
35 տարի առաջ` 1988 թուականի փետրուարի 20-ին, ԼՂԻՄ բարձրագոյն ներկայացուցչական մարմինը, ժողովրդական պատգամաւորների 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում արտայայտելով ինքնավար երկրամասի ժողովրդի բացարձակ մեծամասնութեան կամքն ու ցանկութիւնը, պատմական որոշում կայացրեց ԼՂԻՄ-ը Ատրպէյճանի ԽՍՀ կազմից դուրս գալու եւ Հայաստանի ԽՍՀ-ին վերամիաւորուելու մասին: Այդ որոշումը լիովին համապատասխանում էր ԽՍՀՄ գործող սահմանադրութեանը եւ միջազգային իրաւունքի սկզբունքներին: Փետրուարի 20-ի որոշումը պայմաններ ստեղծեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան կազմաւորման եւ նրա միջազգային ճանաչման գործընթացը տանել համաշխարհային հանրութեան կողմից դաւանուող իրաւական չափանշերով:
1988 թուականի իրադարձութիւնները զօրաշարժի ենթարկեցին համայն հայութեանը: Սեփական հայրենիքում արժանապատիւ ու ազատ ապրելու եւ ազգային պետականութիւն ունենալու շարժումը համահայկական բնոյթ ստացաւ: Արցախը դարձաւ համազգային զարթօնքի խորհրդանիշ, իսկ ազգային-ազատագրական պայքարի արդիւնքում հայ ժողովուրդը վաստակեց անկախ պետականութիւն ունենալու իրաւունքը:
1988 թուականի փետրուարի 20-ի անկիւնաքարային նշանակութեան որոշմանը յաջորդեց 1991 թուականի սեպտեմբերի 2-ի ԼՂԻՄ մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ ընդունած հռչակագիրը, որը նոյն թուականի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքուէի միջոցով, միջազգային իրաւունքի չափանշերին համապատասխան, ամբողջացրեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան կազմաւորման գործընթացը:
35 տարիների ընթացքում համահայկական տիրոյթում իրագործուած ազգային ամէն մի ծրագրի գաղափարական հենքը 1988-ի իրադարձութիւններն էին:
Երեքուկէս տասնամեակների ընթացքում մենք անցել ենք բազմաթիւ փորձութիւնների միջով: Այսօր էլ Ազրպէյճանը շրջափակման միջոցով փորձում է կոտրել արցախահայութեան կամքը:
ՊԱՅՔԱՐԸ պէտք է դառնայ մեր կեանքի բոլոր ասպարէզների կարգախօսը:
Արտայայտելով Արցախի ժողովրդի կամքն ու ցանկութիւնները` Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը:
Կոչ է անում միջազգային կառոյցներին եւ ՄԱԿ-ի անդամ, մասնաւորապէս Մինսքի խմբի համանախագահ երկրներին` յայտարարութիւններից եւ յորդորներից զատ, գործնական քայլերով` քաղաքական, տնտեսական, ռազմական գործիքակազմերով, կանխել Ազրպէյճանի ցեղային զտումների եւ ցեղասպան քաղաքականութիւնը:
Դիմում է սփիւռքի եւ Հայաստանի Հանրապետութեան մեր հայրենակիցներին` հայ ժողովրդի արժանապատուութիւնը եւ լինելիութիւնը պաշտպանելու նպատակով համախմբել հայութեան ներուժը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել` սանձելու Ազրպէյճանի ծաւալապաշտական ու յարձակողապաշտ գործողութիւնները:
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը` որպէս ժողովրդի ձայնը ներկայացնող հաւաքական մարմին, հաւատարիմ է մարդու հիմնարար իրաւունքներին եւ, առաջնորդուելով ՄԱԿ-ի կանոնադրութեան արժէքներով ու սկզբունքներով, վճռական է տրամադրուած` իրացնելու իր պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու համաժողովրդական կամքը: Մեր խոնարհումը բերելով բոլոր ժամանակներում յանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ իրենց կեանքը նուիրաբերած հազարաւոր նահատակների յիշատակին, պատրաստակամ ենք շարունակել նրանց սուրբ գործը` յաղթական հանգրուանի հասնելու համար:
Համայն հայութեանը եւ Արցախի բարեկամներին շնորհաւորելով յիշարժան տօնի կապակցութեամբ, լիայոյս ենք, որ փետրուարեան զարթօնքը նոր լիցք կը դառնայ համազգային իղձերի իրականացման ճանապարհին:
Ստեփանակերտ
20 փետրուար 2023