
Ապրիլի 4-ին, Գրողների Տան մեծ դահլիճում, տեղի ունեցաւ Արամ Հայկազի պատմուածքների ընտրանու` “Ապրող ծառ մը“ գրքի շնորհահանդէսը (կազմող` Մարգարիտ Խաչատրեան, խմբագիր` Գէորգ Եազըճեան): Երեկոն վարում էր “Հայաստան“ հրատարակչութեան տնօրէն Վահագն Սարգսեանը:
Նա ասաց, որ հաւաքուել են ոչ թէ Արամ Հայկազ (Չեքեմեան, 1900-1986) գրողի մասին խօսելու, այլ նրա գրականութիւնը ներկայացնելու համար: Յատուկ վայելք է լինելու Կամօ Տէր-Պետրոսեանի բացառիկ ընթերցանութիւնը լսելը, իսկ գիրքը կազմողի, խմբագրի, հրատարակչի եւ ընթերցողների խօսքը կը լրացնեն պատկերը:
Արամ Հայկազը Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած բացառիկ հայերից էր, ծննդավայրի` Շապին Գարահիսարի հերոսական դիմադրութեան մասնակիցը, որ Ամերիկա տարաւ բնաշխարհի կենդանի յիշողութիւնը: Նա անդրադարձել է նաեւ ամերիկեան իրականութեանը, բայց միշտ եղել է հայ ոգին ներկայացնող գրող: Գուրգէն Մահարին Համաստեղի (Կելենեան, 1895-1966) մասին խօսելիս ասում է, թէ կան գրողներ եւ գրիչներ: Մահարին Համաստեղին համարում է գրիչ: Մենք էլ Արամ Հայկազին պէտք է համարենք գրիչ, որովհետեւ իսկապէս անկրկնելի ու ինքնատիպ գրող է` վիպային մտածողութեամբ անգամ ծաւալուն երկերում:
Վերջին տարիներին մեր սեղաններին յայտնուեցին Արամ Հայկազի նամակների, “Մոռացուած էջեր“ի հատորները, եւ “Հայաստան“ հրատարակչութեան աշխատակիցներն ուրախ են, որ մասնակցեցին գրողի գրական յուշարձանի պատուանդանի ստեղծման գործին` օժանդակելով պատմուածքների ընտրանու հրատարակութեանը, որ արուել է յատուկ բծախնդրութեամբ եւ բազմաթիւ դժուարութիւններ յաղթահարելու շնորհիւ:
Գէորգ Եազըճեանը նկարաշարքով ներկայացրեց Արամ Հայկազի կեանքն ու գրական գործունէութեան հիմնական հանգրուանները: Սեբաստիոյ նահանգի Շապին Գարահիսար բերդաքաղաքը շատ նշանաւոր ազատամարտիկների անուններով է յայտնի, որոնցից ամենանշանաւորները Օզանեան Անդրանիկն ու Սեբաստացի (Խրիմեան) Մուրատն են: Այս քաղաքի հայ բնակչութիւնը դիմադրեց թրքական բանակին, բայց ստիպուած էին սպիտակ դրօշ բարձրացնել, որովհետեւ սովն ու ծարաւը պարզապէս անդիմադրելի էին: Յետագայում Արամ Հայկազը երկու գիրք գրեց իր ծննդավայրի հերոսամարտի մասին եւ վստահ կարելի է ասել, որ այդ գրքերը եղեռնապատումի լաւագոյն էջերից են:
Դէպի անապատ տանող անդարձ ճամբան բռնած քարաւանում էր նաեւ Արամի եւ Հայկազի մայրը, որի աչքի առաջ թուրքը գնդակահարեց Հայկազին: Ու մօր խնդրանք-պահանջով Արամ կրօնափոխ եղաւ, դարձաւ մահմետական ու չորս տարի ապրեց քրտերի ու թուրքերի մէջ: Արամ Հայկազը չափազանց անկեղծ է եւ չի վարանում պատմել, որ սիրահարուել էր քրտուհու, իսկ յետագայում չի թաքցնում հիացմունքը ամերիկուհիների նկատմամբ:
“Ձեր արմատը չորացրել ենք“, յոխորտում էին թուրքերը, բայց պարզուեց` աշխարհում հայեր կան, Վանում հայերն անկախութիւն են յայտարարել, ու Արամը փախաւ Սեբաստիա: Հօրաքրոջ խնդրանքով նա գնաց վարժարան` չնայած ուզում էր կօշկակար դառնալ եւ օգնել հօրաքրոջ ընտանիքին: Պոլսոյ Կեդրոնական վարժարանում նա վեց ամիս աշակերտեց Յակոբ Օշականին եւ եղբօր` Յակոբ Կարմիրեանի հրաւէրով Ամերիկա մեկնելուց առաջ լսեց ուսուցչի յորդորը, որ գրականութիւնը չմոռանայ: Խոստացաւ ու կատարեց երդումը:
Ուղեւորութեան ընթացքում Արամն ընկերակցեց նշանաւոր դերասան Յովհաննէս Զարիֆեանին, որը նրան առաջարկեց առաւօտեան շուտ հայկական քոնիաք վայելել: Արամը պատմում է, որ փորձեց Զարիֆեանի պէս քոնիաքը միանգամից խմել ու… խեղդուեց: Զայրոյթի պահին նա անիծեց Հայաստանի խաղողի որթերն ու քոնիաքը, բայց յետագայում ներողութիւն խնդրեց եւ օրհնեց մեր հողն ու քոնիաքը:
1924-ին “Հայրենիք“ ամսագրում լոյս տեսաւ “Մղձաւանջ“ պատմուածքը, որ ստորագրել էր` Արամ Հայկազ, որ փորձն անմահացնել նաեւ եղբօր անունը: Գրչակից ընկերոջ` Համաստեղի օրինակով Արամ Հայկազն էլ օրուայ հաց վաստակում էր ծանր ֆիզիքական աշխատանքով, բայց յամառ ու տքնաջան աշխատանքի շնորհիւ հրատարակեց բազմաթիւ հատորներ` ապացուցելով, որ նաեւ ազգագրագէտ է ու պատմաբան: Համաստեղը չկարողացաւ Հայաստան գալ, չնայած երազում էր շրջել Արարատի շուքի տակ, հայկական քոնիաք խմել ու նայել հայ աղջիկների աչքերին, որովհետեւ չէր ուզում հայրենիք գալ որպէս զբօսաշրջիկ, իսկ գրողների միութիւնը համառօրէն չէր հրաւիրում: Հայկազը Սեպտեմբեր 1969-ին Երեւանում էր… Շրջեց, նայեց, հիացաւ, խօսեց թերութիւնների մասին, բայց երջանիկ էր. ամէն օր հայերէն խօսք էր լսում ու տեսնում Մասիսը:
Նրա հերոսներից մէկը երազում էր Հայաստան հասնելուն պէս ապակի կոտրել, որ հայ ոստիկանն իրեն բանտ տանի: Հայկազը չհետեւեց իր հերոսի օրինակին, բայց շատ հպարտ էր, որ այս մի բուռ երկրում հայ ժողովուրդը պետականութիւն ունի:
Յետմահու Համաստեղի եւ Արամ Հայկազի ճակատագրերը կրկին խաչուեցին. գրականագէտ Մ. Մ. Խաչատրեանը հրատարակեց սկզբում Համաստեղի նամակներն ու “Մոռացուած էջեր“ի քառահատորեակը, յետոյ նոյն յաջորդականութեամբ` Արամ Հայկազի նամակների ու “Մոռացուած էջեր“ի հատորները, որոնց աւելացաւ պատմուածքների այս ընտրանին:
Գրող, ազատամարտիկ Յովիկ Վարդումեանն ասաց, որ իր համար մեծ պատիւ է խօսք ասել Արամ Հայկազի մասին, որովհետեւ նա հսկայական գրական ժառանգութիւն է թողել, ոչ միայն պատմուածքի վարպետ է, այլեւ գրել է հետաքրքիր յօդուածներ, իսկ առանձին գրքով հրատարակուած նամակները լրացնում են նրա գրական դիմանկարը: Հայկազն անմահացրեց անհետացած ամբողջ մի ժամանակաշրջանի պատմութիւն, իսկ առաւել հետաքրքիր հանգամանքն այն է, որ եղեռնից մազապուրծ, քրտերի հետ հարկադրաբար ապրող այս հայ մարդը երբեք չյուսահատուեց: Նրա գրականութիւնն ամբողջութեամբ հայրենասիրութիւն է: Ամենակարեւորը, նա չեղաւ հատուածային հայրենասիրութեան ջատագով եւ Խորհրդային Հայաստանը համարում էր հայութեան Հայրենիք:
Յովիկ Վարդումեան ասաց, որ իր համար յատկապէս արժէքաւոր եւ հարազատ է Արամ Հայկազի ճշմարիտ մարդասիրութիւնը. բազմաթիւ պատմուածքներում կան անմոռանալի տեսարաններ, որտեղ երեւում է գրողի ծով մարդկութիւնը: Հայկազի ճշմարիտ հայրենասիրութիւնը մեզ համար շատ թանկ է:
Արամ Հայկազի գրքերն ընթերցողի սեղանին են, շատերն են կարդում, ճանաչում այդ հայի աննման գրականութիւնը: Այդ ամենի համար պարտական ենք Մ. Մ. Խաչատրեանին, որն անխոնջ մշակի նման աշխատում է եւ հարստացնում մեր հոգեւոր աշխարհը:
Հանդիսավարը բեմ հրաւիրեց Համաստեղի եւ Արամ Հայկազի` Երեւանում հրատարակուած գրքերի առաջին ընթերցողին` Մամիկոն Խաչատրեանին: Նա պատմեց, որ այդ գրքերի նիւթերը կարդում նաեւ սեւագիր տարբերակով, բայց միշտ առանձնակի յուզումով ու ընթերցողի գոհունակութեամբ է առնչւում գրքերի տպարանահոտ առաջին օրինակներին, որոնք Մարգարիտը տուն է բերում եկեղեցում օրհնել տալուց յետոյ: Արամ Հայկազի պատմուածքներն անհնար է արագ կարդալ. շատ յուզիչ են, մտորումների, քննարկումների շատ նիւթ կայ: Նա պատմեց, որ գրքերի լոյս ընծայումից յետոյ երկար ժամանակ տանը փաստօրէն շնորհահանդէս է լինում, երբ ընթերցողները զանգում եւ պատմում են իրենց տպաւորութիւնների, յուզմունքի մասին: Շատ երկար ու հետաքրքիր քննարկման նիւթ տուեց տիկին Ելենա Սարգսեանի հեռախօսազանգը. նա շատ յուզուած էր ու պատմում էր, պատմում…
Վ. Սարգսեանը կարդաց Այրիս Հայկազի` գրողի դստեր նամակը.
“Մարտ 28, 2013
Սիրելի Մարգարիտա Խաչատրեան,
Անհուն հրճուանք է տեսնել` որ հօրս կարճ պատմուածքներու հաւաքածոն` Ապրող ծառ մը խորագրով կը հրատարակուի Հայաստանի մէջ: Հօրս` Արամ Հայկազին համար, ոչինչ պիտի ուրախութիւն պատճառէր այնքան, որքան իր գրականութեան ընթերցումը անկախ Հայաստանի մէջ: Երկիր մը, որ իր կեանքի ընթացքին միայն երազ մըն էր եղած, երազ մը սակայն, որ միշտ անբաժան էր իրմէ:
Կը յուսամ այս գիրքին ընդմէջէն Հայաստանի հայերը պիտի յայտնաբերեն Արամ Հայկազի պատումի հմայքը եւ հասկնան. թէ ինչու ան միջազգային ուշադրութեան արժանացաւ: Իր գրականութիւնը կ՛ընդգրկէ` 1915ի հայրենի տան եւ ընտանիքի կորուստը եւ Ա.Մ.Ն.-ի ժամանակակից հիւմըրով լի պահերը: Վստահօրէն գիտէք, որ իր գրականութիւնը ցուցադրական չէ, պարզ է եւ լիրիկական է, կը հոսի առանց ճիգի: Իր նիւթերը ընկերային հարցերու քննարկում եւ դատում չեն: Ան կը նախընտրէ սովորական մարդոց կեանքերու քննարկումը ընել, դրացիներուն եւ թոռներուն հետ զրուցել, եւ գիւղի փողոցի մը մէջ ճեմելով մտորել: Այդ փոքր պահերէն մեկնած` իր պատմուածքները կեանքի մեծ իրականութիւններ կը պարզեն մարդկային զգացումներու մասին, եւ յատկապէս Հայկական փորձառութիւններէ թելադրուած պահեր:
Հայրս իր գրականութեան մասին բացատրութիւններ չէ տուած, միայն իր` “Կարօտ“ հատորի գրութեան յառաջաբանին մէջ ըսած է` “Կրնամ ըսել, թէ գրականութիւնը օգտագործելով երբեք քարոզչութիւն չեմ ըրած: Մարդու բան սորվեցնելու մտահոգութիւն եւ յաւակնութիւն չեմ ունեցած, բայց Հայ ըլլալուս հպարտութիւնը միշտ ներկայ է ամէն մէկ տողիս մէջ“:
Շնորհակալութիւն, Մարգարիտա Խաչատրեան, այս պատմուածքները ներկայացնելուդ համար Հայաստանի ընթերցողներուն:
Անկեղծօրէն`
Այրիս Հայկազ“:
Մարգարիտ Խաչատրեանն ասաց, որ սկսելու է շնորհակալական խօսքով. առանց Կամօ Տէր-Պետրոսեանի գրքի շնորհահանդէսը պարզապէս կը գունազրկուէր: Նա զգուշացրեց, որ իր խօսքից յետոյ ներկաներն ունկնդրելու են Հայկազի ամենացաւոտ պատմուածքներից մէկը` “Հաշտուի՞մ Աստուծոյ հետ“ը: Նա իր խօսքն ուղղեց յատկապէս Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի առաջին դասարանի իր ուսանողներին, որոնք համալսարանի իրաւագիտութեան եւ քաղաքագիտութեան հիմնարկի տնօրէն Լ. Ալավերտեանի հետ էին եկել գրքի շնորհահանդէսին մասնակցելու: Մ. Խաչատրեանն ասաց, որ շատ է ուզում, որ հայ երիտասարդների յիշողութեան մէջ 1915-ը արձանագրուի նաեւ մեր հերոսամարտերի, դիմադրութեան պատմական փաստով: Արամ Հայկազը 1915-ի մասին հպարտութեամբ ասում էր` կռուեցանք: Երիտասարդներին աւելի ծանօթ է Արցախեան ազատամարտը, բայց պէտք է յիշել, որ դիմադրութեան մեր ազգային ոգին միշտ ապրել է: Մօտենում է 2015 թուականը: Թրքական պետութիւնը անզիղջ յամառութեամբ շարունակում է կեղծել ու թաքցնել ճշմարտութիւնը: Մնացորդաց սերնդի հայ գրողները, որպէս ականատեսներ, գեղարուեստական գրականութեան միջոցով պահել են մեր ազգային յիշողութիւնն ու ոգին:
“Արամ Հայկազ. Մոռացուած էջեր“ գրքի Բ հատորի շնորհահանդէսի ժամանակ Գ. Եազըճեանը ցանկութիւն յայտնեց հոգեբանի եւ հոգեբոյժի հետ քննարկել Հայկազի գրականութեան առնչուող մի քանի խնդիրներ, որոնք կարող են շատ օգտակար լինել այսօր: Հրաւիրուած էին նաեւ հոգեբաններ, եւ Մարգարիտ Խաչատրեանը յոյս յայտնեց, որ այդ համագործակցութիւնը կը սկսուի:
Նա պատմեց. “Քիչ առաջ լսեցինք Արամ Հայկազի “Սիրելի՛ Աստուած“ անմեղ, հումորով շնչող պատմուածքը: Երէկ, երբ սրբագրում էի “Արամ Հայկազ. Մոռացուած էջեր“ գրքի Դ. հատորի նիւթերը, նորից ու նորից զայրացայ ու զարմացայ, թէ ինչքա՜ն են քննադատել գրողին` անուանելով անաստուած, անհաւատ“: Կամ Խորհրդային Հայաստանի, հայ ժողովրդի, Երեւանի կեանքին նուիրուած պատմուածքները, յօդուածները ի՜նչ փոթորիկ բարձրացրին մամուլում, դարձան տեւական բանավէճինիւթ, որովհետեւ գրողի համար առաջնայինը Հայրենիքն էր…Միշտ մեծատառով էր գրում: Հայկազը հպարտութեամբ արձանագրում է, որ անգամ կուսակցական, պետական մարմինների ճնշման պայմաններում հայ ժողովուրդը պահպանել է իր ազգային դէմքը, կերտում է մշակոյթ: Փաստօրէն կրկին հաստատուեց այն ճշմարտութիւնը, թէ մենք մեր մեծերին գնահատում ենք մահից յետոյ: Արամ Հայկազը մեզ սովորեցնում է ասուտածաշնչեան սկզբունքը` սիրեցէ՛ք միմիանց, որ շէն ու ազատ երկիր ունենանք, որ ամէն մէկս նր ընտրած ասպարէզում ծառայի մեր հողին, երկրին, ժողովրդին:
Արամ Հայկազն իր գրականութեամբ մեզ նաեւ խրատում է ամուր պահել հոգեւոր կապը մեր պապերի բնօրրանի հետ ու երբեք չյաշտուել դառը իրականութեան հետ: Նա իր Ուսուցչի` Յակոբ Օշականի պէս անվարան խօսում է մարդու աւարառու տեսակի (բնորոշումը Համաստեղինն է)` թուրքի մասին: Ներկայացուած պատմուածքներում արդէն հանդիպեցինք բորենու հոգեբանութեամբ արիւն հեղող մարդակերպ էակների շատ դիպուկ բնորոշումների, հաւելենք մէկը. Արամ Հայկազն առաջարկում է բառարաններից հանել բոլոր հայհոյական բառերը, քանի որ կայ “թուրք“ը:
Մարգարիտ Խաչատրեանը խօսքն աւարտեց շնորհակալութեամբ` իր հրատարակած գրքերի ամենահաւատարիմ ընթերցողներին` սկսած 80-ի շէմն անցած սերնդի մարդկանցից մինչեւ այն դպրոցականները, որոնք կարդում են ու շտապում քննարկել, տպաւորութիւններ յայտնել` օգտագործելով ժամանակակից կապի բոլոր միջոցները: Նա յատուկ ընդգծեց, որ նախանձում է բոլոր նրանց, ովքեր նոր են մտնելու Արամ Հայկազ հայի, մարդու, գրողի գրական դաշտ:
Երեկոն եզրափակուեց Կամօ Տէր-Պետրոսեանի ընթերցանութեամբ, որից յետոյ դահլիճում կախարդական լռութիւն էր տիրում, ու յուզմունքը փոխուեց հազիւ զսպուած լացի…
ԹՂԹԱԿԻՑ