ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԿՒՈՒԹԻՒՆԸ

0 0
Read Time:5 Minute, 12 Second

p4 mikoyan Հայ ժողովրդին իշխանութիւնների մատուցած հերթական անակնկալներից էր մայրաքաղաքի կեդրոնում Անաստաս Միկոյեանի արձանի տեղադրման մասին՝ Երեւանի աւագանու կայացրած որոշումը: Միկոյեանի կերպարը, կարծես թէ, մութ կողմեր չունի, մանաւանդ՝ Խորհրդային տարիներին ապրած մարդկանց համար: Դեռ նշուած ժամանակներում Միկոյեանի կերպարը ռուսերէն բնորոշում ունէր, որ հայերէն հնչում է ԻլիչիցԻլիչ: Այս՝ ոչ առանց հեգնանքի արուած արտայայտութեամբ նկատի էր առնւում, որ Միկոյեանը կարողացաւ համայնավար վերնախաւի մէջ լինել Վլատիմիր Իլիչ Լենինի օրերից մինչեւ Լէոնիտ Իլիչ Պրեժնեւի օրերը: Հիրաւի այդքան դիմանալու համար առանձնայատուկ տաղանդ էր անհրաժեշտ մի համակարգում, որն իրենից ներկայացնում էր ինքնախժռման արիւնոտ մեքենայ: Մեքենայ, որն ստեղծում էր կուռքեր եւ ապա ոչնչացնում էր նրանց՝ սկսած գլխաւոր առաջնորդներից, (Լենին, Թրոցքի, Սթալին եւ բազմաթիւ այլ անուններ) իր գոյութեան մղձաւանջային ողջ տարիների ընթացքում: Առնուազն երկու դէպք յայտնի է, երբ Միկոյեանը դաւաճանեց զինակից առաջնորդներին եւ յայտնուեց նրանց տապալող դաւադիրների թիմում: Առաջինը “անցումն էր“ Սթալինի խմբից Խրուշչեւի խումբ, եւ երկրորդը՝ Խրուշչեւի տապալումն ու յայտնուելը Պրեժնեւի խմբում: Ընդ որում, ըստ նոյն Միկոյեանի յուշերի, տարիներ շարունակ ինքն ու իր ընտանիքը սարսափի գիշերներ են անցկացրել՝ սպասելով թէ ահա չեկայի՝ “Սեւ ագռաւ“ կոչուած մեքենան կը գայ իրենց ետեւից: Ինչպէս բնորոշւում է Խրուշչեւին նուիրուած ռուսական մի ժապաւէնում, Միկոյեանը կարողանում էր առանց թրջուելու անցնել անձրեւի կաթիլների արանքով: Գուցէ սա գեղարուեստական համեմատութիւն է, սակայն անվիճելի է նաեւ, որ ինքնախժռման մեքենայի բոլոր ատամնանիւների միջով անվնաս անցնելու համար որոշակի յատկութիւններով պէտք է օժտուած լինէիր: Ռուսական փաստագրական մէկ այլ ժապաւէնում, որպէս այդ երկարակեցութեան գաղտնիք, բերւում է հէնց այն փաստը, որ Սթալինը համոզուելու համար, թէ արդեօ՞ք “Անասթաս Իւանովիչը“ վստահելի է՝ մանաւանդ ազգային պատկանելութեան հետ կապուած, 37 թուականին գործուղում է նրան Հայաստան, հակախորհրդային տարրերի յայտնաբերման եւ ցուցակագրման գործը վերահսկելու նպատակով: Եւ ինչպէս նոյն ժապաւէնում ներկայացուած եզրակացութիւնն է, Միկոյեանը արժանացաւ Սթալինի լիակատար վստահութեանը: Ի դէպ, Անասթաս Միկոյեանի կերպարը բացայայտելու համար դրսում փաստեր փնտռելու կարիք չկայ, բաւարար է ընթերցել հէնց նրա ձեռքով գրուած “Պայքարի ուղիով“ (Երեւան, Հայաստան Հրատարակչութիւն, 1972) յուշերի գիրքը: Այնուամենայնիւ, ակնյայտ է, որ հայ հանրութեանը համակած յուզումը սոսկ ինչոր անձի արձանի տեղադրման նախաձեռնութեանը չի վերաբերում, այլ փաստի խորքում մարդիկ տեսնում են շատ աւելի ընդգրկուն երեւոյթ: Եւ կարծում եմ‘ մարդիկ չեն սխալւում: Այն, ինչ իշխանութիւններն այսօր ցանկանում են անել, ըստ էութեան, բխում է հոգեբանական այն երկւութիւնից, որ գոյութիւն ունի իրենց մէջ: Հոգեբանական այդ երկւութիւնը պատկերաւոր բնորոշելու համար ներկայացնեմ մի դիպուկ օրինակ:
Տարիներ շարունակ իշխանական կուսակցութեան հռչակած գաղափարախօսի՝ Նժդեհի անունը կրող հրապարակում կանգնած է ոչ անյայտ հայ համայնավար Սուրէն Սպանդարեանի արձանը: Տարիներ շարունակ, հանդուրժելով այս անհեթեթութիւնը, իշխանութիւնը չի համարձակւում, հիմքեր ունեմ ասելու, որ “չի համարձակւում“ ո՛չ Նժդեհի անունը զատել հրապարակից, որի վրայ իշխում է այլ անձի արձանը, եւ ո՛չ էլ “հեռացնել“ Սպանդարեանին: Հոգեբանական այս երկւութիւնը աւելիի մասին է վկայում, քան կարող է ներկայացնել նժդեհահայրենասիրական ցանկացած հռետորաբանութիւն: Ուզում եմ հարց տանք ինքներս մեզ՝ արդեօ՞ք անկախ, ազատ ու ազգային պետութիւն է Հայաստանի Հանրապետութիւնը: Եթէ իսկապէս այդպէս է, ապա երկրի կառավարիչներն ինչպէ՞ս են կարողացել անգոյութեան 900 տարիներից յետոյ ստեղծուած առաջին հանրապետութեան կառավարութեան շէնքը արտաքինից ձեւախեղել, իսկ ներսի կողմից փոխել ամբողջովին եւ վերածել “փիցայանոցի“:
Հաւատո՞ւմ էք, արդեօք, որ նման բան կարող էր տեղի ունենալ որեւէ այլ երկրում: Եթէ էութեամբ ու բովանդակութեամբ ազգային պետութիւն է Հայաստանը, ապա ինչո՞ւ են անկախութեան օրուայ իւրաքանչիւր տարեդարձի, յայտնի ազդեցութեան տակ գտնուող պատկերասփիւռի ընկերութիւնները, խօսքերը մէկ արած, ցուցադրում Առաջին Հանրապետութիւնն ու նրա կերտողներին, “այդ թւում՝ Նժդեհին“ վարկաբեկող Խորհրդային ժապաւէնները: Երեւի շատերը կը զարմանան՝ իմանալով, որ մինչ այսօր նոյն այս լրատուամիջոցները կա՛մ չեն հեռարձակում ազգայինյեղափոխական այն երգերը, որոնցում հնչում է Առաջին հանրապետութեան առաջամարտիկ կուսակցութեան անունը, կա՛մ հեռարձակում են երգերի այն տարբերակները, որոնցից նախապէս այդ անունը հանուել է: Ուզում եմ խօսել եւս մէկ փաստի մասին, որի վկան եմ եղել մի քանի տարի առաջ: Հերթական տարելիցին Արամ Մանուկեանի շիրիմին այցելութիւնից յետոյ նախկին վարչապետ Տիգրան Սարգսեանը դիմեց որոշ մարդկանց‘ խորհուրդ հարցնելով, թէ ի՞նչ կարելի է անել Արամի յիշատակը յաւերժացնելու համար: Որպէսզի կարճ ժամանակում ինչոր բան արուէր, աւելի լուրջ եւ արժանի գործը թողնելով ապագային, առաջարկուեց արդէն պատրաստի մի կիսանդրի տեղադրել Երեւանի որեւէ վայրում: Առաջարկը հաւանութեան արժանացաւ, եւ, շատ ժամանակ չանցած, Արամ Մանուկեանի այս կիսանդրին տեղադրուեց Հայաստանի Հանրապետութեան ոստիկանութեան շէնքի մուտքի առջեւ:
Այս գործընթացի ժամանակ, սակայն, ծագեց մի “մանրուք“: Ի՞նչ գրել կիսանդրու պատուանդանին: Օրուայ ոստիկանապետերը ցանկանում էին յիշատակել միայն Արամ Մանուկեանի‘ առաջին Հանրապետութեան ներքին գործերի նախարար լինելու փաստը: Կիսանդրու պատուիրատուն պնդում էր, որ այդ արձանագրումը ոչ միայն կիսատ կը լինի, այլեւ կարող է աղճատել Արամի ընդհանրական կերպարը: Չէ՞ որ Արամը, լինելով գլխաւոր գործող անձանցից մէկը, լաւագոյն խորհրդանիշն է անկախութեան ու պետականութեան հիմնադրման:
Գաղտնիք չէ, որ ժողովուրդը հէնց այդպէս էլ ազգային մեծ գործիչին ընկալել է դեռ կենդանութեան օրոք եւ ընկալում է ցայսօր: Ոստիկանութեան օրուայ ղեկավարները, գուցէ եւ նրանցից վեր ինչոր անձինք (տեղեակ չենք եւ մեղք չգործենք) ոչ մի կերպ չէին համաձայնում համապատասխան նշում կատարել յուշաքարի վրայ: Ի վերջոյ, գլուխներն ազատեցին՝ հրաժարուելով որեւէ բան փորագրել՝ անունազգանունից բացի: Ահա այսպիսի մէկ կիսանդրիով մենք յարգում ենք յիշատակը մեր պետականութեան կերտման գործի գլխաւոր դերակատարի: Հետաքրքիր է, եթէ առաջարկ արուի (նման առաջարկներ, ի դէպ, եղել են տարբեր տարիների) Արամին արժանի յուշարձան կանգնեցնել մայրաքաղաքի կեդրոնական վայրերից մէկում, օրինակ‘ հենց իր անունը կրող փողոցում, իշխանութիւնը նոյնպիսի՞ համառութիւն կը դրսեւորի, ինչպիսին դրսեւորում է կոմունիստական գործիչ Միկոյեանի արձանի տեղադրման առիթով: Թէեւ, մասնաւորապէս, Արամի դէպքում խօսքը գործիչի մասին է, ով պատկանում է ողջ հայութեանը, սակայն վախենամ՝ վերջին դատողութիւններիս կուսակցական շահեր հետապնդելու որակում տրուի, այդ պատճառով բերեմ այլ օրինակներ:
Ազգային էութեամբ իշխանութիւնները անկախացումից յետոյ հաւանաբար անհրաժեշտ պիտի համարէին պատմական շրջադարձային ժամանակահատուածի հոգեւոր ու մշակութային արժէքները, վերադարձնել իրենց տիրոջը՝ հայրենի ժողովրդին: Նրան վերադարձնել այն անունները, որոնք հանրայայտ եղան սփիւռքում, բայց երկաթէ վարագոյրներից դուրս մնացին նախ եւ առաջ խոր ազգային դիմագիծ ունենալու պատճառով: Առաջարկում եմ մտածել՝ արդեօ՞ք հայաստանաբնակ հայութեան մտքի ու հոգու սեփականութիւնն են այսօր դարձել Յակոբ Օշականը, Լեւոն Շանթը, Աւետիս Ահարոնեանը, Գաբրիէլ Լազեանը, Միքայէլ Վարանդեանը, Վահան Նաւասարդեանը, Շաւարշ Նարդունին, Վազգէն Շուշանեանը եւ շատշատ ուրիշներ: Երեւոյթն ինչի՞ արդիւնք է՝ անփութութեա՞ն, թէ՞ որոշակի հոգեբանութեան:
Եթէ աւելի լայն բացենք ընդհանրացումների կարկինը, ապա յիշեալ հոգեբանութիւնը կը տեսնենք Հայաստանում բազմակուսակցական համակարգի արժեզրկման եւ կուսակցական մենաշնորհի հաստատման, ամենաճշմարիտը լինելու եւ իշխանութիւնը տեսանելի հեռանկարում չզիջելու յաւակնութեան, կռապաշտութիւնը մերժող Նժդեհից ու կենդանի “առաջնորդներից“ նոր կուռքեր ստեղծելու եւ նման այլ մտայնութիւնների դրսեւորման մէջ: Մտովի անցնելով շարադրուած փաստերի տրամաբանական շղթայով‘ միանգամայն հասկանալի եւ օրինաչափ է դառնում, թէ ինչո՞ւ է ծագում Միկոյեանների համայնավարական գաղութատիրութիւնից ազատագրուած երկրում Սպանդարեանների, Միկոյեանների արձաններ ունենալու բաղձանքը:
Միւս կողմից՝ ժողովուրդը բնազդով զգում է, թէ ինչ վտանգաւոր նոր օղակներ կարող է ունենալ մտայնութիւնների տուեալ շղթան, որոշակի շարունակականութեան մէջ: Այո, չպէտք է թոյլ տալ, որ Հայաստանում վերակենդանանան չարիքի կուռքերը: Ուզում եմ հաւատալ, որ, ի վերջոյ, նման եզրակացութեան կը հանգեն նաեւ իշխանաւորները եւ դրանով միաժամանակ կը յաղթահարեն իրենց ներքին երկւութիւնը:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀՊԱԶԵԱՆ

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles