Ապրիլի 24-ին Ընդառաջ Եւ Դրանից Յետոյ

0 0
Read Time:3 Minute, 16 Second

images[1]

«Դրօշակ»ի Խմբագրական
Ապրիլ 10, 2015
Հաշուած օրէր են մնում մինչեւ ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման 100-րդ տարելիցի եզրագիծը: Սպասուող օրուայ մօտենալու հետ բարձունքից գլորուող ձնագնդի պէս աւելի մեծ թափ է առնում հայոց ցեղասպանութեան թեմայի արծարծումը թէ հայկական եւ թէ օտար միջավայրերում: Անշուշտ գոհունակութեամբ պէտք է արձանագրենք այս երեւոյթը, բայց եւ շատ ցանկանալով, որ գործընթացի թափը չընկնի Ապրիլի 24-ից յետոյ: Յայտնի է, որ տարբեր միջոցառումներ նախատեսուել են ողջ տարուայ կտրուածքով, այնուամենայնիւ ցանկալի է, որ զարգացումների ներկայ ընթացքը եւ ծաւալը պահպանուեն:
Անդրադառնալով իրականացուող մշակութային եւ այլ միջոցառումներին պէտք է արձանագրենք, որ դրանք աւելի շատ քարոզչական բնոյթ են կրում: Իհարկէ առաւելաբար այդպէս է` առանց թերագնահատելու դրանց քաղաքական արժէքը: Միւս կողմից արժեւորելով բուն քաղաքական նախաձեռնութիւնները, որոնց շարքում են ՀՀ Նախագահի եւ բարձրագոյն այլ պաշտօնեաների խօսքն է տարբեր հանդիպումների ժամանակ եւ տարբեր լսարանների առաջ, օտարերկրեայ պաշտօնեաների համապատասխան քայլերը: Դրանց գագաթնակէտը կը դառնայ միջազգային բարձր եւ ներկայացուցչական մակարդակով յիշատակի աւանդական օրուայ նշումը Երեւանում, ինչպէս եւ բազմաթիւ այլ երկրներում: Չի կարելի քաղաքական նշանակութեան լուրջ միջոցառում չհամարել կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդի կողմից Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին մատուցելիք պատարագը: Թեմայի վերաբերեալ տեղեկատուական հեղեղի մէջ առանձնանում են առանձին երկրների, աշխարհի տարբեր քաղաքների, նահանգների կողմից ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման փաստերը: Սրանց շարքում առանձնապէս մատնանշելով Կիպրոսի խորհրդարանի կողմից Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրէնքի ընդունումը: Հարկ է կարեւորել պետական պաշտօնական մարմինների եւ միջազգային կազմակերպութիւնների յայտարարութիւնները ճանաչման ու դատապարտման վերաբերեալ, որոնցում ակնարկւում է նաեւ հայութեան պահանջների մասին: Չմոռանանք նաեւ համաշխարհային բազմաթիւ կարեւոր լրատուամիջոցների էջերում թեմայի լուսաբանումը մտաւորականների, մասնագէտների եւ լրագրողների կողմից:
Տարուայ քաղաքական կարեւորագոյն փաստաթուղթը այնուամենայնիւ մնում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Քաղաքական շատ լուրջ գնահատումներ պարունակող այս փաստաթուղթը ոչ միայն փաստեց հայրենի ու աշխարհասփիւռ հայութեան միակամութիւնը հայոց մեծ ողբերգութեան հայկական պահանջների վերաբերեալ, այլեւ սահմանեց հարցի նկատմամբ մօտեցման մի նոր ու բարձր նշաձող, որից ներքեւ իջնելու իրաւունք այլեւս չպիտի ունենայ հայոց որեւէ ղեկավարութիւն կամ հայկական քաղաքական, հասարակական միաւորում:
Ի դէպ լաւ կը լինի այս փաստը ականջներին օղ անեն հայութեան շահերը արտայայտողի յաւակնութեամբ` մասնաւոր նախաձեռնութիւններով հրապարակ իջնող զանազան կազմակերպութիւնները:
Իհարկէ դեռ վաղ է, ըստ նախատեսուածի եւ համապատասխան ակնկալիքների, 2015 թուականի արդիւնքների ամփոփումը կատարելը, սակայն արժէ մտածել գերակշռող քարոզչական միջոցառումներին քաղաքական հունաւորում հաղորդելու` գալիք ամիսների մեր անելիքների մասին: Ի դէպ 15 թուականի աւարտը անելիքների եզրափակման սահման չհամարելով, այլ նկատի ունենալով, որ յաջորդող տարիներին եթէ մեր բնական առօրեան այս չափով յագեցած չի լինելու ցեղասպանութեան թեմայով, ապա նոյնքան ակնյայտ պէտք է լինի, որ այդ աշխատանքները մինչ տասնհինգ թուականը եղած ծաւալից շատ աւելի մեծ ընդգրկում պէտք է ունենան:
Խուսափելով հեռուն գնացող եզրակացութիւններից թւում է նաեւ որ ինչպէս ցեղասպանութեան յիսուներրորդ տարելիցի իրադարձութիւնները հայ դատի պայքարի վերարթնացումը նշանաւորեցին, եւս յիսուն տարի անց մենք թեւակոխելու ենք նոր` հայոց իրաւունքների վերատիրացման փուլ: Մէկ բան ակնառու է, որ այս նոր սահմանագծին հաւաքական միտքը ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման պահանջից անցում է կատարում հատուցման պահանջատիրական ըմբռնմանը:
Առանց աւելորդ խանդավառութեան կարելի է գնահատել, որ ներկայումս այնպիսի մի քարոզչաքաղաքական հոսանք է հուն առել, որ հայոց ցեղասպանութեան հարցի նկատմամբ դէմ կամ ձեռնպահ տեսակէտ արտայայտողները թէկուզ ժամանակաւորապէս սսկուել են:
Միւս կողմից ներկայ համաշխարհային իրականութիւնը ձեւաւորել է մթնոլորտ, երբ այժմէական ու նոյնիսկ հրատապ է դարձել այլատեացութեան, զանգուածային ջարդերի, ու ցեղասպանութիւնների մասին բարձրաձայնելը:
Մեր աչքի առաջ, քաղաքակրթութեան օրրան մերձաւորարեւելեան տարածաշրջանում փոթորկւում է ֆաշիզմի վայրագ տարերքը: Հայութիւնը իր պաշտօնական եւ ոչ պաշտօնական խօսափողերով կատարում է օրախնդիր եւ ճիշտ մեկնաբանութիւն` մեկնաբանելով, որ ներկայումս տեղի ունեցողը հայոց ցօղասպանութեամբ սկսուած եղեռնագործութիւնների շարունակութիւնը լինելով ծնունդ է ոչ թէ կրօնական կամ էթնիկական հակասութեան, այլ դրսեւորումն է որոշակի արժեհամակարգի, որը հակադրութեան մէջ է քաղաքակրթական համակեցութեան համաշխարհային կարգին:
Եւ եթէ ցաւ է դարաւոր մշակոյթների ոչնչացման իրողութիւնը, անհանդուրժելի են այլ կանոններով ապրող հանրութիւններին նետուող մարտահրաւէրները, կնշանակի մարդկութիւնը եւ յատկապէս մարդկութեան կեանքի կառավարման ղեկի մօտ կանգնածները պէտք է ջանքեր գործադրեն չարիքը եւ չարիքը ծնող պատճառները արմատախիլ անելու մասին: Այդ գործն սկսելով մինչ այս տեղի ունեցած ոճրագործութիւնները գնահատելու, դատապարտելու եւ հետեւանքները սրբագրելու ճանապարհից:
Այլ խօսքով այժմ, երբ աշխարհը բախուել է կրօնական եւ այլ տարազների ներքոյ հանդէս եկող վերածնուած ֆաշիզմի, Հայոց ցեղասպանութեան եւ վերջինիս հետեւանքների վերացման խնդիրը ստացել է արդիական ու համամարդկային բնոյթ:
Ազգային դատի նկատմամբ ոչ անտարբեր հայութիւնը պէտք է գիտակցի իր առաքելութիւնը, եւ կատարի պարտքը անցեալի, հայրենիքի եւ հայութեան գալիքի հանդէպ:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles