“ԱՐՑԱԽՈՒՄ Հ.Յ.Դ. ՈՒՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԻՒՆ ԻՐ ԿՇՌՈՎ ԵՒ ՆԵՐԿԱՅՈՒԹԵԱՄԲ“ ԿԸ ՅԱՅՏՆԷ ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ

0 0
Read Time:4 Minute, 43 Second

p4 davitiskhanian-  Ստորեւ, լոյս կ՛ընծայենք հարցազրոյց մը, կատարուածԱպառաժի (Անի Ազատեան) կողմէ, Հ.Յ.Դ. Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի հետ, որ անդրադարձած է Արցախի մէջ կայացած Շրջանային ժողովին:

Հ.- Վերջերս տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. Արցախի կառոյցի Շրջանային ժողովը եւ ընտրուեց Կեդրոնական կոմիտէի նոր կազմ: Դուք վերընտրուեցիք անոր ներկայացուցիչ: Առհասարակ ի՞նչ է Շրջանային ժողովը:

Պ.- Շրջանային ժողովը, դա շրջանի բարձրագոյն ժողովն է, որը գնահատական է տալիս անցած երկամեակում կատարուած աշխատանքներին եւ ուղենշում է առաջիկայ երկու տարուայ քաղաքական գիծը, եւ որին մասնակցում են ներկայացուցիչներ Արցախի բոլոր շրջաններից:

Հ.- Ի՞նչ արձանագրեց Շրջանային ժողովը, որո՞նք են լինելու առաջիկայ կարեւորագոյն ծրագրերը եւ Հ.Յ.Դ. Արցախի կառոյցի առաջնային, օրակարգային հարցերը:

Պ.- Միանշանակ կարող եմ ասել, որ քաղաքական ուղեգծում եւ քաղաքական դիրքորոշումներում` այս ժողովի արդիւնքում որեւէ փոփոխութիւն տեղի չի ունեցել: Այն քաղաքական ուղեգիծը, որը 2007 թուականից որդեգրել է Հ.Յ.Դ. Արցախի կառոյցը, մնում է անփոփոխ: Այս ժողովի արդիւնքում սկզբունքային հարցերում լուրջ փոփոխութիւններ տեղի չեն ունեցել: Թարմացուել է ԿԿ կազմը` 7-ից հասցնելով 9-ի: Նկատի առնելով առաջիկայ տարիների քաղաքական զարգացումները, Շրջանային ժողովը որդեգրել է աւելի մեծ ծանրութիւն եւ պատասխանատուութիւն դնել նորակազմ ԿԿ-ի վրայ: Շրջանային ժողովը իր որոշումներում եւ ընդունուած բանաձեւերում արձանագրեց այն կարեւորագոյն հիմնախնդիրները, որոնք առաջիկայ երկամեակում պէտք է լինեն Հ.Յ.Դ. Արցախի կառոյցի հիմնական օրակարգում:

Շրջանային ժողովն անդրադարձել է Արցախում ստեղծուած ընկերային-տնտեսական ծանր կացութեանը եւ այդ վիճակից դուրս գալու որոշակի ուղիներին: Բնականաբար, նման կարգի ժողովներում ամբողջական ծրագրային հիմադրոյթներ չեն ներկայացւում, այլ ռազմավարական սկզբունքներն են ճշգրտւում եւ տալիս են այն ուղղութիւնները, որի շուրջ պէտք է գործի նորընտիր ԿԿ-ն: Կենտրոնական կոմիտէն` որպէս մեր շրջանի գործադիր մարմին, պէտք է այդ քաղաքական ուղեգծի շրջանակներում մշակի եւ փորձի լուծում տալ ծառացած հիմնախնդրի: Ժողովն անդրադարձել է մի շարք կազմակերպական խնդիրների, հիմնահարցերի եւ, նկատի առնելով այդ ամէնը, կայացրել է համապատասխան որոշումներ:

Շրջանային ժողովի դիրքորոշմամբ` ներքին դաշտում իշխանութիւնների հետ յարաբերութիւնները բնականաբար մնում են անփոփոխ: Դաշնակցութիւնն Արցախում իշխանութեան մէջ լինելով հանդերձ` ունի պատասխանատուութեան իր չափաբաժինը իր քաղաքական կշռով եւ իր ներկայութեամբ:

Արտաքին ճակատում մեր մարտահրաւէրները նոյնն են. այն է` Արցախի հիմնահարցի լուծման գործընթացում նաեւ Արցախի իշխանութիւնների հետ ձգտել արտաքին ճակատի վրայ տարուող աշխատանքներում արձանագրել յաջողութիւններ: Արցախի միջազգային ճանաչման գործընթացը օրակարգային հարցերից մէկն է, որն առաջիկայ տարիներին մեր հիմնահարցերից մէկն է:

Հ.- Իշխանական օղակներում ի՞նչ դերակատարութիւն պէտք է ունենայ Հ.Յ.Դ.ն:

Պ.- Այս ասպարէզում կարեւորագոյն դերակատարութիւն ունեն երկու օղակներ. մէկը Արցախի խորհրդարանում Հ.Յ.Դ. “Դաշնակցութիւն“ խմբակցութեան գործունէութիւնն է, որը լինելու է ոչ միայն օրէնսդիր օղակում, այլ ընդհանրապէս քաղաքական դաշտում մեր կարեւորագոյն օղակներից մէկը:

Դաշնակցութեան Արցախի կառոյցը իր մի շարք տեսակէտներ, խնդիրներ փորձելու է երեւան հանել “Դաշնակցութիւն“ խմբակցութեան մակարդակով: Միւս կողմից` իշխանութեան մէջ գործող դաշնակցական պետական պաշտօնեաներն են, որոնք թուակազմով քիչ են, բայց իրենց ուսերին կրում են շատ մեծ ծանրութիւն եւ պատասխանատուութիւն: Այդ իսկ առումով` մեզ համար կարեւոր է օրէնսդիր եւ գործադիր օղակներում աշխատող դաշնակցական ընկերների աշխատանքների համադրութիւնը, որն իրականացւում է է Կենտրոնական կոմիտէի միջոցով: Նկատի առնելով ներքին ծանր կացութիւնը, ժողովրդի մօտ ստեղծուած ընկերային եւ կենցաղային դժգոհութիւնների ալիքը, ապագայի նկատմամբ որոշակի յուսահատական մթնոլորտը, Դաշնակցութեան Արցախի կառոյցը փորձելու է իր ջանքերը գործադրել այդ մտահոգութիւնները փարատելու եւ այդ հիմնախնդիրների լուծման տարբերակներ առաջարկելու ուղղութեամբ: Հ.Յ.Դ. կառոյցի առաջնային խնդիրներից մէկը հանդիսանում է վերաբնակեցման խնդիրը եւ այդ ուղղութեամբ տարուող աշխատանքները: Թերեւս պէտք է արձանագրենք, որ վերջին մէկ տարուայ ընթացքում Արցախի իշխանութիւնների մօտ նկատելի է վերաբնակեցման ուղղութեամբ կատարուող գործնական քայլեր: Այդ ոլորտում մասնաւորապէս դերակատարութիւն ունի դաշնակցական պաշտօնեայ փոխվարչապետ Արթուր Աղաբեկեանը, որ այդ ոլորտում արդէն իսկ լուրջ աշխատանքներ է նախաձեռնել իրականացնել: Այդ ոլորտում դաշնակցական պաշտօնեայի ներկայութիւնը եւ իր մօտեցումները կարող են ստեղծել նոր մթնոլորտ եւ նոր որակ վերաբնակեցման ոլորտում: Արդէն իսկ շրջանառութեան մէջ դրուած ազգային վիճակախաղի գաղափարը կարող ենք դարձնել շարունակական եւ գործնական միջոց` այդ ոլորտում արմատական փոփոխութիւններ մտցնելու համար: Սակայն վերաբնակեցման ոլորտի համար կարեւոր է նաեւ Արցախի եւ Հայաստանի պետական պիւտճէներում համապատասխան յատկացումների միջոցով ստեղծել այն հիմքը, որի շուրջ կարելի է կենտրոնացնել համահայկական այլ կառոյցների միջոցները: Առանց պետական լուրջ քաղաքականութեան, որոնք պէտք է արտացոլուած լինեն նաեւ պետական միջոցներով, այս ոլորտում հնարաւոր չէ յաջողութիւնների արձանագրում: Մենք Սիրիայից Արցախ տեղափոխուած մեր հայրենակիցներին, իշխանութեան հետ համագործակցելով, փորձում ենք աջակցութիւն ցուցաբերել:

Հ.- Ձեր հարցազրոյցներից մէկում նշել էիք, որ ցանկացած ընտրութեանը յաջորդող օրն արդէն սկսւում է յաջորդ ընտրութիւնների նախապատրաստական փուլը: 2015-թուականին Արցախում սպասւում են խորհրդարանական ընտրութիւններ. այդ առումով նկատելի՞ է արդեօք ակտիւութիւն ներքաղաքական շրջանակներում:

Պ.- Գաղտնիք չէ, որ արդէն Արցախում գործող քաղաքական ուժերի կողմից սկսուել է մրցավազք: Այդ ամէնը չի կարող աննկատ մնալ Դաշնակցութեան Արցախի կառոյցի ուշադրութիւնից: Առկայ են որոշակի բացասական դրսեւորումներ, որոնք այնքան էլ յարիր չեն Արցախում գործող քաղաքական ուժերին: Այնուհանդերձ, մենք փորձելու ենք մեր սկզբունքներով եւ մեր մօտեցումներով համապատասխան աշխատանքներ ծաւալել:

Այն, որ որեւէ ընտրութիւնից յետոյ սկսւում է յաջորդ ընտրութիւնների նախապատրաստումն ու պայքարը, դա բնական երեւոյթ է: Սակայն ուզում եմ նշել որոշակի արատաւոր երեւոյթներ, որոնք մուտք են գործում մեր քաղաքական դաշտ: Չեմ ցանկանում անդրադառնալ Հայաստանի քաղաքական դաշտին, սակայն այն երեւոյթները, որոնք առկայ են Հայաստանում, կարծես թէ ներմուծւում են Արցախ: Ես կ՛ուզենայի, որ քաղաքական ուժերի կողմից 2014 եւ յաջորդող 2015 թուականին մինչ ընտրութիւնները որդեգրուեն դասական քաղաքական մշակոյթի դրսեւորման գործընթացներ, որոնք կարող են աւելի բարձր գիտակցականութիւն ապահովել եւ որով կարող են նաեւ ապագայում ազդեցութիւն թողնել Հայաստանի քաղաքական դաշտի վրայ: Եւ Արցախում ձեւաւորուած քաղաքական մշակոյթը օրինակ հանդիսանայ թէ Հայաստանի Հանրապետութեան եւ թէ այլ երկրների համար: Այդ առումով` Հ.Յ.Դ. Արցախի կառոյցը միշտ ունեցել է այդ սկզբունքներով առաջնորդուելու գիտակցութիւնը, եւ յոյս ունենք, որ մեր հանրութիւնը այդ ամէնը կը տեսնի առաջիկայ տարիների մեր դրսեւորումներում:

Հ.- Ձեր ամանորեայ մաղթանքը մեր հայրենակիցներին:

Պ.- Ի վերջոյ, մենք հետեւում ենք թողնում այդ չարաբաստիկ 13 թիւը: Եթէ մենք կարողացել ենք յաղթահարել այս ծանր տնտեսական, քաղաքական եւ բարոյահոգեբանական տարին, ես լիայոյս եմ, որ 2014 թուականը լինելու է յաջողութիւնների եւ առաջընթացի տարի: Հ.Յ.Դ. Արցախի կառոյցի եւ անձամբ իմ անունից շնորհաւորում եմ Արցախի ժողովրդի եւ աշխարհասփիւռ հայութեան Նոր տարին եւ Սուրբ ծնունդը` ցանկանալով բարօրութիւն: Թող մեր երկու հայկական պետութիւնների համար 2014 թուականը լինի ծաղկման եւ բարգաւաճման տարի:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles