ԻՆՉՈ՞Ւ է “ԲԱՐԳԱՒԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ“Ը ՓՈՐՁՈՒՄ “ՍԱՆՁԵԼ“ Հ.Յ.Դ.-ԻՆ

0 0
Read Time:4 Minute, 33 Second

dzaroug2

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
(յապաւումով)

“Ժառանգութիւն“ կուսակցութեան անդամ Ռուբէն Յակոբեանն ասել է, որ ներկայիս եռեակն իսկապէս խախտել է իշխանութեանը ներկայացուած 12 պահանջների կատարման գնահատականի վերաբերեալ յայտարարութիւնը Հ.Յ.Դ.-ի հետ քննարկելու պայմանաւորուածութիւնը:
Ռուբէն Յակոբեանի յայտարարութիւնը իւրօրինակ ինքնախոստովանութիւն էր այն մասին, որ Հոկտեմբերի 10-ի նախօրէին եռեակը միտումնաւոր է Դաշնակցութեանը զրկել 12 պահանջների վերաբերեալ յայտարարութեան համահեղինակի իրաւունքից եւ այն ներկայացրել միայն եռեակի անունից, թէեւ դրա վերաբերեալ Հ.Յ.Դ.-ի դիրքորոշումն ու գնահատականները գրեթէ նոյնական էին եռեակինի հետ: “Ժառանգութիւն“ խմբակցութեան ղեկավարը, սակայն, չի բացել փակագծերը, թէ ինչո՞վ է պայմանաւորուած նախկին գործընկերոջ նկատմամբ նման խտրական վերաբերմունքը:
Հոկտեմբերի 10-ի հանրահաւաքում Լեւոն Տէր Պետրոսեանը յայտարարել էր, թէ յարգանքով են վերաբերւում սահմանադրական փոփոխութիւնների հարցում Հ.Յ.Դ.-ի դիրքորոշմանը եւ շարունակելու են նրա հետ քառեակի ձեւաչափով համագործակցութիւնը խորհրդարանում: Սակայն այս քառօրեայի հէնց առաջին օրը պարզ դարձաւ, որ կա՛մ Տէր Պետրոսեանը չի տիրապետում իրավիճակին, կա՛մ նրա գործընկերներն այնքան էլ լուրջ չեն վերաբերւում նրա տուած գնահատականներին: Ոչ իշխանական երեք ուժերը` “Բարգաւաճ Հայաստան“ը, “Քոնկրէս“ը եւ “Ժառանգութիւն“ը, շրջանառութեան մէջ էին դրել Հայաստանի կառավարման ճգնաժամի վերաբերեալ արտահերթ նիստ հրաւիրելու որոշման մի նախագիծ, որին, սակայն, Դաշնակութիւնը չէր միացել:
Հ.Յ.Դ. խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը դա բացատրել էր նրանով, որ թէեւ կողմ են դրան, բայց չեն կարող միանալ ինչ-որ նախաձեռնութեան, որը չի քննարկուել եւ չի համաձայնեցուել իրենց հետ: “Այդ աշխատաոճը մեզ համար բացարձակապէս անընդունելի է: Դաշնակցութիւնը երբեք թոյլ չի տայ իր հետ այդ ոճով խօսել: Մենք միանում ենք բոլոր այն նախաձեռնութիւններին, որոնցում դերակատար ենք եղել, որոնք մեզ հետ քննարկուել են: Եթէ մեզ հետ չեն քննարկուել, դէմ են տալիս ինչ-որ թուղթ` ստորագրելու, մենք երբեք դա չենք արել եւ չենք էլ անի“,- ասել էր նա:
Եռեակի ներկայացուցիչ ուժերից որեւէ մէկն այս կապակցութեամբ դեռեւս մեկնաբանութիւն չի տուել, առաւել եւս` հերքել Ռուստամեանի հիմնաւորումները, ինչից պէտք է եզրակացնել, որ այս նախաձեռնութեան շրջանակում եւս եռեակը գործել է այն նոյն ձեռագրով, ինչպէս 12 պահանջների մասին յայտարարութեան պարագայում: Ակնյայտ է, որ այս ամէնը պատահականութիւն չէ, այլ յստակ քաղաքական ուղեգիծ:
Հարցն այն է` ո՞րն է այս գործելաոճի իրական նպատակը: Եռեակին ու, յատկապէս, “Բարգաւաճ Հայաստան“-ին կից տեղեկատուական խողովակների միջոցով յամառօրէն տարածւում է այն տեսակէտը, թէ եռեակը չի ուզում համագործակցել Հ.Յ.Դ.-ի հետ, քանի որ, իբր, կասկածում է, թէ Հ.Յ.Դ.-ն սահմանադրական փոփոխութիւնների քօղի տակ գործարքի մէջ է իշխանութեան հետ: Հ.Յ.Դ. խմբակցութեան ղեկավարը երէկ ասել է, թէ բանակցութիւններ, իսկապէս, վարուել են, որոնք, սակայն, վերաբերել են միայն սահմանադրական փոփոխութիւնների հայեցակարգին եւ կառավարման խորհրդարանական համակարգին անցման մեխանիզմներին` դրանք Դաշնակցութեան ակնկալիքներին համապատասխանեցնելու նպատակով:
Որ բանակցութիւններ պէտք է վարուէին, Հ.Յ.Դ.-ն հասկանալի է դարձրել ի սկզբանէ: Այն դէպքում, երբ կուսակցութիւնը սկզբունքային է համարում երկրում առկայ խնդիրների մեծ մասը կառավարման համակարգի փոփոխութեամբ պայմանաւորելը, անկախ նրանից` միւսները կիսում են այդ դիրքորոշումը, թէ` ոչ, հակառակը կը լինէր ուղղակի անտրամաբանական: Որովհետեւ հասկանալի չէր լինելու, թէ քաղաքական ուժը այլ կերպ ինչպէ՞ս պէտք է հասնի փոփոխութիւնների հայեցակարգում կամ յետագայում նաեւ նախագծում իր ցանկալի լուծումների ամրագրմանը:
Միւս կողմից` այդ բանացկութիւնները գործարք որակելու համար նախ անհրաժեշտ է ասել, թէ ո՞րն է Հ.Յ.Դ.-ի ակնկալիքը: “Բարգաւաճ Հայաստան“-ից փորձում են այն կանխակալ կարծիքը ձեւաւորել, թէ Հ.Յ.Դ.-ն ցանկանում է մտնել իշխանութեան մէջ: Սա կը լինէր միանգամայն հիմնաւոր, եթէ Հ.Յ.Դ.-ն պաշտօնապէս ի սկզբանէ յայտարարած չլինէր, որ չի կարող մտնել իշխանութեան մէջ կամ համախոհական յարաբերութիւնների մէջ, երբ, հաշուի առնելով Հայաստանի “Հանրապետական Կուսակցութեան“ բացարձակ մեծամասնութիւն ունենալու հանգամանքը, հնարաւորութիւն չի ունենալու ազդել կայացուող քաղաքական որոշումների վրայ:
Մինչդեռ ուժերի այդպիսի վերադասաւորում հնարաւոր է միայն երկու դէպքում` կա՛մ երբ ուժերի յարաբերակցութեան փոփոխութիւն է տեղի ունենում Ազգային ժողովում, եւ Հայաստանի Հանրապետական Կուսակցութիւնը դադարում է ունենալ պարզ մեծամասնութիւն, կա՛մ էլ երբ կայանում են խորհրդարանական նոր ընտրութիւններ, եւ Հայաստանի Հանրապետական Կուսակցութիւնը կրկին մեծամասնութիւն չի ունենում:
Այս նախադրեալներից որեւէ մէկը, սակայն, գոնէ այս պահին գոյութիւն չունի: Հետեւաբար` գործարքի մէջ լինելու վերաբերեալ մեղադրանքը, մի կողմից, որեւէ քաղաքական կամ տրամաբանական հիմք չունի ու սկսնական ղեկավարման հնարք է, իսկ միւս կողմից` հէնց եռեակի կամ նրա որեւէ ներկայացուցիչ ուժի կողմից իշխանութեան հետ առկայ կամ հնարաւոր գործարքը քօղարկելու միջոց է, ինչպէս յայտնի ասացուածքում` գողն է առաջինը գոռում` բռնեցէք գողին:
Սա Հ.Յ.Դ.-ի նկատմամբ որդեգրուած քաղաքականութեան միայն արտաքին, մանիպուլեատիւ ընկալումն է: Իրականում նպատակները, որոնք երկուսն են, շատ աւելի խորքային են:
Առաջինը սահմանադրական փոփոխութիւններին կողմ արտայայտուելը իշխանութեան հետ գործարքի մէջ լինելու հետ ասոցացնելն է: Այսինքն` եթէ կողմ ես սահմանադրական փոփոխութիւններին, ուրեմն կողմ ես Սերժ Սարգսեանի եւ Հայաստանի հանրապետական Կուսակցութեան:
Սա քաղաքական դաշտը սեւի ու սպիտակի բաժանելու` արդէն ծանօթ մարտավարութիւն է` թէ՛ քաղաքական ուժերին եւ թէ՛ հասարակութեանը իւրայինների ու դաւաճանների ճամբարների բաժանելու միտումով: Այսպիսի բաժանումների պարագայում բացարձակապէս արժէզրկւում են այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են գաղափարականութիւնը, ծրագրահէնութիւնը եւ հետեւողականութիւնը:
Երկրորդ` եռեակը ձգտում է ցանկացած գնով քաղաքական գործընթացներից մեկուսացնել Հ.Յ.Դ.-ին, նրան դնել լուսանցքային վիճակի մէջ եւ դրանից խուսափելու համար կանգնեցնել երկընտրանքի առջեւ` գնալ իշխանութեան գիրկը` վաստակելով դաւաճանի խարանը եւ կամ հրաժարուել սահմանադրական փոփոխութիւններից եւ “վերադառնալ քառեակի ձեւաչափ“: Բայց դա արդէն լինելու է վերադարձ ոչ թէ հաւասար, այլ կրտսեր եւ ենթակայ “գործընկերոջ“ կարգավիճակով` առանց դէմք ունենալու եւ ստիպուած լինելով ընդունելու եռեակի, աւելի ճիշտ` “Բարգաւաճ Հայաստան“-ի կողմից կայացուելիք բոլոր որոշումները, այդ թւում` նաեւ կապուած նախագահի` “Բարգաւաճ Հայաստան“-ի կողմից նախընտրելի միասնական թեկնածուին ընդունելու հեռանկարի հետ:
…Սակայն, անհնազանդ Դաշնակցութեան “կամակորութեան սանձահարման“ այս գործողութիւնը, որի կազմակերպման համար “Բարգաւաճ Հայաստան“ի մտաւոր կարողութիւնը հաստատ չէր բաւարարի, յղի է ոլորանետի (պումըրանկ) ոճով: Որովհետեւ դեռ պարզ չէ, թէ նախագահի աթոռի համար “Բարգաւաճ Հայաստան“-“Քոնկրէս“ զոյգի եւ Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան սկսած այս խաղից, որտեղ “ժառանգութիւն“ը պատանդի կարգավիճակում է, ինչպէս դուրս կը գան գործող դերակատարները: Յատկապէս, երբ պարզուի, որ իշխանութեան սահուն փոխանցման շուրջ իրական գործարքը տեղի է ունենում ոչ թէ սահմանադրական փոփոխութիւնների, այլ հանրային դժգոհութեան եւ հանրահաւաքների քօղածածկոյթի տակ:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles