«Ես էլ եմ ափսոսում, որ հնագէտ Վահան Յովհաննիսեանը դարձաւ քաղաքական գործիչ», կը յայտնէր Վահան Յովհաննիսեան

0 0
Read Time:9 Minute, 34 Second

v12

Ստորեւ, յապաւումով լոյս կ՛ընծայենք հետաքրքրական հարցազրոյց մը կատարուած Վահան Յովհաննիսեանի հետ, 2007-ին, «3 Միլիոն» ամսագրի աշխատակից՝ Տիգրան Թոմիկեանի հետ:

Հ – Ինչպէ՞ս հնագէտ Վահան Յովհաննիսեանը դարձաւ քաղաքական գործիչ:
Պ – 1988-ին, հնագէտ Վահան Յովհաննիսեանին պարզ դարձաւ, որ երկիրը բոլորովին նոր ուղղութեամբ պէտք է գնայ, որ ղարաբաղեան պայքարն անխուսափելիօրէն հրապարակախօսական մակարդակից տեղափոխւում է ուժային ոլորտ: Ես էլ պարտաւոր էի իմ ազգի նկատմամբ պարտքս կատարել: Պէտք էր մաս կազմել հայ ժողովրդի ճակատագրին: Այդպէս որոշեցին հազարաւոր մարդիկ, բայց, կարծում եմ, ճիշտ էին նրանք, ովքեր հասկացան, որ դա առանձին-առանձին անել հնարաւոր չէ: Պէտք է գտնել մի ուժ, որի միջոցով կ՚ինքնակազմակերպուես, կը դառնաս այդ ուժի մաս, կը բազմապատկես սեփական հնարաւորութիւններդ: Ես այդ ուժը գտայ` Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը: Դա ինձ համար հեշտ էր, որովհետեւ հայրս, լինելով վտարանդի, հակահամայնավարական պայքարի առաջնորդներից, դաշնակցական էր: Այդ իմաստով իմ ճանապարհը համեմատաբար հեշտ գտնուեց:

Իր հօր՝ Եդուարդ Յովհաննիսեանի հետ
Իր հօր՝ Եդուարդ Յովհաննիսեանի հետ

Հ – Այսինքն, Ձեզ մօտ որոշակի գաղափարախօսութիւն ձեւաւորուել էր դեռ ընտանիքո՞ւմ:
Պ – Մեր ընտանիքում հակախորհրդային տրամադրութիւնները փոխանցուել են սերնդէ սերունդ: Այսինքն, այնպէս չէ, որ յանկարծ Սօլժենիցին կարդացի ու ամէն ինչ հասկացայ: 10-րդ դասարանում էի, երբ հայրս գնաց: Բայց, կարծում եմ, որ եթէ մարդը 1970-ականների սկզբին չէր հասկացել, թէ ինչ հրէշաւոր դրութիւն է խորհրդային դրութիւնը, ուրեմն մինչեւ հիմա էլ երեւի չի հասկացել: Իսկ ես արդէն այն ժամանակ հասուն երիտասարդ էի, եւ հօրս ու քեռուս տուած դաստիարակութիւնն ինձ հասկացրել էր, որ Խորհրդային Միութիւնն անխուսափելիօրէն վերանալու է քարտէսից, եւ որ Հայաստանը պէտք է ամրապնդուի` սեփական, ինքնուրոյն ճանապարհը գտնելու եւ չխորտակուելու համար: Ցաւօք, գոյութիւն ունեցող ընտրանին «փերեսթ
րոյքա»ի ժամանակ եւ աւելի ուշ չկարողացաւ կատարել պատմականօրէն իրեն վերագրուած դերը: Արդիւնքում, ընտրանի դարձան մարդիկ, որոնք դրան բոլորովին պատրաստ եւ արժանի չէին, եւ մենք մինչեւ հիմա ազգային ընտրանիի փնտռտուքի մէջ ենք:
Հ – Արդեօք կարելի՞ է ենթադրել, որ Դուք մեծացել էք ոչ հանգստութեան մէջ:
Պ – Ոչ, ես էլ եմ հանգստութեան մէջ մեծացել: Մենք բոլորովին վատ չենք ապրել, որովհետեւ պապերս, նախապապերս բարձրակարգ մասնագէտներ են եղել` շինարարներ, ինժեներներ, զինուորականներ, եւ բոլորն էլ բարեկեցիկ կեանքով են ապրել: Իհարկէ, Սթալինի ժամանակ շատերը գնդակահարուել, աքսորուել են, բայց, ի վերջոյ, դաստիարակուած, մտաւորական մարդիկ են եղել: Հայրս, օրինակ, գիտութիւննե
րի տոքթոր էր եւ այն ժամանակների համար շատ բարձր աշխատավարձ էր ստանում: Մենք վատ չենք ապրել: Դա չէր պատճառը, որ մենք չէինք սիրում Խորհրդային Միութիւնը: Մենք քոյր-եղբայրներով բոլորս բարձրագոյն կրթութիւն ենք ստացել: Դա ընտանեկան դաստիարակութեան հետեւանք էր: Մենք շատ լաւ գիտակցում էինք, որ Խորհրդային Միութիւնը լաւ կրթական համակարգ ունէր: Այդ առումով ես բողոքելու տեղ չունեմ: Եթէ ասեմ, որ հօրս գնալուց յետոյ ես հետապնդուել եմ, դա էլ ճիշտ չի լինի: Բայց ես երբեք իմ անձնական բարեկեցութիւնն ազգային առաջընթացի հետ չեմ կապել: Այսինքն, եթէ դու լաւ ես ապրում, ապա դա չի նշանակում, որ երկիրդ ու ժողովուրդդ էլ են լաւ ապրում: Լաւ կը լինի, որ դա հասկանան նաեւ այսօրուայ լաւ ապրողները:
Հ – Պրն. Յովհաննիսեան, ինչպէ՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտութիւնը:

Ազատամարտիկ Վահան Յովհաննիսեանը
Ազատամարտիկ Վահան Յովհաննիսեանը

v7
Պ – Ես մանկութեան տարիներից էլ ուզեցել եմ պատմաբան դառնալ: Ինձ սկզբում աւելի շատ հետաքրքրում էր միջնադարը: Երբ ինստիտուտն աւարտելուց յետոյ վերադարձայ Հայաստան (Մոսկուայում եմ աւարտել), ցանկացայ աշխատել եւ զբաղուել միջնադարեան Հայաստանի, յատկապէս` Կիլիկեան թագաւորութեան ժամանակաշրջանով: Ի դէպ` երբ աւելի վաղ ես Հայաստանում փորձեցի պատմութեան հիմնարկ ընդունուել, «ամենավերեւից» պահանջ եկաւ, որ պատմութեան մէջ չմտնեմ, քանի որ այլախոհի որդի եմ: Ես ստիպուած ընդունուեցի բանասիրական հիմնարկ, բայց որպէսզի յետոյ անեմ այն, ինչ ուզում եմ, տեղափոխուեցի Մոսկուա: Երբ վերադարձայ` միջնադարի ուսումնասիրութիւնն էլ առջեւս փակեցին, ասացին, որ այնպիսի բան ընտրեմ, որը հեռու լինի մեր ժամանակներից, որպէսզի «դասակարգային պայքար» չլինէր: Ես ընտրեցի հնագիտութիւնը` պրոնզէ դարը: Ոտք ու ձեռքով մտայ դրա մէջ եւ հասկացայ, որ դա աշխարհում ամենալաւ մասնագիտութիւնն է:
Հ – Ասում են` հիանալի հնագէտ էք:
Պ – Ինչպէս ցանկացած գիտնական, հնագէտը կարող է լինել տաղանդաւոր, ջանասէր: Հնագիտութեան մէջ բախտն էլ նշանակութիւն ունի: Ես մի քիչ էլ բախտաւոր եմ եղել: Բախտն, իհարկէ, երկնքից ընկած նուէր չէ, պէտք է կարողանաս այն մասնագիտօրէն ճիշտ օգտագործես: Վատ հնագէտ չեմ եղել, բայց, կարծում եմ «հիանալի» բառը գիտնականին բնորոշելու համար ճիշտ բառ չէ:
Հ – Ի՞նչ յայտնի պեղումներ ունէք:
Պ- Ես տարբեր տեղէր եմ պեղումներ արել: Հարաւային Հայաստանում, յատկապէս` Վայքում, Դիլիջանի շրջակայքում, Սեւանի աւազանում: Սակայն ամենակարեւոր յուշարձանը, որի պեղումները ղեկավարել եմ, եղել է յայտնի Քարաշամբի դամբարանադաշտը` Երեւանից 30 քլմ. հիւսիս` Հրազդան գետի հունով: Այդ դամբարանադաշտի նիւթերը մինչեւ հիմա դեռ ամբողջութեամբ հրապարակուած չեն: Այնպիսի հիանալի յուշարձան էր, որ պետութիւնը նոյնիսկ որոշեց դրա մի մասը դարձնել արգելանոց եւ դեռ չպեղել, յետագայում աւելի նոր ու կատարելագործուած միջոցով շարունակել: Եւ հիմա այդպէս էլ մնում է: Դամբարանադաշտի տարածքը կառուցապատման տակ էր: Մենք շինարարների հետ հարցերով կարողացանք դադարեցնել շինարարութիւնը: Ես նոյնիսկ ստիպուած եղայ Աւանի դպրոցի աշակերտներին պառկեցնել դամբարանաթմբի վրայ, որ «թրաքթորներ»ը կանգնեն: Դրանից յետոյ մենք ստացանք պեղումների թոյլտուութիւն, արգելեցինք շինարարութիւնը եւ սկսեցինք աշխատանքները, որոնք այնպիսի արդիւնքներ տուեցին, որ 1940-ականներից սկսած` ամբողջ Հարաւային Կովկասում չեն եղել: Յայտնաբերուած գանձերը ներկայումս պահպանւում են Պատմութեան թանգարանում: Ես դրանք հրապարակել եւ դրանց հիման վրայ պաշտպանել եմ թեկնածուական աւարտաճառս:
Հ – Խօսում են, որ հնագէտ Պորիս Փիոտրովսքին ասել է, թէ ափսոսում է, որ հնագէտ Վահան Յովհաննիսեանը թողել է հնագիտութիւնը եւ դարձել քաղաքական գործիչ:

Իր կողակիցին հետ
Իր կողակիցին հետ

Պ – Փիոտրովսքու հետ մենք բաւական մօտ ենք եղել նաեւ ընտանիքներով: Նա եղել է իմ ղեկավարներից մէկը, երբ ես աշխատում էի «էրմիտաժ»ում եւ Լենինկրատի Արեւելագիտութեան ու Հնագիտութեան հիմնարկներում: Ինձ յայտնի չէ, որ նա նման բան է ասել: Բայց եթէ որեւէ մէկն ասել է դա, ապա ես համաձայն եմ: Ես էլ եմ ափսոսում: Բայց ճակատագիրն է ստիպել: Երբ պատերազմը Արցախում անխուսափելի դարձաւ, ես շատ երիտասարդ չէի, բայց մինչ այդ սովետական բանակում չինական սահմանի վրայ յատուկ ջոկատներում էի ծառայել: Զէնքին եւ պատերազմի արուեստին տիրապետում էի: Եթէ գիտելիքներ ունես, որոնք քո ժողովրդին այդ պահին պէտք են, ուրեմն ընտրութեան առջեւ ես` «եթէ ոչ` ես, ապա ո՞վ է: 1990-ականների սկզբին երկար կաշուէ անձրեւանոցներով ու սուր փայլուն կօշիկներով կամաւորներ էին յայտնւում Ղարաբաղում, ովքեր զէնքի ու կռուի մասին բացարձակապէս ոչինչ չգիտէին: Նրանց մէջ պոռթկումը, վիրաւորուած արժանապատուութիւնը, հայրենասիրութիւնը, Ղարաբաղը փրկելու ցանկութիւնը մեծ էին, բայց համապատասխան գիտելիքներ, թէ ինչպէս անէին դա` չկար: Այնպէս որ, իհարկէ, ափսոս, բայց ուրիշ ելք չկար:
Հ – Դուք ինչպիսի՞ հայր էք: Ձեր երեխաներին ճանաչողները գոհ են նրանց դաստիարակութիւնից:
Պ – Ես` որպէս հայր, բաւական երկար բացակայել եմ նրանց կեանքից. կա՛մ պեղումների եմ եղել, կա՛մ Ղարաբաղում, կա՛մ բանտում կամ խորհրդարանում: Երեխաներիս դաստիարակութեան մէջ կինս աւելի մեծ դերակատարում ունի, քան ես: Բայց պարկեշտութեան հիմքերն, այնուամենայնիւ, դրուած են եղել ընտանիքում, ինչն աւելի շատ գալիս է աւանդաբար:
Հ – Ազգային ժողովի լրագրողներն ասում են, որ Վ. Յովհաննիսեանը շատ սրամիտ է, երբեմն` հեգնական:
Պ – Սրամտութեան զգացում ունենալը նշանակում է` ընդունակ լինել ծիծաղել նաեւ ինքդ քեզ վրայ: Եթէ դու ընդունակ ես ծիծաղել միայն ուրիշների վրայ, ապա դա սրիկայութիւն է: Եթէ կարող ես քո մէջ, քո շրջապատի մէջ էլ մի քիչ ծաղրելու տարրեր տեսնել, դա արդէն իսկական հումորի զգացում է: Բարեբախտաբար, իմ աչքերն ամէն ինչի վրայ են բաց, ոչ միայն ուրիշի թերութիւնների: Բայցեւայնպէս, մեր Ազգային ժողովի (եւ ընդհանրապէս` մեր հասարակութեան) կեանքը սրամտութեան կիրառման շատ տեղէր է տալիս: Սրամտութեամբ աւելի շատ արատներ կարելի է բուժել, քան գոռալով, լուրջ դէմք ընդունելով եւ սեփական «ես»-ն այդ ձեւով պարտադրելով: Բայց ես երբեք ոչ ոքի չեմ վիրաւորում: Նոյնիսկ, երբ խօսքերիս մէջ սարկազմ կայ, երբեք այնպէս չեմ անում, որ ինչ-որ յստակ անձ վիրաւորուի: Եթէ ինչ-որ մէկին ուզում եմ վիրաւորել, այլեւս սրամտութիւնը վերջանում է: Ես ասում եմ ճակատին: Երբ սրամտութիւն եմ անում, այնպէս եմ անում, որ մարդն իրեն վատ չզգայ, այլ ինքն էլ ինձ հետ միասին գնահատի իրավիճակը: Սրամտութիւնը պէտք է բոլոր ղեկավարներին: Հայաստանի հասարակութեան մէջ տեսակէտ կայ, որ ղեկավարը պէտք է լինի անպայման չոր, լուրջ դէմքով, միշտ կոճկուած եւ փողկապով: Ես այդ տիպարը չեմ ընդունում:

Հ – Ի՞նչ նախասիրութիւն ունէք:
Պ – Երիտասարդ տարիքում հին դրամներ կը հաւաքէի եւ բաւական լաւ հաւաքածու ունէի, բայց ժամանակ չունենալու պատճառով հիմա դրանց տիրութիւն չեմ անում: Հիմնական նախասիրութիւնս կարդալն է, այսինքն` միշտ է դա եղել: Ի դէպ, ես կարդում եմ երկու տիպի գրականութիւն` գիտական գրականութիւն եւ գաղտնի ոստիկանական: Վերջինները աւելի շատ կարդում եմ, որպէսզի անգլերէնը չմոռանամ:
Հ – Ի՞նչ օտար լեզուների էք տիրապետում:
Պ – Շատ լաւ գերմաներեն գիտէի, բայց փորձ չլինելու պատճառով` մոռացուեց: Իհարկէ, էշը ցեխից կը հանեմ, գերմանական քաղաքում միշտ կը գտնեմ, թէ որտեղ են գարեջուր վաճառում: Գերմաներէնին փոխարինեց անգլերէնը, որը բաւական լաւ գիտեմ ( նշենք թէ ան անգլերէն սորված է բանտարկուած ժամանակ): Անգլիացիներին աւելի լաւ եմ հասկանում, քան ամերիկացիներին: Այսինքն, կիրթ անգլերենն աւելի հասկանալի է…: Հիմնարկում շատ լուրջ ուշադրութիւն էին դարձնում լատիներէնին: …Հայերէն ու ռուսերէն էլ եմ հասկանում… մի քիչ (կատակով):
Հ – Ձեր գրքերի նկատմամբ բծախնդի՞ր էք: Կարդալուց յետոյ դրանք լա՞ւ էք պահում:
Պ – Այո, ես լաւ գրադարան ունեմ: Պարզապէս տեղ չկայ դնելու: Տասնեակ արկղերով գրքեր նկուղում ունենք: Բաւական բնական գրադարան է: Լուրջ գեղարուեստական գրականութիւն հիմա քիչ եմ կարդում: Ինչ որ պէտք է, ես ժամանակին կարդացել եմ:

Հ – Երաժշտութիւն սիրո՞ւմ էք:
Պ Շատ: Ես շատ եմ սիրում Շթրաուս, Շոփէն, Մոցարթ: Եւ շատ եմ սիրում ռոք: Ճազ այդքան չեմ սիրում, թէեւ հիմա «մօտա» է դարձել, որովհետեւ երկրի նախագահը ճազ է սիրում (այդ օրերուն Ռոպերթ Քոչարեանն էր նախագահը):
Հ – Մարդկային արժէքներից ի՞նչն էք սիրում:

Դեսպան Վահան Յովհաննիսեան Գերմանիոյ նախագահ՝ Եոհաքիմ Կաուքի հետ
Դեսպան Վահան Յովհաննիսեան Գերմանիոյ նախագահ՝ Եոհաքիմ Կաուքի հետ

Պ -… Եթէ լուրջ խօսենք, ապա` խելքը: Խելքը, այլ ոչ թէ բճութիւնը: Անգլերէն լաւ բացատրողական կայ` street smart, այսինքն` փողոցի խելօքը: Կայ ճարպիկ խորամանկութիւն, խելք եւ իմաստութիւն: Վերջինս բոլորից պահանջել չես կարող, բայց խելքն ու պարկեշտութիւնը պէտք է լինեն: Մնացածն ինքն իրեն կը ստացուի:

Հ – Կանանց մէջ խելքը սիրո՞ւմ էք:
Պ – Պատկերացրէք` այո: Տղամարդիկ կանանց առաջին հայեացքով ուսումնասիրում են յատուկ ուշադրութիւն դարձնելով առանձին բարեմասնութիւններին: Ոմանք սկսում են կրծքերից, ոմանք` ոտքերից: Բայց յետոյ դրան պէտք է գումարուի խելքը, որ մարդու հետ հաճելի լինի խօսել, իրար հասկանալ: Իհարկէ, վտանգաւոր է, որ կինը եւ՛ խելացի է, եւ՛ գեղեցիկ: Կնոջ հետ:
Հ – Ինչո՞ւ:
Պ – Որովհետեւ դու դառնում ես նրա գեղեցկութեան ստրուկը եւ չես կարողանում հակակշռել քո խելքով: Եւ նա քեզանից ուժեղ է դառնում:
Հ – Ձեր եւ մեր սերնդի արժէքային համակարգերը շա՞տ են տարբեր:
Պ – Ձեզ կարող եմ ասել մի տարօրինակ բան: Մեր երիտասարդութեան տարիներին Հայաստանը շատ աւելի ազատ էր, մեր սերունդը բացարձակապէս կաղապարուած չէր` ո՛չ տղաները, ո՛չ աղջիկները: Իհարկէ, որոշ սահմանափակումներ կային եւ դրանք խորքային էին` կապուած ներքին համեստութեան եւ դաստիարակութեան հետ: Իսկ այսօր արտաքին սանձարձակութիւնը զուգորդւում է կաղապարուածութեան եւ արտաքին գռեհիկ դրսեւորումներ ունեցող ձեւական սահմանափակումներով: Օրինակ, ես շատ եմ նկատել կամ լսել երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից, որ եթէ տղան աղջկայ հետ պէտք է ժամադրուի, ապա պէտք է անպայման այդ աղջկայ եղբօրը զանգի, հարցնի` ուրիշ տղայ չկա՞յ շրջակայքում:

 Հոկտեմբեր 3, 2014-ին, հանրածանօթ կռփամարտիկ Արթիւր Աբրահամի հետ

Հոկտեմբեր 3, 2014-ին, հանրածանօթ կռփամարտիկ Արթիւր Աբրահամի հետ

Մեր ժամանակ այդպիսի բան չկար. կարող էր կռիւ էլ լինել, բայց յարաբերութիւնների մէջ արտաքին ձեւական սահմանափակումներ չկային: Միգուցէ ես սխալւում եմ: Բոլորն էլ, հասնելով յիսուն տարեկանի, կարծում են, որ իրենց սերունդն աւելի լաւն էր: Բացի այդ, այսօր երիտասարդների մի տեսակ կայ, որոնց իմ ժամանակ կարող էիր հանդիպել միայն Երրորդ մասում: Հիմա նրանք ամէնուրեք են: «Ամենուրեք» ասելով` ես նկատի ունեմ նաեւ իշխանութիւնը ինքնին: Որովհետեւ «ընտրանի» դարձան պատահական մարդիկ եւ սկսեցին թելադրել իրենց ճաշակը մարդկային յարաբերութիւնների, երաժշտութեան, նկարչութեան, ճարտարապետութեան եւ այլնի մէջ: Այսինքն` ալեկոծութեան արդիւնքում տիղմը բարձրացաւ ջրի մակերես: Ընկերների հետ:
Հ – Իսկ ինչպէ՞ս է պէտք պայքարել դրա դէմ:
Պ – Յայտնի դրուակ կայ: Մի երիտասարդ, բարոնետի կոչում նոր ստանալով, Չըրչիլին հարցնում է. «ինչո՞ւ իմ նկատմամբ վերաբերմունքը նոյնը չէ, ինչ` Ձեր նկատմամբ: Չէ՞ որ ես էլ եմ ազնուական»: Չըրչիլը պատասխանում է. «որովհետեւ դրա համար պէտք էր Օքսֆորտի համալսարանն աւարտել»: Երիտասարդը, թէ` «բայց ես աւարտել եմ…», Չըրչիլն ասում է. «ձեզ չէ, Ձեր պապին էր պէտք…»: Այսինքն, այս առումով մեր ժողովուրդը դեռ առաջին սերնդի ազգ է: Սերնդափոխութեան խնդիր է: Միշտ էլ տարբեր հասարակութիւններում յանկարծ հարստացած մարդիկ միանգամից չեն սովորում, որ, օրինակ, աղբը պէտք է թափել ոչ թէ աղբարկղի կողքը, այլ մէջը… Նրանք դա երբեք չեն սովորի, բայց նրանց երեխաներն ու թոռները` թերեւս…:

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles