրորդ աշխարհամարտում“:

Բասէնի բերդը
Բասէնի բերդը

Տխուր խոհերով շրջում էի Բասէնում, որտեղ Պինկէօլի սարերից սկիզբ առնող Արաքսը գալիս միանում է Մուրց գետին եւ հէնց այստեղ էլ գտնւում է Հովուի կամուրջը (15-րդ դար): Կամուրջի կառուցումը շատ դժուար է եղել, քանի որ Արաքսի վարարումների ժամանակ այն քանդւում էր, լուծումը` սրաձեւ հիմքերն են, որոնք կտրում են գետի ջրերի հարուածի ուժը: Ժամանակին այստեղ քաղաք է եղել` Վաղարշաւանը,  որն անհետացել է Սելճուկների արշաւանքների ժամանակ: Շարունակելով ճանապարհը, կանգ առանք ժայռոտ բլուրների վրայ կառուցուած միջնադարեան Բասէնի բերդի մօտ (Հասանկալա): Այն կառուցել է Գրիգոր Մագիստրոս

Պահլավունու ազգական Հասանը:

Մտանք Կարին (Էրզրում): Բնակչութիւնը 1մլն է, այստեղ է գտնւում բիւզանդական Թէոդուպոլիս բերդը (5-րդ դար), որը 19-20-րդ դարերի պատերազմներում բազմիցս գրաւուել է ռուսական զօրքերի եւ հայ կամաւորների կողմից: Եղանք Սինան ճարտարապետի Լալա Փաշա մզկիթում, որն ունէր 2000 քառ.մ ներքին տարածք եւ հայկական եկեղեցի էր եղել, կառուցուած 1179 թուականին: Կարինում եղել են` երկու հայկական եկեղեցի, սելճուկեան դամբարաններ, կաթողիկէ եկեղեցի: Կրթական խոշոր կեդրոն է եղել, այստեղ է Սանասարեան վարժարանի շէնքը, որն այժմ վերանորոգելուց յետոյ դարձրել են վարչական շէնք: Կարինը շրջապատուած լինելով լեռներով, լեռնադահուկային հանգստի գօտի է: Յայտնի է իր սառնորակ, անուշահամ ջրերով: Հայկական շունչը զգացւում էր ամենուր, կային պահպանուած հայկական տներ:

Լալա Փաշա մզկիթը
Լալա Փաշա մզկիթը

Այստեղ էլ պապիս` Արիստակէս Աղապապեանի հայրենի երկիրն է: “Ծնուել եմ Էրզրումի շրջանի Թորթան գիւղում, գերդաստանով` 25-30 հոգով ապրում էինք  մեկտեղ, զբաղւում էինք հողագործութեամբ: Հայրս` Գրիգորն ատաղձագործ էր, պատշար, կօշկակար, խանութպան, զինագործ, ամեն բան ձեռքից գալիս էր, ժամացոյց էլ էր սարքում: Պապս` Աղապապը քարտաշ-պատշար էր, վանքերի պատեր էր շարում: 1915թ.-ին 6 տարեկան էի, երբ թուրքերը մեզ տեղահանեցին: Օրական տեղափոխում էին որեւէ տեղ, սկսում ջարդելը: Իմ աչքի առաջ սպանեցին բոլոր տղամարդկանց: Գիւղերից մէկում թուրքերը մեզ լցրել էին մարագը, փորձում էին   վառել: Մի թուրք, ինձ խլեց իմ մօրից եւ տարաւ: Չորս օր պահելուց յետոյ, ես ծանր հիւանդացայ: Նա ինձ դուրս հանեց, թէ գնա’: Ես գտա մեր երկրացի կանանց: Իրենց հետ գնալու ժամանակ թուրք զինուորն ուզում էր ինձ սպանել, բայց մի այլ թուրք` փրկեց ինձ, տարաւ իրենց տուն, պահեց մինչեւ 1916: Երբ ռուսները նորից եկան, ես փախայ նրանց մօտ: Նրանք ինձ յանձնեցին Էրզրումի մանկատուն, որտեղ մնացի վեց ամիս: Ապա հօրեղբայրս գտաւ ինձ, վերադարձանք գիւղ: Այնտեղ ոչ ոք չկար: Մնացինք մէկ տարի, 1918-ի գարնանը թուրքը նորից եկաւ, նորից գաղթուեցինք: Անդրանիկի հետ միասին տեղափոխուեցինք Ճուլֆա, ապա Պարսկաստան, ետ եկանք Սիսիան, նաեւ Կարս, այստեղ ընկայ ամերիկեան մանկատուն: Մնացի մօտ երեք տարի: Դպրոցում կրթւում էինք եւ արհեստ սովորում: Շատ լաւ էին պահում: Շատերին տարան Ամերիկա, ես չգնացի: 1920-ին թուրքը նորից եկաւ, մանկատունը տեղափոխուեց Ալեքսանտրապոլ, հօրեղբօրս էլ չգտայ, ինքս փախայ, ընկայ գիւղերը եւ գոյատեւեցի“.-յուզմունքով պատմում էր պապս:

Սանասարեան վարժարանի շէնքը
Սանասարեան վարժարանի շէնքը

Սիրտս ուզում էր թռչել եւ գոռալ. “Սա’, իմ պապի հայրենի~քն է, նա իր ողջ կեանքում փափաքում էր վերադառնալ, բայց ե’ս վերադարձայ, ցաւօք, որպէս ուխտաւոր“:

Մենք Կարինից, բարձրացանք Պախրի լեռները` եւ յայտնուեցինք գեղաշուք Ապրանից վանքում, ուր գտնւում  են գերազանց պահպանուած Սուրբ Յովհաննէս եկեղեցին (17-րդ դար), Սուրբ Դաւիթ մատուռը եւ ամենաբարձր` 6 մետրանոց հրաշալի խաչքարերը (12-րդ դար): Այդտեղից բացւում էր հրաշք մի տեսարան`ներքեւում Եփրատն էր, մշակուած հողակտորները, այն միահամուռ անուանեցինք Մարտիրոս Սարեանի կենդանի կտաւ:

Ճանապարհը շարունակեցինք դէպի Մուշ, անցանք Վարդայի հովիտով եւ մտանք Բասկան գիւղ, մեր խմբում տարեց երկու եղբայրների` Հենրիկ եւ Համազասպ Ղուկասեանների հայրական գիւղը, որտեղ 1905-ին ծնուել է իրենց հայրը` արձակագիր Անդրանիկ Ղուկասեանը: Ցեղասպանութեան ժամանակ զրկուելով ծնողներից, բնահան եղած տղան սկսել է դեգերել նախ Յունաստան, ապա 1925-ին ներգաղթել է Հայաստան: Բասկանում մի շատ յուզիչ տեսարանի ականատեսն եղանք:

 

Ապրանից վանք
Ապրանից վանք

Մեզ ուղեկցող Արմէն Սողոմոնեանը լինելով թրքագէտ, ապահովում էր թարգմանութեան խնդիրները: Գիւղում մեզ մօտեցաւ ամենատարեց   բնակիչը, որ բարձրահասակ գիւղապետի հայրն էր եւ եղբայրները պատմեցին, որ իրենց պապի` Կարապետի ընտանիքն այդտեղ է ապրել, ունեցել են հողատարածքներ: Նա եղբայրներին ուղեկցեց եւ ցոյց տուեց հիմնահատակ քանդուած եկեղեցու տեղը, այնուհետեւ Կարապետի տունը: Զարմանալի էր եւ շատ յուզիչ, տունը կանգուն էր, կողպեքները վրան: Քրտերը օգտագործում էին  որպէս օժանդակ կառոյց, բայց չէին ապրում այնտեղ: Տարեց քիւրտը մի հետաքրքիր հարց տուեց, որից բոլորս անակնկալի եկանք. «Ինչո՞ւ այդքան ուշացաք, եթէ շուտ գայիք, տարեցները կենդանի կը լինէին եւ ամեն ինչ կը պատմէին: Մենք մինչեւ հիմա էլ այդ հողատարածքները Կարապետի հողեր ենք ասում»: Ուրեմն գիւղացիները մինչեւ հիմա յիշում են տեղի հայերին:

      Յետոյ եղաւ երկրորդ անակնկալը: Մեզ մօտեցաւ գլխաշորով մի կին եւ ի սրտէ հրաւիրում էր բոլորիս իրենց տուն, թէյ խմելու: Մենք ի հարկէ մերժեցինք, բայց նա աղաչում-պաղատում էր: Երբ տեսաւ, որ չենք գնում, ձեռքն իր սրտին տանելով` շշուկով թրքերէն ասաց. «Ես հա’յ եմ»: Նա սկսեց հայկական անուններ թուարկել: Մենք արդէն վստահ հետեւեցինք իրեն: Դռան մօտ մի տարեց կին էր կանգնած, որ թրքերէնով սկսեց բարկանալ այս կնոջ վրայ: Տանը մեզ դիմաւորեցին նրա մէկը մէկից գեղեցիկ աղջիկներն ու բարձրահասակ տղան: Մենք բոլորս ողջագուրուեցինք նրանց հետ: Մի յուզիչ տեսարան էր: Տան կահաւորանքը իրօք հայկական էր:

... Առաքելոց վանքը
… Առաքելոց վանքը

 

Մուշ...
Մուշ…

Նրանք ծպտուած հայեր էին: Պարզւում է, որ այդ իսլամացած հայերը ներքին կարգով միմիանց հետ են ամուսնացել: Մենք հրաժեշտ տուեցինք այդ հիւրընկալ ընտանիքին եւ երբ դուրս էինք գալիս, այն տարեց կինն արտասւում էր: Մեր մեքենան շարժուեց Բասկանից, ողջ գիւղը ճանապարհում էր մեզ:

 Բասկանի գիւղապետի հետ
Բասկանի գիւղապետի հետ

Հասանք Մուշ: Վաղ առաւօտեան հիւրանոցի համարից երեւում էր ողջ Մուշը, իսկ հեռւում մշուշապատ դաշտերն էին: Մուշը մեզ գրկաբաց էր ընդունել, այդպէս էինք զգում բոլորս: Մուշի ժողովուրդը շատ բարի էր ու հանգիստ: Այստեղից շարժուեցինք դէպի Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետ վանք, որ ժամանակին հայ հոգեւոր կարեւորագոյն կենտրոնն էր, որից այժմ մնացել էին աղքատիկ փլատակները քրտական  գիւղում, որտեղ տները կառուցուած էին վանքի  սրբատաշ քարերից եւ խաչքարերից: Ճնշող միջավայր էր: Իմացանք, որ մի ամերիկահայ` Կարապետ անունով, որոշել է Սուրբ Կարապետ վանքը վերականգնել:

Ուղեւորուեցինք դէպի Մուրատ գետի վրայ կառուցուած Սուլուխի միջնադարեան կամուրջը` որտեղ Մայիս 27, 1907-ին թրքական զօրքերին յաջողուել էր շրջապատել հերոս-ֆիտայի Գէորգ Չաւուշի զօրաջոկատը: Այստեղ էլ նա զոհուել էր անհաւասար մարտում:

Առաւօտեան արշաւեցինք դէպի սարերի բարձունքում թաքնուած հռչակաւոր Մշոյ Առաքելոց վանքը, որի դպրոցում էր սովորել Գէորգ Չաւուշը: Նա մասնակցել էր նաեւ Առաքելոց վանքի կռիւներին: Վանքը հիմնադրուել է 12-րդ դարում, Գրիգոր Լուսաւորիչի Հռոմից բերուած երեք առաքեալների  մասունքների վրայ` Պետրոսի, Պօղոսի եւ Անդրէասի: Վանքն աւրուել էր 1915-ին եւ հրաշքով` վանքի փորագրութիւններով հարուստ, արժէք ներկայացնող, երկփեղկ դուռը եւ Մշոյ ճառընտիրը հասել են Հայաստան:

Ծպտուած հայերը
Ծպտուած հայերը

Տպաւորութիւններով լեցուն իջանք վանքից, ուղեւորուեցինք դէպի հին Մուշ: Սրտի կսկիծով տեսանք քանդուող հայկական տները, դա մի հսկայական            թաղամաս էր: Տեսանք  այն, ինչ մնացել էր երբեմնի ամենագեղեցիկ Սուրբ Մարինէ եկեղեցուց: Հայ ըմբոստներին այստեղ էին պահել եւ ենթարկել դաժան կտտանքների:

Հեռւում Կուռտիկ սարն էր երեւում, իսկ շրջակայ բլուրների վրայ տեսանք խաղողի այգիներ, որ ֆրանսացիներն են տնկել եւ Մուշի խաղողից գինի են պատրաստում, ասում են այն շատ անուշահամ է:

Հրաժեշտ տալով Մուշին, շարունակեցինք ճամբորդութիւնը մեր չքնաղ կորստեալ հայրենիքով դէպի Պիթլիս, դէպի Ուիլիըմ Սարոյեանի ծնողների            հայրենիքը, ապա Վան, Սարիղամիշ, Անի:

 

 

 

 

 

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սուրբ Կարապետ վանքի խաչքարերից

 

Սուլուխի կամուրջը

 

 

 

Սուրբ Մարինէ եկեղեցին

 

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ԱՐԴԱՐՈՒԹԻ՞ՒՆ…ԲԱՐԳԱՒԱՃՈ՞ՒՄ
Next post ԿԻԼԻԿԻԱՆ ՄԵՐ ԴԱՏԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “ԿՈՐՍՏԵԱԼ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԳՏՆՈՒԵՑ ՏՈՒՆԸ ՊԱՊԱԿԱՆ

  1. Very interesting article. I think it’s necessery for the Armenians. Thank you to Hairenik Weekly. Special thanks to author Karine Aghababyan.
    We will return to our lost Matherland soon…

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles