
Հայաստանեան լրատուամիջոցներում այս օրերին երկու թեմա է քննարկւում` սահմանադրական բարեփոխումներ եւ Հ.Յ.Դ.: Ընդ որում` դժուար է ասել` որն է առաջին տեղում` սահմանադրական բարեփոխումների հետ կապուած այս ողջ իրարանցո՞ւմը, թէ՞ Հ.Յ.Դաշնակցութիւնը, որ պաշտպանում է հրապարակ բերուած բարեփոխումների ծրագիրն ու այն համարում իր յաղթանակը:
Եւ պատկերացրէք` լինում են օրէր, երբ մամուլը, սահմանադրական բարեփոխումների փաթեթն ու Սերժ Սարգսեանին թողած, Դաշնակցութեան եւ առանձին դաշնակցականների վարքն է քննում բարեփոխումների ֆօնին ու այնպիսի եզրակացութիւնների յանգում, որ մարդ մնում է ափիբերան` ֆիլմի հերոսի խօսքով` վայ, մամա ջան, էս ինչ է կատարուում…
Մի պարզ օրինակ բերեմ, որ լաւ պատկերացում կազմէք մեր լրատուամիջոցների վառ երեւակայութեան մասին: Հ.Հ. նախագահի մօտ սահմանադրական բարեփոխումների հետ կապուած քննարկմանը ներկայ էին Արմէն Ռուսատամեանն ու Աղուան Վարդանեանը, իսկ Արծուիկ Մինասեանը, ով, ըստ որոշ գնահատականների, Հ.Յ.Դ. թիւ 1 սահմանադրագէտն է, ներկայ չէր: Այս դրուագն իսկ բաւական էր հայրենի մի շարք լրատուամիջոցներին, որպէսզի գրէին, թէ Դաշնակցութիւնում ինչ-որ բան այն չէ: Իսկ թէ ի՞նչ, դա արդէն հեշտ է մոգոնելը: Օրինակ` ինչո՞ւ այդ առիթից չօգտուել եւ հերթական անգամ չպնդել, որ Հյդ-ն գնում է կոալիցիայ, իսկ Արծուիկ Մինասեանն էլ նեղացել է, որովհետեւ Հյդ-ում որոշել են իրեն պորտֆել չտալ: Դժուար թէ Հ.Հ. նախագահ-հյդ հանդիպման վրայ սեւեռուած մեր գործընկերները չիմանան, որ քաղաքական խնդիրները, սովորաբար, քննարկում են տուեալ քաղաքական ուժի քաղաքական ղեկավարութեան հետ, այս դէպքում` Հ.Յ.Դ. Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի եւ Հ.Յ.Դ. Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Աղուան Վարդանեանի:
Իսկ Արծուիկ Մինասեանի բացակայութիւնն էլ կարող էր հազար ու մի այլ պատճառ ունենալ, քան այն, ինչ իրենք են մտածում (իրականում Մինասեանն ընդամէնը մի քանի օրով հանգստի էր մեկնել Սիսիան): Նրանց ներսում նստած քրոնիկական հակադաշնակցականութիւնը, որ, հաւանաբար, գալիս է պոլշեւիկեան դարաշրջանից, ստիպում է առիթը օգտագործել հերթական անգամ Դաշնակցութեանը հարուածելու համար:
Մենք այլ բացատրութիւն չունենք, քանզի յստակ էր, որ Հ.Հ. նախագահի հետ հանդիպմանը չէին մասնակցում նաեւ «Բարգաւաճ Հայաստան»ի, «Օրինաց Երկիր»ի, Հ.Հ.Շ.-ի լաւագոյն սահմանադրագէտները, բայց նշուածների մասին մամուլը, չգիտես` ինչու, չի գրում, թէ նրանք ներքին խնդիրներ ունեն:
Ինչեւէ, ոմանց խիստ հետաքրքրում է հարցը, թէ ինչու Արծուիկ Մինասեանը ակտիւ չէ առաջուայ նման, եւ արդեօ՞ք, քոալիցիա մտնող Հ.Յ.Դ.-ի զրկուելը չէ պատճառը, որ նա այլեւս չի խօսում: Ի՞նչ կարելի ասել Արծուիկ Մինասեանի ճակատագրով «մտահոգ» մեր առաջատար լրատուամիջոցներին: Թերեւս ճիշտ կը լինէր մի քիչ էլ համբերել եւ Սեպտեմբերին մեկնարկող Ազգային Ժողովի նիստերի հետ համոզուել, որ Արծուիկ Մինասեանը ոչ միայն մտադիր չէ լռել, այլեւ վճռական է` կուսակցութեան հետ իր կատարած հսկայական աշխատանքը առաջ տանելու հարցում: Եւս մի դիտարկում եւ դրանով ամփոփենք. նաեւ Արծուիկ Մինասեանն է քանիցս յայտարարել, որ Հ.Յ.Դ.-ում կոալիցիայ մտնելու եւ պորտֆելներ ստանալու հարց չի քննարկւում: